ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-14-Ո-54
2019 թ.
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի` «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԹԻՎ ԱԽ-7-Ո-12 ՈՐՈՇՈՒՄԸ ՉՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը (այսուհետ նաև` Դիմող) 08.02.2019 թ. դիմումով Բարձրագույն դատական խորհրդին խնդրել է քննության առնել և վերանայել Արդարադատության խորհրդի կողմից իր նկատմամբ 2013 թ. փետրվարի 28-ին կայացված` «Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-7-Ո-12 որոշումը (այսուհետ նաև` Որոշում):
Դատավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ Որոշմամբ իրեն հայտարարվել է նկատողություն, որը զուգորդվել է վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով: Ըստ Դիմողի` այս հանգամանքը բովանդակում է միջամտություն` իր սեփականության իրավունքին, ուստի ինքը պետք է հնարավորություն ունենա դատական կարգով վիճարկելու նշված որոշումը: Ի հիմնավորումն իր դիրքորոշման, Դիմողը վկայակոչում է նաև ՀՀ գլխավոր դատախազությունից` իր նամակի հիման վրա ստացված գրության բովանդակությունը, որով հայտնվել է հետևյալը. «2011-2018 թվականների ընթացքում ՀՀ դատարանների կողմից մեղադրող դատախազների նկատմամբ Ձեր գրության մեջ նշված պատճառաբանությամբ (Մեղադրողի կողմից դատարանին նախապես տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի մոտ կամ ՀՀ գլխավոր դատախազությունում` վերադաս դատախազի մոտ մասնակցելու է կոնկրետ քրեական գործի քննարկմանը և այդ պատճառով չի կարող մասնակցել դատարանում քննվող քրեական գործով անցկացվող դատական նիստին և դատական նիստը մեղադրողի բացակայության պատճառով հետաձգվել է) դատական սանկցիա չի կիրառվել»:
Արդյունքում Դիմողը խնդրել է վերանայել Որոշումը և վերականգնել իր խախտված իրավունքները:
Ուսումնասիրելով դիմումը, կից ներկայացված փաստաթղթերը` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ բացակայում են Որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը` հետևյալ պատճառաբանությամբ.
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կանոնակարգված է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենսգիրք) 157-րդ հոդվածով: Մասնավորապես, Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը սպառիչ թվարկում են այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում է միայն հնարավոր նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման վերանայումը: Նույն հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման վերանայման պայմանները:
Այսպես, Օրենսգրքի 157-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է դիմում ներկայացրած անձը: Իրավական այս պահանջից բխում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման վերանայման հիմքի հստակ մատնանշում և հիմնավորում, այսինքն` Դիմողն առաջին հերթին պետք է մատնանշի, թե Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված հիմքերից որն է դիտարկվում որպես կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման վերանայման հիմք: Դրանից բացի, պետք է ապացուցի այդ հիմքի առկայությունը:
Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանում բացակայում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման վերանայման` Օրենսգրքի 157-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանը:
Այսպես, դիմումում ընդհանրական կերպով է նշված նոր երևան եկած հանգամանքով Որոշման վերանայման մասին` առանց հստակեցնելու, թե օրենսդրությամբ նախատեսված նոր երևան եկած հանգամանքներից կոնկրետ որին են վերաբերում իր կողմից ներկայացված փաստարկները: Այս փաստարկների համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ Դիմողի կողմից վկայակոչված` ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրությունը` որպես ապացույց դիտարկելու հարցին չի կարող անդրադառնալ:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Որոշմամբ դատավոր Ա. Խաչատրյանի նկատմամբ հայտարարված նկատողությունը զուգորդվել է վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ դատավորը ոչ թե պետք է օրենսդրական ակտի ոչ իրավաչափության վերաբերյալ իր փաստարկները ներկայացնի Բարձրագույն դատական խորհուրդ, այլ այն սահմանված կարգով վիճարկի Սահմանադրական դատարանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածով և 157-րդ հոդվածի 7-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Չվերանայել Արդարադատության խորհրդի կողմից 2013 թվականի փետրվարի 28-ին կայացված` «Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-7-Ո-12 որոշումը, քանի որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019 թ. մարտի 4
ք. Երևան