ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2019 թվականի N 334-Ա
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ մասը, 7-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը և 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշման 7-րդ և N 1 հավելվածով հաստատված կարգի 1-ին կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Ազատության պողոտա 26 հասցեում գտնվող 310 210 000 դրամ գնահատված արժեքով 1535.5 քառ. մետր մակերեսով քիմիական լաբորատորիայի թիվ 1 մասնաշենքը (ծածկագիր` 01-012-0301-0002-017) (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 25 տարի ժամկետով ուղղակի ձևով վարձակալության հանձնել «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` Ընկերություն) (իրավաբանական անձի պետական գրանցման համարը` 269.110.02871)` գիտական և կրթական նպատակով օգտագործելու համար:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի հունիսի 13-ին կնքված թիվ 58/0017 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո` երկամսյա ժամկետում, Ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում սահմանելով, որ`
1) վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձավճարը կազմում է 1 200 000 դրամ.
2) վարձակալության հանձնված անշարժ գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
3) Ընկերությունը պարտավորվում է 3 (երեք) տարվա ընթացքում կատարել 300 մլն դրամի ներդրումներ, ստեղծել առնվազն 10 լաբորատորիա և 5 (հինգ) տարվա ընթացքում ընկերության աշխատատեղերի քանակը հասցնել 60-ի` 450 000 դրամ միջին աշխատավարձով (չհարկված)` պահպանելով առնվազն 5 (հինգ) տարի ժամկետով` համաձայն իր կողմից ներկայացված առաջարկության.
4) Ընկերությունը պարտավոր է իր կողմից ներկայացված առաջարկությամբ նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
5) սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50% կատարելու դեպքում Ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 20% չափով.
6) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, Ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարած ներդրումների գումարի 15% չափով.
7) Ընկերության կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
8) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Ընկերության միջոցների հաշվին.
9) Ընկերությունն իրավունք չունի հատուցում պահանջել անբաժանելի բարելավումների դիմաց:
(3-րդ կետը փոփ. 08.09.2021 թիվ 1449-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 9
Երևան