Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 313-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 313-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/0631/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0631/02/13   2018 թ.

Նախագահող դատավոր` Ա. Հունանյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Ա. Մկրտչյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Տ. Պետրոսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հուլիսի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԲՏԱ Ինվեստ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Համբարձում Դավթյանի ընդդեմ «ԲՏԱ Ինվեստ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), «Սար Կապիտալ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), «Ա-Բաղրամյան» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն), Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` թիվ 80-07-9 ԱԳ/Գ անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) և գույքի հանձնման պայմանագրերը, ինչպես նաև սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` հայցվորի սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համբարձում Դավթյանը պահանջել է անվավեր ճանաչել թիվ 80-07-9 ԱԳ/Գ անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) և գույքի հանձնման պայմանագրերը, ինչպես նաև սեփականության իրավունքի պետական գրանցումը և որպես անվավերության հետևանք` վերականգնել հայցվորի սեփականության իրավունքը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խանդանյան) 11.03.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ս. Միքայելյան, Ն. Բարսեղյան, Հ. Ենոքյան) 19.06.2015 թվականի որոշմամբ Համբարձում Դավթյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.03.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 20.10.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է` անվավեր է ճանաչվել Բանկի, Համբարձում Դավթյանի և Կազմակերպության միջև 15.02.2008 թվականին նոտարական կարգով կնքված թիվ 80-07-9 ԱԳ/Գ անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) մասին պայմանագիրը, որպես անվավերության հետևանք` անվավեր են ճանաչվել Բանկի (ցեդենտ) և Ընկերության (ցեսիոներ) միջև 27.12.2008 թվականին կնքված Ց-3 իրավունքների զիջման (ցեսիա) պայմանագիրը` Համբարձում Դավթյանի գրավի պայմանագրի պահանջի իրավունքի մասով, Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի (հանձնող) և Ընկերության (ընդունող) միջև 27.12.2012 թվականին կնքված գույքի հանձնման մասին պայմանագիրը և Կոմիտեի կողմից քաղաք Երևան, Նոր Նորքի Վիլնյուսի փողոցի (9 մ/շ-ի 27 շենքի) 91 շենքի թիվ 7-րդ բնակարանի հանդեպ Ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.04.2017 թվականի որոշմամբ Բանկի իրավահաջորդ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.10.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի իրավահաջորդ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համբարձում Դավթյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գրավի գործարքի կողմեր հանդիսացել են Բանկը և Համբարձում Դավթյանը, ուստի գործարքը խաբեությամբ կնքված համարելու համար պետք է ապացույցներ ներկայացվեին, որ խաբեությունը տեղի է ունեցել Բանկի կողմից, մինչդեռ նման ապացույցներ չեն ներկայացվել: Գրավի գործարքի կնքումը եղել է հայցվորի կամքի արտահայտությունը, իսկ նման պայմաններում Բանկը չի կարող պատասխանատու լինել, քանի որ գրավի պայմանագրի կնքման հարցում հայցվորի կամքի արտահայտությունն ակնհայտ է: ՈՒստի վիճելի գույքը Բանկում գրավ դնելիս հայցվորը գիտակցաբար ստորագրել է գրավի պայմանագիրը, և Բանկը որևէ կերպ չի ազդել հայցվորի` նման որոշում կայացնելու վրա:

Վերաքննիչ դատարանը նաև հաշվի չի առել, որ Դատարանն իրավասու չէր սեփական նախաձեռնությամբ, որպես անվավերության հետևանք, անվավեր ճանաչել ցեսիայի պայմանագիրը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.04.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով հաստատվել է խարդախության հանցակազմը, հետևաբար նաև` սույն գործով վիճարկվող գործարքը խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով կնքելու հանգամանքը, իսկ այն փաստը, որ Բանկը չի հանդիսացել մոլորեցնող, չի կարող որևէ նշանակություն ունենալ, քանի որ սույն իրավահարաբերության մեջ կարևոր է խաբեության ճանապարհով գործարքի կնքումը և օրենքով սահմանված կարգով դրա հետևանքը, որն էլ Դատարանի կողմից իրավացիորեն կիրառվել է:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կազմակերպության (վարկատու) և Համբարձում Դավթյանի (վարկառու) միջև 04.02.2008 թվականին կնքված թիվ 34 վարկային պայմանագրի համաձայն` Համբարձում Դավթյանին հատկացվել է 610.000 ՀՀ դրամ վարկ մինչև 12 ամիս մարման պայմանով, ամսական 3,5 տոկոսադրույքով, իսկ որպես վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների ապահովման միջոց, թիվ 34 գրավատոմսի հիման վրա, գրավադրվել է Համբարձում Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 27 շենքի 7-րդ բնակարանը (հատոր 1-ին գ.թ. 14).

2) Բանկի (գրավառու)` մի կողմից, Համբարձում Դավթյանի (գրավատու) և Կազմակերպության (վարկառու)` մյուս կողմից, միջև 15.02.2008 թվականին նոտարական կարգով կնքված թիվ 80-07-9 ԱԳ/Գ անշարժ գույքի գրավի մասին (հիփոթեք) պայմանագրի 1.1 կետով վարկառու Կազմակերպության պարտավորությունների կատարման համար գրավադրվել է Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 27 շենքի 7-րդ բնակարանը` 73 քմ ընդհանուր մակերեսով, իսկ վարկառուին հատկացվել է 600.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Նշված պայմանագրից ծագող Բանկի գրավի իրավունքը գրանցվել է 20.02.2008 թվականին (հատոր 1-ին գ.թ. 15-16, 79).

3) Բանկի (ցեդենտ) և Ընկերության (ցեսիոներ) միջև 27.12.2008 թվականին կնքված թիվ Ց-3 իրավունքների զիջման (ցեսիա) պայմանագրի 3.1 կետի համաձայն` ցեդենտը զիջել, իսկ ցեսիոներն ընդունել է պարտապան Կազմակերպության հետ ցեդենտի կնքած վարկային և գրավի պայմանագրերից բխող պահանջի իրավունքը ողջ ծավալով, այդ թվում` Համբարձում Դավթյանի հետ կնքած գրավի պայմանագրից ծագող պահանջի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 63-71).

4) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) թիվ ԵԿԴ/0019/04/11 քաղաքացիական գործով 19.07.2011 թվականի որոշմամբ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Հ. Ղամբարյանին, ի թիվս այլնի, թույլատրվել է Կազմակերպության պարտավորությունների դիմաց Ընկերությունում գրավադրված, Համբարձում Դավթյանին պատկանող` Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 27 շենքի 7-րդ բնակարանը, որպես սեփականություն, հանձնել Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 80-81).

5) Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի (հանձնող) և Ընկերության (ընդունող) միջև 27.12.2012 թվականին կնքված գույքի հանձնման պայմանագրի համաձայն` Կազմակերպության պարտավորությունների դիմաց Ընկերությանն է հանձնվել Համբարձում Դավթյանին պատկանող` Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 91 շենքի 7-րդ բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 17).

6) Կոմիտեի կողմից 04.02.2013 թվականին տրված թիվ 04022013-01-2103 վկայականի, ինչպես նաև 06.03.2013 թվականին տրված թիվ ԱՏ-04/03/2013-2-0301 գույքի առանձին որակական, քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն` Երևանի Նոր Նորքի Վիլնյուս փողոցի (9-րդ զանգված, 27 շենք) թիվ 91 շենքի 7-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 18, 82).

7) Թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 18.11.2009 թվականի դատավճռով Արսեն Բաղրամյանը, Սուսաննա Խաչյանը և Արթուր Ավալյանը մեղավոր են ճանաչվել համապատասխան հոդվածներով և դատապարտվել են ազատազրկման նաև նրա համար, որ 2008 թվականի հունվար ամսվա վերջին Արսեն Բաղրամյանն Արթուր Ավալյանի և Սուսաննա Խաչյանի հետ նախնական համաձայնությամբ, անշարժ գույքի գրավի դիմաց 610.000 ՀՀ դրամ վարկ ստանալու խնդրանքով Կազմակերպություն դիմած Համբարձում Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 27 շենքի 7-րդ բնակարանը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, նրա բնակարանը Բանկում գրավ դնելու, նույն գումարի վարկ ստանալու և նրան տրամադրելու պատրվակով, չարաշահելով նրա վստահությունը, 15.02.2008 թվականին նրան ներկայացրել է Բանկ, որտեղ Բանկի գործադիր տնօրեն Ռասուլ Կասանովի և Համբարձում Դավթյանի միջև կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) մասին թիվ 80-07-9ԱԳ/Գ պայմանագրով Համբարձում Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 27 շենքի 7-րդ բնակարանը, թվով երեք այլ գույքի հետ միասին, գրավ է դրվել որպես Բանկի և Կազմակերպության միջև 15.08.2007 թվականին կնքված վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոց: Արսեն Բաղրամյանը Համբարձում Դավթյանին նրա բնակարանի գրավի դիմաց ստացած գումարից տրամադրել է 610.000 ՀՀ դրամ, որով հափշտակել է Համբարձում Դավթյանի առանձնապես խոշոր չափի` 17.100.000 ՀՀ դրամ արժողության Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 27 շենքի 7-րդ բնակարանը:

Նշված գործարքը Համբարձում Դավթյանից գաղտնի պահելու, նրա հետ կնքած գործարքին օրինական տեսք տալու և ապօրինի ձեռնարկատիրությամբ տրամադրված վարկի դիմաց տոկոսադրույք գանձելու նպատակով է 04.02.2008 թվականին Համբարձում Դավթյանի և Կազմակերպության միջև կնքվել թիվ 34 վարկային ապօրինի պայմանագիրը, որի համաձայն` Համբարձում Դավթյանը Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 27 շենքի 7-րդ բնակարանի գրավի դիմաց Կազմակերպությունից մեկ տարի ժամկետով, 3,5 տոկոսով ստացել է 610.000 ՀՀ դրամ վարկ: Կազմակերպության տնօրենի անունից պայմանագիրը ստորագրել է Սուսաննա Խաչյանը (հատոր 2-րդ, գ.թ. 142-181).

8) «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի կանոնադրության համաձայն` Բանկի իրավահաջորդ է համարվում «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն (հատոր 5-րդ, գ.թ. 20):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

i

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքի առանձնահատկություններին` վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է` նույն օրենuգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

i

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախ և առաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած` գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

i

Անդրադառնալով խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խաբեությունն անձին գիտակցաբար մոլորության մեջ գցելն է` նրա հետ գործարք կնքելու նպատակով: Գործարքը, լինելով կամային ակտ, ենթադրում է, որ կողմերից ոչ մեկը չպետք է այնպիսի միջոցներ գործադրի, որպեսզի մյուս կողմը չիմանա կամ սխալ պատկերացնի այն հանգամանքները, որոնք նրա համար վճռական նշանակություն կարող են ունենալ գործարքը կնքելիս: Խաբեությամբ կնքված գործարքներում մեկ կողմի անբարեխղճությունն անպայման ենթադրվում է (տե՛ս, Վլադիմիր Գրիգորյանն ընդդեմ Ռոզա Թովմասյանի և մյուսների թիվ ԵՇԴ/1671/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական իրավունքի սուբյեկտները գործարք են կնքում որոշակի նպատակով և այդ նպատակին հասնելու համար արտահայտում են իրենց կամքը, որն էլ պետք է արտահայտվի առանց որևէ արտաքին ազդեցության, ուստի այն դեպքերում, երբ գործարք կնքող անձն ազատ չի արտահայտել իր կամքը, արտաքին ազդեցության հետևանքով նրա կամքը խաթարվել է, նա իրավունք ունի վիճարկել այդպիսի կամահայտնությամբ կնքված գործարքը: Այդ տիպի գործարքներն անվավեր ճանաչելու հիմքն արտաքին հակաիրավական գործողությունների միջոցով անձին խեղաթյուրված կամք դրսևորելուն հասցնելու հետևանքով նրա կամքին չհամապատասխանող գործարք կնքելն է:

Նման գործարք է նաև խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքը: Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ խաբեությունը գործարքի կողմերից մեկի գիտակցաբար դրսևորած անբարեխիղճ վարքագիծն է` ուղղված նրան, որ գործարքի մյուս կողմն իր համար ձեռնտու պայմաններով կնքի գործարքը: Գործարքի կնքման մեջ շահագրգռված, անբարեխիղճ կողմն իր մեղավոր գործողություններով մյուս` տուժող կողմի մոտ ստեղծում է իրականությանը չհամապատասխանող տպավորություն գործարքի էության, առարկայի, պայմանների վերաբերյալ` ազդելով նման գործարք կնքելու նրա որոշման վրա: Ընդ որում, եթե տուժող կողմի կամքը խաթարվել է գործարքի կողմ (ներկայացուցիչ) չհանդիսացող այլ անձանց կողմից` առանց գործարքի կողմի որևէ կերպ մասնակցության, ապա գործարքը չի կարող վիճարկվել խաբեության հիմքով, քանի որ գործարքը խաբեության ազդեցության տակ կնքված որակելու համար անհրաժեշտ պայման է այն, որ գործարք կնքելիս տուժող կողմի կամքը խաթարված լինի գործարքի մյուս կողմի (ներկայացուցչի) մեղավոր վարքագծի` այդ թվում և այլ անձանց միջոցով դրսևորված գործողությունների հետևանքով: Այսպիսով, գործարքը խաբեության ազդեցության տակ կնքված լինելու հիմքով անվավեր ճանաչվելու համար տուժող կողմը պետք է որոշակի ապացույցներ ներկայացնի իր կամքը խաթարվելու հարցում գործարքի մյուս կողմի (ներկայացուցչի) կողմից անձամբ կամ այլ անձանց միջոցով մեղավոր վարքագծով (գործողությամբ կամ անգործությամբ) մասնակցության մասին:

Սույն գործի փաստերի համաձայն` Կազմակերպության և Համբարձում Դավթյանի միջև 04.02.2008 թվականին կնքվել է վարկային պայմանագիր, որով նաև գրավադրվել է Համբարձում Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 27 շենքի 7-րդ բնակարանը: Բանկի (գրավառու)` մի կողմից, Համբարձում Դավթյանի (գրավատու) և Կազմակերպության (վարկառու)` մյուս կողմից, միջև 15.02.2008 թվականին կնքված անշարժ գույքի գրավի մասին (հիպոթեք) պայմանագրով վարկառու Կազմակերպության պարտավորությունների կատարման համար գրավադրվել է Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 27 շենքի 7-րդ բնակարանը: Թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն` 2008 թվականի հունվար ամսվա վերջին Արսեն Բաղրամյանն Արթուր Ավալյանի և Սուսաննա Խաչյանի հետ նախնական համաձայնությամբ, անշարժ գույքի գրավի դիմաց 610.000 ՀՀ դրամ վարկ ստանալու խնդրանքով Կազմակերպություն դիմած Համբարձում Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 27 շենքի 7-րդ բնակարանը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, նրա բնակարանը Բանկում գրավ դնելու, նույն գումարի վարկ ստանալու և նրան տրամադրելու պատրվակով, չարաշահելով նրա վստահությունը, 15.02.2008 թվականին նրան ներկայացրել է Բանկ, որտեղ բանկի գործադիր տնօրեն Ռասուլ Կասանովի և Համբարձում Դավթյանի միջև կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) մասին թիվ 80-07-9ԱԳ/Գ պայմանագրով Համբարձում Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 27 շենքի 7-րդ բնակարանը, թվով երեք այլ գույքի հետ միասին, գրավ է դրվել որպես Բանկի և Կազմակերպության միջև 15.08.2007 թվականին կնքված վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոց: Նշված գործարքը Համբարձում Դավթյանից գաղտնի պահելու, նրա հետ կնքած գործարքին օրինական տեսք տալու և ապօրինի ձեռնարկատիրությամբ տրամադրված վարկի դիմաց տոկոսադրույք գանձելու նպատակով 04.02.2008 թվականին Համբարձում Դավթյանի և Կազմակերպության միջև կնքվել է վերոգրյալ վարկային պայմանագիրը: Բանկի և Ընկերության միջև 27.12.2008 թվականին կնքված իրավունքների զիջման (ցեսիա) պայմանագրով Կազմակերպության հանդեպ Բանկի ունեցած իրավունքը` ներառյալ Համբարձում Դավթյանին պատկանող գույքի գրավի իրավունքը, փոխանցվել է Ընկերությանը: Հետագայում Կազմակերպության պարտավորությունների դիմաց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.07.2011 թվականի որոշման և 27.12.2012 թվականի գույքի հանձնման մասին պայմանագրով Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 27 շենքի 7-րդ բնակարանը որպես սեփականություն փոխանցվել է Ընկերությանը:

i

Դատարանը, հիմք ընդունելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով դատավճռով հաստատված հանգամանքները` մասնավորապես խաբեության փաստը, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածով, հայցը բավարարել է:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.11.2009 թվականի դատավճռով հաստատվել են որոշակի գործողությունների կատարման փաստը և դրանք կատարած անձանց շրջանակը, այն է` Արսեն Բաղրամյանի, Արթուր Ավալյանի և Սուսաննա Խաչյանի կողմից Համբարձում Դավթյանին պատկանող անշարժ գույքը խաբեությամբ Բանկում գրավ դնելու, վարկ ստանալու հանգամանքները, այսինքն` հիմնավորվել է գործարքների անվավերության այնպիսի հիմքի առկայությունը, ինչպիսին է խաբեությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 27 շենքի թիվ 7 բնակարանը Համբարձում Դավթյանի տիրապետումից դուրս է եկել իր վստահությունը չարաշահելու միջոցով` խաբեության եղանակով, ինչը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով, այսինքն` նշված անշարժ գույքը Համբարձում Դավթյանի տիրապետումից դուրս է եկել անկախ նրա կամքից, հետևաբար այն ենթակա է վերադարձման անգամ բարեխիղճ ձեռքբերողից: Անդրադառնալով այն փաստարկին, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ Համբարձում Դավթյանին մոլորեցնողը եղել է Արսեն Բաղրամյանը և ոչ թե Բանկը, Վերաքննիչ դատարանը նշել է, որ քանի որ դատավճռով հաստատվել է գործարքը խաբեությամբ կնքված լինելու հանգամանքը և դրա հետևանքը, ուստի այդ հանգամանքը վեճը լուծելիս էական նշանակություն ունենալ չի կարող և դատական ակտը բեկանելու հիմք չի կարող հանդիսանալ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականի ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

15.02.2008 թվականին կնքված Գրավի պայմանագրով Համբարձում Դավթյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 27 շենքի թիվ 7 բնակարանը (ներկայումս` Երևանի Նոր Նորքի Վիլնյուս փողոցի թիվ 91 շենքի 7-րդ բնակարան) Կազմակերպության 600.000 ԱՄՆ դոլարի չափով վարկի պարտավորության կատարման ապահովման նպատակով գրավադրել է Բանկում: Համբարձում Դավթյանը, որպես խաբեության ազդեցության ներքո կնքված գործարք, 15.02.2008 թվականին կնքված Գրավի պայմանագիրը վիճարկել է այն հիմքով, որ թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով 18.11.2009 թվականի դատավճռով հաստատված է այն հանգամանքը, որ Կազմակերպության տնօրեն Արսեն Բաղրամյանը չարաշահել է իր վստահությունը, և ինքը խաբեության ազդեցության տակ ստորագրել է 15.02.2008 թվականի Գրավի պայմանագիրը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող գրավի պայմանագրի կողմերը Բանկը և Համբարձում Դավթյանն են, սակայն Համբարձում Դավթյանը որևէ ապացույցով չի հիմնավորել, որ Բանկի կողմից դրսևորած խաբեության արդյունքում կամ վերջինիս իմացությամբ է խեղաթյուրվել իր կամքը: Հայցվորի վկայակոչած ապացույցը` դատավճիռը, վերաբերում է այլ անձանց դրսևորած վարքագծին, իսկ Բանկի` տվյալ անձանց գործողություններին ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցություն ունենալու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել: Այլ խոսքով` որպեսզի հիմնավորվեր 15.02.2008 թվականի գրավի պայմանագրի անվավերությունը խաբեության հիմքով, Համբարձում Դավթյանը պետք է ապացուցեր, որ գործարքի կողմ հանդիսացող Բանկն է ուղղակիորեն կամ անուղղակիորեն (այդ թվում` այլ անձանց միջոցով) խաբեության միջոցով հանգեցրել իր կողմից գործարքը կնքելուն: Հետևաբար սույն գործով առկա ապացույցներով չի հիմնավորվում, որ գրավի պայմանագրի կնքման ժամանակ Բանկը որևէ կերպ ազդել է Համբարձում Դավթյանի կամահայտնության վրա, և որ գրավի պայմանագիրը կնքվել է Բանկի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն դրսևորած խաբեության ազդեցությամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 15.02.2008 թվականի գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը բավարարման ենթակա չէր, որպիսի պայմաններում մերժման էին ենթակա նաև մյուս պահանջները` նկատի ունենալով, որ դրանք բխում էին վերոգրյալ պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջից: Մինչդեռ ստորադաս դատարանները կիրառման ենթակա նյութաիրավական նորմի սխալ մեկնաբանության հիմքով սխալ եզրահանգման են եկել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, ինչն ազդել է գործի ելքի վրա:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր էր`

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում (տե՛ս, օրինակ Լուսինե Իսրաելյանն ընդդեմ Կարեն Խաչատրյանի և մյուսների թիվ ԵԿԴ/3430/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանն անվավեր է ճանաչել նաև Բանկի (ցեդենտ) և Ընկերության (ցեսիոներ) միջև 27.12.2008 թվականին կնքված Ց-3 իրավունքների զիջման (ցեսիա) պայմանագիրը` Համբարձում Դավթյանի գրավի պայմանագրի պահանջի իրավունքի մասով, նման հայցապահանջ ներկայացված չլինելու պայմաններում` արդյունքում խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը և նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, ինչը ևս անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և փոփոխման, իսկ Համբարձում Դավթյանի հայցը` մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Համբարձում Դավթյանից հօգուտ Բանկի իրավահաջորդ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի ենթակա է բռնագանձման 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 80.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Բացի այդ, Համբարձում Դավթյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 40.000 ՀՀ դրամ` որպես Համբարձում Դավթյանի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.03.2015 թվականի վճռի դեմ 11.04.2015 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.04.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` Համբարձում Դավթյանի հայցն ընդդեմ «ԲՏԱ Ինվեստ Բանկ» ՓԲԸ-ի, «Սար Կապիտալ» ՍՊԸ-ի, «Ա-Բաղրամյան» ՍՊԸ-ի, «Ա-Բաղրամյան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` թիվ 80-07-9 ԱԳ/Գ անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) և գույքի հանձնման պայմանագրերը, ինչպես նաև սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, և որպես անվավերության հետևանք` հայցվորի սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասին, մերժել:

2. Համբարձում Դավթյանից հօգուտ «ԲՏԱ Ինվեստ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար և 80.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Համբարձում Դավթյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես Համբարձում Դավթյանի կողմից 11.04.2015 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.07.2018
N ԵԿԴ/0631/02/13
Որոշում