Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

ք. Երևան

      4 ապրիլի 2019թ.                           ԲԴԽ-17-Ո-Կ-06

 

ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԹԱԹՈՒԼ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.

 

նախագահությամբ`

Բարձրագույն դատական

    խորհրդի նախագահի պաշտոնակատար          Գ. Դանիելյանի,

 

    մասնակցությամբ`                        Ա. Բեկթաշյանի,

    Բարձրագույն դատական խորհրդի            Ա. Խաչատրյանի,

    անդամներ`                              Լ. Մելիքջանյանի,

                                           Ս. Մեղրյանի,

                                           Ա. Մխիթարյանի,

                                           Ս. Չիչոյանի

 

Արարատի և Վայոց ձորի մարզերի

առաջին ատյանի ընդհանուր իրավասության

    դատարանի դատավոր                       Թ. Պողոսյանի,

 

    Արդարադատության նախարար                Ա. Զեյնալյանի,

Արդարադատության նախարարի

    լիազոր ներկայացուցիչ                   Մ. Մինասյանի,

 

    քարտուղարությամբ`                      Շ. Վարդանյանի

 

դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի (այսուհետ` նաև Նախարար) 04.03.2018 թվականի 59-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը` Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Դատարան) դատավոր Թաթուլ Պողոսյանին (այսուհետ` նաև Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը

Նախարարի 2019 թվականի մարտի 9-ի N 59-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Նախարարին ներկայացված Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի (այսուհետ` նաև Գլխավոր դատախազ) 17.01.2019թ. հաղորդումը:

Հաղորդման մեջ նշվել է, որ թիվ ԱՎԴ2/0056/07/18 դատական գործով Դատավորի կողմից առանց բավարար հիմքերի 17.09.2018թ. կայացվել է բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշում, որը չի բխում քաղաքացու բնակարանի անձեռնմխելիության և բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերի, Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների պահանջներից, Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայից, և այդ որոշմամբ խախտվել է քաղաքացու բնակարանի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը:

Նույն արարքի վերաբերյալ, նախ, հաղորդում է ներկայացրել Արարատի մարզի դատախազի տեղակալը` Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով (այսուհետ` նաև Կարգապահական հարցերի հանձնաժողով), որը 2008թ. դեկտեմբերի 17-ին կայացրել է «Կարգապահական վարույթը կարճելու մասին» որոշում: Այնուհետև, 2019թ. հունվարի 17-ին նույն արարքի վերաբերյալ Գլխավոր դատախազի հաղորդման քննարկման արդյունքներով Նախարարը 2019թ. մարտի 4-ին կայացրել է «ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշում:

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություններ` Նախարարին և Բարձրագույն դատական խորհրդին:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Արդարադատության նախարարի 2019թ. մարտի 4-ի «ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշման շրջանակներում, որպես պահանջի հիմնավորումներ, մասնավորապես նշվել է, որ`

- թիվ ԱՎԴ2/0056/07/18 դատական գործով Դատավորի կողմից առանց բավարար հիմքերի 17.09.2018թ. կայացվել է բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշում, որը չի բխում քաղաքացու բնակարանի անձեռնմխելիության և բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերի, Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների պահանջներից, Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայից, և այդ որոշմամբ խախտվել է քաղաքացու բնակարանի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը,

- խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին միջնորդության (այսուհետ` նաև Միջնորդություն) բավարարման հիմքում դրվել են Միջնորդությանը կից ներկայացված նյութերը, այն է` քրեական գործ հարուցելու, քրեական գործը վարույթ ընդունելու, քրեական գործով վարույթը կասեցնելու, քրեական գործով վարույթը վերսկսելու մասին որոշումները և թիվ 27166517 քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տեղեկություններին վերաբերող` Ոստիկանության Արտաշատի բաժնից Արարատի մարզի քննչական վարչությունում 17.09.2018թ. ստացված թիվ 4412-8619 գրությունը (այսուհետ` նաև Գրություն): Ընդ որում, Միջնորդության բավարարման հիմքում դրված առաջին չորս փաստաթղթերը որևէ կերպ չեն վկայում խուզարկություն կատարելու անհրաժեշտության մասին,

- որպես Միջնորդության բավարարման հիմք որոշման մեջ նշված` դատական նիստի ժամանակ ավագ քննիչի կողմից ներկայացված փաստարկներին ծանոթանալու նպատակով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 20.09.2018թ. թիվ 59-Ե/948-18 գրությամբ դատավորից հայցվել է համակարգչային արձանագրման կրիչի օրինակը, սակայն ձայնագրող համակարգչի խափանված լինելու պատճառաբանությամբ 25.09.2018թ. պատասխան գրությամբ ստացվել է դատական նիստի արձանագրության թղթային տարբերակը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քննիչի կողմից չի նշվել որևէ փաստական տվյալ, որը Ոստիկանության Արտաշատի բաժնից ստացված գրության հետ համակցությամբ դատավորին թույլ կտար գալ այն եզրահանգման, որ առկա են Միջնորդությունը բավարարելու հիմքեր,

- Ոստիկանության Արտաշատի բաժնից ստացված գրությամբ ներկայացված տեղեկատվության գնահատումն ինքնին դատավորի կողմից անհնար է եղել` հաշվի առնելով այդ գրությամբ ներկայացված տեղեկությունների ձեռքբերման համար կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառման առանձնահատկությունը և դրա արդյունքում որևէ փաստական տվյալի ամրագրման փաստը հավաստող հիմքի բացակայությունը:

i

Վարույթ հարուցած մարմինն իր փաստարկները հիմնավորելու համար, որպես իրավական հիմքեր, վկայակոչել է Սահմանադրությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և Վճռաբեկ դատարանի նախադեպային նշանակություն ունեցող որոշումները: Մասնավորապես, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Սահմանադրության 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:

2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ` մուտք գործել նրա բնակարանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` սույն օրենսգրքով սահմանված կարգով: (...)»:

i

ՀՀ քրեական դատավարությունում բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման հիմքերը նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն. «Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար»:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ:

Վերոնշյալ կոնվենցիոն, սահմանադրական, ինչպես նաև օրենսդրական իրավակարգավորումներից ելնելով, Նախարարը եզրահանգել է, որ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված` մարդու իրավունքների և արժանապատիվ կյանքի հիմնաքարային բաղադրիչներից է, որը պետք է պաշտպանվի կամայական և անօրինական միջամտությունից: Ընդ որում, այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով և միայն իրավաչափ հիմքերի` պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության և բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության անհրաժեշտության դեպքում: Հենց դրանով է պայմանավորված նշված իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտի կիրառումը:

i

Վարույթ հարուցող մարմինը նշել է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու հիմնահարցերին` Սահմանադրությամբ վերապահված օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորության շրջանակներում անդրադարձ է արվել նաև Վճռաբեկ դատարանի ԵՇԴ/0073/07/15 քրեական գործով 18.12.2015թ. որոշմամբ: Մասնավորապես, ընդգծվել է, որ օպերատիվ տեղեկատվությունը չի կարող համարվել գնահատման ենթակա ապացույց, ուստի նաև չի կարող ինքնուրույն բավարար հիմք համարվել խուզարկության թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար: Վճռաբեկ դատարանի դիրքորոշմամբ օպերատիվ տեղեկատվությունը կարող է բավարար հիմք համարվել միայն օպերատիվ-քննչական իրադրության համակցությամբ բավարար տվյալների առկայության պարագայում, մինչդեռ` քննիչը որևէ տվյալ չի ներկայացրել օպերատիվ-քննչական իրադրության առնչությամբ, իսկ դատավորն էլ չի պահանջել և հետազոտել այդպիսի տվյալներ:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին և Բարձրագույն դատական խորհրդին: Արդարադատության նախարարին ներկայացրած իր գրավոր բացատրության մեջ Դատավորն անդրադարձել է Գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդմանը` մասնավորապես արձանագրելով. «... դատախազն ունենալով ժամանակ և հնարավորություն բողոքարկելու խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին դատարանի 17.09.2018 թվականի թիվ ԱՎԴ2/0056/07/18 որոշումը` այն չի բողոքարկել, այնուհանդերձ նշված որոշումը համարել է «անհիմն և չպատճառաբանված», ընդ որում նշելով, որ այն չի բխում Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածների պահանջներից և Վճռաբեկ դատարանի կայուն նախադեպային պրակտիկայից:

Համադրելով Գլխավոր դատախազի հաղորդման մեջ առկա շարադրանքը Սահմանադրության, «Դատախազության մասին» օրենքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը նշված համապատասխան հոդվածներում ամրագրված դրույթների հետ` ակնհայտ է դառնում, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը պաշտոնեական հարաբերություններում չի կատարել իր պարտականությունները, իր պաշտոնեական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, առաջնահերթության կարգով իր լիազորությունները` օրենքով դատախազին թույլատրված գործունեության այլ տեսակների նկատմամբ կատարելու, այն է` դատարանի որոշումը վերաքննության կարգով օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու փոխարեն օգտվել է բացառապես պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ կատարման հիմնադրույթներից ածանցվող գործունեության այլ տեսակից և իր գործառութային հիմնական լիազորություններն իրականացնելու փոխարեն զբաղվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդում ներկայացնելու միջոցով դատական իշխանությանը հեղինակազրկելու էժանագին և անտրամաբանական գործելաոճով` դրանով իսկ քողարկելով Սահմանադրությամբ ամրագրված, մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու, դատարանի որոշումը բողոքարկելու իրավական անկարողությունը»:

Անդրադառնալով իր կողմից դրսևորված վարքագծի որակմանը` Դատավորը նշել է, որ Արդարադատության նախարարությունն անտեսել է. «ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշմամբ տրված ամբողջ իրավական դիրքորոշումները` որոշման համատեքստից առանձնացրել և թիվ 59-Ա որոշման մեջ անդրադարձ է կատարել միայն ինքնուրույն հիմքերին և այն դնելով որոշման հիմքում` դրանով իսկ կայացրել է չպատճառաբանված որոշում»:

i

Դատավորը նաև ընդգծել է, որ խուզարկության միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշում ընդունելիս հաշվի է առնվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործությունների ծանրությունը, որոնցից առաջինը` ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` դասվում է ծանր, երկրորդը` միջին ծանրության հանցագործությունների շարքին, ինչպես նաև այդ ենթադրյալ հանցագործությունն ապօրինի ձեռք բերված հրազենով կատարված լինելու հանգամանքը: Այսինքն` սույն դեպքում «... միջամտությունը համապատասխանել է անհետաձգելի հասարակական պահանջին և համաչափ է եղել հետապնդվող նպատակին»: Դատավորը նաև հավելել է. «... սույն դեպքում օպերատիվ հետախուզական գործունեության տվյալները ստեղծված օպերատիվ քննչական իրադրության պայմաններում անտեսելն անթույլատրելի էր` ելնելով այն հանգամանքից, որ այդ տվյալներն էին հիմք հանդիսացել ոչ միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից նույն օրը կասեցված գործի վարույթը վերսկսելու, այլև նույն օրը խուզարկություն կատարելու միջնորդություն դատարան ներկայացնելու համար և նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն, բնակարանի խուզարկության միջնորդությունները պետք է քննվեն անհապաղ, հետևաբար, արդարացված չէր լինի վարույթն իրականացնող մարմնից հավելյալ տվյալներ պահանջելը, քանի որ այս փուլում կասկած հարուցող փաստերի, տվյալների գնահատման չափանիշներին ներկայացվում են ավելի ցածր պահանջներ»:

i

Ըստ Դատավորի. «Տվյալ պարագայում դատարանը առկա համարելով խուզարկության կատարման ածանցյալ հիմքի, այն է` «օպերատիվ-քննչական իրադրության» առկայությունը, հանգել է այն ողջամիտ եզրահանգմանը, որ խուզարկության կատարման արդյունքում կարող էին ձեռք բերվել փնտրվող առարկաները` հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ օրենսդրորեն նախատեսված չէ տվյալների համակցության վերաբերյալ պահանջ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածում օգտագործված է «բավարար հիմքեր ունենալով ենթադրելու» արտահայտությունը) և հետևաբար խուզարկության կատարման արդյունքում փնտրվող առարկաների հայտնաբերման հավանականության մասին եզրահանգումը կարող է հիմնված լինել, ինչպես մեկ վերաբերելի տվյալի, այնպես էլ տվյալների համակցության վրա»:

Վերոգրյալի համատեքստում Դատավորը գտել է, որ փաստական հիմքի բացակայության պայմաններում խուզարկության կատարումը թույլատրելու դատարանի որոշումը պատճառաբանված չլինելու վերաբերյալ Միջնորդությամբ արտացոլված եզրահանգումը չի բխում Վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշման մեջ առկա` խուզարկության կատարման ածանցյալ հիմքերին վերաբերող իրավական դիրքորոշումներից:

Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված գրավոր բացատրությամբ Դատավորը վերահաստատել է Արդարադատության նախարարություն ներկայացված իր դիրքորոշումն ու փաստարկները:

Միաժամանակ, Դատավորն անդրադարձել է այն խնդրին, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար միջնորդության մեջ անտեսվել է այն հանգամանքը, որ խուզարկության թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար կարող է հիմք հանդիսանալ նաև գնահատման ոչ ենթակա օպերատիվ-քննչական միջոցառման արդյունքում ստացված տեղեկությունը, եթե այն քննարկվում է օպերատիվ-քննչական իրադրության համակցությամբ և արդյունքում ստացվում են բավարար տվյալներ` կատարվելիք քննչական գործողության իրավաչափության առնչությամբ: Դատավորը նշել է, որ թեպետ որոշմամբ չի արտացոլել օպերատիվ-քննչական իրադրության առնչությամբ իր փաստարկները, սակայն դրանք իրականում կան և բխում են քրեական գործում առկա նյութերից, մասնավորապես` քրեական գործի վարույթը կասեցնելու և քրեական գործի վարույթը վերսկսելու մասին որոշումներից:

Դատավորը նաև նշել է, որ Վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշմամբ արձանագրված օրինակը չի կարող նույնական համարվել այն գործի իրավական ու փաստական հանգամանքների հետ, որի առնչությամբ ինքը կայացրել է խուզարկության թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշում, քանի որ Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշման մեջ արտացոլված գործով սխալ է նշված եղել այն բնակարանի հասցեն, որում նախատեսվել էր կատարել խուզարկություն:

i

Դատավորը հավելել է նաև, որ տվյալ դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար միջնորդության մեջ չէր կարող խոսք լինել արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման մասին, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության շրջանակում Դատավորն իրականացնում է ոչ թե արդարադատություն, այլ` «օրենքով նախատեսված այլ լիազորություններ», ինչը նախատեսված է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները

i

1. Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում 21.08.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է թիվ 27166517 քրեական գործը (այսուհետ` նաև Քրեական գործ)` անհայտ անձի կողմից 20.08.2017թ. ժամը 00:30-ի սահմաններում 5.45մմ տրամաչափի անհայտ տեսակի հրազենից Մենորա Մարտիրոսյանին պատկանող, Արարատի մարզի Արևշատ գյուղի Թումանյան փողոցի 15 հասցեում գտնվող տան ուղղությամբ կրակոցներ արձակելու և տան 2-րդ հարկի պատուհանի ապակին և Մենորա Մարտիրոսյանի որդի Գեղամ Սարգսյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի «35 GU 631» հ/հ-ի ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ:

2. Քրեական գործը 22.08.2017թ. ուղարկվել է Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որը նույն օրն ընդունվել է վարույթ:

i

3. Քրեական գործի վարույթը 30.11.2017թ. կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

4. Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնից Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն 17.09.2018թ. ստացվել է Գրություն առ այն, որ. «Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հավաստի օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վերը նշված 5.45մմ տրամաչափի հրազենը և դրա համար նախատեսված ռազմամթերքն ապօրինի պահվում են Արարատի մարզի Արևշատ գյուղի Սպանդարյան փողոցի թիվ 23 հասցեում հաշվառված, 01.07.1981թ. ծնված Գեղամ Արամի Հակոբյանի փաստացի բնակության վայրում` Արարատի մարզի Արևշատ գյուղի Սպանդարյան փողոցի 31 տանը կամ նույն հասցեի դիմաց գտնվող նախկին «կոլխոզի ֆերմա» կոչվող տարածքում առկա չհասցեավորված քարե փակ շինությունում, որը տիրապետում և տնօրինում է Գեղամ Արամի Հակոբյանը և նշված շինության մուտքի դռան բանալիները գտնվում են նրա մոտ, որտեղ վերջինս բացի վերոհիշյալ հրազենից և ռազմամթերքից պահում է նաև իր օգտագործման իրերը»:

5. Քրեական գործով կասեցված վարույթը 17.09.2018թ. վերսկսվել է:

6. Քննիչ Գ. Սարգսյանը 17.09.2018թ. միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` Գեղամ Արամի Հակոբյանի փաստացի բնակության վայրում` Արարատի մարզի Արևշատ գյուղի Սպանդարյան փողոցի 31 տանը և կից օժանդակ կառույցներում կամ նույն հասցեի դիմաց գտնվող նախկին «կոլխոզի ֆերմա» կոչվող տարածքում առկա չհասցեավորված քարե փակ շինությունում 18.09.2018թ. խուզարկություն կատարելու վերաբերյալ` 5.45մմ տրամաչափի հրազենը և դրա համար նախատեսված ռազմամթերքը հայտնաբերելու և վերցնելու համար` պատճառաբանելով, որ քրեական գործով բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Գեղամ Արամի Հակոբյանի փաստացի բնակության վայրում` Արևշատ գյուղի Սպանդարյան փողոցի 31 տանը և կից օժանդակ կառույցներում կամ նույն հասցեի դիմաց գտնվող նախկին «կոլխոզի ֆերմա» կոչվող տարածքում առկա չհասցեավորված քարե փակ շինությունում հնարավոր է` պահվում են 5.45մմ տրամաչափի հրազենը և դրա համար նախատեսված ռազմամթերքը:

7. Միջնորդությանը կից դատարան են ներկայացվել քրեական գործ հարուցելու և գործը վարույթ ընդունելու, քրեական գործի վարույթը կասեցնելու, քրեական գործի կասեցված վարույթը վերսկսելու մասին որոշումների պատճենները, ինչպես նաև Գրությունը:

8. Դատական նիստի ընթացքում ավագ քննիչ Գ. Սարգսյանը պնդել է միջնորդությունը:

9. Ձայնագրող համակարգչի անսարքության պատճառով պարզ թղթային եղանակով կազմված` 17.09.2018թ. դատական նիստի արձանագրության համաձայն` ավագ քննիչը ներկայացրել է Քրեական գործի ընթացքը և վերոնշյալ միջնորդության բովանդակությունը: Դատավորի կողմից ուղղված հարցին` արդյո՞ք Գեղամ Հակոբյանը փաստացի բնակվում է նշված հասցեում, ավագ քննիչի կողմից դրական պատասխան է տրվել: Այնուհետև, Դատավորի այն հարցին` արդյո՞ք նախկին «կոլխոզի ֆերմա» կոչվող տարածքը նրան է պատկանում, ավագ քննիչը նշել է, որ այդ տարածքը նա է տնօրինում, բանալիները գտնվում են նրա մոտ:

10. Դատարանի 17.09.2018 թ. որոշմամբ (այսուհետ` նաև Որոշում) բնակարանի խուզարկության թույլտվություն ստանալու վերաբերյալ ավագ քննիչ Գ. Սարգսյանի միջնորդությունը բավարարվել է` թույլատրվել է խուզարկություն կատարել Գեղամ Արամի Հակոբյանի փաստացի բնակության վայրում` Արևշատ գյուղի Սպանդարյան փողոցի 31 տանը և կից օժանդակ կառույցներում կամ նույն հասցեի դիմաց գտնվող նախկին «կոլխոզի ֆերմա» կոչվող տարածքում առկա չհասցեավորված քարե փակ շինությունում` 5.45մմ տրամաչափի հրազենը և դրա համար նախատեսված ռազմամթերքը հայտնաբերելու և վերցնելու համար:

11. Որոշման համաձայն` քննության առնելով միջնորդությունը, հետազոտելով միջնորդության հիմնավորվածությունը ստուգելու կապակցությամբ ներկայացված նյութերը, ինչպես նաև դատական նիստի ժամանակ ավագ քննիչի բերած փաստարկները, դատարանը գտել է, որ միջնորդությունը հիմնավոր է, պետք է բավարարել և թույլատրել խուզարկության կատարումը:

12. Հաղորդման շրջանակներում Գլխավոր դատախազի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` 18.09.2018 թ. Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի աշխատակիցների կողմից Գեղամ Հակոբյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ որոնվող հրազենը և դրա համար նախատեսված ռազմամթերքը չեն հայտնաբերվել:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի հաղորդումը, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Միջնորդությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ:

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի կողմից խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշում կայացնելիս թույլ է տրվել դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը, ելնելով տվյալ գործի փաստական հանգամանքներից, չի կարող որակվել որպես ակնհայտ` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի իմաստով:

i

Այսպես, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «... ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական և դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով»: Միջնորդությամբ նշված իրավական և փաստական հիմքերը, տվյալ որոշման իրավաչափության առնչությամբ, բավարար չափով հիմնավորված չեն, ավելին` ընդգծում են դատավորի ենթադրյալ խախտման նկատմամբ ոչ ակնհայտ միատեսակ դիրքորոշումների առկայությունը`

i

- նախ, իրավահամեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով խուզարկության դատավարական ընթացակարգի առանձին բաղադրիչներ անհրաժեշտ հստակություն և կարգավորման ողջամիտ ընդգրկվածություն չունեն, ինչն էլ նկատի ունենալով` Վճռաբեկ դատարանը մի քանի նախադեպային դատական ակտերով (մասնավորապես 2012թ. հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/1133/07/11 քրեական գործով և 2015թ. դեկտեմբերի 18-ի թիվ ԵՇԴ/0073/07/15 քրեական գործով որոշումները) անդրադարձել է խուզարկության կատարման թույլտվության հիմքերի պարզաբանմանը:

Բնորոշ է այն, որ ներպետական օրենսդրությամբ անգամ տարանջատված չեն խուզարկության հիմքերը` ըստ դատավարության մասնակիցների: Մինչդեռ` ՄԻԵԴ-ի նախադեպային դատական ակտերին համապատասխան, ԵԽ անդամ երկրների քրեական դատավարության օրենսդրությամբ` դատավարության մասնակիցների բնակարաններում խուզարկության կատարման միանգամայն տարբեր հիմքեր են ամրագրված: Նմանաբնույթ իրավական կարգավորումը միտված է իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքի երաշխավորմանը, ինչպես նաև իրավական որոշակիության ու իրավակիրառ միասնական պրակտիկայի ձևավորմանը, ինչը բխում է նաև Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված դրույթներից,

i

- ըստ էության, օպերատիվ տեղեկատվությունը համարվում է գնահատման ոչ ենթակա օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տվյալ և այդ հիմքով չի կարող ինքնին համարվել որպես խուզարկության կատարման ինքնուրույն հիմք, սակայն այլ տվյալների, այդ թվում` օպերատիվ-քննչական իրադրության համակցությամբ կարող է հաշվի առնվել խուզարկության կատարման անհրաժեշտությունը որոշելիս: Ընդ որում, ըստ Վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0073/07/15 քրեական գործով 2015թ. դեկտեմբերի 18-ի որոշման` այդպիսի գնահատումն իրավաչափ է հատկապես քննության վաղ փուլերում, երբ համապատասխան ապացույցներ դեռ ձեռք չեն բերվել: Դատավորը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված իր պարզաբանման մեջ նշել է, որ ինքը որպես օպերատիվ-քննչական իրադրությունը գնահատելու հիմք է համարել քրեական գործով մի շարք (մասնավորապես` քրեական գործի վարույթը կասեցնելու, քրեական գործի վարույթը վերսկսելու և այն վարույթ ընդունելու մասին որոշումները) դատավարական փաստաթղթերում արձանագրված հանգամանքները, ընդ որում, դա արվել է զուտ հայեցողական դիրքորոշմամբ, քանի որ որևէ իրավական ակտով, այդ թվում` Վճռաբեկ դատարանի վերը նշված որոշմամբ տրված չէ «օպերատիվ-քննչական իրադրություն» հասկացության բնորոշումը: Այսպիսով, այն հարցին, թե որքանով են Դատավորի դիրքորոշումներն իրավաչափ` խուզարկության կատարման համար անհրաժեշտ օպերատիվ-քննչական իրադրության առկայության մասին, հնարավոր չէ միանշանակ պատասխանել` նկատի ունենալով, որ այդ հասկացության օրենսդրական բնորոշումը դեռևս տրված չէ,

- խուզարկության հիմքերի, մասնավորապես օպերատիվ տեղեկատվության և օպերատիվ-քննչական իրադրության համակցության առնչությամբ դեռևս բացակայում է ձևավորված միասնական դատական պրակտիկա, որպիսի պարագայում ևս հնարավոր չէ առանձին իրավիճակներում դատավորի կողմից թույլ տրված խախտումը որակել որպես ակնհայտ: Ընդ որում, միասնական դատական պրակտիկայի բացակայությունն արձանագրվել է նաև Միջնորդությամբ, որում մատնանշված է նույն քրեական գործով մեկ այլ դատավորի (Գ. Հովհաննիսյան)` 2017 թ. հոկտեմբերի 25-ի «Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ քննիչի միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը, որով արդեն մերժվել է քննիչի միջնորդությունը, թեպետ` այս դեպքում ևս հղում է արվել նույն իրավական հիմքերին, որոնք արտացոլված են նաև դատավոր Թաթուլ Պողոսյանի` «Բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու ավագ քննիչի միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման մեջ: Այլ կերպ ասած, միևնույն իրավական հիմքերի առնչությամբ միևնույն դատական ատյանում անգամ ձևավորված չէ միասնական դատական պրակտիկա:

Միջնորդությանը կից նյութերի ուսումնասիրությունը ևս բերում է այն համոզմանը, որ քննարկվող դեպքում խուզարկություն կատարելու համար թույլտվություն ստանալու միջնորդության և այն բավարարելու վերաբերյալ դիրքորոշումների իրավաչափության առնչությամբ ակնհայտ միատեսակ մոտեցում չեն ունեցել նաև մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը և Կարգապահական հարցերի հանձնաժողովը: Մասնավորապես, մարզի դատախազի տեղակալը 2018 թ. դեկտեմբերի 17-ին հաղորդում է ներկայացրել Կարգապահական հարցերի հանձնաժողով` Դատավորի կողմից խուզարկություն կատարելու համար թույլտվություն ստանալու միջնորդությունը քննարկելիս խախտում թույլ տալու վերաբերյալ` դիտարկելով այդ միջնորդությունը բավարարելու մասին որոշումն ակնհայտ անհիմն, սակայն ձեռնպահ է մնացել օրենքով նախատեսված այնպիսի միջոցներ ձեռնարկելուց, որոնց արդյունքում անվերապահորեն կկանխվեր բնակարանի իրավունքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի ենթադրյալ խախտման փաստը: Նշված փաստը չի կարող խոսել նշված որոշման առնչությամբ դատախազի միանշանակ դիրքորոշման մասին:

Կարգապահական հարցերի հանձնաժողովը, անդրադառնալով Դատավորին միևնույն հիմքերով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին, արձանագրել է, որ Դատավորը թույլ չի տվել կարգապահական պատասխանատվություն առաջացնող որևէ խախտում:

Չանդրադառնալով միմյանց էապես հակասող, ըստ էության, իրարամերժ հիշյալ դիրքորոշումների իրավաչափությանը, հարկ է արձանագրել, որ քննարկվող դեպքում Դատավորի կողմից կայացված որոշման իրավական և փաստական հիմքերի գնահատման հարցում բացակայում է որևէ ողջամիտ միասնական մոտեցում:

Տվյալ դեպքում, Միջնորդությանը կից նյութերում առկա են նաև բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու օգտին վկայող մի շարք փաստական հիմքեր` ա) խուզարկություն կատարելու նպատակը եղել է ծանր հանցագործության գործիքները հայտնաբերելը, բ) այն անմիջական և նկատելի առնչություն չի ունեցել անձնական տվյալների խախտման հետ, քանզի խոսքը սոսկ հանցագործության գործիք հանդիսացող զենքի և զինամթերքի մասին է եղել, գ) օպերատիվ տեղեկատվության մեջ արտացոլված են եղել որոշ տվյալներ (օրինակ` բնակարանի և կից կառույցի բանալիները կոնկրետ անձի մոտ գտնվելու մասին), որոնք կարող են գնահատվել որպես վերջինիս հավաստիությունն ընդգծող բաղադրիչներ:

i

Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդության քննարկման առնչությամբ Դատավորն արտահայտել է որոշակի մոտեցումներ, որոնք ընդգծում են տվյալ հարցի առնչությամբ իր հայեցողության իրավաչափ դրսևորումը, ինչը չի կարող ինքնին գնահատվել որպես խախտում և որակվել որպես կարգապահական պատասխանատվության հիմք, քանի որ համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 9-րդ մասի` «Արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության»:

Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից հիշյալ որոշումը կայացնելիս թույլ է տրվել դատավարական նորմի խախտում, մասնավորապես դատական ակտում դրա հիմքերն արտացոլված են թերի և անհարկի վերացական, նշված է միայն, որ. «Քննության առնելով միջնորդությունը, հետազոտելով միջնորդության հիմնավորվածությունն ստուգելու կապակցությամբ ներկայացված նյութերը, ինչպես նաև դատական նիստի ժամանակ ավագ քննիչի բերած փաստարկները, դատարանը գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է, պետք է բավարարել և թույլատրել 18.09.2018 թվականի խուզարկություն կատարելու ...»: Տվյալ դեպքում, պարզ չէ, թե ներկայացված նյութերի մեջ կոնկրետ որ փաստական հանգամանքն է Դատավորը դիտարկել որպես օպերատիվ-քննչական իրադրության անհրաժեշտ բաղադրիչ, որի համակցությամբ կարող էր որոշվել օպերատիվ տեղեկատվության բավարար լինելը:

Դատավորը որոշման իրավական և փաստական հիմքերին մեծածավալ նյութով անդրադարձել է արդեն Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված բացատրությամբ, ինչը պարտավոր էր անել անմիջապես դատական ակտում: Սակայն այս բացատրությամբ ևս անդրադարձ չի արվել այն հարցադրմանը, թե ինչո՞ւ Դատավորը չի փորձել պահանջել միջնորդության հիմնավորվածությունն ստուգելու համար հնարավոր փաստաթղթերը և իրեղեն ապացույցները, մասնավորապես` չի պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնցով արձանագրված կլինեին տուժողի և խուզարկվող բնակարանի սեփականատիրոջ կամ վերջինիս ընտանիքի անդամների փոխհարաբերության վերաբերյալ տվյալներ և այլն:

i

Դատավորի կողմից, այսպիսով, խախտվել է դատական ակտի հիմնավորման անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 5-րդ մասը. «Միջնորդության քննումն ավարտելուց հետո դատավորը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը (ընդգծումը մերն է)»:

i

Հիմնավորվածության թերությունն իր հերթին պայմանավորված է եղել Դատավորի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նորմի անտեսմամբ, ըստ որի. «Դատավորն իրավունք ունի անձից պահանջել` միջնորդության հիմնավորվածությունն ստուգելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և իրեղեն ապացույցներ»:

Ակնհայտ անհիմն ու անօրինական չի կարող համարվել բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու վերաբերյալ Դատավորի որոշումը նաև ՄԻԵԴ-ի նախադեպային դատական ակտերում արտացոլված դիրքորոշումների տեսանկյունից: Մասնավորապես, ՄԻԵԴ-ն իր նմանաբնույթ որոշումներում բազմիցս ընդգծել է, որ խուզարկություն կատարելու համար թույլտվություն տալիս դատարանը պետք է բավարար դիտարկի ապացույցների այնպիսի շրջանակը, որը զիջում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու կամ անձին մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ ապացույցների շրջանակին, սակայն գերազանցում է մինչդատական վարույթի փուլում դատական հսկողությամբ իրականացվող մի շարք քննչական գործողությունների կատարման համար բավարար համարվող ապացույցների շրջանակին (տե՛ս, օրինակ, Ռատուշնան ընդդեմ Ուկրաինայի (Ratushna v. Ukraine) գործով 2010 թ. դեկտեմբերի 2-ի վճիռը` թիվ 17318/06 գանգատով, 76-77 և 80 կետեր):

Անդրադառնալով այն հարցադրմանը, թե կարո՞ղ է, արդյոք, Դատավորի կողմից թույլ տրված խախտումը համարվել կոպիտ, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ տվյալ դեպքում` զուտ հետևանքների տեսանկյունից, առկա են բավարար հիմքեր խախտումը կոպիտ որակելու համար, մինչդեռ` սուբյեկտիվ կողմի տեսանկյունից, հաշվի առնելով այն, որ դատավորի կողմից տվյալ իրավիճակում խախտման փաստը չէր կարող ընկալվել որպես ակնհայտ իրողություն, խախտումը չի կարող կոպիտ դիտարկվել: Ընդ որում, խուզարկության առնչությամբ` բնակարանի սեփականատեր Արամ Հակոբյանը որևէ բողոք չի ներկայացրել: Բարձրագույն դատական խորհուրդը ելակետ է ընդունում նաև այն, որ Դատավորի որոշումը սահմանված կարգով բողոքարկելու կամ խուզարկությունը կանխելու դատավարական միջոցներ կիրառելու դեպքում վերը նշված հետևանքները վրա չէին հասնի:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի` «Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» միջնորդությունը մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահի

    պաշտոնակատար            Գ. Դանիելյան

Բարձրագույն դատական

    խորհրդի անդամներ        Ա. Բեկթաշյան

                            Ա. Խաչատրյան

                            Լ. Մելիքջանյան

                            Ս. Մեղրյան

                            Ա. Մխիթարյան

                            Ս. Չիչոյան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
04.04.2019
N ԲԴԽ-17-Ո-Կ-06
Որոշում