Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ԵՎ 54-ՐԴ ՀԱԴՎԱԾՆԵՐԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ      

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/0298/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0298/02/16   2018 թ.

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Ա. Սմբատյան    

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Տ. Պետրոսյանի

                                              Ս. Անտոնյանի   

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի    

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հուլիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վահե Աֆանդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գևորգ Աֆանդյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանի ընդդեմ Վահե Աֆանդյանի` անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը, սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և անշարժ գույքը հետ վերադարձնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գևորգ Աֆանդյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանը պահանջել է անվավեր ճանաչել Գևորգ Աֆանդյանի և Վահե Աֆանդյանի միջև 24.05.2012 թվականին կնքված` Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 30-րդ շենքի թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը, որպես գործարքի անվավերության հետևանք` անվավեր ճանաչել այդ գործարքի հիման վրա Վահե Աֆանդյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և ճանաչել Գևորգ Աֆանդյանի սեփականության իրավունքը Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 30-րդ շենքի թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, ինչպես նաև անվավեր ճանաչել Գևորգ Աֆանդյանի և Վահե Աֆանդյանի միջև 24.05.2012 թվականին կնքված` Երևանի Կողբացու փողոցի 30-րդ շենքի թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և որպես գործարքի անվավերության հետևանք` անվավեր ճանաչել այդ գործարքի հիման վրա Վահե Աֆանդյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և ճանաչել Գևորգ Աֆանդյանի սեփականության իրավունքը Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 30-րդ շենքի թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 15.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.11.2017 թվականի որոշմամբ Վահե Աֆանդյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.05.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահե Աֆանդյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

i

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ, 64-րդ և 95-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ և 304-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ստորադաս դատարանները նշել են, որ Վահե Աֆանդյանը Գևորգ Աֆանդյանի հետ փոխկապակցված անձ է, մինչդեռ սույն գործում առկա չէ այդ փաստը հաստատող ոչ ծննդյան վկայական, ոչ էլ հայրության ճանաչման ակտ, իսկ նման հանգամանքը կարող էր ապացուցվել միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից կատարված գրառմամբ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով նվիրատվության պայմանագրերը կնքվել են 24.05.2012 թվականին, իսկ Գևորգ Աֆանդյանը սնանկ է ճանաչվել 07.09.2015 թվականին: Այսինքն` պայմանագրերը կնքվել են սնանկ ճանաչվելուց երեք տարի առաջ, հետևաբար պայմանագրերի կնքումը չի կարող վկայել պարտապանի ոչ իրավաչափ մտադրության մասին, քանի որ պարտապանը, պայմանագրերը կնքելով, նպատակ չի հետապնդել պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից ակնհայտորեն վկայող գույքի օտարում կատարել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.11.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 07.09.2015 թվականի թիվ ԵԱՔԴ/0088/04/15 վճռով Գևորգ Աֆանդյանը սնանկ է ճանաչվել (հատոր 1-ին, գ.թ. 16-25):

2. 24.05.2012 թվականին Գևորգ Աֆանդյանի (Նվիրատու) և Վահե Աֆանդյանի (Նվիրառու) միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն` Նվիրատուն պարտավորվել է Նվիրառուի սեփականությանն անհատույց հանձնել Երևանի Կողբացի փողոցի թիվ 30 շենքի 8-րդ բնակարանը, որը բաղկացած է 147,0քմ ընդհանուր մակերեսից (հատոր 1-ին, գ.թ. 30):

3. 24.05.2012 թվականին Գևորգ Աֆանդյանի (Նվիրատու) և Վահե Աֆանդյանի (Նվիրառու) միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն` Նվիրատուն պարտավորվել է Նվիրառուի սեփականությանն անհատույց հանձնել Երևանի Կողբացի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հասցեում գտնվող ավտոտնակը, որը բաղկացած է 24,0քմ ընդհանուր մակերեսից (հատոր 1-ին, գ.թ. 31):

4. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստորաբաժանման կողմից 12.06.2015 թվականին տրված թիվ ԿԽ-1/2843 տեղեկանքի համաձայն` Երևանի Կողբացի փողոցի թիվ 30 շենքի 8-րդ բնակարանը 24.05.2012 թվականին օտարվել է և 13.06.2012 թվականին սեփականության իրավունքով գրանցվել է Վահե Աֆանդյանի անվամբ, իսկ Երևանի Կողբացի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հասցեում գտնվող ավտոտնակն օտարվել է 24.05.2012 թվականին և 05.06.2012 թվականին սեփականության իրավունքով գրանցվել է Վահե Աֆանդյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 27-28):

5. Ըստ դիմումի «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Գևորգ Աֆանդյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ԵԱՔԴ/0088/04/15 գործով 07.09.2015 թվականի վճռի համաձայն` Բանկի և «Բյուրակն» ՍՊԸ-ի միջև 15.10.2008 թվականին կնքված թիվ ՎՄ 18-2008, 26.11.2008 թվականին կնքված թիվ ՎՄ 18-2008-1, 22.12.2008 թվականին կնքված թիվ ՎՄ 18-2008-2, 07.06.2011 թվականին կնքված թիվ ՎՄ 20-2011, 12.03.2012 թվականին կնքված թիվ ՎՄՊ 04-2012 վարկային պայմանագրերից բխող վարկառուի պարտավորություններն ապահովվել են համապատասխանաբար 15.10.2008 թվականին կնքված թիվ ԵՎՄ 18-2008, 26.11.2008 թվականին կնքված թիվ ԵՎՄ 18-2008-1, 22.12.2008 թվականին կնքված թիվ ԵՎՄ 18-2008-2, 10.06.2011 թվականին կնքված թիվ ԵՎՄ 20-2011-1, 12.03.2012 թվականին կնքված թիվ ԵՎՄ 20-2012-1 երաշխավորության պայմանագրերով` նաև Գևորգ Աֆանդյանի կողմից տրված երաշխավորությամբ: Նշված պարտավորությունների չկատարման արդյունքում Բանկը հայցապահանջով դիմել է դատարան, և թիվ ԵԱՆԴ/2038/02/13 քաղաքացիական գործով 03.06.2014 թվականի վճիռը Գևորգ Աֆանդյանի մասով մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 16-25):

i

6. Գևորգ Աֆանդյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանը, 02.02.2016 թվականին հայցադիմում ներկայացնելով դատարան և վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը և 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, որպես փաստական հիմք` նշել է Գևորգ Աֆանդյանի և Վահե Աֆանդյանի փոխկապակցված անձ լինելու հանգամանքը (հատոր 1-ին, գ.թ. 7-14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտապանի կողմից իր հետ փոխկապակցված անձանց կատարած անհատույց փոխանցումները որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու մտադրությամբ կատարված ակնհայտորեն վկայող փոխանցումներ գնահատելու խնդրին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող (17.06.2016 թվականին ընդունված և 23.07.2016 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-105-Ն ՀՀ օրենք) խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում: Նույն մասի «բ» կետի համաձայն` կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու պարտապանի կատարած անհատույց փոխանցումները ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձ պարտապանի հետ փոխկապակցված են համարվում նրա ամուսինը, նրանց հետ երկու աստիճան ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը և նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին, իր որոշումներում նշել է, որ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, հռչակելով սեփականության իրավունքը, միաժամանակ նախատեսում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն ի շահ հանրության, եթե այդ սահմանափակումը նախատեսված է օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով, և ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար: Եվրոպական դատարանը նշել է նաև, որ ինչ հիմքով էլ, որ տեղի ունենա միջամտությունը սեփականության իրավունքին, դա կարող է արդարացված համարվել բացառապես այն դեպքում, երբ այն տեղի է ունեցել ի շահ հանրության և հետապնդել է իրավաչափ նպատակ (...) (տե՛ս, Sporrong and Lonnroth v. Sweden գործով Եվրոպական դատարանի 23.09.1982 թվականի վճիռը, կետ 61, Mkhchyan v. Russia գործով Եվրոպական դատարանի 07.02.2017 թվականի վճիռը, կետեր 65-67, Barcza and Others v. Hungary գործով Եվրոպական դատարանի 11.10.2016 թվականի վճիռը, կետեր 41-45):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ 17.06.2016 թվականին ընդունված և 23.07.2016 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-105-Ն ՀՀ օրենքով խմբագրվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի նախաբանը: Կատարված փոփոխությունը վերաբերում է սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու համար սահմանված մեկամյա ժամկետի հաշվարկման սկիզբը որոշելուն: Մասնավորապես` մինչև նշված օրենքով կատարված փոփոխությունը, մեկամյա ժամկետի հաշվարկման սկիզբը սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելու պահն էր, իսկ փոփոխությունից հետո` ներկայիս խմբագրությամբ, մեկամյա ժամկետի հաշվարկման սկիզբը պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահն է:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին և արձանագրել է, որ վկայակոչված իրավակարգավորումը նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքը` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով, որի նպատակը պարտապանի գույքի հավաքագրումն է` սնանկության վարույթի ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման նպատակով: Այսինքն` նշված նորմը սահմանում է սեփականության իրավունքի դադարման ինքնուրույն հիմք: Ընդ որում, կատարված փոխանցումները հետ ստանալու հիմքում դրված է այն հանգամանքը, որ դրանք պետք է փոխանցված լինեն պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում և անհատույց: Այդ փոխանցումները կարող են լինել նաև ոչ դրամային, այսինքն` այլ գույքային փոխանցումներ, այդ թվում` ապրանքներ, արժեթղթեր, շարժական և անշարժ գույք: Կառավարիչն այդ իրավունքը դատական կարգով կարող է իրականացնել պարտապանին սնանկ ճանաչելուց հետո, բայց ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում (տե՛ս, Հարություն Զուլումյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանն ընդդեմ Գայանե և Ռուբեն Զուլումյանների թիվ ԵԿԴ/2304/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ այն նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքը` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով: Վերոնշյալ հոդվածով առանձնացվել են այնպիսի փոխանցումների տեսակներ, որոնք ակնհայտորեն վկայում են պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու պարտապանի մտադրության մասին (տե՛ս, Լիզա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Համլետ Նաջարյանն ընդդեմ Լիզա Գրիգորյանի, Սոնիկ Աթայանի թիվ ԵՔԴ/1165/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2012 թվականի որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանը 31.01.2017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշմամբ, քննելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, գտել է, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում պարտապանի հետ փոխկապակցված անձանց պարտապանի կատարած այն անհատույց փոխանցումները, որոնք դատարանի կողմից կգնահատվեն որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցումներ:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) օրենքի վիճարկվող դրույթով սահմանված պայմաններին համապատասխանող փոխանցումներն ինքնին չեն կարող վկայել պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին: Նման դիրքորոշման համար հիմք են հանդիսանում այն հանգամանքները, որ, նախ` նման մտադրության առկայությունը կամ բացակայությունը գնահատման ենթակա հանգամանքներ են, որոնք կարող են հաստատվել դատարանի կողմից գործի կոնկրետ հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրման և գնահատման արդյունքում, երկրորդ` նշված պայմաններին համապատասխանող ոչ բոլոր փոխանցումները կարող են վկայել պարտապանի ոչ իրավաչափ մտադրության մասին: Եթե պարտապան ֆիզիկական անձը որևէ անհատույց փոխանցում է կատարել իր հետ փոխկապակցված անձի, որից միայն երեք կամ չորս տարի հետո է ստանձնել որևէ պարտավորություն և դրանից կարճ ժամանակ անց սնանկ է ճանաչվել, շատ դժվար կլինի նման փոխանցումը դիտարկել որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցում»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշման համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նման դեպքերը, թեև համապատասխանում են վիճարկվող դրույթի սահմանած պայմաններին, սակայն չեն կարող ծառայել վիճարկվող դրույթի` օրենսդրի կողմից սահմանված և ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող նպատակին, և գտել է, որ դատարանները վիճարկվող դրույթը կիրառելիս դրա գործողության շրջանակից պետք է բացառեն այն անհատույց փոխանցումները, որոնք ակնհայտորեն չեն վկայում պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթում սահմանված պայմանները բավարարող բացառապես բոլոր փոխանցումները հետ ստանալը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դրանցից ոչ բոլորը կարող են ակնհայտորեն վկայել պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին, չի կարող դիտարկվել որպես ՀՀ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ միջոց: Նման մոտեցումը կխախտի ոչ միայն անձի սեփականության իրավունքը, այլև հիմնական իրավունքների սահմանափակման համաչափության սահմանադրական իրավունքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավակարգավորումների մեկնաբանությանը, արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի իրավակարգավորումը` սնանկության գործով կառավարչի` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ, ընդհանուր առմամբ համադրելի է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի իրավակարգավորմանը, որով նախատեսված է սնանկության գործով կառավարչի` պարտապանի կողմից երրորդ անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով դատարան դիմելու իրավունքը: Մասնավորապես` նշված իրավանորմերի համեմատական վերլուծությունից բխում է, որ երկու իրավակարգավորումներն էլ վերաբերում են պարտապանի կատարած անհատույց փոխանցումները հետ ստանալու պահանջով դատարան դիմելու` սնանկության գործով կառավարչի իրավունքին: Ընդ որում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը սահմանում է պարտապանին փոխկապակցված անձանց, իսկ նույն մասի «բ» կետը` երրորդ անձանց կատարված անհատույց փոխանցումները հետ ստանալու պահանջով դատարան դիմելու իրավունքը: Ըստ այդմ, առաջին իրավանորմով սահմանված է նախկին 5 տարվա, իսկ երկրորդով` 3 տարվա ընթացքում պարտապանի կատարած փոխանցումները հետ ստանալու հնարավորություն:

i

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով նշված իրավակարգավորումների` անհատույց գործարքներով կատարված փոխանցումները հետ ստանալու իրավական հնարավորության մասով բովանդակային համարժեքությունը, գտել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 31.01.2017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշմամբ արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ սնանկության գործով կառավարիչը կարող է դատական կարգով հետ ստանալ միայն պարտապանի կատարած այն անհատույց փոխանցումները, որոնք դատարանի կողմից կգնահատվեն որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցումներ, կիրառելի է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի նկատմամբ: Այսինքն` դատարանները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի ինչպես «ա», այնպես էլ «բ» կետը կիրառելիս դրանց գործողության շրջանակից պետք է բացառեն այն անհատույց փոխանցումները, որոնք ակնհայտորեն չեն վկայում պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու պարտապանի մտադրության մասին:

Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1. յուրաքանչյուր դեպքում, երբ առկա է սեփականության իրավունքի սահմանափակում, մասնավորապես` Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով սեփականության իրավունքի նկատմամբ միջամտություն, ապա սեփականության հիմնարար իրավունքի պաշտպանությունից բխում է, որ այդ սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ: Ընդ որում, սեփականության իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև պետք է ապահովվի ողջամիտ հավասարակշռություն,

2. պարտապանի` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված անձանց կատարած անհատույց փոխանցումները սնանկության գործով կառավարչի կողմից հետ ստանալու` օրենքով սահմանված հնարավորությունը Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով միջամտություն է սեփականության իրավունքին,

3. այդ միջամտությունը, այն է` կատարված անհատույց փոխանցումները հետ ստանալը, հետապնդում է պարտատերերի նկատմամբ պարտավորության կատարումից չարամտորեն խուսափելը կանխելու նպատակ, որով պետությունն ապահովում է պարտատերերի հիմնական իրավունքների պաշտպանությունը: Ընդ որում, այդ նպատակով սեփականության իրավունքի սահմանափակումը, ըստ ՀՀ սահմանադրական դատարանի, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Հետևաբար կատարված անհատույց փոխանցումներն իրավաչափ կերպով հետ ստանալու համար անհրաժեշտ է, որ պարտապանը գործարքը կնքած լինի պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու մտադրությամբ,

4. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կամ «բ» կետերով նախատեսված պայմաններին համապատասխանող պահանջ ներկայացնելն ինքնին բավարար չէ պարտապանի` պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու մտադրության մասին եզրահանգում կատարելու համար: Հետևաբար այդ նորմերի տառացի կիրառումը որոշակի դեպքերում կհանգեցնի պարտապանի ունեցած ոչ իրավաչափ մտադրության մասին սխալ ենթադրության,

5. նման մտադրության առկայությունը կամ բացակայությունը գնահատման ենթակա հանգամանքներ են, որոնք կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և դատարանի կողմից կարող են հաստատվել միայն դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրման և գնահատման արդյունքում,

i

6. պարտատերերի իրավունքների և անձի սեփականության իրավունքի միջև ողջամիտ հավասարակշռություն ապահովելու համար դատարանները խնդրո առարկա իրավանորմերը կիրառելիս դրանց գործողության շրջանակից պետք է բացառեն այն անհատույց փոխանցումները, որոնք ակնհայտորեն չեն վկայում պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին, և այդ դեպքում կապահովվի սեփականության սահմանադրական իրավունքի սահմանափակման և դրանով հետապնդվող նպատակի համաչափությունը: Այսինքն` խնդրո առարկա իրավակարգավորումների տեսանկյունից անհատույց փոխանցումն անվավեր գործարք կարող է համարվել միայն, այն դեպքում երբ, ի թիվս այլ հանգամանքների, ապացուցված է պարտապանի ոչ իրավաչափ մտադրության առկայությունը (տե՛ս, Արթուր Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանն ընդդեմ Սեդա Մելիք-Թանգյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵԿԴ/0598/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Գևորգ Աֆանդյանը սնանկ է ճանաչվել 07.09.2015 թվականին: 24.05.2012 թվականին Գևորգ Աֆանդյանի (Նվիրատու) և Վահե Աֆանդյանի (Նվիրառու) միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համաձայն` Նվիրատուն պարտավորվել է Նվիրառուի սեփականությանն անհատույց հանձնել Երևանի Կողբացի փողոցի թիվ 30 շենքի 8-րդ բնակարանը, ինչպես նաև Երևանի Կողբացի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հասցեում գտնվող ավտոտնակը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստորաբաժանման կողմից 12.06.2015 թվականին տրված թիվ ԿԽ-1/2843 տեղեկանքի համաձայն` Երևանի Կողբացի փողոցի թիվ 30 շենքի 8-րդ բնակարանը 24.05.2012 թվականին օտարվել է և 13.06.2012 թվականին սեփականության իրավունքով գրանցվել է Վահե Աֆանդյանի անվամբ, իսկ Երևանի Կողբացի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հասցեում գտնվող ավտոտնակն օտարվել է 24.05.2012 թվականին և 05.06.2012 թվականին սեփականության իրավունքով գրանցվել է Վահե Աֆանդյանի անվամբ:

Թիվ ԵԱՔԴ/0088/04/15 գործով 07.09.2015 թվականի վճռի համաձայն` Բանկի և «Բյուրակն» ՍՊԸ-ի միջև կնքված վարկային պայմանագրերից բխող վարկառուի պարտավորություններն ապահովվել են Գևորգ Աֆանդյանի կողմից տրված երաշխավորությամբ:

Դատարանը հայցը բավարարելով` նշել է, որ Գևորգ Աֆանդյանը 24.05.2012 թվականին կնքված «Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերով» իրեն սեփականության իրավունքով պատկանող, սույն վեճի առարկա հանդիսացող անշարժ գույքերը նվիրաբերել է իր որդուն, ով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի հիմքով հանդիսանում է փոխկապակցված անձ, ինչպես նաև առկա է գույքի անհատույց փոխանցում, որը դրսևորվել է նվիրատվության ձևով:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է` նշելով, որ Գևորգ Աֆանդյանը և Վահե Աֆանդյանը հանդիսանում են հայր և որդի (փոխկապակցված անձինք), իսկ պատասխանողը հայցապահանջի դեմ ներկայացրել է առարկություն, որում շարադրել է իր առարկությունները ներկայացված հայցի դեմ, սակայն չի առարկել այն փաստի դեմ, որ Գևորգ Աֆանդյանը և Վահե Աֆանդյանը չեն հանդիսանում հայր և որդի (փոխկապակցված անձինք), այսինքն` պատասխանողը չի առարկել հայցվորի կողմից վկայակոչած վերոնշյալ փաստի դեմ, հետևաբար Դատարանը այդ փաստը չի համարել վիճելի և չի ընդգրկել ապացուցման ենթակա փաստերի շրջանակի մեջ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ տվյալ փաստի դեմ պատասխանողի կողմից չառարկելը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գևորգ Աֆանդյանի և Վահե Աֆանդյանի ազգանունը և հասցեները համընկնում են, իսկ Վահե Աֆանդյանի հայրանունը Գևորգ է, հետևաբար Դատարանն իրավացիորեն, հայր և որդի լինելու փաստը, համարել է անվիճելի փաստ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Նախ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի կիրառման համար անհրաժեշտ պայմաններից է փոխանցումը փոխկապակցված անձին կատարած լինելը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ազգակցական կապը, մասնավորապես, ծնող և զավակ լինելու հանգամանքը, կարող է հաստատվել օրենքով սահմանված թույլատրելի ապացույցներով` ծննդյան վկայականով կամ ծննդյան գրառման վերաբերյալ ապացույցով` նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` ծնունդը պետական գրանցման ենթակա քաղաքացիական կացության ակտ է, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիական կացության ակտերը գրանցում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյաններում (ակտերի գրքեր) համապատասխան գրառումներ կատարելու և այդ գրառումների հիման վրա քաղաքացիներին վկայականներ տալու միջոցով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման քաղաքացիական կացության ակտերի կապակցությամբ վեճ առաջանալու դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ապացույցների թույլատրելիության կանոնն այն մասին, որ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց 24.05.2012 թվականի նվիրատվության պայմանագրերի կնքման պահին գործարքի մյուս կողմի` պարտապանի հետ փոխկապակցված անձ հանդիսանալու մասին:

Բացի այդ, ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որը կվկայեր այն մասին, որ Գևորգ Աֆանդյանն իր գործողություններով, այն է` Վահե Աֆանդյանին 24.05.2012 թվականին կատարած անհատույց փոխանցումներով, մտադրություն և նպատակ է ունեցել խուսափել պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունից: Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման է գալիս հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:

Անդրադառնալով երաշխավոր հանդիսացող պարտապանի նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի կիրառման առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ պայմանավորված երաշխավորության պարտավորության լրացուցիչ բնույթով` պարտապանի կողմից պարտավորության կատարումից ակնհայտորեն խուսափելու նպատակ ունենալը պարզելու համար անհրաժեշտ է գնահատել պարտավորության խախտման ժամանակահատվածը, երաշխավորի պատասխանատվության տեսակը (սուբսիդիար կամ համապարտ), երաշխավորի կողմից պարտավորության խախտման մասին տեղեկացված լինելու հանգամանքը, պարտատիրոջ կողմից երաշխավորին պարտավորության չափի մասին ծանուցելը և այլն: Մինչդեռ սույն գործով որևէ ապացույց չի ներկայացվել այն մասին, որ Գևորգ Աֆանդյանը` որպես երաշխավոր, տեղյակ է եղել պարտավորության խախտման մասին, կամ որ պարտատիրոջ կողմից ծանուցում է ստացել պարտավորության խախտման վերաբերյալ: Այսինքն` չի հիմնավորվել, որ Գևորգ Աֆանդյանը` որպես երաշխավոր, տեղյակ լինելով պարտավորության կետանցի մասին, պարտավորության կատարումից խուսափելու նպատակ է հետապնդել: Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար կարևորում է նաև այն հանգամանքը, որ գումարի բռնագանձման վճիռը կայացվել է 03.06.2014 թվականին, իսկ Գևորգ Աֆանդյանը սնանկ է ճանաչվել 07.09.2015 թվականի վճռով: Այսինքն` սույն գործում առկա չեն ապացույցներ այն մասին, որ Գևորգ Աֆանդյանը կարող էր կամ պետք է կանխատեսեր ապագայում իր ֆինանսական դրության վատթարացումը և, հենց այդ հանգամանքը կանխատեսելով, կատարել է անհատույց փոխանցումները` ապագայում պարտատերերի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումից խուսափելու մտադրությամբ: Հետևաբար գործում է այն կանխավարկածը, որ 24.05.2012 թվականին անհատույց փոխանցումներ կատարելիս Գևորգ Աֆանդյանն օբյեկտիվորեն չէր կարող կանխատեսել ապագայում սպասվող իրադարձությունները և այդ իրադարձություններով պայմանավորել Վահե Աֆանդյանին Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 30-րդ շենքի թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի և Երևանի Եզնիկ Կողբացու փողոց 30-րդ շենքի թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց փոխանցումները: ՈՒստի տվյալ դեպքում կատարված անհատույց փոխանցումները չեն կարող որակվել որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից չարամիտ խուսափելու մտադրությամբ կատարված գործարքներ, և որպեսզի սույն գործով կիրառելի լիներ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը, Գևորգ Աֆանդյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանը պետք է ապացուցեր պարտապանի` 2012 թվականի դրությամբ ունեցած ակնհայտ մտադրությունը: Մինչդեռ նման ապացույցներ սույն գործով չեն ներկայացվել:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհատույց փոխանցումներից հետո ընկած ժամանակահատվածը, ինչպես նաև պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` Գևորգ Աֆանդյանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող գործողությունների բացակայությունը հիմք են տալիս փաստելու, որ վերջինս իրեն սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 30-րդ շենքի թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքը և Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 30-րդ շենքի թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքը տնօրինել է իր հայեցողությամբ` ՀՀ Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վահե Աֆանդյանի սեփականության իրավունքի դադարման հիմքը բացակայում է, որպիսի պարագայում հայցը ենթակա էր մերժման, մինչդեռ ստորադաս դատարանները նյութական նորմի սխալ մեկնաբանման, արդյունքում նաև` դատավարական նորմի խախտման հետևանքով սխալ եզրահանգման են եկել գործի ելքի վերաբերյալ:

Այսպիսով սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտվում է բավարար` սույն վճռաբեկ բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա. 1» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը` պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար կառավարիչն ազատվում է պետական տուրքի վճարումներից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:

Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից դատարան հայց ներկայացնելու իրավունքն իրացնում է վերջինիս կառավարիչը, որը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ազատված է դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի վճարումներից: Օրենսդրական նման կարգավորման հիմքում, ըստ էության, ընկած է այն տրամաբանությունը, որ կառավարիչը հայց հարուցում կամ պարտապանի մասնակցությամբ դատավարություններին ներգրավվում է պարտապանի անունից, հետևաբար` նրա վրա պետական տուրքի վճարման պարտականություն չի կարող դրվել այլ անձի իրավունքներն ու օրինական շահերն ի պաշտոնե իրականացնելու համար: Նման եզրահանգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պետությունը, որպես անձի հիմնարար իրավունք հռչակելով դատական պաշտպանության իրավունքը, կոնկրետ երաշխիքներ է նախատեսում այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար` ընդ որում, որոշակի խումբ անձանց համար սահմանելով նաև հավելյալ երաշխիքներ, ինչպես օրինակ` պետական տուրքի վճարումից ազատումն է: Այդուհանդերձ, քննարկվող իրավակարգավորումը վերաբերում է միայն պետության հանդեպ պետական տուրքի գծով պարտավորությունների բացակայությանը և չի կարող մեկնաբանվել որպես մյուս կողմի կրած դատական ծախսերի փոխհատուցման պարտականության բացակայություն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտը 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի հիմքով պետք է կրի մյուս կողմի կրած դատական ծախսերը փոխհատուցելու պարտականություն: Նման մոտեցումը բխում է կողմերի իրավահավասարության սկզբունքից և կոչված է կանխելու պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտի կողմից իր դատավարական իրավունքների անբարեխիղճ իրականացման արդյունքում մյուս կողմին հնարավոր պատճառվելիք վնասները: Ավելին, կառավարչի պարագայում նշված եզրահանգումը հիմնավորվում է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորմամբ, ըստ որի` նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ: Հետևաբար թեև կառավարիչը հայցը հարուցում է պարտապանի անունից, այնուամենայնիվ, նման հայց հարուցելու կամ այլ դատավարական գործողություններ իրականացնելու հիմքերն ու անհրաժեշտությունը գնահատում է իր իսկ հայեցողությամբ, ուստիև պետք է պատասխանատվություն կրի դրանց արդյունքում այլ անձանց կրած դատական ծախսերի փոխհատուցման համար:

Սույն գործով բողոք բերած անձը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս վճարել է վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար նախատեսված պետական տուրքի գումարները:

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Գևորգ Աֆանդյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանի հայցը` մերժման, որպիսի պայմաններում 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականությունը պետք է կրի հայցվոր կողմը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գևորգ Աֆանդյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանից հօգուտ Վահե Աֆանդյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 80.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Մինչդեռ նկատի ունենալով, որ հայցը հարուցված է սնանկության գործով կառավարչի կողմից, որն էլ իր հերթին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա. 1» կետի հիմքով ազատված է դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարման ենթակա պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարի հետ կապված հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` Գևորգ Աֆանդյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանի հայցն ընդդեմ Վահե Աֆանդյանի` 24.05.2012 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը, սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և անշարժ գույքը հետ վերադարձնելու պահանջների մասին, մերժել:

2. Գևորգ Աֆանդյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանից հօգուտ Վահե Աֆանդյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 80.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Դատական ծախսերի հարցը` հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարի հետ կապված, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա. 1» կետի հիմքով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ն. Տավարացյն

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.07.2018
N ԵԿԴ/0298/02/16
Որոշում