Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2019 թվականի N 327-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի մարտի 29-ի

N 327-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Անասնաբուծությունը Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության առանցքային ճյուղերից մեկն է, որն ազգաբնակչությանը մատակարարում է կենսական նշանակության` կենդանական ծագման գրեթե անփոխարինելի սննդամթերք, իսկ արդյունաբերությանը` բարձրարժեք հումք: Այս ճյուղի արդյունավետությամբ է մեծապես պայմանավորված երկրի պարենային անվտանգությունը, մասնավորապես, բնակչությանը կարևորագույն մթերքներով` կաթով և մսով ապահովվածության մակարդակը:

2. Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծությունն ապահովում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելի քան 50%-ը: 2018 թվականին հանրապետությունում անասնաբուծությունից ստացվել է 477.9 մլրդ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 280 մլրդ դրամն ստացվել է տավարաբուծությունից: Սակայն, պայմանավորված խոշոր եղջերավոր կենդանիների կաթնային և մսային մթերատվության ցածր ցուցանիշներով, տավարաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի ներկայիս ծավալները դեռևս հեռու են բավարար լինելուց:

3. Հայաստանի Հանրապետությունում անասնագլխաքանակի մասնատման և խոշոր եղջերավոր կենդանիների տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների իրականացման անհնարինության արդյունքում կովերի միջին կաթնատվությունը տարիներ շարունակ տատանվում է 2000 կգ-ի սահմաններում, իսկ մսի արտադրության նպատակով աճեցվող կենդանիների նախասպանդային զանգվածը չի գերազանցում 320 կգ-ը: Այն դեպքում, երբ տավարաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաները և բարձր մթերատու ցեղերի գենոֆոնդի օգտագործումը հնարավորություն են ընձեռում կովերից ստանալու տարեկան առնվազն 4000 կգ կաթ, իսկ մսի համար բտված տավարն իրացնել 450 կգ և բարձր կենդանի զանգվածով:

4. Հաշվի առնելով ցածր ինքնարժեքով, սակայն որակյալ և անվտանգ կաթի և մսի արտադրության ծավալների ավելացման անհրաժեշտությունը, ներքին և արտաքին շուկայում տավարաբուծությունից ստացվող արտադրանքի նկատմամբ տարեցտարի աճող պահանջարկը, ինչպես նաև հանրապետության արոտավայրերի և խոտհարքների օգտագործման արդյունավետության բարձրացման կարևորությունը` անհրաժեշտ է այսօր իսկ ստեղծել նախադրյալներ տավարաբուծության աստիճանական ինտենսիվացման ուղղությամբ, ինչը հնարավոր է իրականացնել հանրապետությունում առկա նախիրները հնարավորինս կարճ ժամանակահատվածում որակապես վերափոխելու միջոցով:

5. Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության վարման ինտենսիվացման և տոհմային անասնաբուծության զարգացման նպատակով անհրաժեշտ է կիրառել հանրապետություն տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ` տոհմային ԽԵԿ) ներկրման խթանման համապատասխան մեխանիզմներ, ինչը կնպաստի կաթնային և կաթնամսային ուղղության լավագույն ցեղերի գենոֆոնդի օգտագործմամբ տեղական տավարի տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանը և (կամ) կատարելագործմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետությունում տոհմաբուծարանների ստեղծման և զարգացման ծրագրի (տավարի շվից և հոլշտին ցեղեր, ոչխարի` սուֆոլկ ցեղ հայկական կորիդելի տիպ) կյանքի կոչմանը:

 

II. ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

6. Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) տվյալների 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է ընդհանուր առմամբ 590.6 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, այդ թվում` 266.8 հազար գլուխ կովեր, որի 99 տոկոսը կենտրոնացված է բնակչության (ֆիզիկական անձի կարգավիճակ ունեցող) տնտեսություններում: Նույն աղբյուրի տվյալների համաձայն 2017 թվականի համեմատ խոշոր եղջերավոր կենդանիների, այդ թվում` կովերի գլխաքանակը նվազել է 9.9 տոկոսով (աղյուսակ 1): 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի կտրուկ կրճատումը հիմնականում պայմանավորված է եղել անասնակերի (կոպիտ կերեր) գնի աճով, ինչն իր հերթին պայմանավորված էր տվյալ տարվա ընթացքում արձանագրված համեմատաբար չորային պայմաններով, ինչպես նաև արտահանման աննախադեպ մեծ ծավալներով (շուրջ 14 հազար գլուխ): Սակայն, անասնագլխաքանակի վերաբերյալ հստակ պատկեր կարելի է ունենալ միայն դրանց համատարած համարակալման և հաշվառման պարագայում:

 

Աղյուսակ N 1

 

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը

և մսի արտադրության ծավալներն ըստ տարիների (ՀՀ ՎԿ), 1000 գլուխ

 

._________________________________________________________________________.

|           Ցուցանիշը              | Չափի  |          Տարիները            |

|                                  |միավորը|______________________________|

|                                  |       |2014 |2015 |2016 |2017 |2018  |

|_________________________________________________________________________|

|                   Գլխաքանակը հունվարի 1-ի դրությամբ                     |

|_________________________________________________________________________|

|Ընդամենը խոշոր եղջերավոր          |1000   |677.5|688.5|701.5|655.8| 590.6|

|կենդանիներ                        |գլուխ  |     |     |     |     |      |

|__________________________________|       |_____|_____|_____|_____|______|

|այդ թվում` կովեր                  |       |309.6|313.9|318.6|296.0| 266.8|

|__________________________________|_______|_____|_____|_____|_____|______|

|Մեկ կովի միջին կաթնատվությունը    |կգ/տարի| 2102| 2144| 2192| 2260|     -|

|_________________________________________________________________________|

|                      Կաթի և  մսի  արտադրությունը                        |

|_________________________________________________________________________|

|Կաթ                               |       |700.4|728.6|754.2|758.2| 697.7|

|                                  |       |     |     |     |     |      |

|__________________________________|       |_____|_____|_____|_____|______|

|Միս (սպանդային զանգվածով)         |       | 93.1|100.4|106.1|109.0|190.3*|

|__________________________________|       |______________________________|

|                  որից`           | 1000  |                              |

|__________________________________| տոննա |______________________________|

|                  տավարի և  հորթի |       | 59.0| 63.6| 68.1| 70.8|     -|

|__________________________________|       |_____|_____|_____|_____|______|

|                  ոչխարի և  այծի  |       |  9.1|  9.8| 10.3| 11.0|     -|

|__________________________________|       |_____|_____|_____|_____|______|

|                  խոզի            |       | 16.2| 17.5| 18.0| 16.6|     -|

|__________________________________|       |_____|_____|_____|_____|______|

|                  թռչնի           |       |  8.8|  9.5|  9.7| 10.6|     -|

._________________________________________________________________________.

* Կենդանի զանգվածով

 

7. Հանրապետությունում կաթի համախառն արտադրության առավելագույն ցուցանիշ արձանագրվել է 2017 թվականին` 758.2 հազար տոննա: Սակայն, պայմանավորված նույն տարվա ընթացքում կովերի գլխաքանակի կրճատմամբ կաթի արտադրության ծավալները 2018 թվականին կազմել են 697.7 հազար տոննա (8 տոկոս անկում): Հարկ է նշել, որ կովերի գլխաքանակի կրճատման ուղղակի ազդեցությունը կաթի արտադրության ծավալների վրա պայմանավորված է այն հանգամանքով, որ կաթի համախառն արտադրանքում կովի կաթի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 93%: Միաժամանակ, կովերի գլխաքանակի կրճատմանը զուգահեռ բարձրացել է 1 կովի միջին կաթնատվությունը: Այսպես, 2017 թվականին մեկ կովի միջին կաթնատվությունը կազմել է 2260 կգ/տարի (նախորդ տարվա համեմատ 3.1 տոկոս աճ):

8. Համաձայն կոմիտեի տվյալների` 2017 թվականին արտադրվել է ընդհանուր առմամբ 109.0 հազար տոննա սպանդային զանգվածով միս: Իրավաբանական և ֆիզիկական անձի կարգավիճակ ունեցող տնտեսությունների կողմից մսի արտադրության մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 8.3 (7.6 տոկոս) և 100.7 (92.4 տոկոս) հազար տոննա: 2014 թվականից հանրապետությունում տավարի և հորթի մսի տեսակարար կշիռը մսի համախառն արտադրանքում ոչ միայն կայունացել, այլև արձանագրել է աճի միտումներ: Այսպես, 2014 թվականին տավարի և հորթի մսի բաժինը համախառն մսի արտադրանքի հաշվեկշռում կազմել է 63.3 տոկոս, 2017 թվականին` 109 հազար տոննա (կենդանի զանգվածով) մսի համախառն արտադրանքի շուրջ 65 տոկոսը կամ 70.8 հազար տոննան կազմել է տավարի և հորթի միսը (աղյուսակ N 1):

9. Հատկանշական է, որ 2017-2018 թվականներին գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի նվազմանը զուգահեռ աճել են մսի արտադրության ծավալները (2016/2015 թվականներ` 5.6 տոկոսով, 2017/2016 թվականներ` 2.7 տոկոսով), ինչը պայմանավորված է պահանջարկով, անասնակերի գնի տատանումներով, տավարաբուծության մեջ կիրառվող կենդանիների խոտանի թույլատրելի բարձր ցուցանիշների կիրառմամբ և շուկայում մսի արժևորմամբ:

 

Նկար 1. 2014-2018 թվականներին Հայաստանի Հանրապետությունում կաթ և

միս արտադրողների իրացման միջին գներն ըստ տարիների (ՀՀ ՎԿ), դրամ/կգ

_______________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

10. Անասնաբուծական արտադրանքի գների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտադրողի կողմից իրացված տավարի մսի և կաթի ամենացածր գներն արձանագրվել են 2016 թվականին, համապատասխանաբար` 1970 և 137 դրամ (նկար 1), իսկ նույն թվականի հունվարի մեկի դրությամբ հաշվառված խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 701.5 հազար գլուխ: Մինչդեռ, 2018 թվականի 590.6 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների պարագայում տավարի մսի միջին գինն աճել է 38%-ով, իսկ կաթինը` 11%-ով` կազմելով համապատասխանաբար 2720 և 152 դրամ: Այսպիսով, հանրապետությունում արտադրողի կողմից իրացված կաթի և մսի միջին գները հակադարձ համեմատական են տվյալ տարվա անասնագլխաքանակի նկատմամբ:

11. Անասնագլխաքանակի և կենդանական ծագման արտադրանքի գների տվյալ պատկերը բնորոշ է տավարաբուծության վարման էքստենսիվ տեխնոլոգիային: Սակայն, մի կողմից մսի գնի ներկայիս բավարար մակարդակը, մյուս կողմից կենդանիների կաթնային ցածր մթերատվությունը, արտադրանքի ցածր որակը, իրացման գնով պայմանավորված կաթի արտադրության ցածր շահութաբերությունն անհրաժեշտ և բարենպաստ պայմաններ են ստեղծում տավարաբուծության ոլորտում ներդրումների իրականացման և ճյուղի ինտենսիվացման համար:

12. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` ՀՀ ԿԵ ՍԱՏՄ) տվյալների` 2017 թվականին հանրապետություն է ներկրվել 484 գլուխ, իսկ արտահանվել` 13,590 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իսկ 2018 թվականին` ներմուծվել է 2,439 գլուխ և արտահանվել` 3,292 գլուխ: Այսպիսով, 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների զուտ արտահանումը կազմել է 13,106 գլուխ, իսկ 2018 թվականին` 853 գլուխ կամ նախորդ տարվա համեմատ շուրջ 15 անգամ պակաս: Հարկ է նշել, որ 2018 թվականին հանրապետություն ներկրված և չարտահանված խոշոր եղջերավոր կենդանիների միայն 25 տոկոսն է (214 գլուխ) օգտագործվել հետագա բուծման նպատակով, իսկ 75 տոկոսն իրացվել է մսի:

13. Գյուղատնտեսության, այդ թվում` անասնաբուծության զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) իրականացնում է Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակում տնտեսավարողներին մինչև 5 տարի մարման ժամկետով (հաշվի առնելով ներդրումների ուղղվածությունը) տրամադրվում են 3-15 մլն դրամի չափով տարեկան 3-5 տոկոս տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկեր (փաստացի 14 տոկոսի փոխարեն): Հարկ է նշել, որ 2018 թվականին սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկերի շուրջ 60 տոկոսն ուղղվել է անասնաբուծական ծրագրերի ֆինանսավորմանը:

14. Հանրապետությունում տոհմային անասնաբուծությունը խթանելու և տոհմային կենդանիների ներմուծումն աշխուժացնելու նպատակով «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքով տոհմային կենդանի թռչունների, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, ձիերի, ճագարների ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից:

15. Ի պատասխան նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ուղղված հարցման` 2013-2018 թվականներին հանրապետություն է ներկրվել ընդհանուր առմամբ 2,195 գլուխ տոհմային ԽԵԿ (հոլշտին, շվից, սիմենթալ, ջերսեյ և աբերդին-անգուս ցեղեր), որը կազմում է նույն ժամանակահատվածում հանրապետություն ներկրված խոշոր եղջերավոր կենդանիների ընդհանուր գլխաքանակի շուրջ 49 տոկոսը: Նշված ժամանակահատվածում հանրապետություն տոհմային ԽԵԿ-ի առավելագույն գլխաքանակ ներմուծվել է 2013 թվականին (705 գլուխ), իսկ նվազագույնը` 2014 թվականին (65 գլուխ) (աղյուսակ N 2):

 

Աղյուսակ N 2

 

2013-2018 թվականներին Հայաստանի Հանրապետություն ներկրված Տոհմային

ԽԵԿ-ի քանակն ըստ տարիների (ՀՀ ԿԱ ՊԵԿ, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ), գլուխ

 

._________________________________________________________________________.

|ԱՏԳ ԱԱ |  Ապրանքի համառոտ անվանումը  |     Տարիները                |Ընդա-|

|կոդ    |                             |_____________________________|մենը |

|       |                             |2013|2014|2015|2016|2017|2018|     |

|_______|_____________________________|____|____|____|____|____|____|_____|

|0102   |Կենդանի խոշոր եղջերավոր      | 705|  65| 324| 451| 484|2439| 4468|

|       |անասուններ                   |    |    |    |    |    |    |     |

|_______|_____________________________|____|____|____|____|____|____|_____|

|0102 21|Տոհմային ԽԵԿ                 | 705|  65| 321| 451| 439| 214|2195*|

|_____________________________________|____|____|____|____|____|____|_____|

|Տոհմային կենդանիների տեսակարար կշիռը | 100| 100|  99| 100|  91| 8.8| 49.1|

|հանրապետություն ներկրված ընդհանուր   |    |    |    |    |    |    |     |

|գլխաքանակում, %                      |    |    |    |    |    |    |     |

._________________________________________________________________________.

* որից` 1174 գլուխը Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում (2013, 2015, 2016 թվականներ)

 

16. Խոշոր եղջերավոր կենդանիների արտադրատնտեսական արժեքի բարելավման կարևոր միջոցառումներից էր նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 336-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացումը, որի շրջանակում նշված թվականներին եվրոպական երկրներից հանրապետություն է ներկրվել 2,506 գլուխ տոհմային երինջ, որից` հոլշտին ցեղի` 981 գլուխ, շվից ցեղի` 932 գլուխ և սիմենթալ ցեղի` 593 գլուխ: Այս ծրագրով է պայմանավորված 2013, 2015 և 2016 թվականներին արձանագրվել է (երինջների վերջին խմբաքանակը ներկրվել է 2016 թվականին) հանրապետություն տոհմային կենդանիների ներկրման համեմատաբար բարձր ցուցանիշը:

17. Ելնելով հանրապետությունում պարենային անվտանգության ապահովման, շուկայում տեղական տավարաբուծական արտադրանքի մրցունակության և ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացման, ինչպես նաև նախիրներում տոհմային կենդանիների մասնաբաժնի ավելացման, տեղական կենդանիների մթերատու հատկանիշների բարելավման առաջնահերթություններից և կարճ ժամանակահատվածում նշված խնդիրների լուծման հրատապությունից` անհրաժեշտ է, պետական օժանդակության առավել գործուն մեխանիզմների կիրառմամբ, խթանել տավարի բարձր գենետիկական ներուժով օժտված գենոֆոնդի Հայաստանի Հանրապետություն ներկրումը և (կամ) տեղում տոհմանյութի արտադրության կազմակերպումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

18. Ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես, վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, զարգացնել տոհմային գործը, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները, նվազեցնել արտադրվող կաթի և մսի ինքնարժեքը` ներկրվող համանման արտադրանքի նկատմամբ այն դարձնելով առավել մրցունակ:

19. Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի լուծել հետևյալ խնդիրները`

1) հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման և (կամ) դրանց ներկրման մատչելիության ապահովում.

2) տավարաբուծության ճյուղի աստիճանական ինտենսիվացում.

3) տավարաբուծական տնտեսություններում տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացում, տեղական կենդանիների հետ տրամախաչումների արդյունքում` բարձր մթերատու խառնացեղ սերնդի ստացում.

4) տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացում.

5) տոհմային կենդանիների հաշվառում և տոհմային գրքերի վարման համար նախադրյալների ստեղծում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծությունից ստացվող արտադրանքը կազմում է անասնաբուծական համախառն արտադրանքի շուրջ 60 տոկոսը` համարվելով անասնաբուծության ոլորտում ամենաբարձր հաշվեկշիռ ունեցող ճյուղը: Սակայն, այն հիմնականում կրում է էքստենսիվ բնույթ, իսկ նախիրներում առկա կենդանիների գերակշիռ մասը տոհմային տեսանկյունից ցածրարժեք է և ունի մթերատվության ու կերհատուցման ոչ բավարար մակարդակ:

21. Տավարաբուծության ճյուղում ստեղծված պայմանները տնտեսավարողներին թույլ չեն տալիս կազմակերպելու անհրաժեշտ ծավալների ու բավարար որակի տավարի մսի և կաթի արտադրություն, ինչն իր հերթին սահմանափակում է շուկայի ընդլայնման, արտադրանքի ինքնարժեքի նվազեցման և մրցունակության բարձրացման հնարավորությունները:

22. Հանրապետությունում նախիրները տոհմային բարձր մթերատու խոշոր եղջերավոր կենդանիներով համալրելու և նորոգելու հետ կապված դժվարությունները հիմնականում պայմանավորված են դրանց ձեռքբերման բարձր արժեքով, տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների հիմնական միջոցների սղությամբ, վարկերի բարձր տոկոսադրույքներով, կենդանիների ապահովագրության և կենդանիների գրավադրման ինստիտուտի բացակայությամբ, անասնաբուծական արտադրանքի ու կերի գների կտրուկ տատանումներով և այլ գործոններով:

23. Սուբսիդավորման եղանակով Տոհմային անասնաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրեր են իրականացվում նաև ԵԱՏՄ անդամ պետություններում` Ռուսաստանի Դաշնությունում (Ռուսաստանի Դաշնության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 4-ի «Դաշնային բյուջեից տոհմային անասնաբուծության աջակցության նպատակով Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների բյուջե հատկացվող սուբսիդիաների տրամադրման և բաշխման կանոնները» N 1257 որոշում, Պերմի երկրամասի կառավարության 2013 թվականի մայիսի 27-ի «Տոհմային անասնաբուծության աջակցության կարգը հաստատելու մասին» N 550-Պ որոշում) և Ղազախստանի Հանրապետությունում (Ղազախստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 25-ի «Տոհմային անասնաբուծության աջակցությանն ուղղված սուբսիդավորման կանոնները հաստատելու մասին» N 35 որոշում): Սակայն, նշված ծրագրերի շրջանակներում մասնակի փոխհատուցվում է ինչպես ձեռք բերվող տոհմային կենդանիների արժեքը, այնպես էլ` դրանց պահպանման և կերակրման ծախսերը:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

24. Ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացնել տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման պետական աջակցություն, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնել նախիրների տոհմային արժեքը և տավարաբուծությունում վերականգնել տոհմային գործընթացը: Արդյունքում, ինտենսիվացնելով տավարաբուծության ճյուղը, տնտեսավարողները կկարողանան արտադրել շուկայում առավել մրցունակ տավարի միս և կաթ, քանի որ տոհմային և արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված կենդանիները հավասար պայմաններում դրսևորում են կերհատուցման և մթերատվության առավել բարձր ցուցանիշներ, դրանով իսկ նվազեցնելով արտադրանքի ինքնարժեքը:

25. Ելնելով հանրապետությունում կաթնային, կաթնամսային և մսային տավարաբուծության զարգացման, տավարի մսի և կաթի արտադրության և արտահանման ծավալների ավելացման, ինչպես նաև բնական ռեսուրսների արդյունավետ և լիարժեք օգտագործման անհրաժեշտությունից` ծրագրով տոհմային ԽԵԿ-ի` ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային և համակցված) ցեղերի նկատմամբ որևէ նախապայման չի սահմանվում` բացառությամբ դրանց սեռահասակային խմբերի` երինջներ (հղիությունը ճշտված կենդանիներ) և 14-17 ամսական էգ մատղաշ (ներկրման դեպքում արտահանվող երկրում կարանտինի կանգնեցնելու, իսկ ՀՀ-ում` առուվաճառքի պայմանագրի կնքման դրությամբ):

(25-րդ կետը փոփ. 01.07.2021 թիվ 1082-Լ որոշում)

26. Ծրագիրը նախատեսված է 6 տարվա համար և ընդգրկում է 2019-2024 թվականները: Նշված ժամանակահատվածում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի ձեռք բերել շուրջ 10 հազար գլուխ տոհմային ԽԵԿ` կախված պետական աջակցության ձևից, կենդանու ձեռքբերման արժեքից և սեռահասակային խմբից:

27. Ծրագրի շրջանակում տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությունը կտրամադրվի վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով`

1) ծրագրին մասնակից կարող է լինել ցանկացած բանկ կամ վարկային կազմակերպություն (այսուհետ` ֆինանսական կառույց), որը սույն ծրագրի պայմաններին համապատասխան վարկ է տրամադրում տնտեսավարողներին, ինչպես նաև նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ` ԳՖԿ).

2) վարկերի տրամադրման գործընթացը`

ա. վարկերը ծրագրին մասնակից անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այսուհետ` շահառու) տրամադրվելու են դրամով, առավելագույնը 14 տոկոս անվանական տոկոսադրույքով, ընդ որում, վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների համար այլ վճարներ (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն) չեն գանձվում,

բ. յուրաքանչյուր շահառու տարեկան կարող է ձեռք բերել առավելագույնը 300 գլուխ տոհմային ԽԵԿ, իսկ ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 300 մլն դրամը,

գ. վարկավորման գործընթացը նախաձեռնում են շահառուները` մինչև տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերումը դիմելով ֆինանսական կառույցին` վարկավորում ստանալու համար,

դ. շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում տոհմային ԽԵԿ ձեռք բերելու վերաբերյալ դիմում-հայտ նշելով դրանց քանակը, ձեռքբերման վայրը (վայրեր), (հասցեն), ներմուծման դեպքում` ներկրման ժամկետները, ինչպես նաև նախարարություն է ներկայացնում ձեռքբերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային վկայականները և քարտերը` դրանց հիման վրա ձեռքբերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային լինելու մասին ֆինանսական կառույցին անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տալու նպատակով,

ե. շահառուի ցանկությամբ մեկնարկային տարվա սկզբում վարկի մայր գումարի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ` առավելագույնը 12 ամիս,

զ. ֆինանսական կառույցը շահառուին տրամադրվող վարկով նախատեսված գումարը (ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում) անկանխիկ եղանակով, փուլ առ փուլ կամ միանվագ փոխանցում է շահառուի համապատասխան հաշվեհամարին,

է. վարկի մարման ժամկետը մինչև 5 տարի է, վարկի մարման գործընթացն իրականացվում է ֆինանսական կառույցի և շահառուի միջև կնքվող պայմանագրով սահմանվող վարկի մարման ժամանակացույցով, իսկ վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի նկատմամբ,

ը. շահառուի կողմից վարկի մայր գումարի ժամկետից շուտ կատարված մարումների համար ֆինանսական կառույցների կողմից տույժ և տուգանք չի հաշվարկվում ու չի գանձվում,

թ. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք իրականացնում են սույն ծրագրի պայմաններին համապատասխան գործարքներ,

ժ. վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը շահառուին տրամադրվեն Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար 2% տոկոսադրույքով, ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար` 3% տոկոսադրույքով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների (այսուհետ` սահմանամերձ համայնքներ) տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին (այսուհետ` կոոպերատիվ)` 0% տոկոսադրույքով,

ժա. վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա. տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն,

ժբ. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին` տվյալ ֆինանսական կառույցի հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով: Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն` համաձայնեցնելով նախարարության հետ,

ժգ. ֆինանսական կառույցը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ է ներկայացնում ամիսը մեկ անգամ` ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում բավարարում է հայտը և վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին, եթե հայտը բավարարում է ծրագրի պահանջները.

ժդ. տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, իրականացվում են վարկը հաստատելուց հետո` երեք ամսվա ընթացքում, որի ավարտի վերջին տասնօրյակում շահառուի նախաձեռնությամբ և նախարարության համաձայնությամբ տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, կարող են երկարաձգվել ևս մեկ ամսով,

3) տոհմային ԽԵԿ ձեռք բերելուց (ներկրելուց) հետո շահառուն ֆինանսական կառույցին ներկայացնում է`

ա. ձեռքբերման պայմանագրի պատճենը,

բ. ձեռք բերված կենդանիների տոհմային հավաստագրերը (վկայականը, քարտը),

գ. կենդանիների դիմաց վճարման անդորագրերը, հաշիվ ապրանքագրերը,

դ. փոխադրող ընկերության հետ պայմանագրի պատճենը (առկայության դեպքում),

ե. կենդանիների առողջական վիճակը հավաստող անասնաբուժական վկայականը (ներկրման դեպքում արտահանվող երկրում տրված ձևը ևս),

զ. համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանքը,

է. բանկային հաշվեհամարը.

4) տոհմային ԽԵԿ ձեռք բերելուց (ներկրելուց) հետո շահառուն նախարարություն է ներկայացնում`

ա. ձեռքբերման պայմանագրի պատճենը,

բ. ձեռք բերված կենդանիների տոհմային հավաստագրերը (վկայականը, քարտը),

գ. (գ պարբերությունն ուժը կորցրել է 18.04.2019 թիվ 445-Լ որոշում)

դ. համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանքը.

5) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է հետևյալ դեպքերում`

ա. ծրագրի 28-րդ կետով սահմանված պայմանների խախտման,

բ. (բ պարբերությունն ուժը կորցրել է 18.04.2019 թիվ 445-Լ որոշում)

գ. եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ վարկատուի հանդեպ կամ վարկատուի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով, վարկերի դասակարգման գործող կարգի համաձայն, վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ,

դ. շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու,

ե. շահառուի կողմից ներկայացված տեղեկություններում կեղծիքների հայտնաբերման,

զ. շահառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման 3 ամիսների ընթացքում (սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ֆինանսական կառույցը): Վերը նշված մնացած դեպքերում վարկի սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի նախորդ մարման օրվանից սկսած,

է. 2-րդ ենթակետի «ժդ» պարբերությամբ և 31-րդ կետով սահմանված պայմանների խախտման դեպքում:

(27-րդ կետը փոփ. 18.04.2019 թիվ 445-Լ, 01.07.2021 թիվ 1082-Լ, 27.01.2022 թիվ 102-Լ որոշումներ)

28. Ծրագրի 27-րդ կետի 2-րդ ենթակետով պահանջվող փաստաթղթերի հետ միասին շահառուն ներկայացնում է գրավոր պարտավորագիր` ձեռք բերվող տոհմային ԽԵԿ-ի առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում տավարի նախրի վերարտադրության համար օգտագործումն ապահովելու վերաբերյալ:

(28-րդ կետը փոփ. 18.04.2019 թիվ 445-Լ որոշում)

29. Տոհմային ԽԵԿ-ի անկումից և (կամ) սանիտարական սպանդից, կամ օտարումից հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում շահառուն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն` դրան կցելով կենդանու անկման վերաբերյալ արձանագրություն և անասնաբույժի եզրակացություն, ինչպես նաև օտարման վայր հանդիսացող նոր համայնքում հաշվառման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք:

(29-րդ կետը փոփ. 18.04.2019 թիվ 445-Լ, 01.07.2021 թիվ 1082-Լ որոշումներ)

30. Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ը (նույնականացված համարով և փաստաթղթերով)` օտարելու դեպքում ենթակա չէ կրկնակի վարկավորման:

31. Հարկ է նշել, որ 29-րդ կետով նախատեսված դրույթների վերաբերյալ տեղեկատվության մոնիթորինգի արդյունքում ի հայտ գալու դեպքում տվյալ կենդանիների մասով վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձի, բացառությամբ 2020 թվականին անկած կամ սանիտարական սպանդի ենթարկված և հանրապետությունում առկա համավարակի ու ռազմական դրության պատճառով նախարարություն սահմանված կարգով տեղեկատվություն չներկայացված տոհմային կենդանիների մասով` ծրագրի շահառուի կողմից մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ը յուրաքանչյուր անկած կենդանու դիմաց առնվազն 300 հազ. դրամ վարկի մայր գումարը մարելու և վճարման անդորրագիրը նախարարություն ներկայացնելու պայմանով:

(31-րդ կետը փոփ. 01.07.2021 թիվ 1082-Լ որոշում)

32. Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ նախարարության կողմից պետական աջակցության և (կամ) այլ ծրագրերի շրջանակներում խնդրահարույց պարտավորություններ ունեցող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

33. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է նախարարությունը` ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ի և «Տոհմային կենդանիների անասնաբույծների ասոցիացիա» (այսուհետ` ասոցիացիա) հասարակական կազմակերպության հետ համատեղ:

34. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է տոկոսադրույքի սուբսիդավորվող վարկի մասին` ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:

35. Ֆինանսական կառույցի կողմից վարկի մոնիթորինգն իրականացվում է համաձայն վերջինիս ներքին իրավական ակտերի (ընթացակարգերի), ընդ որում, առաջին մոնիթորինգն իրականացվում է վարկը տրամադրելուց հետո երկու ամսվա ընթացքում:

36. Ֆինանսական կառույցը ԳՖԿ-ի և ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով սահմանված ձևով հաշվետվություն է ներկայացնում ԳՖԿ-ին:

37. Շահառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ներկայացված կեղծ տեղեկատվության ի հայտ գալու դեպքում ֆինանսական կառույցը շահառուի գործող վարկը հանում է վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից և իրավունք ունի միակողմանիորեն փոփոխելու վարկի տոկոսադրույքը` կիրառելով տվյալ ֆինանսական կառույցում գործող վարկերի համար սահմանված ավելի բարձր տոկոսադրույք:

38. ԳՖԿ-ն առնվազն 30 օրը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն:

39. Հաշվետվությունը ներառում է մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում`

1) վարկերի մասին տեղեկատվություն` ըստ մարզերի և համայնքների` վարկերի քանակը, գումարը, վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը.

2) տեղեկատվություն ֆինանսական կառույցի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների և հայտնաբերված խախտումների մասին:

 

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

40. Ծրագրի հիմնական ռիսկերն են`

1) տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների ցածր վճարունակությամբ պայմանավորված` ծրագրով տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման նախանշած ծավալների չապահովելը.

2) համաճարակների հետևանքով տրամադրված վարկային ռեսուրսների մայր գումարի վերադարձման և տոկոսադրույքի վճարման անհնարինությունը.

3) ներկրման դեպքում հանրապետություն տեղափոխման հետ կապված դժվարությունները:

41. Ռիսկերի մեղմմանը միտված միջոցառումներն են`

1) ծրագրի շրջանակում տրամադրվող երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում և 12 ամսվա արտոնյալ ժամանակահատված.

2) նախարարության կողմից «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի իրականացում, մշտադիտարկումներին ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ի ներգրավում, կենդանիների ապահովագրության ինստիտուտի ներդրման խթանում.

3) Հայաստանի Հանրապետությունում տոհմային ԽԵԿ-ի արտադրություն:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ

 

42. Ծրագրի իրականացման ֆինանսական աղբյուրը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

43. Ծրագրի ընդհանուր բյուջեն 2019-2024 թվականների համար կազմում է շուրջ 2.447 մլրդ դրամ, իսկ 2019-2028 թվականների համար շուրջ` 3.102 մլրդ դրամ, իսկ վարկերի ընդհանուր մեծությունը գնահատվել է 9.960 մլրդ դրամ (աղյուսակ N 3):

44. Տրամադրվող վարկերի գծով կանխատեսվող ծախսերի ֆինանսական գնահատման համար հիմք են ընդունվել հետևյալ գործոնները`

1) ծրագրի շրջանակներում ձեռք բերվող 1 գլուխ տոհմային ԽԵԿ-ի հաշվարկային արժեք է ընդունվել 1.0 մլն դրամը (Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի մրցույթներ, ԵԱՏՄ անդամ պետություններում և Եվրոպայում խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների գների վերլուծություն).

2) վարկերը տրամադրվելու են մինչև 5 տարի մարման ժամկետով, առավելագույնը 14% տոկոսադրույքով, որից սուբսիդավորումն իրականացվելու է այնպիսի չափաքանակով, որ Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար վարկերը շահառուին տրամադրվեն 2% տոկոսադրույքով, ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար` 3% տոկոսադրույքով, իսկ կոոպերատիվներին կամ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին` 0% տոկոսադրույքով.

3) մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը:

(44-րդ կետը փոփ. 18.04.2019 թիվ 445-Լ, 27.01.2022 թիվ 102-Լ որոշումներ)

45. Ծրագրի իրականացման համար 2019 թվականին կպահանջվի շուրջ 170 մլն դրամ (աղյուսակ N 3):

 

Աղյուսակ N 3

 

Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության

զարգացման ծրագրի վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման

ֆինանսական հաշվարկ

 

._________________________________________________________________________

|   Ցուցանիշը     |                 Տարի

|                 |

|                 |_______________________________________________________

|                 | 2019     | 2020     |  2021    |  2022    |  2023    |

|_________________|__________|__________|__________|__________|__________|

|Ընդամենը վարկ,   |1660000000|1660000000|1660000000|1660000000|1660000000|

|դրամ             |          |          |          |          |          |

|_________________|__________|__________|__________|__________|__________|

|Տոկոսադրույքը, % |        12|        12|        12|        12|        12|

|_________________|__________|__________|__________|__________|__________|

|Մեկնարկային տարվա|        12|        12|        12|        12|        12|

|մայր գումարի     |          |          |          |          |          |

|արտոնյալ ժամկետը,|          |          |          |          |          |

|ամիս             |          |          |          |          |          |

|_________________|__________|__________|__________|__________|__________|

|Սուբսիդիայի չափը,|        10|        10|        10|        10|        10|

|%                |          |          |          |          |          |

|_________________|__________|__________|__________|__________|__________|

|Սուբսիդավորման   | 169984000| 320490667| 428501333| 494016000| 517034667|

|գումարը, դրամ    |          |          |          |          |          |

|_________________|__________|__________|__________|__________|__________|

|Սուբսիդավորված   |         2|         2|         2|         2|         2|

|տոկոսադրույքը, % |          |          |          |          |          |

|_________________|__________|__________|__________|__________|__________|

|Տոկոսագումարը    |  29216000|  55084333|  73648667|  84909000|  88865333|

|սուբսիդավորումից |          |          |          |          |          |

|հետո, դրամ       |          |          |          |          |          |

|_________________|__________|__________|__________|__________|__________|

|Տոհմային ԽԵԿ,    |     1,660|     1,660|     1,660|     1,660|     1,660|

|գլուխ            |          |          |          |          |          |

._________________________________________________________________________

____________________________________________________________.

|Ընդամենը  |

|          |

_________________________________________________|          |

| 2024     | 2025    | 2026    | 2027   | 2028   |          |

|__________|_________|_________|________|________|__________|

|1660000000|        -|        -|       -|       -|9960000000|

|          |         |         |        |        |          |

|__________|_________|_________|________|________|__________|

|        12|        -|        -|       -|       -|         -|

|__________|_________|_________|________|________|__________|

|        12|        -|        -|       -|       -|         -|

|          |         |         |        |        |          |

|          |         |         |        |        |          |

|          |         |         |        |        |          |

|__________|_________|_________|________|________|__________|

|        10|       10|       10|      10|      10|         -|

|          |         |         |        |        |          |

|__________|_________|_________|________|________|__________|

| 517034667|347050667|196544000|88533333|23018667|3102208000|

|          |         |         |        |        |          |

|__________|_________|_________|________|________|__________|

|         2|        2|        2|       2|       2|         -|

|          |         |         |        |        |          |

|__________|_________|_________|________|________|__________|

|  88865333| 59649333| 33781000|15216667| 3956333| 533192000|

|          |         |         |        |        |          |

|          |         |         |        |        |          |

|__________|_________|_________|________|________|__________|

|     1,660|        -|        -|       -|       -|      9960|

|          |         |         |        |        |          |

____________________________________________________________.

 

VIII. Ակնկալվող արդյունքները

 

46. Ծրագրի իրականացման արդյունքում`

1) 2019-2024 թվականների ընթացքում պետական աջակցությամբ տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի ձեռք բերել շուրջ 10 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ, ինչը նախադրյալներ կստեղծի`

ա. տավարաբուծության ոլորտում տոհմային գործի վերականգնման և տոհմային լայնածավալ,

բ. միջոցառումների անցկացման,

գ. նախիրներում տոհմային ԽԵԿ-ի գլխաքանակի ավելացման,

դ. տավարաբուծության ճյուղի աստիճանական ինտենսիվացման,

ե. տավարաբուծական արտադրանքի շահութաբերության մակարդակի բարձրացման,

զ. տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացման,

է. տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մրցունակության բարձրացման համար.:

2) հանրապետությունում տավարաբուծության զարգացումը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ օգտագործել առկա արոտավայրերը և խոտհարքները, ինչը կնպաստի գյուղական ազգաբնակչության եկամուտների ավելացմանը.

3) պետական աջակցության ենթակա ընդհանուր գլխաքանակի 90 տոկոսը տոհմային կովերի և երինջների դեպքում 2019-2028 թվականներին հանրապետությունում կարտադրվի ընդհանուր առմամբ շուրջ 25 մլրդ դրամ արժեքով կաթ և միս, որից 2019-2024 թվականներին` շուրջ 16 մլրդ դրամի (14 մլրդ դրամի` 98 հազար տոննա կաթ և շուրջ 2.1 մլրդ դրամի` 0.9 հազար տոննա սպանդային զանգվածով միս), իսկ 2025-2028 թվականներին` 8.9 մլրդ դրամի (7 մլրդ դրամի` 49 հազար տոննա կաթ և շուրջ 1.9 մլրդ դրամի` 0.8 հազար տոննա միս (սպանդային զանգվածով):

 

Օրինակելի ձև

ՀՀ ______________ մարզի _____________ համայնքի բնակիչ

__________________________-ից*

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ԴԻՄՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության

զարգացման ծրագրի մասնակցության

 

Տեղեկացնում եմ, որ ցանկանում եմ պետական աջակցությամբ ձեռք բերել խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ: Ըստ հետևյալ`

___________________________________ քանակը (ըստ ցեղի, սեռի և հասակի),

___________________________________ ձեռքբերման վայրը (հասցե),

_______________ ներկրման ժամկետները (ներմուծման դեպքում):

Խնդրում եմ ինձ (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող դիմումատուի դեպքում` կազմակերպության անվանումը) ընդգրկել Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրում` որպես շահառու:

 

Ստորագրությունը

    _______________                  _______________________________

       (պաշտոնը)                     (անունը, ազգանունը, հայրանունը)

_________________

(ստորագրությունը)

 

___ ______________ 20___ թ.

Կ. Տ.

 

* Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող դիմումատուի դեպքում լրացվում են համապատասխան տվյալները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2019
N 327-Լ
Որոշում