Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՃԱՌՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՆ Ի՞ՆՉ ԿԱՌՈ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ      

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/0832/05/16  

    Վարչական գործ թիվ ՎԴ/0832/05/16        2018 թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Գ. Ղարիբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2018 թվականի նոյեմբերի 30-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Աիդա Հարությունյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.02.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աիդա Հարությունյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` Ծառայությանը որոշակի գործողություն կատարելուն, այն է` հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի»Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին» որոշմամբ Աիդա Հարությունյանին պատճառված 2.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով վնասը հատուցելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աիդա Հարությունյանը պահանջել է Ծառայությանը պարտավորեցնել կատարելու որոշակի գործողություն, այն է` հատուցել հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի «Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին» որոշմամբ Աիդա Հարությունյանին պատճառված վնասը` 2.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 06.06.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.02.2017 թվականի որոշմամբ Ծառայության և Նախարարության վերաքննիչ բողոքները բավարարվել են` Դատարանի 06.06.2016 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աիդա Հարությունյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը, 60-րդ հոդվածի 8-րդ կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հարկադիր կատարողը կատարողական գործողությունների ընթացքում հայտնաբերել է, որ Աիդա Հարությունյանը ստանում է միայն հաշմանդամության կենսաթոշակ, ուստի պարտավոր էր ավարտել կատարողական վարույթը և իրավասու չէր բռնագանձում տարածել հաշմանդամության կենսաթոշակի վրա: Մինչդեռ Աիդա Հարությունյանի հաշմանդամության կենսաթոշակի վրա բռնագանձում տարածելը հանգեցրել է վերջինիս դրամական միջոցների կորստի, որը վրա է հասել վարչական մարմնի ապօրինի գործողությունների հետևանքով: Վերոգրյալով հիմնավորվում է հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի «Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին» ոչ իրավաչափ որոշման և Աիդա Հարությունյանին պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.02.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.06.2016 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ Աիդա Հարությունյանի մատնանշած ենթադրյալ վնասը` 2.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի» Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին» որոշման արդյունք չի կարող լինել: Այդ պարտավորությունը բխել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտից. այն կախված չի եղել հարկադիր կատարողի գործողություններից և ուղղակիորեն բխել է կատարողական թերթի պահանջներից: Հետևաբար տվյալ դեպքում քննարկվող վնասի առկայությունը հիմնավորող ապացույցների բացակայության, ինչպես նաև այդպիսի վնասը հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի «Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին» որոշման արդյունք լինելու փաստի չհաստատված լինելու պայմաններում Աիդա Հարությունյանի հայցը ենթակա էր մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.11.2001 թվականի վճռի հիման վրա 01.02.2005 թվականին տրված թիվ 01-1725 կատարողական թերթի համաձայն` դատարանը վճռել է դադարեցնել Մելինե Հովհաննիսյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Պուշկինի նրբանցքի թիվ 4 տան նկատմամբ և որպես փոխհատուցում 2.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վերջինիս տալուց հետո նրան ընտանիքով վտարել նշված տնից: Կատարողական թերթով պարտապան է հանդիսանում Աիդա Հարությունյանը (հատոր 1-ին, գ.թ. 51, 60):

2. Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Դավթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 07.06.2012 թվականի թիվ 51/329 գրության` 01.06.2012 թվականի դրությամբ Աիդա Հարությունյանի կենսաթոշակից հօգուտ Մելինե Հովհաննիսյանի փոխանցվել է 914.582 ՀՀ դրամ` համաձայն թիվ 01-1725 կատարողական թերթի (հատոր 1-ին, գ.թ. 45):

3. Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի 14.04.2016 թվականի գրության` Աիդա Հարությունյանին 1993 թվականից նշանակվել է և վճարվում է հաշմանդամության կենսաթոշակ: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից 01.02.2005 թվականին տրված թիվ 01-1725 կատարողական թերթի համաձայն` հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի որոշմամբ Աիդա Հարությունյանի կենսաթոշակից կատարվել են պահումներ` 2006 թվականի հունվար ամսից 50 տոկոսի, իսկ 2012 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2015 թվականի փետրվար ամիսը ներառյալ` 30 տոկոսի չափով: Աիդա Հարությունյանից բռնագանձման ենթակա գումարն ամբողջությամբ բռնագանձվել է, և Աիդա Հարությունյանի կենսաթոշակը 2015 թվականի մարտ ամսից վճարվում է ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 55):

4. Ըստ հայցի Աիդա Հարությունյանի ընդդեմ Ծառայության թիվ ՎԴ/1148/05/13 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.07.2015 թվականին կայացրած և 10.08.2015 թվականին օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի «Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին» որոշումը` որպես «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 8-րդ կետի խախտմամբ ընդունված վարչական ակտ, ճանաչվել է անվավեր` այդ որոշման ընդունման պահից (հատոր 1-ին, գ.թ. 7-10):

5. Աիդա Հարությունյանն իր ներկայացուցչի միջոցով դիմել է Ծառայությանը` հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի «Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին» որոշմամբ պատճառված վնասը` 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, հատուցելու պահանջով (հատոր 1-ին, գ.թ. 11-12):

6. Ծառայությունը մերժել է ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ Աիդա Հարությունյանի դիմումը` պատճառաբանելով, որ «որևէ գործողության արդյունքում ենթադրյալ պատճառված վնասի դիմաց փոխհատուցում կարող է տրվել համապատասխան կատարողական թերթ ներկայացնելու դեպքում» (հատոր 1-ին, գ.թ. 14):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ դատական գործերի դատավարական առանձնահատկությունների և դրանց քննության ու լուծման համար նշանակություն ունեցող պայմանների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, առաջնորդվելով իր նախկին որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներով և նպատակ ունենալով զարգացնել դրանք, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին. ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հարցն ի՞նչ կառուցակարգով կարող է քննվել դատարանում, և ի՞նչ պայմանների առկայության դեպքում կարող է բավարարվել այդ վնասի հատուցմանն ուղղված հայցապահանջը:

ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը (...) կարգավորում է (...) վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են` վարչական մարմիններ` (ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ` Հայաստանի Հանրապետության նախարարություններ, ինչպես նաև Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ. (բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ. (գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման նույն օրենքի 7-րդ բաժնի դրույթներին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ իրավաչափ վարչարարության (...) հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է`(ա) Հայաստանի Հանրապետությունը` նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված վարչական մարմինների դեպքում. (բ) համապատասխան համայնքը` նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված վարչական մարմինների դեպքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել (...):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասի հատուցման պահանջը ներկայացվում է դիմումի միջոցով, որի նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 31-րդ հոդվածի կանոնները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում և լուծվում է դիմումի քննարկման համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնաս կրած անձը վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է դա բողոքարկել` վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Անդրադառնալով վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ իրավական պետությունը պահանջում է արդյունավետ իրավական պաշտպանության ապահովում, ինչը նշանակում է, որ մասնավոր անձինք պետք է պետության ոչ իրավաչափ գործողություններից կամ անգործությունից պաշտպանվելու հնարավորություն ունենան: Ընդ որում, իրավական պաշտպանությունը ոչ միայն ենթադրում է, որ հետագայում հնարավոր կլինի վերստուգել պետության գործողությունների կամ անգործության իրավաչափությունը, այլ նաև այդպիսի գործողության կամ անգործության հետևանքով առաջացած վնասը կհատուցվի: Արդյունավետ իրավական պաշտպանության ապահովման նպատակով օրենսդիրն ամրագրել է ոչ իրավաչափ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի հատուցման իրավական հնարավորություն` սահմանելով վարչական մարմինների պատասխանատվությանը վերաբերող այնպիսի իրավակարգավորում, որի միջոցով ապահովվում է անձանց կրած վնասների հատուցումը: Վարչական մարմինների պարտականությունների խախտման հետևանքով անձանց կրած վնասների հատուցման վերաբերյալ դրույթներ ամրագրելով` օրենսդիրը ոչ միայն երաշխավորել է պետության ոչ իրավաչափ գործողություններից պաշտպանվելու իրական հնարավորություն, այլ նաև` այդ գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու և օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հատուցում ստանալու իրական հնարավորություն (տե՛ս, Աշոտ Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է վարչական մարմինների կողմից ընդունված ոչ իրավաչափ վարչական ակտերի, նրանց կատարած ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության հետևանքով, այսինքն` ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ բաժնով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հիշյալ օրենքի համապատասխան իրավադրույթներով սահմանված` ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման իրավունքի իրականացման կառուցակարգին, իր նախկին որոշումներում ձևավորել է այն կայուն նախադեպային դիրքորոշումը, որի համաձայն` ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը: Դրանից հետո միայն անձը պարտավոր է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, Ժորա Սարգսյանն ընդդեմ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի թիվ ՎԴ/0277/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման պարտականություն կրող սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում` համապատասխան համայնքը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասը հատուցելու պարտականությունը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կատարում են այն վարչական մարմինների միջոցով, որոնց դրսևորած ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության կամ համայնքի մոտ առաջացել է վնասի հատուցման պարտականությունը, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը նախատեսել է, որ վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է այդ վնասը: Այլ կերպ ասած, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասը հատուցելու պարտականությունը կրող սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը, որոնք այդ պարտականությունը կատարում են համապատասխան վարչական մարմնին ներկայացված` ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասը հատուցելու դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշված դիմումը քննարկելու և օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում այն բավարարելու մասին որոշում ընդունելու միջոցով:

Նախկինում կայացված որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ և 102-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումի նկատմամբ կիրառելի են օրենքով վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող դիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջները, իսկ վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումը վարչական մարմինը քննարկում և լուծում է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող դիմումների քննարկման համար օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան: Փաստորեն, վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումը` ուղղված իրավասու վարչական մարմնին (այն վարչական մարմնին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է այդ վնասը), «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով վարչական վարույթ հարուցելու հիմք է (տե՛ս, Էրիկ Վարդանյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/0528/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.04.2017 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջով դիմելով համապատասխան վարչական մարմնին` շահագրգիռ անձը հայցում է իր պահանջի բավարարման վերաբերյալ բարենպաստ վարչական ակտի ընդունում: Մյուս կողմից, իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժվում է համապատասխան վարչական մարմնի կողմից: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժելու մասին որոշումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում հանդիսանում է միջամտող վարչական ակտ, քանի որ այն համապատասխանում է»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված` վարչական ակտի հասկացությանը բնորոշ բոլոր հատկանիշներին (վարչական ակտի հասկացության մասին առավել մանրամասն տե՛ս, Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը վարչական մարմնի կողմից լրիվ կամ մասնակիորեն մերժվելու դեպքում շահագրգիռ անձը կարող է դիմել իր խախտված իրավունքների ինչպես վարչական, այնպես էլ դատական պաշտպանության, մասնավորապես` դատարանի առջև բարձրացնելով ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժելու մասին վարչական մարմնի որոշման իրավաչափության հարցը, ինչպես նաև պահանջելով պարտավորեցնել համապատասխան վարչական մարմնին ընդունելու շահագրգիռ անձի դիմումով հայցվող համապատասխան բարենպաստ վարչական ակտը:

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հետ կապված նմանատիպ վեճերը բխում են հանրային իրավահարաբերություններից և ընդդատյա են վարչական դատարանի քննությանը: Ընդ որում, ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժելու մասին վարչական մարմնի որոշման իրավաչափության հարցը, ինչպես նաև այդ դիմումով հայցվող վնասի հատուցման ենթակա լինելու կամ չլինելու հարցը վարչական դատարանի առջև կարող է բարձրացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցատեսակի միջոցով:

i

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցատեսակի միջոցով շահագրգիռ անձը կարող է պահանջել պարտավորեցնել ոչ իրավաչափ վարչարարություն դրսևորած վարչական մարմնին ընդունելու դրա հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին բարենպաստ վարչական ակտ, որի ընդունումը մերժվել է այդ վարչական մարմնի կողմից: Տվյալ դեպքում շահագրգիռ անձի ներկայացրած հայցը ներառում է նաև ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժելու մասին վարչական մարմնի որոշումը վիճարկելու պահանջը: Ընդ որում, վերոհիշյալ պահանջներով վարչական դատարան ներկայացված հայցի հիման վրա հարուցված վարչական գործերով պատասխանող է հանդես գալիս այն վարչական մարմինը, որը լրիվ կամ մասնակիորեն մերժել է իր կողմից դրսևորված ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին շահագրգիռ անձի դիմումը, քանի որ ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասը հատուցելու պարտականությունը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կատարում են այն վարչական մարմինների միջոցով, որոնց դրսևորած ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության կամ համայնքի մոտ առաջացել է վնասի հատուցման պարտականությունը, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն` պատասխանողն այն վարչական մարմինն է (...), որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը վարչական մարմնի կողմից չքննարկվելու պարագայում առաջանում է օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիան, որի ուժով վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական մարմնի կողմից չընդունված բարենպաստ վարչական ակտը` վնասի հատուցում տրամադրելու մասին, կարող է համարվել ընդունված, եթե առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Ընդ որում, նշված իրավական կառուցակարգի շրջանակներում վարչական ակտի ընդունված համարվելու դեպքերում այդ վարչական ակտից բխող իրավունքները դրա հասցեատիրոջ կողմից կարող են արդյունավետ կերպով իրացվել, եթե տվյալ անձին տրամադրվի հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելը հավաստող համապատասխան փաստաթուղթը: Այդ նպատակին է ծառայում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցատեսակը, որի համաձայն` հայցվորը կարող է պահանջել օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը (վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման կապակցությամբ քննարկվող իրավական կառուցակարգի վերաբերյալ առավել մանրամասն տե՛ս Էրիկ Վարդանյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/0528/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.04.2017 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքը ՀՀ իրավական համակարգում իրացվում է»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես` ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքը կենսագործվում է հետևյալ ընթացակարգով.

1) նախևառաջ վնաս պատճառած պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ վարչական ակտը պետք է շահագրգիռ անձի դիմումով (վարչական կամ դատական կարգով) ճանաչվի ոչ իրավաչափ,

2) այնուհետև շահագրգիռ անձը պետք է դիմի ոչ իրավաչափ գործողություն կատարած կամ ոչ իրավաչափ անգործություն դրսևորած կամ ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունած վարչական մարմնին` վնասի հատուցման պահանջով,

3) վնասի հատուցման դիմումի լրիվ կամ մասնակիորեն մերժման դեպքերում շահագրգիռ անձը կարող է վարչական կարգով բողոքարկել այդ դիմումը մերժելու մասին վարչական ակտը կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի միջոցով դիմել վարչական դատարան` ոչ իրավաչափ գործողություն կատարած կամ ոչ իրավաչափ անգործություն դրսևորած կամ ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունած վարչական մարմնին վնասի հատուցման վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջով,

4) վնասի հատուցման դիմումը չքննարկվելու դեպքում գործում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի ինստիտուտը (դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայության պարագայում), որի շրջանակներում շահագրգիռ անձը կարող է հասնել վնասի հատուցման իր իրավունքի գործնական իրացմանը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցատեսակով վարչական դատարան դիմելու միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում անդրադարձել է վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման պայմաններին` նշելով, որ պետության կամ համայնքի պատասխանատվությունը ծագում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

1) իրականացվել է ոչ իրավաչափ (իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ) վարչարարություն,

2) պատճառվել է վնաս,

3) իրականացված վարչարարության և պատճառված վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության կամ համայնքի պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապ: Այլ կերպ ասած` վարչարարության արդյունքը ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց այդ վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը (տե՛ս, Աշոտ Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ պատճառական կապն արտացոլում է երևույթների անհրաժեշտ ծագումնաբանական կապը, երբ մի երևույթը` պատճառը, որոշակի պայմանների առկայության դեպքում անհրաժեշտաբար առաջացնում է մյուսը` հետևանքը: Ընդ որում, կոնկրետ ոչ իրավաչափ վարչարարությամբ վնաս պատճառելու իրավահարաբերությունում վնասի հատուցման նախապայմանների առկայության հարցը լուծելիս էական է իրավական նշանակություն ունեցող պատճառական կապի առկայության հարցը պարզելը: Իսկ պատճառական կապն ունի իրավական նշանակություն, երբ վնաս պատճառողի վարքագիծը վնասակար հետևանքի հնարավորությունը դարձրել է իրականություն կամ պայմանավորել է այդ հետևանքի առաջացման կոնկրետ հնարավորությունը: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման համար պատճառական կապի առկայության հարցում էական է այն հանգամանքը, թե վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունն արդյո՞ք անմիջականորեն հանգեցրել են ֆիզիկական կամ իրավաբանական անձին հասցված վնասի առաջացմանը, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.11.2001 թվականի վճռի հարկադիր կատարման շրջանակներում հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի «Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին» որոշման հիման վրա 2006 թվականի հունվար ամսից մինչև 2015 թվականի փետրվար ամիսը ներառյալ բռնագանձումներ են կատարվել Աիդա Հարությունյանի հաշմանդամության կենսաթոշակից: Նշված վարչական ակտն ընդունման պահից անվավեր է ճանաչվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.07.2015 թվականին կայացրած և 10.08.2015 թվականին ուժի մեջ մտած որոշմամբ` ըստ հայցի Աիդա Հարությունյանի` Ծառայության թիվ ՎԴ/1148/05/13 վարչական գործի շրջանակներում:

Աիդա Հարությունյանը դիմել է Ծառայությանը` վերջինիս ոչ իրավաչափ վարչարարության, այսինքն` հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի «Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին» ոչ իրավաչափ որոշմամբ իր հաշմանդամության կենսաթոշակից կատարված ապօրինի բռնագանձումների արդյունքում իրեն պատճառված վնասների հատուցման պահանջով, մինչդեռ Ծառայությունը մերժել է Աիդա Հարությունյանի դիմումը:

Այնուհետև Աիդա Հարությունյանը դիմել է դատարան` հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի «Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին» ոչ իրավաչափ որոշմամբ Աիդա Հարությունյանին պատճառված վնասը`2.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, հատուցելու պահանջով: Նշված հայցապահանջն Աիդա Հարությունյանը ներկայացրել է գործողության կատարման հայցով, որի հիման վրա էլ հարուցվել է սույն վարչական գործը:

Դատարանը բավարարել է Աիդա Հարությունյանի հայցը` պատճառաբանելով, որ Ծառայության կողմից թիվ 01-1725 կատարողական թերթի պահանջը կատարելու ընթացքում Աիդա Հարությունյանին հասցվել է վնաս, այն է` բռնագանձում է տարածվել նրա աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակի վրա, որի վրա բռնագանձում չէր կարող տարածվել: Այդ վնասը` 2.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, պետք է հատուցվի Հայաստանի Հանրապետության կողմից:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության և Նախարարության վերաքննիչ բողոքները և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը, մերժել է Աիդա Հարությունյանի հայցը: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Աիդա Հարությունյանի կողմից մատնանշված ենթադրյալ վնասը` 2.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի «Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին» որոշման արդյունք չի կարող լինել: Ըստ Վերաքննիչ դատարանի` Աիդա Հարությունյանի` 2.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի պարտավորությունը բխում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջներից և կապված չէ հարկադիր կատարողի գործողություններից կամ վերջինիս կողմից կայացված վարչական ակտից: Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով բացակայում են վնասի առկայությունը հավաստող ապացույցները, ինչպես նաև չի հաստատվում այդ վնասի` հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի «Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին»որոշման արդյունք լինելու փաստը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախևառաջ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ծառայության կողմից Աիդա Հարությունյանի հաշմանդամության կենսաթոշակի վրա արգելանք դնելը և այդ կենսաթոշակից բռնագանձումներ կատարելը ոչ իրավաչափ վարչարարություն է, քանի որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.07.2015 թվականին կայացրած և 10.08.2015 թվականին օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի «Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին» որոշումը ճանաչվել է անվավեր` որպես «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 8-րդ կետի խախտմամբ ընդունված վարչական ակտ:

Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Աիդա Հարությունյանն օրինական ուժի մեջ մտած վճռով ունեցել է գումար վճարելու պարտավորություն, սակայն այդ դատական ակտի հարկադիր կատարման փուլում Ծառայությունը պարտավոր էր բռնագանձում տարածել միայն այնպիսի գույքի վրա, որի վրա բռնագանձում տարածելն օրենքով արգելված չէ: Մինչդեռ Ծառայությունը, արգելանք դնելով Աիդա Հարությունյանի այն միջոցների վրա, որոնցից բռնագանձում կատարելն արգելված է եղել օրենքով, դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, ինչը փաստվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Նշված ոչ իրավաչափ որոշման արդյունքում է, որ Աիդա Հարությունյանի հաշմանդամության կենսաթոշակի միջոցներից բռնագանձում կատարելը հնարավոր է դարձել և փաստացի կատարվել է: Հետևաբար Ծառայության կողմից ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով Աիդա Հարությունյանին վնաս պատճառելու, մասնավորապես` ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունելու և դրա հիման վրա կատարված բռնագանձումներով Աիդա Հարությունյանին վնաս պատճառելու փաստն ապացուցված է: Իսկ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, թե Աիդա Հարությունյանի դրամական պարտավորությունը բխել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտից և պայմանավորված չի եղել հարկադիր կատարողի կայացրած վարչական ակտով կամ գործողություններով, անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանն իր այդ պատճառաբանությամբ Աիդա Հարությունյանի մոտ դրամական կորուստը (ենթադրյալ վնասը) պայմանավորել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով (դրա հիման վրա տրված կատարողական թերթի պահանջներով) այն դեպքում, երբ այդ միջոցների կորուստն անմիջական պատճառական կապի մեջ չէ օրինական ուժ ստացած դատական ակտի կամ դրա հիման վրա տրված կատարողական թերթի պահանջների հետ: Այլ խոսքով` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված դրամական պարտավորությունն ինքնին չէր կարող հանգեցնել Աիդա Հարությունյանի հաշմանդամության համար վճարվող միջոցների կորստի, եթե հարկադիր կատարողի կողմից բռնագանձումը կատարվեր օրենքով թույլատրված միջոցներից, հետևաբար հաշմանդամին վճարվող միջոցների կորուստն անմիջականորեն կապված է հարկադիր կատարողի ոչ իրավաչափ որոշման և դրա հիման վրա կատարված փաստացի բռնագանձման հետ:

Այսպիսով, Ծառայության դրսևորած վերոնշյալ ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում Աիդա Հարությունյանը կրել է վնաս, քանի որ նրա հաշմանդամության կենսաթոշակի կորստի պատճառը հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի «Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին» որոշումն է և դրա հիման վրա տարիներ շարունակ կատարված բռնագանձումները, որոնք նշված վարչական ակտի բացակայության պայմաններում չէին կարող կատարվել: Այլ կերպ ասած` հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի «Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին» ոչ իրավաչափ որոշումն անմիջականորեն հանգեցրել է Աիդա Հարությունյանին հասցված վնասի առաջացմանը, այն է` վերջինիս պատկանող այնպիսի դրամական միջոցներից կատարված բռնագանձումներին, որոնց վրա օրենքով արգելված է բռնագանձում տարածել: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության կողմից իրականացված ոչ իրավաչափ վարչարարության և Աիդա Հարությունյանին պատճառված վնասների միջև առկա է իրավաբանական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Աիդա Հարությունյանը պահպանել է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասի հատուցման կառուցակարգը` այն իմաստով, որ վերջինս այդ պահանջով նախ դիմել է ոչ իրավաչափ վարչարարություն դրսևորած վարչական մարմնին` Ծառայությանը, և վարչական մարմնից մերժում ստանալուց հետո նոր դիմել է վարչական դատարան: Այնուամենայնիվ Աիդա Հարությունյանը սխալ է ընտրել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասի հատուցման հարցը դատարանի առջև բարձրացնելու համար օրենքով նախատեսված հայցատեսակը:

Աիդա Հարությունյանը վարչական դատարան է դիմել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով նախատեսված` գործողության կատարման հայցատեսակով: Մինչդեռ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն` ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը մերժելու մասին վարչական մարմնի որոշման իրավաչափության հարցը, ինչպես նաև այդ դիմումով հայցվող վնասի հատուցման ենթակա լինելու կամ չլինելու հարցը վարչական դատարանի առջև կարող է բարձրացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցատեսակի միջոցով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցատեսակի միջոցով Աիդա Հարությունյանը կարող էր պահանջել պարտավորեցնել Ծառայությանն ընդունելու ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին բարենպաստ վարչական ակտ, որի ընդունումը մերժվել է այդ վարչական մարմնի կողմից: Տվյալ դեպքում Աիդա Հարությունյանի ներկայացրած հայցը ներառելու էր նաև ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իր դիմումը մերժելու մասին Ծառայության որոշումը վիճարկելու պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում բազմիցս արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ այն դեպքում, երբ անձը, իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների և շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության և լուծման միջոցով: Այսինքն` վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վարչական դատարան դիմած անձն իր կողմից ներկայացված հայցի առարկան չի ձևակերպել տվյալ վիճելի իրավահարաբերության համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ճիշտ հայցատեսակով, ապա այդ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովվում է դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի կենսագործման միջոցով, որը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված դատավարական սկզբունքի էությանը և բովանդակությանը, նախկին որոշումներից մեկում նշել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: Խնդրո առարկա սկզբունքի համաձայն` դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու` վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, այն դեպքում, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք, դիմելով վարչական դատարան, ճիշտ չեն ընտրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպել իրենց հայցային պահանջները, վարչական դատարանը պարտավոր է մատնանշել ճիշտ հայցապահանջները կամ պատշաճ հայցատեսակները` առաջարկելով հայցվորին ճշտել ոչ հստակ հայցային պահանջները կամ ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով: Քննարկվող պարագայում վարչական դատարանի` դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը, որը բխում է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունից, ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև` անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրահանգման.

1) հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության դեպքում վարչական դատարանը պարտավոր է առաջարկել հայցվորին ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով (մատնանշել ճիշտ հայցատեսակը),

2) եթե հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության և վարչական դատարանի կողմից պատշաճ հայցատեսակի մատնանշման պարտականության պատշաճ կատարման պայմաններում հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված սկզբնական ոչ ճիշտ հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է կայացնել այդ հայցապահանջի շրջանակներում հարուցված վարչական գործի հետագա ճակատագիրը լուծող դատական ակտ (տե՛ս, նաև Գագիկ Մաթևոսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը պարտավոր էր առաջարկել Աիդա Հարությունյանին ոչ ճիշտ հայցատեսակը` գործողության կատարման հայցը, փոխարինել պատշաճ հայցատեսակով` պարտավորեցման հայցով, քանի որ Աիդա Հարությունյանի կողմից ներկայացված ոչ ճիշտ հայցատեսակը չի կարող ապահովել վերջինիս իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը: Մինչդեռ սույն գործով Դատարանը չի կատարել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքից բխող` դատավարության մասնակիցներին օժանդակելու իր պարտականությունը, այն է` չի առաջարկել Աիդա Հարությունյանին ներկայացնելու տվյալ վիճելի իրավահարաբերությունից բխող և օրենքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային բնորոշ հայցապահանջ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Աիդա Հարությունյանի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության համար վիճելի իրավահարաբերությունից բխող ճիշտ հայցատեսակը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցը, հայցվորին պատշաճ կարգով մատնանշելու և այդ պարտականության կատարումից հետո սույն գործի հետագա ընթացքը որոշելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով ձեռք բերված ապացույցներով այդպես էլ չի հաստատվում Ծառայության ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով Աիդա Հարությունյանին պատճառված վնասի չափը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նոր քննության ընթացքում վարչական դատարանը պարտավոր է պարզել սույն գործի լուծման համար կարևորագույն նշանակություն ունեցող նշված հանգամանքը` ի վերջո պատասխանելով այն հարցադրմանը, թե իրականում հարկադիր կատարողի 28.12.2005 թվականի «Պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք դնելու մասին» որոշման հիման վրա որքան գումար է բռնագանձվել Աիդա Հարությունյանի հաշմանդամության կենսաթոշակից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.06.2017 թվականի որոշմամբ հետաձգվել է: Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.02.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.06.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բռնագանձման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.11.2018
N ՎԴ/0832/05/16
Որոշում