Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 27-ՐԴ ԵՎ 124-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/7463/05/13  

    Վարչական գործ թիվ ՎԴ/7463/05/13        2018 թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Գ. Ղարիբյան

                       

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2018 թվականի նոյեմբերի 30-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Մաքրուհի, Պերճուհի, Արթուր, Ռոբերտ Գազազյանների, Էլեոնորա Գաբրիելյանի` սեփականության իրավունքի պետական գրանցումների մասնակիորեն առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանները պահանջել են մասնակիորեն` «0,021305 հա մակերեսով հողամասն օգտագործվում է որպես ընդհանուր համատեղ սեփականություն 2-րդ հարկի սեփականատիրոջ հետ» մասով, ճանաչել միասնական թիվ 01-007-04-107 մատյանի 009 համարի տակ 31.01.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը, ինչպես նաև մասնակիորեն` 213,05քմ մակերեսով հողամասի մասով, ճանաչել Մաքրուհի, Պերճուհի, Արթուր, Ռոբերտ Գազազյանների, Էլեոնորա Գաբրիելյանի անվամբ 22.05.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը և վերացնել առ ոչինչ վարչական ակտերի հետևանքները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 14.05.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.10.2015 թվականի որոշմամբ Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.05.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.12.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 27.10.2015 թվականի որոշման դեմ Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.03.2018 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայվել է և վերացվել. Վերաքննիչ դատարանի 27.10.2015 թվականի որոշման դեմ Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ և 124-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում 31.01.2007 թվականի և 22.05.2009 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումներով Մաքրուհի, Պերճուհի, Արթուր, Ռոբերտ Գազազյաններին և Էլեոնորա Գաբրիելյանին տրամադրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք` գրանցելով վերջիններիս սեփականության իրավունքը միայն Վարսիկ Մուսոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նկատմամբ, իսկ Վարսիկ Մուսոյանի վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն` տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու միայն իրեն պատկանող անշարժ գույքն այլ անձանց հետ համատեղ:

Վերը նշված պետական գրանցումների` Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի մասով առ ոչինչ լինելու փաստը հաստատվում է սույն գործում առկա ապացույցների լրիվ և բազմակողմանի գնահատման միջոցով: Մինչդեռ ստորադաս դատարանները չեն գնահատել այդ ապացույցները, որոնցով հաստատվում է, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասը պատկանել է միայն Վարսիկ Մուսոյանին, իսկ Մաքրուհի, Պերճուհի, Արթուր, Ռոբերտ Գազազյանները և Էլեոնորա Գաբրիելյանն այդ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք չէին կարող ունենալ: Ավելին, հենց 31.01.2007 թվականի և 22.05.2009 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումների հիմքում ընկած իրավահաստատող փաստաթղթերից Կադաստրի համար ակնհայտ է եղել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի միակ սեփականատերը Վարսիկ Մուսոյանն է և այն չէր կարող գրանցվել Մաքրուհի, Պերճուհի, Արթուր, Ռոբերտ Գազազյանների և Էլեոնորա Գաբրիելյանի անվամբ: Արդյունքում առանց ապացույցների պատշաճ հետազոտման` ստորադաս դատարանները հանգել են այն ոչ իրավաչափ եզրակացության, որ 31.01.2007 թվականի և 22.05.2009 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումների առ ոչինչ լինելը ճանաչելու հիմքեր առկա չեն, քանի որ դրանք չեն պարունակում ակնհայտ կոպիտ սխալներ:

i

Միաժամանակ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ 3-204(ՎԴ) քաղաքացիական գործով 03.02.2006 թվականի, թիվ 3-402(ՎԴ) քաղաքացիական գործով 20.06.2008 թվականի, թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով 12.03.2010 թվականի, թիվ ՎԴ2/0091/05/10 վարչական գործով 03.12.2010 թվականի և թիվ ՎԴ3/0233/05/12 վարչական գործով 26.12.2013 թվականի որոշումներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.10.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի նկատմամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-007-4-107 մատյանի 009 համարի տակ 31.01.2007 թվականին գրանցվել է Վարսիկ Մուսոյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, իսկ Վարսիկ Մուսոյանին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2318611 վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» մասում նշվել է, որ «0,021305 հա մակերեսով հողամասն օգտագործվում է որպես ընդհանուր համատեղ սեփականություն 2-րդ հարկի սեփականատիրոջ հետ» (հատոր 1-ին, գ.թ. 17):

2. Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի նկատմամբ 22.05.2009 թվականին գրանցվել է Մաքրուհի, Պերճուհի, Արթուր, Ռոբերտ Գազազյանների և Էլեոնորա Գաբրիելյանի ընդհանուր սեփականության իրավունքը, իսկ վերջիններիս տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2576905 վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» մասում նշվել է, որ «213,05քմ հողամասն օգտագործվում է Վարսիկ Մուսոյանի հետ որպես ընդհանուր համատեղ սեփականություն» (հատոր 1-ին, գ.թ. 14-16):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` բողոքարկվող դատական ակտում և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում իրավական նորմերին տրված մեկնաբանությունների հակասության` որպես օրենքի միատեսակ կիրառության համար նշանակություն ունենալու հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի գնահատման և դրա առկայության կամ բացակայության հարցը որոշելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե սույն գործով բերված վճռաբեկ բողոքում մատնանշված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում կատարված իրավական նորմերի մեկնաբանությունները հակասու՞մ են արդյոք բողոքարկվող դատական ակտում միևնույն նորմերին տրված մեկնաբանություններին:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն` (...) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը (...):

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով` (1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը. (2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

i

21.02.2007 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

i

07.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի` Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` մինչև 09.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե` բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` 09.04.2018 թվականից հետո գործող խմբագրությամբ 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար: Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե` բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի` որպես բարձրագույն դատական ատյանի գործառույթն օրենքի միատեսակ կիրառությունն ապահովումն է: 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակը հստակեցվել է և սահմանվել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իրականացնում է, inter alia, օրենքների և այլ նորմատիվ ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթ` դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով: Օրենքների և այլ նորմատիվ ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթն առաջին հերթին ենթադրում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կատարված իրավական նորմերի մեկնաբանությունների և արտահայտված իրավական դիրքորոշումների կայունություն, կանխատեսելիություն, ինչպես նաև դրանց պարտադիր կիրառություն նույնանման փաստական հանգամանքներ ունեցող բոլոր դատական գործերի համար:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով 21.02.2007 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավադրույթի վերլուծությանը, գտել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս, դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինելու կամ չլինելու հարցը (տե՛ս, «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ն ընդդեմ Սոս Բաղդասարյանի թիվ 3-480(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):

07.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով օրենսդիրը վերանայել է 21.02.2007 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավադրույթը և սահմանել է, որ ստորադաս դատարանները կարող են կոնկրետ գործով որևէ իրավական նորմ կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նույնանման փաստերով գործի շրջանակներում այդ իրավական նորմին տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ միայն այն դեպքում, երբ հիմնավորում են ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը: Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որևէ իրավական նորմին տրված մեկնաբանությունը կրկին պարտադիր է ստորադաս դատարանի համար նույնանման փաստերով գործով, իսկ այդ մեկնաբանություններից տարբերվող մոտեցման ցուցաբերումը ստորադաս դատարանի համար առաջացնում է այդպիսի շեղումը հիմնավորելու լրացուցիչ պարտականություն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանի` օրենքի և այլ նորմատիվ ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրաիրավական գործառույթը վարչական դատավարությունում առարկայացվում և կոնկրետացվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածով սահմանված իրավադրույթների միջոցով: Այսպես, մինչև 09.04.2018 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի տեսանկյունից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հայեցողական հիմքերից մեկն այն էր, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, իսկ 09.04.2018 թվականից հետո գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի տեսանկյունից` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար: Ընդ որում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` թե՛ մինչև 09.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 161-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, թե՛ 09.04.2018 թվականից հետո գործող խմբագրությամբ 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումն օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար կարող է ունենալ էական նշանակություն այն դեպքում, երբ, inter alia, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

i

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերոգրյալ հիմքի առկայությունը պարտավոր է հիմնավորել վճռաբեկ բողոք բերած անձը` վճռաբեկ բողոքում, մասնավորապես, հիմնավորելով, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով վճռաբեկ դատարանի դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդված): Այնուհանդերձ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է, որ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է կամ հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Այսինքն` բացառապես ՀՀ վճռաբեկ դատարանն է իրավասու որոշել, թե արդյոք բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, թե` ոչ: Փաստորեն, վճռաբեկ բողոքի ընդունելիության քննարկվող հիմքի առկայության կամ բացակայության վերաբերյալ վերջնական գնահատական տալու իրավասությունը վերապահված է բացառապես ՀՀ վճռաբեկ դատարանին:

Վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում քննարկել և որոշել սույն գործով վճռաբեկ բողոք բերած անձանց կողմից մատնանշված` ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին որոշումներում իրավական նորմերին տրված մեկնաբանությունների և Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ այդ իրավական նորմերին տրված մեկնաբանությունների միջև հակասության առկայության կամ բացակայության հարցը:

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում փորձել է հիմնավորել, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ 3-204(ՎԴ) քաղաքացիական գործով 03.02.2006 թվականի, թիվ 3-402(ՎԴ) քաղաքացիական գործով 20.06.2008 թվականի, թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով 12.03.2010 թվականի, թիվ ՎԴ2/0091/05/10 վարչական գործով 03.12.2010 թվականի և թիվ ՎԴ3/0233/05/12 վարչական գործով 26.12.2013 թվականի որոշումներին: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում առանձին-առանձին անդրադառնալ այդ որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին և համադրել դրանք սույն գործով բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանի կողմից կատարված մեկնաբանությունների հետ` պարզելու համար դրանց միջև հնարավոր հակասության առկայությունը կամ բացակայությունը:

Նախ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի նկատմամբ 31.01.2007 թվականին և 22.05.2009 թվականին կատարված պետական գրանցումներով գրանցվել է Վարսիկ Մուսոյանի և Մաքրուհի, Պերճուհի, Արթուր, Ռոբերտ Գազազյանների ու Էլեոնորա Գաբրիելյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, իսկ Վարսիկ Մուսոյանին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2318611 վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» մասում նշվել է, որ «0,021305 հա մակերեսով հողամասն օգտագործվում է որպես ընդհանուր համատեղ սեփականություն 2-րդ հարկի սեփականատիրոջ հետ»: Մինչդեռ Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանները գտնում են, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասը հանդիսացել է միայն իրենց իրավանախորդի միանձնյա սեփականությունը և չպետք է ստանար պետական գրանցում` որպես Վարսիկ Մուսոյանի և Մաքրուհի, Պերճուհի, Արթուր, Ռոբերտ Գազազյանների ու Էլեոնորա Գաբրիելյանի ընդհանուր համատեղ սեփականություն: Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների փաստարկմամբ Վարսիկ Մուսոյանին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2318611 վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» մասում ապօրինի կերպով է նշվել, որ «0,021305 հա մակերեսով հողամասն օգտագործվում է որպես ընդհանուր համատեղ սեփականություն 2-րդ հարկի սեփականատիրոջ հետ»:

i

Նշված հիմնավորումներով Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանները վարչական դատարանից պահանջել են մասնակիորեն` «0,021305հա մակերեսով հողամասն օգտագործվում է որպես ընդհանուր համատեղ սեփականություն 2-րդ հարկի սեփականատիրոջ հետ» մասով, ճանաչել միասնական թիվ 01-007-04-107 մատյանի 009 համարի տակ 31.01.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը, ինչպես նաև մասնակիորեն` 213,05քմ մակերեսով հողամասի մասով, ճանաչել Մաքրուհի, Պերճուհի, Արթուր, Ռոբերտ Գազազյանների, Էլեոնորա Գաբրիելյանի անվամբ 22.05.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը և վերացնել առ ոչինչ վարչական ակտերի հետևանքները: Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի հիման վրա էլ հարուցվել է սույն վարչական գործը:

Դատարանը մերժել է Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների հայցը` պատճառաբանելով, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի նկատմամբ 31.01.2007 թվականին Վարսիկ Մուսոյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումը և 22.05.2009 թվականին Մաքրուհի, Պերճուհի, Արթուր, Ռոբերտ Գազազյանների և Էլեոնորա Գաբրիելյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումը չեն պարունակում ակնհայտ կոպիտ սխալներ և դրանցով չեն տրամադրվել ակնհայտ ոչ իրավաչափ իրավունքներ և չեն սահմանվել ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություններ: Դատարանը հավելել է նաև, որ «(...) հայցվորի կողմից ներկայացված (...) հիմնավորումներն ըստ էության չեն կարող հիմք հանդիսանալ վեճի առարկա գրանցումների առ ոչինչ ճանաչման համար, այլ դրանք, ըստ էության, կարող են քննարկվել որպես վիճարկվող վարչական ակտերի անվավերության (...) գնահատման հիմք (...)»:

Վերաքննիչ դատարանը մերժել է Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ հայցվորների կողմից վկայակոչված փաստարկները վերաբերում են վարչական ակտերի իրավաչափությանը, այսինքն` դրանք կարող են գնահատվել բացառապես վարչական ակտերի իրավաչափության ստուգման տիրույթում` նշված ակտերի անվավերության հարցի քննարկման ժամանակ, որպիսի պահանջ սույն վարչական գործի շրջանակներում առկա չէ: Վերաքննիչ դատարանը նշել է, որ սույն գործի շրջանակներում վիճարկվող ակտերի ոչ իրավաչափ լինելն ակնհայտ չէ և տրամադրված իրավունքի ոչ իրավաչափ լինելու հանգամանքը տվյալ դեպքում հնարավոր է պարզել միայն այդ ակտերի հիմքում դրված հանգամանքների հավաստիության, տրամադրված իրավունքի հիմքում ընկած փաստաթղթերի ուսումնասիրության կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիության կամ մեկնաբանության ստուգման միջոցով: Հետևաբար Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վիճարկվող գրանցումները չեն պարունակում ակնառու սխալներ, իսկ բողոքաբերի նշած փաստարկները պահանջում են վեճի առարկա հանդիսացող գրանցումների իրավաչափության լրացուցիչ գնահատում, ինչն արդեն իսկ բացառում է իրավունքի պետական գրանցումների առ ոչինչ ճանաչելու հանգամանքը և վերաբերում է դրանց անվավերությանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանն իրենց դատական ակտերում հանգել են այն եզրակացության, որ Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների ճանաչման հայցը ենթակա է մերժման` մեկնաբանելով և կիրառելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը:

i

Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն` առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով 12.03.2010 թվականի որոշմամբ մեկնաբանել է վկայակոչված իրավական նորմը` արտահայտելով այն իրավական դիրքորոշումը, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի հիմքով վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար: Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունն առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի վերոգրյալ մեկնաբանությունները ձեռք են բերել կայուն նախադեպային իրավունքի ուժ: Իսկ իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ թե՛ ՀՀ վճռաբեկ դատարանը, թե՛ ՀՀ վարչական դատարանն ու ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մշտապես ղեկավարվել են այդ իրավական դիրքորոշումներով: Նույն իրավական դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է նաև «Անուշ և Գոռ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության թիվ ՎԴ2/0091/05/10 վարչական գործով 03.12.2010 թվականին կայացրած որոշմամբ:

Նշված երկու դատական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումները վկայակոչվել են սույն գործով վճռաբեկ բողոք բերած անձի կողմից` գտնելով, որ այդ որոշումներում և Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին տրված մեկնաբանությունները հակասում են միմյանց: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի շեղվել ՀՀ վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշումներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին տրված մեկնաբանություններից:

Այսպես, սույն գործի շրջանակներում վիճարկվող ակտերով` Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի նկատմամբ 31.01.2007 թվականին Վարսիկ Մուսոյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցմամբ և 22.05.2009 թվականին Մաքրուհի, Պերճուհի, Արթուր, Ռոբերտ Գազազյանների և Էլեոնորա Գաբրիելյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցմամբ դրանց հասցեատերերի վրա չի դրվում ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն և նրանց չի տրամադրվում ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վարսիկ Մուսոյանի` միանձնյա սեփականության իրավունք ունենալու հարցը հնարավոր է պարզել միայն այդ անշարժ գույքի նկատմամբ 31.01.2007 թվականին և 22.05.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումների հիմքում ընկած իրավահաստատող փաստաթղթերի, ապացույցների, հանգամանքների մանրամասն ուսումնասիրության արդյունքում` պարզելով Կադաստրի կողմից իրավական նորմերի սխալ կիրառումը կամ դրանց սխալ մեկնաբանումը: Այլ կերպ ասած` տվյալ դեպքում Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների կողմից ճանաչման հայցի հիմքում վկայակոչված փաստարկներն ու հիմնավորումները վերաբերում են բացառապես 31.01.2007 թվականին և 22.05.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումների անվավերության հարցին, այսինքն` դրանք կարող էին գնահատվել ոչ թե «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, այլ նույն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի տիրույթում` նշված վարչական ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում:

i

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել ՀՀ սահմանադրական դատարանի 04.02.2014 թվականի թիվ ՍԴՈ-1137 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումները, որոնց համաձայն` վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու և գնահատելու անհրաժեշտության և բացառում են տվյալ ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ հնարավոր վեճերը:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի նկատմամբ 31.01.2007 թվականին և 22.05.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները չեն պարունակում ակնառու կոպիտ սխալներ, իսկ Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների փաստարկներն ու հիմնավորումները պահանջում են այդ վարչական ակտերի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու և գնահատելու անհրաժեշտություն, ինչն արդեն իսկ բացառում է դրանց առ ոչինչ լինելը:

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին տրված մեկնաբանությունը: Սույն գործով ստորադաս դատարանների կողմից այդ իրավադրույթի կիրառությունը լիովին համապատասխանում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում արտահայտված իրավական դիրքորոշումներին, մասնավորապես` բողոք բերած անձի կողմից վկայակոչված` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով 12.03.2010 թվականի որոշմամբ և «Անուշ և Գոռ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության թիվ ՎԴ2/0091/05/10 վարչական գործով 03.12.2010 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին տրված մեկնաբանություններին:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բերված վճռաբեկ բողոքում, որպես այն վարույթ ընդունելու հիմք, վկայակոչվել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ 3-204(ՎԴ) քաղաքացիական գործով 03.02.2006 թվականի և թիվ 3-402(ՎԴ) քաղաքացիական գործով 20.06.2008 թվականի որոշումների և Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման միջև առկա հակասությունների առկայությունը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում, որ նշված որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է 29.01.1991 թվականին ընդունված և 15.06.2001 թվականին ուժը կորցրած ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված այն իրավադրույթի մեկնաբանությանը, որի համաձայն` «(...) տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն (...)»: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ եթե 29.01.1991 թվականի դրությամբ մի քանի անձանց կողմից ընդհանուր կերպով տիրապետվող հողամասը փաստացի առանձնացված է եղել այդ անձանց միջև, ապա նրանցից յուրաքանչյուրը պետք է ճանաչվի որպես հողամասի` իր կողմից փաստացի զբաղեցրած մասի սեփականատեր:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ 3-204(ՎԴ) քաղաքացիական գործով 03.02.2006 թվականի և թիվ 3-402(ՎԴ) քաղաքացիական գործով 20.06.2008 թվականի որոշումներում արտահայտված վերոգրյալ իրավական դիրքորոշումը չի կարող որևէ նշանակություն ունենալ սույն գործի լուծման համար: Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի նկատմամբ 31.01.2007 թվականին և 22.05.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումների առ ոչինչ լինելը որևէ կերպ պայմանավորված չէ այդ հողամասի` մի քանի անձանց կողմից ընդհանուր կերպով տիրապետվելու և 29.01.1991 թվականի դրությամբ այդ անձանց միջև փաստացի առանձնացված լինելու հանգամանքով: Սույն գործով Վերաքննիչ դատարանն իրավացիորեն չի կիրառել (առհասարակ չի շոշափել) 29.01.1991 թվականին ընդունված և 15.06.2001 թվականին ուժը կորցրած ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, քանի որ տվյալ իրավադրույթով սահմանված իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը չի ենթադրում, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի նկատմամբ 31.01.2007 թվականին և 22.05.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներով դրանց հասցեատերերի վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն կամ նրանց տրամադրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի փաստացի առանձնացված լինելու և այն միայն Վարսիկ Մուսոյանի կողմից տիրապետվելու հանգամանքների առկայությունը, ինչպես նաև այդ հանգամանքների ազդեցությունը նշված անշարժ գույքի սեփականատերերի կազմի վրա ենթակա են պարզման լրացուցիչ ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, ինչն ինքնին բացառում է այդ հողամասի նկատմամբ 31.01.2007 թվականին և 22.05.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումների կատարման ընթացքում թույլ տրված սխալների ակնհայտությունը և դուրս է սույն գործով ապացուցման առարկայի շրջանակներից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի հակասում և սկզբունքորեն չի էլ կարող հակասել ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ 3-204(ՎԴ) քաղաքացիական գործով 03.02.2006 թվականի և թիվ 3-402(ՎԴ) քաղաքացիական գործով 20.06.2008 թվականի որոշումներում 29.01.1991 թվականին ընդունված և 15.06.2001 թվականին ուժը կորցրած ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածին տրված մեկնաբանություններին, քանի որ սույն գործով այդ իրավադրույթն առհասարակ կիրառելի չէ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանի մյուս որոշումը, որը Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանները վկայակոչել են իրենց վճռաբեկ բողոքում, Ժիրայր Զոհրաբյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ3/0233/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումն է: Ըստ բողոք բերած անձի` սույն գործով բողոքարկվող դատական ակտի և ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշման միջև հակասությունն առաջանում է այդ որոշմամբ 28.11.2007 թվականին ընդունված և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 23-րդ, 24-րդ և 113-րդ հոդվածներով սահմանված իրավադրույթներին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված այն մեկնաբանության առնչությամբ, որի համաձայն` «(...) դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը (...)»:

Այս առումով Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սույն գործով ստորադաս դատարանների կողմից իրականացված ապացույցների հետազոտման ու գնահատման հարցին, հանգում է այն եզրահանգման, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն անմիջականորեն գնահատել է սույն գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել է, որ դրանցով որևէ կերպ չի հաստատվում, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի նկատմամբ 31.01.2007 թվականին և 22.05.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներով դրանց հասցեատերերի վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն կամ նրանց տրամադրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Դրա հիման վրա Վերաքննիչ դատարանը որոշել է, որ սույն գործով Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների հայցը մերժելու վերաբերյալ Դատարանի վճիռն իրավաչափ է: Այլ կերպ ասած, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով հետազոտել ու գնահատել է սույն գործով ձեռք բերված բոլոր ապացույցներն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի նկատմամբ 31.01.2007 թվականին և 22.05.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումների առ ոչինչ լինելու հարցը պարզելու համար: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի հակասում թիվ ՎԴ3/0233/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշմամբ ապացույցների հետազոտման և գնահատման վերաբերյալ վերոհիշյալ իրավական մեկնաբանություններին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի հակասում ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ 3-204(ՎԴ) քաղաքացիական գործով 03.02.2006 թվականի, թիվ 3-402(ՎԴ) քաղաքացիական գործով 20.06.2008 թվականի, թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով 12.03.2010 թվականի, թիվ ՎԴ2/0091/05/10 վարչական գործով 03.12.2010 թվականի և թիվ ՎԴ3/0233/05/12 վարչական գործով 26.12.2013 թվականի որոշումներին, որոնք վկայակոչվել են բողոք բերած անձի կողմից: Ընդհակառակը` կատարված համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները լիովին համապատասխանում են բողոք բերած անձի կողմից վկայակոչած որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի կատարած մեկնաբանություններին:

Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն են նաև Վերաքննիչ դատարանի կողմից նյութական ու դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տրված լինելու վերաբերյալ Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների փաստարկները: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի նկատմամբ 31.01.2007 թվականին և 22.05.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումների առ ոչինչ լինելը ճանաչելու իրավական և փաստական հիմքերը բացակայել են: Հետևաբար Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների ճանաչման հայցը ենթակա է եղել մերժման, ինչն էլ իրավացիորեն արձանագրվել է ստորադաս դատարանների կողմից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Դատարանը, մերժելով Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,021305 հա մակերեսով հողամասի նկատմամբ 31.01.2007 թվականին և 22.05.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումների առ ոչինչ լինելը մասնակիորեն ճանաչելու վերաբերյալ Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վարսիկ Մուսոյանի իրավահաջորդներ Ծաղիկ, Կարինե, Ժակլին Այանյանների ներկայացուցիչների կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջիններիս բողոքը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.10.2015 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

նախագահող զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.11.2018
N ՎԴ/7463/05/13
Որոշում