Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 47-ՐԴ, 48-ՐԴ, 51-ՐԴ, 53-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵՄԴ/0039/04/14

    Սնանկության գործ թիվ ԵՄԴ/0039/04/14    2018 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                       Ա. Պետրոսյան

                       

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2018 թվականի դեկտեմբերի 13-ին

 

գրավոր ընթացակարգով քննելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Մեկուսիչ» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) ընդդեմ «Միլլար» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2014 թվականի վճռով Կոոպերատիվի դիմումը բավարարվել է` Ընկերությունը ճանաչվել է սնանկ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 14.07.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.11.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 14.07.2017 թվականի որոշումը մասնակիորեն` Բանկի պահանջը` 1.856.901,82 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 938.560,28 ՀՀ դրամի չափով` որպես երաշխավորությամբ ապահովված պահանջ, հաստատելու մասով, բեկանվել է, և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության: Որոշումը` չբեկանված մասերով, թողնվել է օրինական ուժի մեջ (դատավոր Ն. Բարսեղյանը շարադրել է հատուկ կարծիք):

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից չի իրականացվել գործով ապացույցների պատշաճ հետազոտում և գնահատում, որն էլ հանգեցրել է վեճի սխալ լուծման: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկի ներկայացուցիչը ոչ միայն չի ընդունել, որ երաշխավորության պայմանագիրը ստորագրվել է այլ անձի կողմից, այլ նաև անգամ նման փաստի ընդունման դեպքում այն ապացույց համարվել և Դատարանի 14.07.2017 թվականի որոշման բեկանման հիմքում դրվել չէր կարող:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ քանի դեռ փորձագետի կողմից հակառակ փաստը չի ապացուցվել, ապա հնարավոր չէ հաստատել այլ` երրորդ անձի ստորագրության առկայությունը, իսկ, եթե այդ փաստը չի պարզվում, ապա գործում է այն կանխավարկածը, որ պայմանագիրը ստորագրել է Ընկերության տնօրենը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել թիվ ԵՄԴ/0039/04/14 սնանկության գործով Վերաքննիչ դատարանի 09.11.2017 թվականի որոշումը` Ընկերության վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասով` օրինական ուժ տալով Դատարանի 14.07.2017 թվականին կայացված որոշմանն ամբողջությամբ»:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 31.01.2012 թվականին Բանկի և քարտապան Նապոլեոն Ազիզյանի միջև կնքվել է թիվ ՕVD 12-0350 քարտային հաշվին վերականգնվող վարկային գծի տրամադրման պայմանագիրը, որով վերջինիս տրամադրվել է 49,040 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ մինչև 31.01.2013 թվականը մարման ժամկետով (հատոր 11-րդ, գ.թ. 115-116):

2) 29.12.2012 թվականին Բանկի և քարտապան Նապոլեոն Ազիզյանի միջև կնքվել է թիվ ՕVD 12-0350 քարտային հաշվին վերականգնվող վարկային գծի տրամադրման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիրը, որի համաձայն` քարտապանի քարտային հաշվին բացվել է 1.269.870 ԱՄՆ դոլար գումարի չափով վերականգնվող վարկային գիծ (հատոր 11-րդ, գ.թ. 119):

3) 29.12.2012 թվականին Բանկի, երաշխավոր Ընկերության` ի դեմս տնօրեն Ալեքսանդր Միքայելյանի, և պարտապան Նապոլեոն Ազիզյանի միջև կնքվել է երաշխավորության պայմանագիր, որով երաշխավորը պարտավորվել է համապարտ պատասխանատվություն կրել Բանկի առջև` Բանկի և Նապոլեոն Ազիզյանի միջև 29.12.2012 թվականին կնքված քարտային հաշվին վերականգնվող վարկային գծի տրամադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար (հատոր 11-րդ, գ.թ. 120-121):

4) Բանկի կողմից 30.07.2014 թվականի դրությամբ տրված տեղեկանքի համաձայն` Նապոլեոն Ազիզյանի վարկային գծի պարտքը կազմել է 1.856.901,82 ԱՄՆ դոլար, իսկ 12.11.2015 թվականի դրությամբ տրված տեղեկանքի համաձայն` դեբիտորական պարտքի մնացորդը` 938.560,28 ՀՀ դրամ (հատոր 11-րդ, գ.թ. 113, 114):

5) Բանկի կողմից 20.11.2015 թվականին ներկայացվել է լրացուցիչ պահանջ Ընկերության` որպես Նապոլեոն Ազիզյանի պարտավորությամբ երաշխավորի դեմ` 1.856.901,82 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 938.560,28 ՀՀ դրամի չափով, որի դեմ առարկություն է ներկայացրել Ընկերությունը` մասնավորապես հայտնելով, որ երաշխավորության պայմանագիրը ստորագրել է ոչ թե Ընկերության տնօրեն Ալեքսանդր Միքայելյանը, այլ` Նապոլեոն Ազիզյանը (հատոր 11-րդ, գ.թ. 109-112, հատոր 12-րդ, գ.թ. 17-18):

6) 11.07.2017 թվականի դատական նիստի ընթացքում Բանկի ներկայացուցիչ փաստաբան Դավիթ Վարդանյանը հայտարարել է, որ ըստ իր` տվյալ պահին ունեցած տեղեկությունների` երաշխավորության պայմանագրի վրա առկա է ոչ թե Ընկերության տնօրեն Ալեքսանդր Միքայելյանի, այլ` Նապոլեոն Ազիզյանի ստորագրությունը: Բանկի ներկայացուցիչը որպես ամփոփիչ դիրքորոշում շեշտել է, որ վերոգրյալ հայտարարությունները միայն ենթադրություններ են (հատոր 15-րդ, գ.թ. 112-113, 117):

7) Դատարանի 14.07.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության նկատմամբ պահանջների վերջնական ցուցակը, որում, ի թիվս այլ պահանջների, ներառվել է Բանկի` 1.856.901,82 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 938.560,28 ՀՀ դրամի չափով պահանջը` որպես երաշխավորությամբ ապահովված պահանջ (հատոր 15-րդ, գ.թ. 118-156):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ փաստաբան հանդիսացող ներկայացուցչի տված հայտարարության` ապացույց համարվելու հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են` կողմերը, երրորդ անձինք, դիմողները` նույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները կարող են դատարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը գործին չի զրկում նրան` գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` իրավաբանական անձանց ղեկավարները կամ նրանց կանոնադրությանը համապատասխան` իրավաբանական անձի շահերը ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձինք դատարան են ներկայացնում իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի ցուցմունքներ տալու գործով ապացուցման ենթակա փաստերի մասին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն` դատարանը գործը քննելիս, պարտավոր է գործի ապացույցները հետազոտել անմիջականորեն` ծանոթանալ գրավոր ապացույցներին, զննել իրեղեն ապացույցները, լսել փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները:

Ռաֆիկ Ղազարյանի ընդդեմ «ԴԵԼՏԱ» ՍՊԸ-ի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը բացահայտել է գործին մասնակցող անձի ցուցմունքի` որպես ապացույցի տեսակի ձեռքբերման ընթացակարգը` անդրադառնալով նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորմանը:

Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ թեև (իրավահարաբերության ծագման պահին գործող) քաղաքացիադատավարական օրենսդրությունը չի նախատեսել կարգավորում գործին մասնակցող անձի կողմից ցուցմունք տալուց առաջ վերջինիս քրեական պատասխանատվության մասին նախազգուշացվելու վերաբերյալ ստորագրություն վերցնելու մասին, սակայն դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ դատարանները, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով սահմանված` սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվությունը, գործնականում ցուցմունք տվող գործին մասնակցող անձից, վկայի կողմից ցուցմունք տալու նմանությամբ, վերցնում են ստորագրություն նշված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև նշել, որ 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն արդեն նախատեսել է գործին մասնակցող անձի կողմից ցուցմունք տալու ընթացակարգը, մասնավորապես` սահմանելով, որ գործին մասնակցող անձը նախազգուշացվում է սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, նրանից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ գործին մասնակցող անձի` փաստաբան հանդիսացող ներկայացուցչի կողմից ցուցմունք տալու հնարավորությանը:

Վերը նշված հոդվածների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է` գրավոր և իրեղեն ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, (իրավահարաբերության ծագման պահին գործող) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված ապացույցների թույլատրելիության կանոնը ենթադրում է նաև, որ գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցների վերոգրյալ տեսակներով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձանց ցուցմունքների հետազոտման անմիջականությունը բացառում է ներկայացուցչի միջոցով ցուցմունք տալու հնարավորությունը: Գործին մասնակցող անձինք` որպես վիճելի նյութաիրավական հարաբերության անմիջական մասնակիցներ, պարտավոր են ցուցմունք տալ անձամբ, քանի որ գործին մասնակցող անձանց ցուցմունքների հետազոտման և ապա գնահատման առանձնահատկությունները բխում են այն հանգամանքից, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկությունները դատարանին հաղորդում են գործի ելքով անմիջականորեն շահագրգռված անձինք` վիճելի իրավահարաբերությունների անմիջական մասնակիցները: Հետևաբար գործին մասնակցող անձի ներկայացուցչի բանավոր հայտարարությունները չեն կարող համարվել ցուցմունքներ` ապացույցի տեսակ. ավելին` վերջիններս չպետք է նախազգուշացվեն քրեական պատասխանատվության մասին` նկատի ունենալով, որ տալիս են ոչ թե ցուցմունք, այլ հայտնում են դիրքորոշում, բանավոր հայտարարություն են տալիս ներկայացվողի (վստահորդի) կողմից իրենց հայտնած հանգամանքների վերաբերյալ: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումները վերաբերում են փաստաբան հանդիսացող ներկայացուցիչներին, քանի որ, օրինակ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ կազմակերպությունները` որպես գործին մասնակցող անձինք, դատարանում ցուցմունք տալ չեն կարող, նրանց անունից ցուցմունք տալ կարող են վերջիններիս անունից հանդես գալու իրավունք ունեցող անձինք (օրինակ` կազմակերպության ղեկավարը): Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումը սույն գործով կիրառելի է փաստաբան հանդիսացող ներկայացուցչի նկատմամբ: Այլ խոսքով` փաստաբանի հայտնած դիրքորոշումը չի կարող համարվել ապացույցի տեսակ` գործին մասնակցող անձի ցուցմունք: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը նշված դիրքորոշումը հայտնել է նաև նախկինում կայացված որոշումներով: Մասնավորապես` Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով 13.02.2009 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «կողմի ներկայացուցչի ցուցմունքը» ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի ուժով թույլատրելի ապացույց չի կարող դիտվել: Երանոս Հարությունյանն ընդդեմ Էլաննա Հարությունյանի թիվ ԵԱՔԴ/1911/02/13 գործով 27.11.2015 թվականի որոշմամբ էլ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացուցիչը, դատարանում ցուցմունք տալով, չի կարող որևէ փաստ ընդունել` հաշվի առնելով, որ վերջինս չի հանդիսանում գործին մասնակցող անձ: Հետևաբար սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ էության, վերահաստատել և զարգացրել է նախկինում արտահայտած իր դիրքորոշումը (տե՛ս, Ռաֆիկ Ղազարյանի ընդդեմ «ԴԵԼՏԱ» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/3187/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 29.12.2012 թվականին Բանկի և Նապոլեոն Ազիզյանի միջև կնքված համաձայնագրի համաձայն` վերջինիս քարտային հաշվին բացվել է 1.269.870 ԱՄՆ դոլար գումարի չափով վերականգնվող վարկային գիծ: 29.12.2012 թվականին Բանկի, երաշխավոր Ընկերության` ի դեմս տնօրեն Ալեքսանդր Միքայելյանի, և պարտապան Նապոլեոն Ազիզյանի միջև կնքվել է երաշխավորության պայմանագիր, որով երաշխավորը պարտավորվել է համապարտ պատասխանատվություն կրել Բանկի առջև` Բանկի և Նապոլեոն Ազիզյանի միջև 29.12.2012 թվականին կնքված քարտային հաշվին վերականգնվող վարկային գծի տրամադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար: 11.07.2017 թվականի դատական նիստի ընթացքում Բանկի ներկայացուցիչ փաստաբան Դավիթ Վարդանյանը հայտարարել է, որ ըստ իր` տվյալ պահին ունեցած տեղեկությունների` երաշխավորության պայմանագրի վրա առկա է ոչ թե Ընկերության տնօրեն Ալեքսանդր Միքայելյանի, այլ Նապոլեոն Ազիզյանի ստորագրությունը: Բանկի ներկայացուցիչը, որպես ամփոփիչ դիրքորոշում շեշտել է, որ վերոգրյալ հայտարարությունները միայն ենթադրություններ են:

Դատարանը, 14.07.2017 թվականի որոշմամբ հաստատելով Ընկերության նկատմամբ պահանջների վերջնական ցուցակը, որում, ի թիվս այլ պահանջների, ներառվել է Բանկի` 1.856.901,82 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 938.560,28 ՀՀ դրամի չափով պահանջը` որպես երաշխավորությամբ ապահովված պահանջ, անհիմն է համարել Ընկերության առարկությունն այն մասին, որ պայմանագրերը կեղծ են: Դատարանը գտել է, որ Ընկերության կողմից որևէ ապացույց չի ներկայացվել այդ հանգամանքը հաստատելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել 11.07.2016 թվականի դատական նիստի ընթացքում Բանկի ներկայացուցչի հայտարարությունը և գտել, որ Բանկի ներկայացուցչի կողմից Ընկերության վկայակոչած փաստի ընդունմամբ վերացել է այդ փաստը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությունը: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Բանկի կողմից ներկայացրած վերոգրյալ պահանջի մասով առկա է նոր քննության անհրաժեշտություն, որպեսզի, մասնավորապես, պարզվի երաշխավորության պայմանագիրն Ընկերության տնօրենի կողմից ստորագրված լինելու հանգամանքը:

Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը Դատարանի որոշումը բեկանելու հիմքում դրել է Բանկի ներկայացուցչի հայտարարությունը` անտեսելով այն հանգամանքը, որ փաստաբանի հայտարարությունն ապացույցի տեսակ չէ հանդիսանում, ինչպես նաև հաշվի չառնելով, որ պայմանագրերը ենթադրաբար Ընկերության տնօրեն չհանդիսացող անձի կողմից ստորագրված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ: Հետևաբար Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Նկատի ունենալով, որ գործում որևէ ապացույց առկա չէ այն մասին, որ երաշխավորության պայմանագիրը ստորագրել է այլ անձ, ով Ընկերության տնօրենը չէ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավաչափ եզրահանգման է հասել Բանկի պահանջը հաստատելիս, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին մասնակիորեն օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Դատարանի որոշմանն օրինական ուժ տալիս հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ թե՛ Դատարանի որոշումը, թե՛ Վերաքննիչ դատարանի որոշումը վերադասության կարգով բողոքարկվել են Ընկերության տնօրենի կողմից պայմանագիրը ստորագրված չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2017 թվականի որոշման` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 14.07.2017 թվականի որոշումը մասնակի` «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի պահանջը` 1.856.901,82 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 938.560,28 ՀՀ դրամի չափով` որպես երաշխավորությամբ ապահովված պահանջ, հաստատելու մասով, բեկանման և այդ մասով գործը նոր քննության ուղարկելու մասը, և նշված մասով օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 14.07.2017 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.12.2018
N ԵՄԴ/0039/04/14
Որոշում