Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԼՈԼԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԼՈԼԻԿԻ ՀԱՐԱՎԱՄԵՐԻԿՅԱՆ ՑԵՑ ՎՆԱՍԱՏՈՒԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2019 թվականի N 395-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԼՈԼԻԿԻ ՀԱՐԱՎԱՄԵՐԻԿՅԱՆ ՑԵՑ ՎՆԱՍԱՏՈՒԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի ապրիլի 11-ի

N 395-Լ որոշման

 

ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԼՈԼԻԿԻ ՀԱՐԱՎԱՄԵՐԻԿՅԱՆ ՑԵՑ ՎՆԱՍԱՏՈՒԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում լոլիկի հարավամերիկյան ցեցն (այսուհետ` ցեց) առաջին անգամ հայտնաբերվել է 2012 թվականին` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտի և Ղուկասավանի համայնքներում:

2. Ցեցը սնվում է մորմազգի մշակաբույսերի տերևներով, պալարներով և պտուղներով: Թիթեռների թռիչքն սկսվում է վաղ գարնանը և շարունակվում մինչև հոկտեմբերի վերջը:

3. Հողօգտագործողները, չկարողանալով ճիշտ որոշել պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները, ստիպված ավելացնում են քիմիական մշակումների քանակը, կատարում լրացուցիչ և անարդյունավետ ծախսեր, որոնց արդյունքում բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ստացվող եկամուտը:

4. Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) նախաձեռնությամբ 2013 թվականին տնտեսավարողների համար կազմակերպվել են ուսուցումներ, միջազգային փորձագետների մասնակցությամբ` խորհրդատվություններ, հրատարակվել են տեղեկատվական թերթիկներ: 2014-2015 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներով ձեռք են բերվել ֆերոմոնային թակարդներ, որոնց միջոցով իրականացված մշտադիտարկումների (մոնիթորինգ) հիման վրա տնտեսավարողներին տրամադրվել է խորհրդատվություն վնասատուի դեմ պայքարի իրականացման ժամկետների և առավել արդյունավետ պեստիցիդների տեսակների ու օգտագործման չափաքանակների վերաբերյալ:

5. Չնայած պետության իրականացրած նշված ծրագրերի` դեռևս ցածր է հողօգտագործողների իրազեկվածության մակարդակը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Ծրագրի նպատակն է`

1) լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալճի համայնքներում 10 հեկտար տարածքի վրա իրականացնել ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական և քիմիական) միջոցառումների կիրառման վերաբերյալ նոր առաջարկների փորձարկման և դրանց արդյունավետության գնահատումը.

2) ցեցի դեմ պայքարի միջոցառումների կատարման ժամկետների որոշումը և հողօգտագործողներին դրա մասին օպերատիվ տեղեկատվությամբ ապահովելը, առավել արդյունավետ պեստիցիդների տեսակների ու օգտագործման չափաքանակների վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը.

3) ցեցի կենսակերպի, տարածվածության և վնասակարության վերաբերյալ հողօգտագործողների իրազեկվածության բարձրացումը:

7. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները`

1) ծրագրի իրականացման տեղի (այսուհետ` փորձադաշտ) և պայքարի միջոցառումների հերթագայության մեխանիզմի հստակեցում.

2) ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ հողօգտագործողների լայն շրջանակների համար տեղեկատվության հասանելիության ապահովման և խորհրդատվության տրամադրման մեխանիզմների հստակեցում.

3) ծրագրի մշտադիտարկման մեխանիզմի առաջադրում.

4) ծրագրի ռիսկերի գնահատում:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՅՈՒՋԵՆ

 

8. Ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:

9. Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 11,182,800 դրամ` ներառյալ բոլոր հարկերը և տուրքերը:

10. Ըստ օգտագործման ուղղությունների` ծախսերն են`

1) աշխատավարձ` 2 մասնագետ x 5 ամիս x 300.000 դրամ = 3.000.000 դրամ.

2) տրանսպորտային ծախսեր` 369.000 դրամ (50 այց x 18 լ x 410 դրամ).

3) պայքարի միջոցառումներ` 10 հեկտար, 7 սրսկում, յուրաքանչյուր հեկտարի մեկ սրսկման արժեքը` շուրջ 70.000 դրամ (ներառյալ պեստիցիդների գինը) 70.000 դրամ x 7 x 10 հեկտար = 4.900.000 դրամ.

4) այլ ծախսեր` 100.000 դրամ (դաշտը մեկուսացնող և վնասատուին վանող մշակաբույսերի սերմերի ձեռքբերում, խնամք և այլն).

5) տեղեկատվական գրքույկի մշակում` 500.000 դրամ.

6) 5000 օրինակ տպաքանակով գունավոր տեղեկատվական գրքույկի տպագրական ծախսեր` 250.000 դրամ.

7) ուսուցողական-ցուցադրական սեմինարների կազմակերպում 2 անգամ` 200.000 դրամ.

8) ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)` 1,863,800 դրամ (9,319,000 x 20 տոկոս):

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

 

11. Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալճի համայնքներում` «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով (այսուհետ` խորհրդատու):

12. Ցեցի երեք ֆերոմոնային թակարդները և անհրաժեշտ օժանդակ նյութերը (F-աձև ցցեր, ֆերոմոնով գլխիկներ և սոսնձաթղթեր) խորհրդատուին տրամադրում է նախարարությունը, «Բուսասանիտարիայի ծառայությունների մատուցում» ծրագրի շրջանակներում ձեռք բերվող ֆերոմոնային թակարդներից ու օժանդակ նյութերից:

13. Փորձադաշտում ցեցի թակարդներում ֆերոմոնով գլխիկները պետք է փոխել 4, իսկ սոսնձաթղթերը` 9 անգամ:

14. Ֆերոմոնային թակարդները կամրացվեն փայտից կամ պլաստիկ նյութից պատրաստված F-աձև, 65-70 սմ բարձրությամբ սրածայր ցցերին:

15. Խորհրդատուն դիտարկումները կիրականացնի 3-օրյա պարբերականությամբ:

16. Խորհրդատուն ամբողջ վեգետացիայի ընթացքում փորձադաշտում իրականացնում է ցեցի դեմ պայքարի միջոցառումներ, փորձադաշտը տնօրինող հողօգտագործողին տալիս է ցուցումներ ագրոտեխնիկական միջոցառումների կատարման վերաբերյալ:

17. Խորհրդատուն լոլիկի մշակությամբ զբաղվող հողօգտագործողների համար ծրագրի իրականացման ընթացքում կկազմակերպի 2 ուսուցողական-ցուցադրական սեմինար: Սեմինարների մասնակիցների ցանկը կներկայացվի նախարարության կողմից:

18. Ծրագրի շրջանակներում կմշակվի տեղեկատվական գրքույկ ցեցի տարածվածության, կենսակերպի, վնասակարության և պայքարի միջոցառումների վերաբերյալ:

19. Տեղեկատվական գրքույկը կհրատարակվի 5000 օրինակ տպաքանակով, որից 4500 հատը կտրամադրվի մարզպետարաններին, համայնքների ղեկավարներին` լոլիկի մշակությամբ զբաղվող տնտեսավարողներին տրամադրելու համար, իսկ 500 հատը` գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին և գրադարաններին:

 

V. ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Ծրագրի մշտադիտարկումն իրականացնում է նախարարության համապատասխան ստորաբաժանումը:

21. Խորհրդատուն յուրաքանչյուր ամիս մինչև հաջորդ ամսվա 10-ը նախարարություն կներկայացնի ծրագրի շրջանակներում կատարված միջոցառումների և դրանց արդյունքների մասին հաշվետվություն:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

22. Ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերն են`

1) փորձադաշտը տնօրինող հողօգտագործողի կողմից անբարեխիղճ վերաբերմունքը և խորհրդատուի մասնագիտական ցուցումները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.

2) եղանակային անբարենպաստ պայմանների և բնական աղետների հետևանքով պայքարի միջոցառումների իրականացման դժվարությունները:

23. Ռիսկերի մեղմման հնարավորություններն են`

1) խորհրդատուի և փորձադաշտը տնօրինող հողօգտագործողի միջև պայմանագրային պարտավորությունների հստակ սահմանումը.

2) ծրագրի արդիականության և կարևորության մասին իրազեկումը:

 

VII. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

24. Ծրագրի իրականացման և փորձադաշտը տնօրինող հողօգտագործողի կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է ցեցի հասցված վնասից փորձադաշտում բերքի կորուստների կանխում` առնվազն 70 տոկոսով:

25. Ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունավետության և գրանցված արդյունքների լայնածավալ լուսաբանման շնորհիվ տնտեսավարողների իրազեկվածության մակարդակի բարձրացում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.04.2019
N 395-Լ
Որոշում