Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ2/0093/05/16

    Վարչական գործ թիվ ՎԴ2/0093/05/16       2018 թ.

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2018 թվականի նոյեմբերի 30-ին

 

դռնբաց դատական նիստում քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.06.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կոմիտեի ընդդեմ Ռոլանդ Սվարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ռոլանդ Սվարյանից բռնագանձել 203.960 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 10.10.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. Ռոլանդ Սվարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 3.960 ՀՀ դրամ` որպես եկամտային հարկի գծով տույժ, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) իրավաբանական վարչության պետի 25.01.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 78/7 որոշումը` 200.000 ՀՀ դրամ տուգանքի գումար գանձելու մասով, ճանաչվել է անվավեր:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.06.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.10.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված չէ չվճարված հարկային պարտավորությունների գանձման որոշումների կայացման հիմքերի վերաբերյալ բացառություններ կամ սահմանափակումներ` կախված այն հանգամանքից, թե հարկային պարտավորություններն առաջացել են հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկ-հաշվետվություններից, թե հարկային պարտավորությունների առաջադրման վերաբերյալ ընդունված վարչական ակտերից: Հետևաբար հարկային մարմինը ճիշտ է կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված լիազորությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հարցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 15.09.2015 թվականի «Հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ» թիվ 1412151 վարչական ակտի համաձայն` առանց պետական գրանցման (ապօրինի) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև աշխատողի` աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու համար իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետի հիման վրա Ռոլանդ Սվարյանի նկատմամբ առաջադրվել է 260.000 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Ռոլանդ Սվարյանը նշված վարչական ակտի մասին առձեռն եղանակով իրազեկվել է 15.09.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 9-10).

2) Նախարարության իրավաբանական վարչության պետի 25.01.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 78/7 որոշման համաձայն` Ռոլանդ Սվարյանից գանձվել է 269.900 ՀՀ դրամ` որպես Նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 15.09.2015 թվականի թիվ 1412151 ակտով հաշվարկված հարկային պարտավորության գումար, ինչպես նաև եկամտային հարկի գծով տույժի գումար: Ռոլանդ Սվարյանը նշված վարչական ակտի մասին փոստային ծառայության միջոցով իրազեկվել է 09.02.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 13).

3) Կոմիտեն Ռոլանդ Սվարյանից 203.960 ՀՀ դրամ բռնագանձելու հանրային իրավական դրամական պահանջի հիմքում որպես անբողոքարկելի վարչական ակտ է մատնանշել Նախարարության իրավաբանական վարչության պետի 25.01.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 78/7 որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 2-7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` անբողոքարկելի վարչական ակտերով առաջադրված հարկային պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու նպատակով առանձին որոշում ընդունելու` իրավասու վարչական մարմնի լիազորության սահմանների և կիրառման հիմքերի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

i

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորության կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված` ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գումարները հարկ վճարողից գանձելու վերաբերյալ որոշում` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` (ա) անձի դիմումը, բողոքը. (բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Վկայակոչված իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտն ընդունվում է վարչական մարմնի հատուկ գործունեության արդյունքում, որը կոչվում է վարչական վարույթ: Օրենսդիրը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում սպառիչ կերպով թվարկել է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող հանգամանքները. դրանք են` (1) ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումը կամ բողոքը և (2) վարչական մարմնի նախաձեռնությունը: Ընդ որում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցումը կարող է տեղի ունենալ միայն օրենքով վարչական մարմնին համապատասխան վարչական ակտ ընդունելու իմպերատիվ կամ հայեցողական լիազորություն վերապահված լինելու դեպքում: Իրացնելով իր այդ լիազորությունը` վարչական մարմինը հարուցում է վարչական վարույթ, որը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ:

i

Նախկին որոշումներում անդրադառնալով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտի հասկացությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն` վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների` ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի` համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար:

Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը` բավարար, գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտի ընդունումը պայմանավորված է հանրային իրավունքի բնագավառում որոշակի հասարակական հարաբերություններ կարգավորող իրավական նորմի առկայությամբ, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտին (վարչական մարմնին) լիազորում է արձակել միակողմանի կարգադրություն` ուղղված կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը: Փաստորեն, վարչական վարույթի հարուցման և վարչական ակտի ընդունման անհրաժեշտություն է առաջանում բոլոր այն դեպքերում, երբ հարկավոր է կարգավորել հանրային իրավունքի բնագավառում որևէ կոնկրետ հարց, որն առնչվում է վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին և պարտականություններին: Այսինքն` վարչական ակտի միջոցով համապատասխան իրավաբանական փաստերի առկայության դեպքում իրավական նորմերով սահմանված վերացական հանրային սուբյեկտիվ իրավունքները կամ պարտականությունները ստանում են անհատականացված ուղղվածություն` վերագրվում են կոնկրետ հասցեատերերի` ձեռք բերելով պարտադիր կատարման ենթակա լինելու հատկանիշ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից վարչական մարմնի համար իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու և վարչական ակտ ընդունելու իմպերատիվ լիազորություն նախատեսված լինելու դեպքերից մեկն ամրագրված էր իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 14.04.1997 թվականին, ուժի մեջ է մտել 30.05.1997 թվականին, ուժը կորցրել է 01.01.2018 թվականին` ՀՀ հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն) 29.1-րդ հոդվածով:

i

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: (...) Պարտավոր անձի կողմից գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով (հոդվածներ 87-89) սահմանված կարգով (...):

i

Անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների վերլուծությանը` Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում նշել, որ օրենքին համապատասխան սահմանված հարկեր մուծելը յուրաքանչյուրի սահմանադրաիրավական պարտականությունն է (2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդված և 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մաս): Օրենսդիրն իր հերթին հարկ վճարողների համար սահմանել է հարկերը ժամանակին վճարելու պարտականություն (իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «դ» կետ), որի չկատարման դեպքում իրավասու վարչական մարմինը` հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի ուժով լիազորված է որոշում կայացնել հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները կամովին չկատարվելու դեպքում այդ պարտավորության հարկադիր կատարումը գործող օրենսդրության պայմաններում հնարավոր է իրականացնել միայն համապատասխան անբողոքարկելի վարչական ակտի առկայության դեպքում: Այլ կերպ ասած` իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշման հարկադիր կատարման միջոցով իրավասու վարչական մարմինը հնարավորություն է ստանում փաստացի ապահովել հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարների մուտքը պետական կամ համայնքային բյուջե, իսկ նման որոշման բացակայության պայմաններում հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գործնականում չեն կարող բռնագանձվել հօգուտ պետության կամ համայնքի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ իրավասու վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ առաջադրվում է պետական կամ համայնքային բյուջե գանձման ենթակա հարկային պարտավորություն, սակայն այդ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացվում հարկադիր կատարման. դրա փոխարեն, կիրառելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված լիազորությունը` վարչական մարմինը կայացնում է ևս մեկ վարչական ակտ, որն իր էությամբ նույնությամբ կրկնում է արդեն իսկ անբողոքարկելի դարձած վարչական ակտի բովանդակությունը և ուղղված է հանրային իրավունքի բնագավառում արդեն իսկ անբողոքարկելի դարձած վարչական ակտի կողմից լուծված միևնույն հարցի լուծմանը:

i

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական մարմնի նման գործելաոճը չի կարող իրավաչափ համարվել, քանի որ այն միտված է անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա առաջադրված հանրային իրավական դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելու ժամկետի արհեստական երկարաձգմանը: Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմնի դրսևորած այդօրինակ վարքագիծն ամբողջությամբ հակասում է իրավական որոշակիության հիմնարար սկզբունքին (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Երվանդ Ալեյանի թիվ ՎԴ2/0016/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

i

Այսպես, ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, 04.02.2014 թվականի թիվ ՍԴՈ-1137 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով հռչակված իրավական պետության կարևորագույն տարրերից է օրինականության սկզբունքը, որը ենթադրում է նաև, որ իրավական ակտերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության պահանջներին և գործողության մեջ դրվեն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում` իրավունքի բոլոր սուբյեկտների, այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց կողմից այդ ակտերի պահանջների պարտադիր կատարման պայմանով:

i

ՀՀ սահմանադրական դատարանը մեկ այլ` 02.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1142 որոշմամբ նշել է, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքի սուբյեկտների, մասնավորապես` միջամտող վարչական ակտի հասցեատերերի համար պետք է կանխատեսելի և որոշակի լինի, որ իրենց նկատմամբ ընդունված հանրային իրավական դրամական պահանջ պարունակող վարչական ակտը ենթակա է լինելու հարկադիր կատարման այդ վարչական ակտի անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում: Ըստ Վճռաբեկ դատարանի եզրահանգման` անբողոքարկելի վարչական ակտերը հարկադիր կատարման ներկայացնելու ժամկետների վերաբերյալ օրենսդրական հստակ կարգավորումների սահմանումն ուղղակիորեն բխում է իրավական որոշակիության սկզբունքից, քանի որ նշված ժամկետների ավարտից հետո այդ վարչական ակտերը որևէ եղանակով (թե՛ դատական, թե՛ արտադատական) այլևս հարկադիր կատարման ենթակա չեն: Այսինքն, եթե հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացվում հարկադիր կատարման, ապա այդ ժամկետի ավարտից հետո տվյալ վարչական ակտի հասցեատիրոջ մոտ առաջանում է լեգիտիմ ակնկալիք առ այն, որ այդ վարչական ակտն այլևս հարկադիր կատարման ենթակա չէ: Քննարկվող իրավիճակում հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտ ընդունած վարչական մարմնի հետագա վարքագիծը կանխատեսելի է դառնում այդ վարչական ակտի հասցեատիրոջ համար, քանի որ վերջինիս մոտ կարող է ձևավորվել համոզմունք առ այն, որ իր նկատմամբ անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված հանրային իրավական դրամական պահանջն այլևս չի կարող ներկայացվել հարկադիր կատարման:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ արդեն իսկ գոյություն ունեցող և անբողոքարկելի դարձած վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման փոխարեն ևս մեկ վարչարարություն իրականացնելու և այդ նույն հանրային իրավական դրամական պահանջը միևնույն անձի նկատմամբ առաջադրելու վերաբերյալ ևս մեկ վարչական ակտ կայացնելու վարչական մարմնի գործելակերպը չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ և չի ապահովում առավել սեղմ ժամկետում առավել բարենպաստ արդյունքի հասնելու համար վարչական մարմնի տնօրինմանը հանձնված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմնի նման վարքագիծը հակասում է ոչ միայն իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին, այլ նաև` վարչարարության համաչափության և տնտեսավարության սկզբունքներին:

i

ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել այնպես, որ հարկային պարտավորությունների առաջադրման վերաբերյալ վարչական ակտի առկայության պայմաններում այդ նույն հարկային պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել ևս մեկ վարչական ակտ: Այլ կերպ ասած` իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված իրավական նորմերը պետք է մեկնաբանել այնպես, որ հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշում կայացնելու հարկային մարմնի լիազորությունը կիրառելի է միայն այն հարկային պարտավորությունների մասով, որոնք դեռևս հաստատված չեն որևէ վարչական ակտով, այսինքն` դեռևս որևէ վարչական ակտով առաջադրված չեն համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ: Քննարկվող իրավադրույթների հակառակ մեկնաբանման դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ իրավական համակարգում միաժամանակ գոյություն են ունենում և գործում են միևնույն հանրային իրավական դրամական պահանջին վերաբերող երկու տարբեր վարչական ակտեր, ինչը խաթարում է հանրային իրավահարաբերությունների կայունությունն ու այդ բնագավառում իրավական անվտանգությունը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Երվանդ Ալեյանի թիվ ՎԴ2/0016/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական վերլուծությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշում (հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ վարչական ակտ) կայացնելու կառուցակարգը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ հարկ վճարողի տվյալ հարկային պարտավորությունները դեռևս հաստատված չեն որևէ վարչական ակտով, օրինակ` ստուգման ակտով, և առաջացել են, օրինակ` հարկային մարմին ներկայացրած հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) հիման վրա կամ անմիջականորեն օրենքի ուժով (գույքահարկ, հողի հարկ): Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ հարկ վճարողների հարկային պարտավորություններն արդեն իսկ առաջադրված են վարչական ակտով, ապա իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշում (հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ վարչական ակտ) կայացնելու կառուցակարգը կիրառելի չէ: Նշված իրավիճակի պայմաններում հարկային պարտավորությունների գծով հանրային իրավական դրամական պահանջն արդեն իսկ հաստատված է վարչական ակտով, որն անբողոքարկելի դառնալուց հետո ենթակա է հարկադիր կատարման: Հետևաբար քննարկվող դեպքում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ նոր որոշում (հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ վարչական ակտ) կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ մինչև 07.01.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հանրային իրավական դրամական պահանջներ ներկայացնելու առանձին կանոնակարգում նախատեսված չի եղել:

i

Վարչական ակտերով առաջադրված գումարային պարտավորությունների կատարումն ապահովվել է վճարման կարգադրության ինստիտուտի միջոցով, որը կարգավորված է եղել մինչև 07.01.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթը» վերտառությամբ 27-րդ գլխով (հոդվածներ 154-160):

i

Մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական և իրավաբանական անձից վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումարներ բռնագանձելու նպատակով վարչական մարմինը հայցով դիմում է դատարան` ստանալու վճարման կարգադրություն: Ընդ որում, վարչական ակտերի հիման վրա վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումներ ներկայացնելու համար մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով որևէ ժամկետ սահմանված չի եղել, այսինքն` առկա է եղել անհավասարություն վարչական մարմինների ու ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև այն առումով, որ վարչական ակտերի հիման վրա գումարի բռնագանձման հայց ներկայացնելու ժամկետային սահմանափակում չի եղել, մինչդեռ վերոնշյալ ակտերը վիճարկելու համար նախատեսված է եղել ժամկետային սահմանափակում, այն է` երկամսյա ժամկետ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վճարման կարգադրության ինստիտուտն ապահովվել է միայն վարչական ակտերով առաջադրված գումարային պարտավորությունների կատարումը, մինչդեռ վարչական ակտերից բացի հարկային պարտավորություններ էին առաջանում նաև տնտեսավարողների կողմից հարկային մարմիններ ներկայացված հաշվարկ-հաշվետվություններով, որոնց գանձումը հարկային մարմինների ներկայացրած հայցադիմումների հիման վրա իրականացվում էր դատական կարգով:

Այսպիսով, վարչական ակտերի հիման վրա գումարի գանձումները որոշակիորեն կարգավորված է եղել վճարման կարգադրության վարույթով, մինչդեռ հաշվարկ-հաշվետվությունների հիման վրա վճարման կարգադրություն արձակելու կանոն սահմանված չի եղել:

i

Առանց վարչական ակտի գումարի բռնագանձում իրականացնելն անթույլատրելի համարելով` օրենսդիրը 05.12.2013 թվականին ընդունած թիվ ՀՕ-140-Ն օրենքով «Հարկերի մասին» ՀՀ օրենքը լրացրել է 29.1-րդ հոդվածով (ուժի մեջ է 07.01.2014 թվականից), որի 1-ին մասով սահմանվել է, որ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Այսինքն` ՀՀ իրավական համակարգում բացառվեց հաշվարկ-հաշվետվությունների հիման վրա գումարների գանձում իրականացնելու իրավական հնարավորությունը:

07.01.2014 թվականից գործողության մեջ դրված նոր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում չներառելով վճարման կարգադրության ինստիտուտը` օրենսդիրը միաժամանակ բացառեց վարչական ակտերով առաջադրված գումարների դատական կարգով գանձումը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով սահմանելով դրանց բռնագանձման միայն արտադատական կարգ: Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մինչև 09.01.2015 թվականը գործող խմբագրությամբ 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

i

Նշված հոդվածը, սակայն, 17.12.2014 թվականին ընդունված և 09.01.2015 թվականից ուժի մեջ մտած թիվ 249-Ն օրենքով լրացվել է 1.1-ին մասով, որի համաձայն` հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե`

ա. անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,

բ. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում` ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,

գ. իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

Այսինքն` 09.01.2015 թվականից գործող օրենսդրական կարգավորումներով նախատեսվեց նաև վարչական ակտերով առաջադրված գումարների գանձման դատական կարգ` այն պայմանավորելով վերը թվարկված նախադրյալների առկայությամբ:

i

Միաժամանակ 17.12.2014 թվականին ընդունված և 09.01.2015 թվականից ուժի մեջ մտած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» թիվ 250-Ն ՀՀ օրենքով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվեց 2.1-րդ կետով, համաձայն որի` վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք` անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով: Նույն օրենքով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը լրացվեց «Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 29.1-րդ գլխով (հոդվածներ 216.1-216.5):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը (...) հարուցվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերով` այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը վարչական դատարան կարող է ներկայացվել`

1) եռամսյա ժամկետում` վարչական ակտն անբողոքարկելի դառնալու պահից.

2) երկամսյա ժամկետում` հարկադիր կատարողի կողմից հանրային իրավական դրամական պահանջով կատարողական վարույթն ավարտվելու պահից:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանի որոշմամբ վերանում է տվյալ վարչական ակտի անբողոքարկելի լինելը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն նույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է տեղեկություններ`

1) (...) վարչական ակտն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.5-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի 216.1-ին հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.

1) հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու մասին` ամբողջությամբ բռնագանձելով հանրային իրավական դրամական պահանջով նախատեսված գումարը.

2) հայցադիմումը մասնակիորեն բավարարելու մասին` վարչական ակտը ճանաչելով մասնակիորեն անվավեր կամ առ ոչինչ` մասնակիորեն բռնագանձելով հանրային իրավական դրամական պահանջով նախատեսված գումարը.

3) հայցադիմումն ամբողջությամբ մերժելու մասին` վարչական ակտը ճանաչելով ամբողջությամբ անվավեր կամ առ ոչինչ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքը 29.1-րդ հոդվածի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի իրավակարգավորումներն ուժի մեջ մտնելուն նախորդող ժամանակահատվածում, այսինքն` մինչև 07.01.2014 թվականը, թե՛ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, և թե՛ առանձին տեսակի վարչական վարույթների մասին օրենքներով արդեն իսկ կանոնակարգված էին վարչական ակտեր ընդունելու, անբողոքարկելի դառնալու և դրանցով առաջադրված հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու հետ կապված հարաբերությունները և այդ առումով վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջ ներկայացնելու որևէ խոչընդոտ չի եղել, հետևաբար վարչական ակտերով առաջադրված հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու լրացուցիչ երաշխիք սահմանելու անհրաժեշտությունը բացակայել է: Մասնավորապես` վարչական ակտերի առկայության պարագայում վարչական մարմիններն այդ ակտերով առաջադրված հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով մինչև 07.01.2014 թվականը կարող էին դիմել ՀՀ վարչական դատարան, իսկ 07.01.2014 թվականից հետո` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` հարկադիր կարգով գանձում իրականացնելու պահանջով: Մինչդեռ, եթե հարկ վճարողը հարկային մարմին ներկայացրած հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված հարկային պարտավորությունների գումարներն օրենքով սահմանված ժամկետում չվճարեր, հարկային մարմինն այլևս զրկված էր լինելու այդ հաշվարկ-հաշվետվությունների հիման վրա առաջացած հարկային պարտավորությունների գանձումն իրականացնելու հնարավորությունից, քանի որ 07.01.2014 թվականից գործող կանոնակարգումների համաձայն` գանձումը կարող էր իրականացվել միայն արտադատական կարգով, այն էլ` անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա:

09.01.2015 թվականից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ներառվեց «Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի վարույթը» (գլուխ 29.1), որով սահմանվեց վարչական ակտերով առաջադրված գումարների բռնագանձման դատական կարգ: Ընդ որում, վարչական ակտերի հիման վրա գումարի բռնագանձումների համար սահմանվեց ժամկետ, այն է` եռամսյա ժամկետ` վարչական ակտն անբողոքարկելի դառնալու պահից, երկամսյա ժամկետ` հարկադիր կատարողի կողմից հանրային իրավական դրամական պահանջով կատարողական վարույթն ավարտվելու պահից (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.1-րդ հոդվածի 2-րդ մաս):

Այսպիսով, հանրային իրավական դրամական պահանջների կատարման օրենսդրական կառուցակարգը զարգացել է հետևյալ ուղղությամբ. նախ` հանրային իրավական դրամական պահանջները կատարվել են դատական կարգով` ինչպես վարչական ակտերի, այնպես էլ տնտեսավարողների կողմից ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների հիման վրա: Այնուհետև` օրենսդիրը սահմանել է միայն վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջների կատարման արտադատական կարգ: Ի վերջո` հանրային իրավական դրամական պահանջների կատարման համար օրենքով նախատեսվել է դատական և արտադատական կարգ` անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն բողոքը վարույթ ընդունելուց հետո «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին 08.12.2017 թվականի թիվ ՀՕ-259-Ն և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 08.12.2017 թվականի թիվ ՀՕ-260-Ն օրենքներով, որոնք ուժի մեջ են մտել 01.04.2018 թվականից, անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման դատական եղանակը վերացվել է, և դրանք ենթակա են լինելու կատարման միայն արտադատական կարգով:

Ըստ այդմ, մինչ 08.12.2017 թվականի թիվ ՀՕ-259-Ն և թիվ ՀՕ-260-Ն օրենքներով կատարված օրենսդրական փոփոխությունները` հանրային իրավական դրամական պահանջների կատարման օրենսդրական կառուցակարգը հանգում էր հետևյալին.

1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով կամ առանձին տեսակի վարչական վարույթների մասին օրենքներով սահմանված կարգով ընդունված վարչական ակտերն անբողոքարկելի դառնալուց հետո վարչական մարմինը պետք է օրենքով սահմանված ժամկետում ձեռնամուխ լինի դրանց կատարմանը (դատական կամ արտադատական կարգով).

2. հարկ վճարողի կողմից հարկային մարմնին ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, այլ փաստաթղթերում և տեղեկություններում արտացոլված հարկերը, իսկ հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև դրանց կանխավճարային մուծումներն ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի հիման վրա պարտավոր է իրականացնել վարչական վարույթ, ընդունել հարկային պարտավորությունների գծով գումարը գանձելու մասին որոշում (վարչական ակտ) և այն անբողոքարկելի դառնալուց հետո օրենքով սահմանված ժամկետում ձեռնամուխ լինի դրանց կատարմանը (դատական կամ արտադատական կարգով):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

i

Սույն գործի փաստերի համաձայն` Նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության կողմից 15.09.2015 թվականին ընդունվել է «Հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ» թիվ 1412151 վարչական ակտը, որով առանց պետական գրանցման (ապօրինի) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև աշխատողի` աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու համար իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետի կիրառմամբ Ռոլանդ Սվարյանի նկատմամբ առաջադրվել է 260.000 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Ռոլանդ Սվարյանն առձեռն եղանակով իրազեկվել է հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ նշված վարչական ակտի մասին 15.09.2015 թվականին, և օրենքով սահմանված ժամկետում այն դարձել է անբողոքարկելի: Մինչդեռ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով չի դիմել վարչական դատարան` Նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 15.09.2015 թվականի «Հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ» թիվ 1412151 վարչական ակտի հիման վրա Ռոլանդ Սվարյանի նկատմամբ առաջադրված հանրային իրավական դրամական պահանջով գումարի բռնագանձման հայցով: Փոխարենը Նախարարության իրավաբանական վարչության պետի կողմից 25.01.2016 թվականին ընդունվել է «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 78/7 որոշումը, որով որոշվել է Ռոլանդ Սվարյանից գանձել 269.900 ՀՀ դրամ: Ռոլանդ Սվարյանը փոստային կապի ծառայության միջոցով իրազեկվել է նշված վարչական ակտի մասին 15.09.2015 թվականին, և այն անբողոքարկելի դառնալուց հետո Կոմիտեն դիմել է դատարան` Նախարարության իրավաբանական վարչության պետի 25.01.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 78/7 որոշման հիման վրա Ռոլանդ Սվարյանի նկատմամբ առաջադրված հանրային իրավական դրամական պահանջով գումարի բռնագանձման հայցով` 203.960 ՀՀ դրամի չափով, դատարանին հայտնելով, որ Ռոլանդ Սվարյանը կատարել է պարտավորության մասնակի մարում (հատոր 1-ին, գ.թ. 2-7), որն էլ հիմք է հանդիսացել սույն վարչական գործի հարուցման համար:

Դատարանը մասնակիորեն բավարարել է Կոմիտեի հայցը, Ռոլանդ Սվարյանից, որպես եկամտային հարկի գծով տույժ, պետական բյուջե բռնագանձել է 3.960 ՀՀ դրամ, իսկ Նախարարության իրավաբանական վարչության պետի 25.01.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 78/7 որոշումը` 200.000 ՀՀ դրամ տուգանքի գումար գանձելու մասով, ճանաչել է անվավեր` գտնելով, որ նշված որոշումը կայացվել է իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ: Դատարանը վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Նախարարության իրավաբանական վարչության պետի 25.01.2016 թվականի թիվ 78/7 որոշումը կայացվել է առանց որևէ հարց կարգավորելու անհրաժեշտության` արդյունքում անձի վրա դնելով գումար վճարելու այնպիսի պարտականություն, որն արդեն իսկ ծագել էր Նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության «Հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ» 15.09.2015 թվականի թիվ 1412151 վարչական ակտով:

Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` հիմնավոր համարելով Դատարանի այն դիրքորոշումը, որ Նախարարության իրավաբանական վարչության պետի 25.01.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 78/7 որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ և հակասում է իրավական որոշակիության սկզբունքին:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով առկա է այն իրավիճակը, երբ իրավասու վարչական մարմնի (Նախարարություն) կողմից 15.09.2015 թվականին ընդունված «Հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ» թիվ 1412151 վարչական ակտով Ռոլանդ Սվարյանի նկատմամբ առաջադրվել է պետական բյուջե գանձման ենթակա հարկային պարտավորություն` 260.000 ՀՀ դրամի չափով, սակայն այդ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացվել հարկադիր կատարման: Դրա փոխարեն կիրառելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված լիազորությունը` Նախարարությունը կայացրել է ևս մեկ վարչական ակտ` Նախարարության իրավաբանական վարչության պետի 25.01.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 78/7 որոշումը, որն իր էությամբ նույնությամբ կրկնում է արդեն իսկ անբողոքարկելի դարձած վերոգրյալ վարչական ակտի բովանդակությունը և ուղղված է հանրային իրավունքի բնագավառում արդեն իսկ անբողոքարկելի դարձած վարչական ակտի կողմից լուծված միևնույն հարցի լուծմանը` Նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 15.09.2015 թվականի «Հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ» թիվ 1412151 վարչական ակտով Ռոլանդ Սվարյանի նկատմամբ առաջադրված և գանձման ենթակա 260.000 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորության գումարների կրկին առաջադրմանը (գանձմանը): Այնուհետև Նախարարությունը դիմել է վարչական դատարան` անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջով Ռոլանդ Սվարյանից 203.960 ՀՀ դրամ բռնագանձելու հայցով` հայցի հիմքում դնելով ոչ թե Նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 15.09.2015 թվականի «Հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ» թիվ 1412151 վարչական ակտը, այլ` Նախարարության իրավաբանական վարչության պետի 25.01.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 78/7 որոշումը:

Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան, գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշում (հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ վարչական ակտ) կայացնելու կառուցակարգը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ հարկ վճարողի տվյալ հարկային պարտավորությունները դեռևս հաստատված չեն որևէ վարչական ակտով:

Մինչդեռ տվյալ դեպքում իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի կիրառմամբ Նախարարության իրավաբանական վարչության պետի 25.01.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 78/7 որոշման ընդունումից առաջ այդ վարչական ակտով Ռոլանդ Սվարյանի նկատմամբ առաջադրված հարկային պարտավորությունն արդեն իսկ հաստատված էր նախկինում ընդունված վարչական ակտով` Նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 15.09.2015 թվականի «Հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ» թիվ 1412151 վարչական ակտով: Հետևաբար Ռոլանդ Սվարյանից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ նոր որոշում (հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ վարչական ակտ) կայացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև վարչական մարմնի նախաձեռնությամբ նոր վարչական վարույթ հարուցելու հիմքերը բացակայում էին, քանի որ առանց պետական գրանցման (ապօրինի) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի կիրառմամբ Ռոլանդ Սվարյանի նկատմամբ հարկային պարտավորություններ առաջադրելու հարցն արդեն իսկ լուծված է եղել անբողոքարկելի դարձած Նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 15.09.2015 թվականի «Հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ» թիվ 1412151 վարչական ակտով, որը ենթակա է եղել դատական կարգով հարկադիր կատարման: Նման պայմաններում նույն հարցի կարգավորման նպատակով վերստին վարչական վարույթ հարուցելու և վարչական ակտ ընդունելու անհրաժեշտություն չէր կարող առաջանալ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Նախարարության իրավաբանական վարչության պետի 25.01.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 78/7 որոշումն ընդունվել է օրենքի խախտման` իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի սխալ մեկնաբանման և սխալ կիրառման արդյունքում, քանի որ այդ հոդվածով սահմանված իրավադրույթներով նախատեսված` վարչական մարմնի համար սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու և հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորության գումարը գանձելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու իմպերատիվ լիազորությունը կիրառելի է միայն այնպիսի հարկային պարտավորությունների առկայության դեպքում, որոնք դեռևս հաստատված չեն որևէ վարչական ակտով, այսինքն` դեռևս որևէ վարչական ակտով առաջադրված չեն համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Դատարանը, 200.000 ՀՀ դրամ տուգանքի գումար գանձելու մասով անվավեր ճանաչելով «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 78/7 որոշումը և արդյունքում` մասնակիորեն բավարարելով Կոմիտեի հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի նշված վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.06.2017 թվականի որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.11.2018
N ՎԴ2/0093/05/16
Որոշում