Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԿԴ1/0261/04/16

    Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0261/04/16    2018 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ս. Միքայելյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հունիսի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Մանչո Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Վահրամ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2017 թվականի որոշման դեմ` Ընկերության սնանկության գործով «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերության պահանջի հաստատման մասով սնանկության գործի վարույթը կասեցնելու միջնորդության վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) պահանջել է Ընկերությանը սնանկ ճանաչել:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Փոլադյան) 14.03.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է, և Ընկերությունը սնանկ է ճանաչվել:

Սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վարազդատ Ասատրյանը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) «Թիվ ԿԴ1/0261/04/16 սնանկության գործի վարույթը Բանկի և «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերության պահանջների մասով կասեցնելու միջնորդությունը քննության առնելու մասին» 09.06.2017 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանի միջնորդությունը` սնանկության գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ, բավարարվել է մասնակիորեն. որոշվել է թիվ ԿԴ1/0261/04/16 սնանկության գործի վարույթը` Բանկի պահանջի մասով, կասեցնել մինչև թիվ ԵԿԴ/1950/02/17 և թիվ ԵԿԴ/1963/02/17 քաղաքացիական գործերով վերջնական դատական ակտի կայացումը: Սնանկության գործի վարույթը` «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերության պահանջի մասով կասեցնելու վերաբերյալ, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2017 թվականի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.06.2017 թվականի որոշումը` «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերության պահանջի մասով սնանկության գործի վարույթի կասեցումը մերժելու վերաբերյալ, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221.3-րդ հոդվածի 1-ին կետը, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը պարունակում է այլ իրավակարգավորումներ, քան սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ուստի տվյալ դեպքում կիրառելի էին «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները: Մասնավորապես` սնանկության վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված է բողոքարկման երկու ռեժիմ` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերի և սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումների, ընդ որում` օրենսդրի կողմից երկու դեպքում էլ սահմանվել է դատական ակտերի բողոքարկման տասնհինգօրյա ժամկետ:

Վերաքննիչ դատարանը, սխալ եզրահանգման գալով, անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերության կողմից բողոքարկված դատական ակտը Դատարանն իր 09.06.2017 թվականի որոշմամբ նույնպես համարել է բողոքարկման ենթակա դատական ակտ` դրա մասին նշելով ակտի եզրափակիչ մասում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված` սնանկության վարույթի ընթացքում կայացված դատական ակտերի բողոքարկման կանոնները, կիրառել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221.3-րդ հոդվածի 1-ին կետը, ինչի արդյունքում գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված չէ վերոնշյալ դատական ակտի բողոքարկման որևէ ռեժիմ և հետևաբար տվյալ դատական ակտը բողոքարկման ենթակա չլինելու հիմքով` մերժել է վերաքննիչ բողոքը:

Վերը նշվածի արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, ինչի արդյունքում խախտվել է վերաքննիչ բողոք ներկայացրած անձի` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 12.12.2017 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

i

2) Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221.3-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք բողոքարկման ենթակա է սնանկության գործի քննության ընթացքում առանձին պարտատիրոջ (պարտատերերի) մասով կայացված սնանկության գործի վարույթը կասեցնելը մերժելու մասին որոշումը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապասնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործի վարույթը առանձին պարտատերերի պահանջների մասով կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված` կասեցման հիմքերի առկայության դեպքում, եթե այդ իրավակարգավորումները կիրառելի են սնանկության վարույթում առանձին պահանջների քննության նկատմամբ:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում սնանկության վերաբերյալ գործի վարույթը, ինչպես նաև դատարանի նշանակած ժամանակավոր կառավարչի կամ կառավարչի գործողությունները:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով միայն նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան գործին մասնակցող անձանց կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործի վարույթի կասեցումը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը: Օրենսդիրը, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունը (սնանկության վարույթը բաղկացած է որոշակի փուլերից և ընթանում է յուրաքանչյուր փուլին համապատասխան օրենքով սահմանված ընթացակարգով), այդ վարույթի արդյունավետությունն ապահովելու նկատառումով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածով կարգավորել է կասեցման ընթացակարգի կիրառման հնարավորությունը: Օրենսդիրը վարույթի կասեցման կարգ նախատեսել է առանձին պարտատերերի պահանջների մասով և այն պայմանով, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կասեցման հիմքը (հիմքերը) կիրառելի լինի այդ իրավահարաբերության նկատմամբ: Ընդ որում, առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված կարգով առանձին պարտատերերի պահանջների մասով սնանկության գործի վարույթի կասեցման դեպքում սնանկության վարույթի մյուս փուլերը պետք է ընթանան օրենքով նախատեսված ընթացակարգով: Այսպիսով օրենսդիրը սնանկության վարույթում կասեցման հնարավորություն նախատեսել է միայն առանձին պարտատերերի պահանջների մասով (տե՛ս, ըստ «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի դիմումի` թիվ ԱՐԱԴ/0043/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Զարգացնելով վերը նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ առանձին պարտատերերի պահանջների մասով սնանկության գործի վարույթի կասեցումն ինքնանպատակ չէ, այն նպատակ ունի ապահովելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով կանոնակարգված` պարտատերերի պահանջների դատական կարգով հաստատման գործընթացը, այդ թվում` պարտատիրոջ (պարտատերերի) պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս բավարար երաշխիքներ ստեղծել պարտապանի, պարտատիրոջ իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: Ընդ որում, օրենսդիրն առանձին պարտատերերի պահանջների մասով սնանկության գործի վարույթի կասեցումը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու հիմքերի հետ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված` քաղաքացիական գործի վարույթի կասեցման հիմքերն օբյեկտիվորեն պետք է խոչընդոտեն ներկայացված պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը քննության առնելու և տվյալ պահանջով պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու գործընթացին: Այլ կերպ ասած` առանձին պահանջի (պահանջների) մասով սնանկության գործի վարույթը ենթակա է կասեցման, եթե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված և ի հայտ եկած քաղաքացիական գործի կասեցման հիմքերն այնպիսին են, որ հնարավորություն չեն տալիս սնանկության գործընթացի այդ փուլում կայացնել օրենքով սահմանված, այն է` պարտատերերի կամ առանձին պարտատիրոջ պահանջի (պահանջների) մասով վերջնական ցուցակը հաստատելու մասին համապատասխան որոշում:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առանձին պարտատերերի պահանջների մասով սնանկության գործի վարույթի կասեցման համար պետք է ներկայացվի պատճառաբանված միջնորդություն, որը դատարանի կողմից քննարկվելու արդյունքում ենթակա է բավարարման կամ մերժման: Ըստ այդմ էլ` դատարանը վերը նշված հարցով կայացնում է կամ առանձին պարտատերերի պահանջների մասով սնանկության գործի վարույթը կասեցնելու, կամ առանձին պարտատերերի պահանջների մասով սնանկության գործի վարույթը կասեցնելը մերժելու մասին որոշում:

Անդրադառնալով այդ որոշումների` վերաքննության կարգով բողոքարկելիության հնարավորությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` «Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը» վերտառությամբ 20-րդ հոդվածը սահմանում է սնանկության գործի քննության ընթացքում կայացվող դատական ակտերի բողոքարկումը: Ընդ որում, վերը նշված հոդվածով օրենսդիրը հնարավորություն է տվել բողոքարկելու սնանկության գործի քննության ընթացքում կայացվող ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը: Մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում, որպես ընդհանուր կանոն, ամրագրվել է, որ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները նույնպես ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով վերը նշված օրենսդրական կարգավորումները, գտնում է, որ սնանկության գործի ընթացքում կայացվող պահանջի կասեցումը մերժելու մասին որոշումը նույնպես ենթակա է բողոքարկման` ի տարբերության իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված քաղաքացիական գործի վարույթը կասեցնելը մերժելու վերաբերյալ որոշման:

Սույն գործով դիմելով դատարան` Բանկը, որպես պարտատեր, խնդրել է Ընկերության նկատմամբ իր պահանջները հաստատել և գրանցել հետևյալ հերթականությամբ` 8.433.638,72 ԱՄՆ դոլարը և 31.792.603 ՀՀ դրամը` որպես ապահովված պահանջ, 500.000 ՀՀ դրամը` որպես դատական ծախս և 471.578,95 ԱՄՆ դոլարը` որպես չապահովված պահանջ: «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերությունը, որպես պարտատեր, խնդրել է Ընկերության նկատմամբ 14.411.998,08 ԱՄՆ դոլարի իր պահանջը հաստատել և գրանցել որպես ապահովված պահանջ:

Ընկերության ներկայացուցիչը միջնորդել է վերը ներկայացված պահանջների մասով կասեցնել սույն սնանկության գործի վարույթը մինչև թիվ ԵԿԴ/1950/02/17, թիվ ԵԿԴ/1963/02/17 և թիվ ԵԿԴ/1982/02/17 քաղաքացիական գործերով վերջնական դատական ակտ կայացնելը:

Դատարանը, մասնակիորեն բավարարելով Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը, կասեցրել է թիվ ԿԴ1/0261/04/16 սնանկության գործի վարույթը Բանկի պահանջների մասով` մինչև թիվ ԵԿԴ/1950/02/17 և թիվ ԵԿԴ/1963/02/17 քաղաքացիական գործերով վերջնական դատական ակտ կայացնելը: Անդրադառնալով «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերության պահանջի մասով թիվ ԿԴ1/0261/04/16 սնանկության գործի վարույթի կասեցմանը` Դատարանն այն մերժել է` նշելով, որ թիվ ԵԿԴ/1982/02/17 քաղաքացիական գործով Ընկերությունը վիճարկում է իր և «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերության միջև կնքված ժամկետային վարկային գծի պայմանագրի վավերականությունը: Դատարանն արձանագրել է, որ վիճարկվող պայմանագրի «Ընդդատություն» վերտառությամբ 32.1-րդ կետի հիմքով կողմերի միջև նույն պայմանագրի հետ կապված վեճերն (...) ընդդատյա են Անգլիայի դատարանին, բացառությամբ 31-րդ հոդվածից կամ դրա հետ կամ գործարքի ապահովության փաստաթղթերի կնքման և գրանցմանը վերաբերող հարցերից, որոնք լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (...): Մինչդեռ պարտապան Ընկերության կողմից չի ներկայացվել Անգլիայի իրավասու դատարանի համապատասխան դատական ակտ, որով կպարզվեր վերոնշյալ պայմանագրի վիճարկման վերաբերյալ վեճի առկայությունը, որպիսի պայմաններում «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերության պահանջի մասով սնանկության գործի վարույթը կասեցնելու միջնորդությունը ենթակա է մերժման:

i

Վերաքննիչ դատարանը, «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերության պահանջի մասով սնանկության գործի վարույթը կասեցնելը մերժելու մասով դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ գործն ըստ էության չլուծող այդ որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն (նշված օրենսգրքի 108-րդ հոդվածով նախատեսված է միայն գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորություն), իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքն էլ գործի վարույթը կասեցնելուն առնչվող հարցերի վերաբերյալ այլ կանոններ չի սահմանում` հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներին: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «բողոքարկված որոշման իրավաչափությունը Վերաքննիչ դատարանի կողմից գնահատվել չի կարող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով Վերաքննիչ դատարանին համապատասխան լիազորություն վերապահված չլինելու պատճառով, ուստի այդ որոշումը վերացնելու բողոք բերած անձի պահանջը բավարարելու իրավական հնարավորությունը ևս բացակայում է»:

Վերը շարադրված վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Դատարանը, 09.06.2017 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը` սնանկության գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ, բավարարելով մասնակիորեն, սնանկության գործի վարույթը` «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերության պահանջի մասով կասեցնելու վերաբերյալ, մերժել է: Միաժամանակ Դատարանը 09.06.2017 թվականի որոշման եզրափակիչ մասում նշել է, որ «որոշումը կարող է բողոքարկվել կայացման պահից 15-օրյա ժամկետում` վերադասության կարգով» (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 17):

i

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով վերը նշվածը և հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ սույն գործով պարտատեր «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ ՓԻ ԷԼ ՍԻ» ընկերության պահանջի հաստատման մասով սնանկության գործի վարույթի կասեցումը մերժելու վերաբերյալ որոշումը նույնպես ենթակա է բողոքարկման: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված` սնանկության վարույթի ընթացքում կայացված դատական ակտերի բողոքարկման կանոնները, կիրառել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221.3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները` արձանագրելով, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված չէ Դատարանի 09.06.2017 թվականի որոշումը բողոքարկելու հնարավորություն, ինչի արդյունքում էլ մերժելով վերաքննիչ բողոքը` չի անդրադարձել բողոքարկվող դատական ակտի իրավաչափությանը:

Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները քննության առարկա չի դարձրել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության` վերաքննիչ բողոքի հիմքերին ու հիմնավորումներին անդրադառնալու և դրանք քննության առարկա դարձնելու համար:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածներով սահմանված` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ և 406-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ս. Միքայելյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.06.2018
N ԿԴ1/0261/04/16
Որոշում