Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԿԻՐԱՌԵԼԻ Է...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԿԻՐԱՌԵԼԻ Է ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/5719/05/16

    Վարչական գործ թիվ ՎԴ/5719/05/16        2018 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ռ. Հակոբյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ս. Միքայելյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հունիսի 01-ին

քննարկելով ըստ հայցի «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձինք «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի, «Դանհիս» ՍՊԸ-ի, Վաղարշակ Համբարձումյանի` «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ի անվամբ թիվ 2753194 սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն պահանջել է ճանաչել «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ի անվամբ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա թիվ 48 հասցեի անշարժ գույքի նկատմամբ թիվ 2753194 սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը և վերացնել հետևանքները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 17.05.2017 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.07.2017 թվականի որոշմամբ «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 17.05.2017 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացվել է. հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի միջնորդությունը բավարարվել է, և արգելվել է Կոմիտեին ու «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին կատարելու Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ օտարման և գրավադրման գործողություններ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցի ապահովման միջոցները ենթակա են կիրառման միայն կատարում պահանջող դատական ակտերի առնչությամբ: Հետևաբար, եթե դատական ակտը չի ենթադրում կատարում, ապա դատական ակտի կատարման անհնարինության կամ կատարման գործընթացի դժվարացման մասին խոսք լինել չի կարող, ըստ այդմ նաև` բացակայում է հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ սույն գործով առկա չէ որևէ ապացույց կամ փաստական հիմնավորում, որը կարող է վկայել այն մասին, որ հայցի ապահովման միջոցի չկիրառումը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել սույն գործով կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը: Հետևաբար թիվ 2753194 սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջը բավարարելու դեպքում անգամ կայացվելիք դատական ակտի կատարման անհնարինության կամ կատարման գործընթացի դժվարության, այսինքն` հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի առկայության մասին Վերաքննիչ դատարանի հետևություններն անհիմն են:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» 14.07.2017 թվականի որոշումը և «օրինական ուժ տալ Դատարանի 17.05.2017 թվականի որոշմանը»:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

i

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետևում է, որ հայցի ապահովման միջոցները կարող են կիրառվել նաև ճանաչման հայցի դեպքում և այն չի սահմանափակում կատարում ենթադրող և կատարում չենթադրող պահանջներ ունեցող գործերի քննության ընթացքում հայցի ապահովման միջոց ձեռնարկելու հնարավորությունը: Հայցի ապահովումը դատարանի կողմից կիրառվող օրենքով նախատեսված դատավարական միջոցներն են, որոնց նպատակն է հայցը բավարարելու դեպքում երաշխիքներ ապահովել հարուցված հայցով ապագա վճռի կատարման համար, քանի որ արդարադատությունը կկրի երևակայական բնույթ, եթե դատական ակտը մնա անկատար:

Տվյալ դեպքում «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ն Դատարան ներկայացված հայցադիմումով խնդրել է ճանաչել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա թիվ 48 հասցեի 3704,7 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ գրանցված «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցման (սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2753194 վկայական) առ ոչինչ լինելը և վերացնել հետևանքները, ուստի հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող է հետագայում անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, քանի որ վիճելի անշարժ գույքի նկատմամբ կարող է կատարվել ցանկացած, այդ թվում` օտարման, գրավադրման գործողություն, ինչի հետևանքով հայցի բավարարման դեպքում խոչընդոտներ կստեղծվեն դատական ակտի կատարման առումով:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործերի շրջանակներում հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու իրավական հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. հայցի ապահովման ինստիտուտը կիրառելի է արդյո՞ք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործերով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովումը դատարանի կողմից կիրառվող օրենքով նախատեսված դատավարական միջոց է, որի նպատակն է ներկայացված հայցի հնարավոր բավարարման դեպքում կայացվելիք դատական ակտի կատարման համար երաշխիքներ սահմանելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):

Այսպիսով, հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել հայցվորի իրավունքները և օրինական շահերը: ՈՒստի հայցի ապահովման միջոց ձեռնարկելիս դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում հաշվի առնի գործում առկա բոլոր այն հանգամանքները, որոնք հիմնավորում են հայցի ապահովում չձեռնարկելու պարագայում դատական ակտի կատարման անհնարինությունը կամ դժվարացումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը սահմանել է վարչական դատավարությունում հայցի ապահովման ինստիտուտի կիրառության շրջանակներն ու հիմքերը: Այսպես, նշված իրավադրույթի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ հայցի ապահովումը կիրառվում է օրենքով հստակ կանխորոշված հետևյալ հայցատեսակների հիման վրա հարուցված գործերով.

i

1) պարտավորեցման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդված),

i

2) գործողության կատարման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդված),

i

3) ճանաչման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդված):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական դատավարությունում հայցի ապահովման միջոցները կարող են կիրառվել վերը թվարկված հայցատեսակներից որևէ մեկի հիման վրա հարուցված գործերի քննության շրջանակներում` անկախ տվյալ հայցապահանջի բնույթից: Այսինքն` օրենսդրի տեսանկյունից հայցի ապահովման միջոց կիրառելու համար որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, թե տվյալ գործի հարուցման համար հիմք հանդիսացող հայցն ունի ճանաչողական, թե կատարողական բնույթ: Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցատեսակներից որևէ մեկի հիման վրա հարուցված գործերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու համար վճռորոշ նշանակություն ունի ոչ թե ներկայացված հայցապահանջների բնույթը, այլ հայցի ապահովման միջոց կիրառելու` օրենսդրի կողմից սահմանված հիմքերի առկայությունը, այսինքն` նման միջոցներ չձեռնարկվելու դեպքում դատական ակտի կատարումն անհնարին դարձնելու կամ դժվարացնելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ճանաչման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ճանաչել «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ի անվամբ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա թիվ 48 հասցեի անշարժ գույքի նկատմամբ թիվ 2753194 սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը և վերացնել հետևանքները: Գործի քննության ընթացքում «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն միջնորդել է ձեռնարկել հայցի ապահովման միջոց` արգելել Կոմիտեին և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին կատարելու Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ցանկացած, այդ թվում` օտարման և գրավադրման, գործողություններ: «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն իր միջնորդությունը պատճառաբանել է այն փաստարկով, որ մինչև սույն դատական գործի ավարտը նշված անշարժ գույքը կարող է օտարվել, գրավադրվել կամ գույքի նկատմամբ կարող են կատարվել այլ գործողություններ, ինչի հետևանքով ներկայացված հայցի բավարարման դեպքում խոչընդոտներ կստեղծվեն դատական ակտի կատարման համար (գործի հավելված, հատոր 1-ին, գ. թ. 2-7, 217-218):

Դատարանը մերժել է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի միջնորդությունը` նշելով, որ «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ի անվամբ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա թիվ 48 հասցեի անշարժ գույքի նկատմամբ թիվ 2753194 սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջի բավարարման վերաբերյալ դատական ակտը կատարում չի պահանջում, ուստի օբյեկտիվորեն չի կարող ծագել նաև դրա կատարման անհնարինություն կամ կատարման գործընթացի դժվարացման հավանականություն: Հետևաբար Դատարանը գտել է, որ սույն գործով հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է (գործի հավելված, հատոր 1-ին, գ. թ. 221-223):

Վերաքննիչ դատարանը բավարարել է «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը և վերացնելով Դատարանի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը` բավարարել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի միջնորդությունը` արգելելով Կոմիտեին ու «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին կատարելու Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ օտարման և գրավադրման գործողություններ:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ ճանաչման հայցի դեպքում հայցի ապահովման միջոցները կիրառելի են, քանի որ այդ հայցատեսակն օրենսդրի կողմից ներառված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասում: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ սույն գործում առկա տեղեկություններով հաստատվում է, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը տարբեր գործարքների հիման վրա «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ից անցել է «Դանհիս» ՍՊԸ-ին, վերջինից էլ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին: Նշված տվյալների հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ մինչև սույն գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ օտարման կամ գրավադրման գործողություններ կրկին կատարելը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել այդ դատական ակտի կատարումը (գործի հավելված, հատոր 2-րդ, գ. թ. 44-50):

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի կողմից ներկայացված` «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ի անվամբ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա թիվ 48 հասցեի անշարժ գույքի նկատմամբ թիվ 2753194 սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը ճանաչելու վերաբերյալ հիմնական հայցապահանջը նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով և հանդիսանում է ճանաչման հայց: Հետևաբար սույն գործով կարող են կիրառվել հայցի ապահովման միջոցներ, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետևում է, որ հայցի ապահովման միջոց կարող է կիրառվել պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցատեսակներից որևէ մեկի հիման վրա հարուցված գործերի դեպքում` անկախ տվյալ հայցապահանջի բնույթից: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ հայցի ապահովման ինստիտուտը կիրառելի է սույն գործով ներկայացված հայցատեսակի շրջանակներում:

Միևնույն ժամանակ անդրադառնալով սույն գործով հայցի ապահովման միջոց կիրառելու իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են: Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ օտարման և գրավադրման գործողությունների կատարումն արգելելը որևէ կերպ չի կարող նպաստել սույն գործով կայացվելիք վերջնական դատական ակտի կատարմանը, իսկ նշված միջոցները չձեռնարկելը չի կարող խոչընդոտել կամ անհնարին դարձնել այդ դատական ակտի կատարումը:

Նախ` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ սույն գործով «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն, ներկայացնելով հայցի ապահովում կիրառելու միջնորդություն, չի ներկայացրել որևէ փաստական հիմք կամ հիմնավորում, որը կարող է վկայել այն մասին, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ օտարման և գրավադրման գործողությունների կատարումը չարգելելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել սույն գործով կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի միջնորդությունը, ևս չի մատնանշել որևէ փաստական հիմնավորում այն մասին, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ օտարման և գրավադրման գործողությունների կատարումը չարգելելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել սույն գործով կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու հիմքերի առկայության մասին Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը հիմնված է այն փաստարկի վրա, որ մինչև սույն գործի հարուցումը Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքը տարբեր գործարքների միջոցով «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ից անցել է «Դանհիս» ՍՊԸ-ին, վերջինից էլ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործի հարուցումից առաջ Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերերի փոփոխությունը չի կարող բավարար հիմք հանդիսանալ հայցի ապահովման միջոցի շրջանակներում այդ անշարժ գույքի նկատմամբ օտարման և գրավադրման գործողությունների կատարումն արգելելու համար, քանի որ հայցի ապահովման միջոցի կիրառումն ուղղված է ապագայում կայացվելիք դատական ակտի կատարման ապահովմանը և չի կարող պայմանավորված լինել վիճելի գույքի առնչությամբ տարբեր սուբյեկտների կողմից նախկինում կնքված գործարքների ուժով այդ գույքի սեփականատերերի փոփոխությամբ:

i

Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ օտարման և գրավադրման գործողությունների կատարումը կամ չկատարումը չի կարող առնչվել նշված անշարժ գույքի նկատմամբ «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը ճանաչելու վերաբերյալ դատական ակտի կատարման հետ: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ամրագրված իրավակարգավորումների բովանդակությունը: Այսպես, նշված օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` առ ոչինչ վարչական ակտը չկատարելը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է: Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Փաստորեն, սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը ճանաչող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, որով ըստ էության հաստատվում են առ ոչինչ վարչական ակտի` ընդունման պահից իրավաբանական ուժ չունենալու և կատարման կամ կիրառման ենթակա չլինելու հանգամանքները, ինքնին պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, իսկ առ ոչինչ ճանաչված վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Հետևաբար սույն գործն ըստ էության լուծող դատական ակտի կատարման հնարավորության և Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 48 (48/5) հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման կամ գրավադրման արգելքի միջև իրավաբանական կապ առկա չէ: Այսինքն` սույն գործով «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի կողմից պահանջվող հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդության բավարարման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, քանի որ տվյալ դեպքում առկա չեն բավարար փաստական հիմքեր առ այն, որ հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել սույն գործով կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը: Այսպիսով, թեև Դատարանը սխալ է պատճառաբանել հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի միջնորդությունը մերժելու վերաբերյալ իր որոշումը, այդուհանդերձ եկել է ճիշտ եզրահանգման հայցի ապահովման միջոց ձեռնարկելու հարցի դատավարական ելքի վերաբերյալ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չեն եղել բավարար հիմքեր Դատարանի 17.05.2017 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները` ճանաչման հայցի դեպքում հայցի ապահովման միջոցի առհասարակ կիրառելի լինելու մասով, մասնակի հաստատվում են, իսկ վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները` սույն գործով հայցի ապահովման միջոց ձեռնարկելու իրավաչափության մասով, հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. ՀՀ վարչական դատարանի 17.05.2017 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.06.2018
N ՎԴ/5719/05/16
Որոշում