Սեղմել Esc փակելու համար:
ՎԼԱԴԻՄԻՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ «Գ» ԵՎ «Ե» ԿԵՏԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 30 ապրիլի 2019թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչ` Վ. Զուռնաչյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Վլադիմիր Մկրտչյանի դիմումի հիման վրա` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» և «ե» կետերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի փետրվարի 18-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2004 թվականի մարտի 16-ին և ուժի մեջ է մտել 2004 թվականի դեկտեմբերի 31-ին:

Օրենքի` «Իրավաչափ վարչական ակտի ուժը կորցնելը» վերտառությամբ 66-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» և «ե» կետերը համապատասխանաբար սահմանում են.

«3. Բարենպաստ իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել, եթե`

...

գ) վարչական ակտի հետ կապված է օրենքով նախատեսված որևէ պարտականություն, որը պետք է կատարեր այդ ակտի հասցեատերը, սակայն չի կատարել կամ պատշաճ չի կատարել.

...

ե) նորմատիվ իրավական ակտի փոփոխության հետևանքով վարչական մարմինն իրավունք կունենար չընդունելու տվյալ վարչական ակտը, քանի դեռ այդ վարչական ակտի հասցեատերը չի օգտվել վարչական ակտով տրամադրված օգուտներից, կամ նրա նկատմամբ դեռևս չեն կատարվել այն գործողությունները, որոնք վարչական ակտով երաշխավորված են եղել, և եթե վարչական ակտն ուժը չկորցնելու դեպքում կարող է խախտվել գերակայող հանրային շահը»:

Օրենքի վերոնշյալ դրույթները որևէ փոփոխության և լրացման չեն ենթարկվել:

Գործի քննության առիթը Վլադիմիր Մկրտչյանի` 2018 թվականի նոյեմբերի 19-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանող կողմի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթներն ու դրանց հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» և «ե» կետերով սահմանված իրավակարգավորումները հակասում են Սահմանադրության 5-րդ, 6-րդ, 8-րդ, 60-րդ, 73-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին այն պատճառաբանությամբ, որ.

- դիտարկվող իրավակարգավորումները Սահմանադրությամբ սահմանված հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս բավարար չափով չեն սահմանում այն կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար,

- դիտարկվող իրավակարգավորումները չեն սահմանում այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, դրանք բավարար չափով որոշակի չեն, որի արդյունքում էլ այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի չեն լինելու դրսևորելու համապատասխան վարքագիծ,

- Սահմանադրությամբ սահմանված հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պիտանի և անհրաժեշտ չեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, համարժեք չեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը,

- դիտարկվող իրավակարգավորումները թույլ են տալիս հետադարձ ուժ հաղորդել անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներին կամ այլ նորմատիվ իրավական ակտերին:

Ըստ դիմողի` օրենսդրությունը և, մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ նորմեր, որոնք հարկադրաբար ապահովում են վարչական ակտի հասցեատիրոջ կողմից իր պարտականությունների կատարումը կամ պատշաճ կատարումը: Հետևաբար, ըստ դիմողի, եթե վարչական ակտի հասցեատերը չի կատարել կամ պատշաճ չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, ապա այն հնարավոր է կատարել հարկադրանք կիրառելու միջոցով, որպիսի պայմաններում անհրաժեշտություն չի առաջանա ամբողջությամբ անվավեր ճանաչել վարչական ակտը:

Դիմողը գտնում է նաև, որ անձի հայցադիմումի հիման վրա վարչական ակտն անվավեր ճանաչելու համար դեռևս բավարար չէ դրա` օրենսդրությանը հակասող լինելու հանգամանքը: Անհրաժեշտ է նաև, որ տվյալ ակտը խախտի տվյալ անձի` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները կամ ստեղծի դրանց խախտման վտանգ:

Դիմողը գտնում է. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» և «ե» կետերով սահմանված դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 5-րդ, 6-րդ, 8-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին, քանի որ դրանք չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, դրանցով հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս չեն սահմանվել այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը, իսկ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պիտանի և անհրաժեշտ չեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, համարժեք չեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը, առարկելով դիմողի կողմից ներկայացված փաստարկներին, գտնում է, որ սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված են բավարար իրավական կառուցակարգեր և ընթացակարգեր Սահմանադրությամբ (60-րդ, 79-րդ հոդվածներ) սահմանված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար, իսկ այդ իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները ոչ միայն համահունչ են (Օրենքի 66-րդ հոդված), այլև բխում են համապատասխան սահմանադրաիրավական նորմերի պահանջներից:

Պատասխանողը վերոշարադրյալ իրավական ակտերի և Օրենքի համակարգային վերլուծության հիման վրա անհրաժեշտ է համարում արձանագրել, որ օրենսդիրը նպատակ է հետապնդել սահմանելու այնպիսի իրավական կարգավորում, որը, ի թիվս այլնի, կերաշխավորի ինչպես սեփականության իրավունքի, այնպես էլ գերակա հանրային շահով պայմանավորված` սեփականության իրավունքի սահմանափակման պահանջի լիարժեք և արդյունավետ իրականացում:

Պատասխանողի կարծիքով` Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» և «ե» կետերը համապատասխանում են Սահմանադրության պահանջներին:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

1. արդյոք իրավաչափ վարչական ակտի հասցեատիրոջ կողմից վարչական ակտի հետ կապված` օրենքով նախատեսված և դրա հիման վրա վարչական ակտով անձի վրա դրված որևէ պարտականության չկատարումը կարող է իրավաչափ վարչական ակտն ուժը կորցրած ճանաչելու օրենսդրական հիմք հանդիսանալ,

2. արդյոք խնդրո առարկա իրավակարգավորումները թույլ են տալիս հետադարձ ուժ հաղորդել անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներին կամ այլ նորմատիվ իրավական ակտերին,

3. արդյոք վիճարկվող իրավակարգավորումները սահմանափակում են որևէ հիմնական իրավունք և սահմանափակման դեպքում` համապատասխանու՞մ են արդյոք համաչափության սկզբունքին,

4. արդյոք վիճարկվող իրավակարգավորումները որոշակի են,

5. արդյոք Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետին դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ չի խախտվում անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի պնդումները վիճարկվող դրույթների` Սահմանադրության 5, 6, 8 և 60-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ, ըստ էության չեն առնչվում դիմումի առարկային:

Սահմանադրական դատարանը սույն գործի քննությունն իրականացնելիս գնահատում է վիճարկվող իրավակարգավորումների համապատասխանությունը Սահմանադրության 39, 61, 73, 75, 78 և 79-րդ հոդվածների պահանջներին:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

i

4.1. Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` այդ օրենքի իմաստով բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, իսկ

Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավաչափ է այն վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի պահանջներին համապատասխան:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող դրույթները վերաբերում են այն վարչական ակտերին, որոնք ընդունվել են օրենքների պահանջներին համապատասխան և անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման:

Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի վիճարկվող «գ» կետն ամրագրում է, որ բարենպաստ իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել, եթե վարչական ակտի հետ կապված է օրենքով նախատեսված որևէ պարտականություն, որը պետք է կատարեր այդ ակտի հասցեատերը, սակայն չի կատարել կամ պատշաճ չի կատարել: Այսինքն` այս դեպքը վերաբերում է պայմանով վարչական ակտերին. վարչական ակտով նախատեսված իրավունքներից կամ անձի իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայմանից օգտվելու իրավական նախադրյալը օրենքով նախատեսված և վարչական ակտով տվյալ անձի վրա դրված որևէ պարտականություն կատարելն է: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «վարչական ակտի հետ կապված է օրենքով նախատեսված որևէ պարտականություն» ձևակերպումը նշանակում է, որ պարտականությունը պետք է օրենքով նախատեսված լինի և վարչական ակտի միջոցով ուղղված լինի դրա հասցեատիրոջը: Ուստի, Սահմանադրության 39-րդ հոդվածի երկրորդ նախադասության պահանջն առ այն, որ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, պահպանված է:

Բարենպաստ իրավաչափ վարչական ակտն ուժը կորցրած ճանաչելու այս հիմքը վերաբերում է այն դեպքերին, երբ վարչական ակտի բարենպաստ պայմանից (օգուտից) շահառու անձը կարող է օգտվել միայն օրենքով սահմանված և վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը պատշաճ կերպով կատարելու պայմանով, ինչը նշանակում է, որ այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքը վարչական ակտով նախատեսված բարենպաստ պայմանի ի հայտ չգալն է, այսինքն, վարչական ակտի հասցեատիրոջ մեղքով իր համար սահմանված բարենպաստ հետևանքների չառաջանալը:

Ուստի, Սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վարչական ակտով կոնկրետացված` օրենքով սահմանված պարտականությունը կամ այլ սահմանափակումը (ոչ բարենպաստ պայմանը) վարչական ակտով տրամադրված իրավունքից կամ այլ բարենպաստ պայմանից օգտվելու նախադրյալ չէ, Օրենքի այս վիճարկվող դրույթը կիրառելի չէ:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք որևէ պարտականություն դնելը սահմանափակում է անձի համապատասխան իրավունքը կամ ազատությունը, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն առնվազն սահմանափակում է անձի ազատ գործելու հիմնական իրավունքը և կարող է ազդեցություն թողնել նաև այս հիմնական իրավունքի համեմատ ավելի հատուկ հիմնական իրավունքների իրականացման վրա: Ինչ վերաբերում է բարենպաստ վարչական ակտի ուժը կորցնելուն, ապա վստահության պաշտպանության երաշխավորված սահմաններում այն ինքնին միջամտություն է անձի իրավունքների և ազատությունների իրականացմանը:

Տվյալ դեպքում սահմանափակումը բարենպաստ վարչական ակտով նախատեսված օգուտի տրամադրումը շահառու անձին օրենքով սահմանված պարտականության պատշաճ կատարման հետ զուգորդելն է, որի նպատակը շահառու անձին նրա համար բարենպաստ պայմանի ամրագրման միջոցով օրենքով նախատեսված և դեռևս չկատարված պարտականության պատշաճ կատարմանն ուղղորդելն է, ինչը Սահմանադրական դատարանը գնահատում է որպես իրավաչափ նպատակ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս եղանակով անձին իր իրավաչափ կերպով ամրագրված պարտականությունների պատշաճ կատարմանն ուղղորդելը Օրենքի մակարդակով սահմանված հստակ (և հատուկ) կառուցակարգ է, որով անձի համար կանխատեսելի հետևանքների, այն է` վարչական ակտն ուժը կորցրած ճանաչելու լիազորություն ամրագրելու եղանակով պարզ է կամ պետք է, որ պարզ դառնա, որ վարչական ակտով սահմանված բարենպաստ պայմանից ինքը կարող է օգտվել միայն իր վրա դրված պարտականությունը պատշաճ կերպով կատարելու դեպքում, հակառակ դեպքում` ինքը զրկվում է այդ հնարավորությունից:

Վարչական ակտով սահմանված պայմանն ընդամենը կոնկրետացնում է օրենքով սահմանված պարտականությունը կոնկրետ իրավահարաբերությունների մասով, այդ թվում` կոնկրետ հասցեատիրոջ համար, ինչն իրավական պետությանը հարիր օրենսդրական երաշխիք է օրենքների կատարումն ապահովելու համար, որը, իր հերթին, իրավական անվտանգության բաղադրիչներից մեկն է: Հետևապես, այս կառուցակարգը Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջների տեսանկյունից խնդրահարույց չէ:

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վարչական ակտով նախատեսված օգուտը պարտականության պատշաճ կատարմամբ պայմանավորելը կարող է վերաբերել այն դեպքերին, երբ դրանք բովանդակային առումով փոխկապակցված են միմյանց հետ: Այլ դեպքերում այս կառուցակարգը չի կարող կիրառվել:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ թույլատրելի դեպքերում օրենսդիրն ընտրել է պիտանի միջոց` հասնելու վերոնշյալ իրավաչափ նպատակին: Ուրիշ այլընտրանքային որևէ միջոց, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, չէր կարող համապատասխանել պայմանով վարչական ակտերի էությանը, այսինքն` լինել պիտանի, քանի որ պետք է ենթադրեր տրամադրվող օգուտի և պարտականության տարանջատում այն դեպքում, երբ դրանք փոխկապակցված են:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքի 66-րդ հոդվածի «գ» կետը համապատասխանում է իրավական որոշակիության պահանջին, քանի որ հստակ է ձևակերպված և հնարավորություն է տալիս ակտի հասցեատիրոջը համապատասխանեցնել իր վարքագիծն օրենքի պահանջներին, իսկ ընտրված միջոցը` վարչական ակտով տրամադրվող օգուտն օրենքով սահմանված պարտականության պատշաճ կատարմամբ պայմանավորելը` պիտանի միջոց է իրավունքների և պարտականությունների բովանդակային փոխկապակցվածության դեպքերում օրենքի պահանջների կատարման իրավաչափ նպատակին հասնելու համար, ուստի Սահմանադրության 79-րդ հոդվածի տեսանկյունից խնդրահարույց չէ:

Բացի դրանից, Օրենքով նախատեսված կառուցակարգը` որպես Օրենքի համակարգի մաս, արդյունավետ հնարավորություն է ստեղծում շահառու անձի համար իրականացնելու վարչական ակտով իրեն տրամադրված իրավունքը` պատշաճ կերպով կատարելով իր վրա դրված պարտականությունը, կամ վիճարկելու ընդունված վարչական ակտի իրավաչափությունը, այլ կերպ` վարչական ակտով անձի վրա կարող է դրվել միայն օրենքով սահմանված պարտականություն, իսկ Օրենքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է նաև բարենպաստ իրավաչափ վարչական ակտեր ուժը կորցնելու դեպքում` վստահության պաշտպանության ուժով, շահառու անձանց պատճառված վնասների հատուցման կառուցակարգ:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում շեշտել, որ Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի իմաստով (այլ) օրենքով սահմանված պարտականությունն ամրագրող դրույթի սահմանադրականությունը դիմողի կողմից վիճարկման առարկա չի եղել, ուստի Սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 13-րդ մասի ուժով` համակցված նույն օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասի հետ, իրավասու չէ գնահատել այդ դրույթի համապատասխանությունը Սահմանադրությանը:

4.2. Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի վիճարկվող «ե» կետի համաձայն` բարենպաստ իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել, եթե նորմատիվ իրավական ակտի փոփոխության հետևանքով վարչական մարմինն իրավունք կունենար չընդունելու տվյալ վարչական ակտը, քանի դեռ այդ վարչական ակտի հասցեատերը չի օգտվել վարչական ակտով տրամադրված օգուտներից, կամ նրա նկատմամբ դեռևս չեն կատարվել այն գործողությունները, որոնք վարչական ակտով երաշխավորված են եղել, և եթե վարչական ակտն ուժը չկորցնելու դեպքում կարող է խախտվել գերակայող հանրային շահը: Այս դեպքում խոսքը բարենպաստ իրավաչափ վարչական ակտն ուժը կորցնելու մեկ այլ հիմքի մասին է, որի սահմանադրականությունը, ի լրումն վերոնշյալ չափանիշների, պետք է գնահատվի նաև Սահմանադրության 73-րդ հոդվածի տեսանկյունից:

Օրենքի վերոնշյալ դրույթի վերլուծությունը վկայում է, որ բարենպաստ իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) եթե նորմատիվ իրավական ակտի փոփոխության հետևանքով վարչական մարմինն իրավունք կունենար չընդունելու տվյալ վարչական ակտը,

2) եթե վարչական ակտն ուժը չկորցնելու դեպքում կարող է խախտվել գերակայող հանրային շահը,

3) եթե այդ վարչական ակտի հասցեատերը չի օգտվել վարչական ակտով տրամադրված օգուտներից, կամ նրա նկատմամբ դեռևս չեն կատարվել այն գործողությունները, որոնք վարչական ակտով երաշխավորված են եղել:

Այս պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վիճարկվող դրույթի հիման վրա բարենպաստ իրավաչափ վարչական ակտի ուժը կորցնելն անթույլատրելի է: Նշված պայմանների առկայությունը յուրաքանչյուր կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում պետք է գնահատվի վարչական մարմնի, իսկ դատական պաշտպանության ժամանակ` նաև դատարանի կողմից, և արդյունքում` վարչական մարմինը, իսկ դատական պաշտպանության ժամանակ նաև դատարանը պետք է հանգի այն եզրակացության, որ`

1) վարչական ակտի ուժը կորցնելը պայմանավորող որևէ նորմատիվ իրավական ակտ ենթարկվել է այնպիսի փոփոխությունների, որոնք կբացառեին նման վարչական ակտի ընդունումը, եթե այդ պահանջները վարչական ակտի ընդունման ժամանակ գործած լինեին,

2) իրապես առկա է գերակայող հանրային շահ, որն անհրաժեշտ է նույնականացնել, իսկ այդ շահի հնարավոր խախտումը կարող է կանխվել միայն այդ ակտն ուժը կորցնելու դեպքում,

3) վարչական ակտի հասցեատերը չի օգտվել վարչական ակտով տրամադրված օգուտներից, կամ նրա նկատմամբ դեռևս չեն կատարվել այն գործողությունները, որոնք վարչական ակտով երաշխավորված են եղել:

Այս համատեքստում հարկ է նշել, որ այնքանով, որքանով օրենսդիրն ուղղակիորեն չի սահմանել վարչական ակտի հասցեատիրոջ կողմից վարչական ակտով տրամադրված բոլոր օգուտներից և ամբողջովին օգտվելու պայմանը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վարչական ակտով տրամադրված օգուտներից օգտվելն իր բովանդակության մեջ ներառում է ոչ միայն բոլոր օգուտներից և ամբողջովին օգտվելը, այլ նաև օգուտների մի մասից կամ որևէ օգուտից մասնակի օգտվելը, ինչի առկայությունը, ինչպես վերը նշվեց, յուրաքանչյուր կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում պետք է գնահատվի վարչական մարմնի, իսկ դատական պաշտպանության ժամանակ` նաև դատարանի կողմից:

«Գերակայող հանրային շահ» դրույթն առանցքային նշանակություն ունի միջամտության իրավաչափությունը գնահատելու համար: Սահմանադրության վերլուծությունը վկայում է, որ առհասարակ հանրային շահն այն սահմանադրական արժեքն է, որի պաշտպանության համար հիմնական իրավունքը կամ ազատությունը կարող է սահմանափակվել:

Գերակայող հանրային շահի ամրագրումը վիճարկվող դրույթում նշանակում է, որ այն իրավունքը կամ ազատությունը, որը սահմանափակվում է բարենպաստ վարչական ակտն ուժը կորցնելու ժամանակ, պետք է ավելի նվազ նշանակություն ունենա սահմանափակման այդ կոնկրետ դեպքում, քան դրանով սահմանափակվող իրավունքը կամ ազատությունը: Ուստի, վարչական մարմինը, իսկ դատական պաշտպանության ժամանակ` նաև դատարանը պարտավոր են գնահատել հանրային շահի նշանակությունը:

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ որքան ավելի կարևոր նշանակություն ունի իրավունքը կամ ազատությունը, որին միջամտում է պետությունը, և որքան ավելի ինտենսիվ է միջամտությունն իրավունքին կամ ազատությանը, այդքան ավելի ծանրակշիռ կերպով պետք է հիմնավորվի միջամտության անհրաժեշտությունը վարչական և դատական ակտերում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ եթե նորմատիվ իրավական ակտի փոփոխության հետևանքով վարչական մարմինն իրավունք կունենար չընդունելու տվյալ վարչական ակտը, և այդ վարչական ակտի հասցեատերը սույն որոշմամբ տրված Օրենքի հիշյալ դրույթի` օգուտներից օգտվելուն վերաբերող մեկնաբանության սահմաններում չի օգտվել վարչական ակտով տրամադրված օգուտներից, կամ նրա նկատմամբ դեռևս չեն կատարվել այն գործողությունները, որոնք վարչական ակտով երաշխավորված են եղել, ապա գերակայող հանրային շահի ապահովման նպատակով բարենպաստ իրավաչափ վարչական ակտի ուժը կորցնելը չի կարող ինքնին գնահատվել որպես ոչ իրավաչափ միջամտություն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության:

Անդրադառնալով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքի ենթադրյալ խախտմանը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթը չի վերաբերում և չի կարող վերաբերել այն դեպքերին, երբ անձն ամբողջովին կամ մասնակիորեն ստացել է վարչական ակտով նախատեսված օգուտը, ուստի խոսքը վատթարացման մասին չէ, քանի որ իրավահարաբերությունները չեն ավարտվել: Բացի դրանից, վնասի հատուցման լիարժեք հնարավորությունը թույլ է տալիս արդյունավետ կերպով իրականացնել վարչական ակտի հասցեատիրոջ վստահության պաշտպանության իրավունքը:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ այս հիմքով բարենպաստ վարչական ակտն ուժը կորցրած ճանաչելը չի կարող փոխկապակցվել Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով սահմանված հիմքի հետ. այս հիմքը բարենպաստ վարչական ակտն ուժը կորցնելու այլընտրանքներից մեկն է: Ընդ որում` Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ պարտականության պատշաճ կատարմամբ պայմանավորված վարչական ակտի դեպքում այդ պարտականության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը չեն կարող չհանգեցնել տվյալ վարչական ակտով նախատեսված օգուտի չտրամադրմանը, ուստի վստահության պաշտպանության իրավունքը` այդ օգուտի մասով, չի կարող ի հայտ գալ ինքնաշխատ` սոսկ այդպիսի վարչական ակտի ընդունման և ուժի մեջ մտնելու հիմքով:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի վիճարկվող «ե» կետի պահանջները շարադրված են հստակ, պարզ են բոլոր հասցեատերերի համար, իսկ օրենքում գնահատողական հասկացությունների օգտագործումն ինքնին ընդունված է և չի կարող հանգեցնել հակասության Սահմանադրությանը:

Օրենքի այս դրույթը հետապնդում է գերակայող հանրային շահը կենսագործելու նպատակ, չի ենթադրում ուժը կորցնելիք բարենպաստ վարչական ակտերի հետադարձ ներգործություն անձի ստացած օգուտի վրա, ինչպես նաև որևէ կերպ չի սահմանափակում հնարավոր վնասների հատուցման նրա իրավունքը:

 

5. Վիճարկվող դրույթներին դատարանի վերջնական ակտով տրված մեկնաբանությունը

Սույն գործով վիճարկվող դրույթների վերաբերյալ դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետը մեկնաբանելիս Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը 14.06.2018թ. որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սույն դեպքում վարչական ակտ կայացնելիս վարչական մարմինը սահմանել է նաև որոշակի հատուկ պայմաններ, որոնք ակտի հասցեատերը պարտավոր էր պահպանել: Հատուկ պայմաններից 1-ը վերաբերում է անձանց հասցվելիք վնասների փոխհատուցմանը: Ակտում մասնավորապես նշվել է` կառուցապատողը պետք է նախքան շինարարությունը սկսելը և դրա ընթացքում հասցվելիք վնասների փոխհատուցման համար համաձայնության գար կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ:

Գործի քննության արդյունքում պարզ է դառնում, որ երրորդ անձի կողմից չի պահպանվել վարչական ակտով սահմանված պայմանը` կառուցապատողը համաձայնության չի եկել կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների` մասնավորապես, հայցվորի հետ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորին սեփականությամբ պատկանող տարածքը և կառուցապատվող տարածքը գտնվում են հարևանությամբ, և կառուցապատման արդյունքում հայցվորին վնաս է պատճառվում:

Այսինքն, Կառուցապատողը չի կատարել վարչական ակտի հետ կապված` օրենքով նախատեսված պարտականությունները, որը պետք է կատարեր որպես այդ ակտի հասցեատեր:

Նշվածի արդյունքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա է վարչական ակտն ուժը կորցրած ճանաչելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով սահմանված հիմքը»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վերաքննիչ վարչական դատարանի իրավական դիրքորոշումներն այս մասով Սահմանադրական դատարանի գնահատման առարկան չեն կարող դառնալ, քանի որ չեն առնչվում վիճարկվող դրույթի` Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց մեկնաբանությանը, իսկ հնարավոր դատական սխալների ուղղումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ վարչական դատարանն Օրենքի վիճարկվող 66-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետի վերաբերյալ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Անդրադառնալով նույն հոդվածի նույն մասի «ե» կետով սահմանված` վարչական ակտի ուժը կորցրած ճանաչելու հիմքին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է. վարչական ակտը նշված մասի վկայակոչմամբ կարող է ուժը կորցրած ճանաչվել միայն այն դեպքում, եթե առկա են սույն մասով նշված բոլոր պահանջները, մասնավորապես.

վարչական ակտի ընդունումից հետո տեղի է ունեցել նորմատիվ իրավական ակտի փոփոխություն,

փոփոխությունը հանդիսանում է այնպիսին, որ փոփոխության հետևանքով վարչական մարմինն իրավունք կունենար չընդունել տվյալ վարչական ակտը,

վարչական ակտի հասցեատերը չի օգտվել վարչական ակտով իրեն տրամադրված օգուտներից,

վարչական ակտն ուժը չկորցնելու դեպքում կարող է խախտվել գերակայող հանրային շահը:

Տվյալ դեպքում պետք է քննարկման առարկա դարձնել նաև այն հանգամանքը, թե արդյոք պահպանված են նշված նորմով վարչական ակտն ուժը կորցրած ճանաչելու բոլոր պայմանները:

Ինչպես արդեն վերը նշվել է, վարչական ակտի կայացումից հետո տեղի է ունեցել նորմատիվ իրավական ակտի փոփոխություն, սույն դեպքում պարզ է դառնում, որ եթե նորմատիվ իրավական ակտի փոփոխությունը տեղի ունենար մինչև վարչական ակտի կայացումը, ապա վարչական մարմինը հնարավորություն կունենար կայացնել այլ վարչական ակտ: Ինչ վերաբերում է անձի կողմից վարչական ակտով իրեն տրամադրված օգուտներից օգտվելու հանգամանքին, ապա հարկ է նշել, որ սույն գործի քննության արդյունքում պարզվեց, որ ակտի հասցեատերը դեռ չի իրացրել վարչական ակտով իրեն տրված իրավունքը, այսինքն` շինարարությունն իրականացված չէ:

Անդրադառնալով վերը նշված նորմում կիրառվող «վարչական ակտն ուժը չկորցնելու դեպքում կարող է խախտվել գերակայող հանրային շահը» արտահայտությանը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում վարչական ակտի ուժի մեջ մնալը կարող է հանգեցնել գերակայող հանրային շահի խախտման` նկատի ունենալով այն հանգամանքը, որ եթե իրականացվի տվյալ շինարարությունը, ապա շենքերի միջև հեռավորությունը կլինի գործող իրավակարգավորման շրջանակներով սահմանվածից դուրս, որի արդյունքում խախտվում են ոչ միայն սեփականատիրոջ (հայցվորի), այլ հանրության շահերը, քանզի ցանկացած տարերային աղետի, հրդեհի և նմանատիպ իրավիճակներում անհրաժեշտություն է առաջանալու պաշտպանելու յուրաքանչյուր անձի իրավունքը, իսկ կառուցվելիք շենքն ուղղակիորեն ազդելու է անձանց իրավունքների պաշտպանություն իրականացնելու վրա: Հետևաբար, առաջացած վեճն իր էությամբ շոշափում է ոչ միայն հայցվորի և երրորդ անձի սեփականության իրավունքները, այլև վերաբերում է բնակչության անվտանգությանը, որն իրենից ներկայացնում է գերակայող հանրային շահ:

Ամբողջ վերոգրյալի արդյունքում` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն դեպքում առկա են նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետով սահմանված` վարչական ակտն ուժը կորցրած ճանաչելու անվերապահ հիմքեր և վարչական մարմինը նշված հիմքերի առկայության պայմաններում պարտավոր էր ուժը կորցրած ճանաչել երրորդ անձին տրված շինարարության թույլտվությունը»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վերաքննիչ վարչական դատարանի դիրքորոշումից պարզ է դառնում, որ դատարանը վիճարկվող նորմը կիրառելիս «իրեն տրամադրված օգուտներից օգտվելու» ձևակերպմանը տվել է նեղ մեկնաբանություն, այն չի հիմնավորել, մասնավորապես` դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե ի՞նչ է նշանակում տրամադրված օգուտից օգտվելը, տվյալ դեպքում կատարված ո՞ր ծավալի աշխատանք(ներ)ը կարող է գնահատվել որպես օգուտից օգտվել: Վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է, որ ակտի հասցեատերը դեռ չի իրացրել վարչական ակտով իրեն տրված իրավունքը, այսինքն` շինարարությունն իրականացված չէ: Հետևաբար, ըստ Վերաքննիչ վարչական դատարանի մեկնաբանության, միայն վարչական ակտով տրամադրված իրավունքի ամբողջ ծավալով իրացումը կարող է դիտարկվել որպես իրեն տրամադրված օգուտներից օգտվել:

Նման մեկնաբանությունը չի ապահովում անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը, քանի որ ամբողջ օգուտներից մասնակիորեն օգտվելու հետևանքով անձը կրել է որոշակի վնասներ, որոնց առկայությունը` անկախ հետագայում դրանց հիմնավորվածությունն օրենքով սահմանված կարգով գնահատելու անհրաժեշտությունից և դրանց ծավալից, ըստ էության չի գնահատվել Վերաքննիչ վարչական դատարանի կողմից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետը համապատասխանում է Սահմանադրությանը:

i

2. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «վարչական ակտի հասցեատերը չի օգտվել վարչական ակտով տրամադրված օգուտներից» դրույթը ներառում է ոչ միայն այդ ակտով ամրագրված որևէ իրավունքի կամ ազատության կամ բարենպաստ այլ պայմանի ամբողջական, այլև այդ իրավունքի կամ ազատության կամ պայմանի մասնակի իրականացումը հասցեատիրոջ կողմից, որը յուրաքանչյուր կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում պետք է գնահատվի վարչական մարմնի, դատական պաշտպանության ժամանակ` նաև դատարանի կողմից:

3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                    Հ. Թովմասյան

 

30 ապրիլի 2019 թվականի

ՍԴՈ-1458

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
30.04.2019
N ՍԴՈ-1458
Որոշում