Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Սնանկության գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԱՔԴ/0062/04/11

    Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0062/04/11     2018 թ.

Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

    Դատավորներ`        Կ. Չիլինգարյան

                       Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2018 թվականի դեկտեմբերի 21-ին

 

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) դիմումի ընդդեմ «ԱՐԱԲԿԻՐ-ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.10.2011 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2012 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.03.2017 թվականի ««ԱՐԱԲԿԻՐ-ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՓԲԸ-ի սնանկության գործով բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.05.2017 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.03.2017 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.08.2017 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 25.12.2017 թվականի ««ԱՐԱԲԿԻՐ-ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՓԲԸ-ի սնանկության գործով բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.03.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 213-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեն, հանդիսանալով պետական կառավարչական հիմնարկ, ունի ՀՀ զինանշանով կնիք և գործում է ՀՀ կառավարության կողմից հաստատված կառուցվածքով, իսկ կառուցվածքային ստորաբաժանումներից է նաև Կոմիտեի քարտուղարությունը, որը` որպես ստորաբաժանում, ունի նաև իր կնիքը, և քարտուղարության գործառույթներից է նաև Կոմիտեի նախագահի հրամանների համարակալումը, ելքագրումն ու հաշվառումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Նախկին օրենսգրքի դրույթներից բխող փաստաթղթի պատճենի պատշաճ վավերացումը չի նշանակում բացառապես նոտարական վավերացում, որի պայմաններում վերաքննիչ բողոքին կից ներկայացված 21.03.2017 թվականի թիվ 90-Ա հրամանի պատճենը համարվում է պատշաճ վավերացված, իսկ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը` անհիմն:

Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, սահմանափակել է Կոմիտեի դատական պաշտպանության, մասնավորապես` դատարանի մատչելիության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 23.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և փոփոխել այն` վերաքննիչ բողոքը համարել վարույթ ընդունված այն ներկայացնելու սկզբնական օրը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Նախկին օրենսգրքի 213-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության ընթացքում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե ինչ կարգով է ենթակա ձևակերպման և հաստատման տվյալ դեպքում Կոմիտեի կողմից տրված լիազորագիրը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի ՍԴՈ-1293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների և կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև Նախկին օրենսգրքի 210-րդ և 213-րդ հոդվածները:

Նախկին օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով: Այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն նույն օրենսգրքին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

Նկատի ունենալով այն, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով դատարանում ներկայացուցչության վերաբերյալ Նախկին օրենսգրքի համեմատ այլ կանոններ սահմանված չեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այդ հարցի վերաբերյալ ենթակա են կիրառման Նախկին օրենսգրքով սահմանված կանոնները:

Այսպես`

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիական իրավունքի սուբյեկտների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում:

Նախկին օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ նրանց ներկայացուցիչները:

Նախկին օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Նախկին օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կազմակերպության անունից լիազորագիրը տրվում է նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ կազմակերպությունը առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ:

Նախկին օրենսգրքի 42-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ, բացառությամբ բողոքարկելու դատական ակտը: Նույն հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

Նախկին օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են նույն օրենսգրքով սահմանված կարգով:

Նախկին օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210 հոդվածի պահանջները:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես է գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով, և նրա նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պետության` որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտի առանձնահատկություններից:

Ըստ այդմ էլ, նկատի ունենալով այն, որ Կոմիտեն Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմին է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում ենթակա են կիրառման նախկին օրենսգրքում ամրագրված իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը: Մասնավորապես` նշված նորմերի համաձայն` կազմակերպության (տվյալ դեպքում` Կոմիտեի) անունից լիազորագիրը կարող էր տրվել նրա գործադիր մարմնի ղեկավարի, տվյալ դեպքում Կոմիտեի նախագահի կամ կանոնադրությամբ կազմակերպությունը, տվյալ դեպքում Կոմիտեին առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ: Ընդ որում, Նախկին օրենսգրքի կարգավորումների համաձայն` վերաքննիչ բողոքը ենթակա էր վերադարձման, եթե այն բերվել էր որպես ներկայացուցիչ հանդես եկող անձի կողմից, որի լիազորությունները հավաստված չէին Նախկին օրենսգրքով սահմանված կարգով:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու համար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառելու դրանից բխող դատավարական հետևանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողության ժամկետը, Վերաքննիչ դատարանն իրավասու էր Նախկին օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` նույն հոդվածի 3-րդ կետի հիմքով սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի ««ԱՐԱԲԿԻՐ-ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՓԲԸ-ի սնանկության գործով բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» 25.12.2017 թվականի որոշման դեմ Կոմիտեի անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը` դրան կցելով Կոմիտեի նախագահի 21.03.2017 թվականի թիվ 90-Ա հրամանը: Նշված հրամանն ստորագրված է Կոմիտեի նախագահ Վ. Հարությունյանի կողմից, վավերացված է Կոմիտեի կնիքով, որը պատճենի տեսքով է, վրան կատարված է գրառում «Իսկականի հետ ճիշտ է, քարտուղարության պետ (ստորագրություն) Ս. Մարտիրոսյան», ինչպես նաև վավերացված է Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության կնիքով (հատոր 8-րդ, գ.թ. 6-13, 31-33):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.02.2018 թվականին որոշում է կայացրել Կոմիտեի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին նաև այն պատճառաբանությամբ, որ «տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը Կոմիտեի անունից ստորագրել է Արման Մնացականյանը, ... բողոքին կից ներկայացված են Կոմիտեի նախագահի 21.03.2017 թվականի թիվ 90-Ա հրամանի պատճենները, որոնք, սակայն, չեն կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքն ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագրեր այն հիմնավորմամբ, որ պատճեններ են»: Միաժամանակ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ «քաղաքացիական գործում առկա հրամանի պատճենի վրա առկա են «համապատասխանում է բնօրինակի» գրառում և «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե» գրառում բովանդակող կնիք, որպիսի պայմաններում հրամանի պատճենը չի կարող գնահատվել որպես պատշաճ վավերացված, քանի որ չի բովանդակում «համապատասխանում է բնօրինակին» գրառումը կատարող իրավասու պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը»: Ինչ վերաբերում է «բողոքին կից ներկայացված հրամանի պատճենի վրա առկա քարտուղարության պետ Ս. Մարտիրոսյանի ստորագրությամբ հաստատված «իսկականի հետ ճիշտ է» գրառմանը և «քարտուղարություն» գրառումը բովանդակող կնիքին, ապա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ հրամանի պատճենը չի կարող գնահատվել որպես պատշաճ վավերացված, քանի որ առկա չէ քարտուղարության պետ Ս. Մարտիրոսյանի` իրավաբանական անձի շահերն առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունենալը հավաստող փաստաթուղթ, իսկ գործող իրավակարգավորումների պայմաններում փաստաթուղթը համարվում է պատշաճ վավերացված, եթե պատճենի իսկությունը կամ համապատասխանությունը բնօրինակին վավերացված է նոտարական կարգով»: Միաժամանակ սահմանվել է ժամկետ` բողոքում թույլ տրված նաև այդ խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 8-րդ, գ.թ. 35-38):

Կոմիտեի անունից կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը` բողոքին կցելով Կոմիտեի նախագահի 21.03.2017 թվականի թիվ 90-Ա վերը նշված նույնաբովանդակ հրամանը` վավերացված Կոմիտեի բնօրինակ կնիքով (հատոր 8-րդ, գ.թ. 49-64):

Վերաքննիչ դատարանը, 23.03.2018 թվականի որոշմամբ կրկին վերադարձնելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ մատնանշված թերությունները վերաքննիչ բողոք բերած անձի կողմից ամբողջությամբ չեն վերացվել: Վերաքննիչ դատարանը նման հետևության հանգելիս մասնավորապես նշել է, որ «տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը Կոմիտեի անունից ստորագրել է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, բողոքին կից կրկին ներկայացվել է Կոմիտեի նախագահի 21.03.2017 թվականի թիվ 90-Ա հրամանի պատճենը, ինչը, սակայն, չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքն ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր այն հիմնավորմամբ, որ պատճեն է, հրամանի պատճենի վրա առկա է քարտուղարության պետ Ս. Մարտիրոսյանի ստորագրությամբ հաստատված «իսկականի հետ ճիշտ է» գրառում և «քարտուղարություն» գրառում բովանդակող, «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե» գրառում բովանդակող կնիքներ, որպիսի պայմաններում, հրամանի պատճենը չի կարող գնահատվել որպես պատշաճ վավերացված, քանի որ առկա չէ քարտուղարության պետ Ս. Մարտիրոսյանի` իրավաբանական անձի շահերն առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունենալը հավաստող փաստաթուղթ կամ Կոմիտեի նախագահի հրամանները վավերացնելու լիազորությունը հավաստող փաստաթուղթ, իսկ գործող իրավակարգավորումների պայմաններում փաստաթուղթը համարվում է պատշաճ վավերացված, եթե պատճենի իսկությունը կամ համապատասխանությունը բնօրինակին վավերացված է նոտարական կարգով»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու ժամանակ գործող ՀՀ կառավարության 10.03.2016 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշման (ուժը կորցրել է 30.06.2018 թվականին) 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` Կոմիտեի նախագահն իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր (...):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրած անձի` Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի լիազորությունները Նախկին օրենսգրքով սահմանված կարգով հավաստված լինելու հարցին, արձանագրում է, որ Կոմիտեի կանոնադրության ուժով վերջինիս անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունքը վերապահված է Կոմիտեի նախագահին, որը կարող է այլ անձանց օժտել Կոմիտեի անունից հանդես գալու լիազորությամբ` տալով համապատասխան լիազորագիր: Այսինքն` դատարանում Կոմիտեի գործերը ենթակա են վարման Կոմիտեի նախագահի, ինչպես նաև Կոմիտեի անունից լիազորագրի հիման վրա հանդես եկող այլ անձանց միջոցով: Ընդ որում, Կոմիտեի անունից լիազորագիրը պետք է տրվի նրա ղեկավարի ստորագրությամբ: Ավելին` լիազորագիրը պետք է նշում պարունակի ներկայացուցչին Նախկին օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված հատուկ լիազորությունների (տվյալ դեպքում դատական ակտը բողոքարկելու լիազորության) վերապահման մասին:

Տվյալ դեպքում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրել է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, ում Կոմիտեի անունից հանդես գալու լիազորագիր է տվել Կոմիտեի նախագահը` օգտվելով ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ իրեն վերապահված իրավունքից: Նշված լիազորագիրն ստորագրված է Կոմիտեի նախագահի կողմից: Ավելին` այդ լիազորագրի վրա առկա են Կոմիտեի կնիքները, որոնցից մեկը բնօրինակի ձևով է, մյուսը` պատճենի, ինչպես նաև Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության պետի գրառումն այն մասին, որ «իսկականի հետ ճիշտ է»` վավերացված նաև նույն քարտուղարության կնիքով և քարտուղարության պետի ստորագրությամբ: Նույն լիազորագրում հատուկ նախատեսված է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի` դատական ակտը բողոքարկելու լիազորությունը: Այսինքն` լիազորագիրը տրվել է Նախկին օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետում և 42-րդ հոդվածի 8-րդ կետում նշված պարտադիր պայմանների պահպանմամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում պահպանված է Նախկին օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջը:

Ինչ վերաբերում է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից լիազորագիրը պատճենի ձևով ներկայացված լինելուն, ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան կարգավորումները, Եվրոպական դատարանի դիրքորոշումը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերը նշված հանձնարարականը և ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումներն ու նպատակ ունենալով ապահովելու յուրաքանչյուրի` իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում նաև` երկրորդ ատյանի դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայելու միջոցով, և թույլ չտալու դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում` պայմանավորված այդ իրավունքի բուն էության խախտմամբ, հնարավոր է համարում այդ լիազորագրի վրա առկա վերը նշված գրառումների և բնօրինակ կնիքների առկայության պայմաններում հաստատված համարել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի` դատական ներկայացուցչություն իրականացնելու լիազորությունները հավաստված լինելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից պատճենի ձևով լիազորագիրը նոտարական կարգով վավերացված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությանը, ապա այն անհիմն է, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Նախկին օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կազմակերպության անունից տրված լիազորագրի դեպքում այն ենթակա է հաստատման միայն տվյալ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ կազմակերպության կանոնադրությամբ այն առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ. նման լիազորագրերը նոտարական կարգով վավերացնելու պայման ինչպես Նախկին օրենսգրքով, այնպես էլ այլ իրավական ակտով նախատեսված չի եղել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով է վերադարձրել Կոմիտեի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը` վերջինիս զրկելով Դատարանի 25.12.2017 թվականի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 23.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.12.2018
N ԵԱՔԴ/0062/04/11
Որոշում