Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 210-ՐԴ ԵՎ 213-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԱՆԴ/1286/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1286/02/16   2018 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Գ. Հակոբյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ս. Միքայելյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հունիսի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ «Ջրաբեր Շինարարական արտադրական ասոցիացիա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 3.926.320 ՀՀ դրամ, որից 680.000 ՀՀ դրամը` որպես նրանց միջև 21.01.2010 թվականին կնքված «Նախագծային արտադրանքի ստեղծման» ՃԳ-5/10 պայմանագրով (այսուհետ` Պայմանագիր) նախատեսված աշխատանքների արժեքի չվճարված գումար, 3.232.720 ՀՀ դրամը` որպես Պայմանագրի 5.1 կետով նախատեսված տուգանքի գումար և 13.600 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 02.02.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Պետրոսյան, Տ. Նազարյան, Ա. Խառատյան) 11.08.2017 թվականի որոշմամբ Ընկերության` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.09.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ և 213-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բողոք բերած անձը դատական նիստերի օրվա և ժամի մասին պատշաճ կարգով ծանուցված չի եղել, Դատարանի 02.02.2017 թվականի վճիռը չի ստացել, որի արդյունքում բաց է թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը, իսկ Դատարանի վճռի մասին բանավոր տեղեկացել է դրամական միջոցների տեղաշարժի մասին տեղեկությունը պարզելիս, որից հետո միայն 12.09.2017 թվականին բողոք բերած անձի ներկայացուցիչն առձեռն ստացել է «Կատարողական վարույթի հարուցման և համապատասխան արգելանք կիրառելու մասին» 07.04.2017 թվականի որոշումը:

Ավելին, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի ուսումնասիրել վերաքննիչ բողոքը, բողոքին կից ներկայացված բաց թողնված ժամկետի պատճառը հարգելի ճանաչելու միջնորդությունը, որի արդյունքում էլ անհիմն կերպով վերադարձրել է վերաքննիչ բողոքը:

Փաստորեն Վերաքննիչ դատարանը, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդության առկայության պայմաններում նման միջնորդության բացակայության մասին փաստելով, բողոքաբերին զրկել է արդար դատաքննության իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22.09.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում: (...):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ վերականգնելը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 35-36-րդ կետեր, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, 90-րդ կետ):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով (տե՛ս, Oleksandr Volkov v. Ukraine գործով Եվրոպական դատարանի 09.01.2013 թվականի վճիռը, կետ 137):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո բազմիցս անդրադարձել է վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետին և դրա բացթողնման դեպքում` այն վերականգնելու իրավական հնարավորության խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե՛ս, օրինակ` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը կարող է վերականգնել միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողած շահագրգիռ անձը գրավոր միջնորդության կամ դիմումի միջոցով հայցել է նման գործողության իրականացումը, այլ կերպ ասած` ներկայացրել է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ գրավոր պահանջ: Այսինքն` նման միջնորդության առկայությունը պարտադիր նախապայման է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար, և որևէ բացառություն այս ընդհանուր կանոնից չի կարող լինել` անկախ այն պատճառներից, որոնք պայմանավորել են համապատասխան դատավարական ժամկետի բացթողումը (տե՛ս, Լիլիթ Ռաշոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ՀՀ գլխավոր դատախազության թիվ ԵԿԴ/1881/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ընկերությունը 01.08.2017 թվականին Դատարանի 02.02.2017 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք` միջնորդելով հարգելի ճանաչել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողնման պատճառը: Ի հիմնավորումն այդ միջնորդության` Ընկերությունը նշել է, որ «(...) դատական նիստերի օրվա և ժամի մասին պատշաճ կարգով ծանուցված չի եղել, վճիռը չի ստացել, (...) իսկ դատական ակտի մասին տեղեկացել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից Ընկերության գույքի և դրամական միջոցների վրա արգելանք կիրառվելուց հետո` www.datalex.am տեղեկատվական համակարգից» (հատոր 3-րդ, գ.թ. 59-65, 77):

Վերաքննիչ դատարանը, 11.08.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձնելով, պատճառաբանել է, որ Ընկերությունը վերաքննիչ բողոքը ներկայացրել է բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 01.08.2017 թվականին, ու թեև միջնորդել է ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարել, սակայն չի հստակեցրել, թե երբ է գույքի վրա արգելանք դրվել, երբ է տեղեկացել բողոքարկվող վճռի մասին և չի ներկայացրել նշված փաստերը հաստատող որևէ ապացույց (հատոր 3-րդ, գ.թ. 89):

Ընկերությունը Դատարանի 02.02.2017 վճռի դեմ կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` միջնորդելով բաց թողնված դատավարական ժամկետի պատճառը հարգելի ճանաչել այն պատճառաբանությամբ, որ միայն 12.09.2017 թվականին է Ընկերության ներկայացուցիչն առձեռն ստացել թիվ 01932570 կատարողական վարույթով 07.04.2017 թվականի որոշումը: Միաժամանակ Ընկերությունը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի 11.09.2017 թվականի գրությունը, ըստ որի` Ընկերության հաշվին առկա է գումարների արգելադրում, ինչպես նաև «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» 07.04.2017 թվականի որոշման պատճենը, որով հավաստվում է, որ Ընկերության ներկայացուցիչը 12.09.2017 թվականին առձեռն ստացել է թիվ 01932570 կատարողական վարույթով 07.04.2017 թվականի որոշումը (հատոր 3-րդ, գ.թ.102-109, 110, 112):

Վերաքննիչ դատարանը, 22.09.2017 թվականի որոշմամբ կրկին վերադարձնելով Ընկերության վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանի 02.02.2017 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել մինչև 03.03.2017 թվականը ներառյալ, սակայն բողոք բերողը վերաքննիչ բողոքը ներկայացրել է բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 11.09.2017 թվականին, և չի միջնորդել ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարել և վերականգնել այն (հատոր 3-րդ, գ.թ. 114):

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում նշել է, որ Դատարանի 02.02.2017 թվականի վճիռը չի ստացել և 12.09.2017 թվականին է միայն բողոք բերած անձի ներկայացուցիչն առձեռն ստացել «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» 07.04.2017 թվականի որոշումը: Ընդ որում, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին Ընկերությունը կցել է այդ փաստը հավաստող ապացույցը, և միջնորդել է բաց թողնված դատավարական ժամկետի պատճառը հարգելի ճանաչել և վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ: Այսինքն` Ընկերությունը վերաքննիչ բողոքով ներկայացրել է Դատարանի 02.02.2017 թվականի վճռի բողոքարկման բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, որն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով անհիմն է վերադարձրել Ընկերության վերաքննիչ բողոքը:

Միաժամանակ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու» 22.09.2017 թվականի որոշմամբ անտեսել է Ընկերության կողմից վերաքննիչ բողոքում նշված «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու վերաբերյալ» միջնորդությունը, որպիսի պայմաններում այն քննարկման առարկա չի դարձրել, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.

2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).

3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.

4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքներ և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.

5) եզրահանգումը քննարկվող հարցով.

6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք է նաև վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված լինելը և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացնելը, կամ այդ միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից մերժելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ շահագրգիռ անձն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենսդրությամբ նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված կոնկրետ հարցի որոշակի և վերջնական լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի` միջնորդություն հարուցելու իրավունքին միանշանակորեն համապատասխանում է տվյալ միջնորդության մեջ շարադրված հարցի քննարկման արդյունքներով հստակ եզրահանգումներ պարունակող որոշում կայացնելու դատարանի պարտականությունը (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Յուրիկ Առաքելյանի և Մխիթար Վարդիկյանի թիվ ԱՐԱԴ/1440/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2016 թվականի որոշումը):

Միաժամանակ մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքին կցված է կամ բողոքում ներառված է վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ապա Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը և դրա քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը (տե՛ս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):

Վերը նշվածը հաշվի առնելով և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում առկա միջնորդության հիմնավորվածությունը, որից հետո նոր միայն անդրադառնա դրանից բխող իրավական հետևանքներին:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից քննության առնելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, որից հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող է լուծել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ և 406-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ռ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.06.2018
N ԵԱՆԴ/1286/02/16
Որոշում