Սեղմել Esc փակելու համար:
ՈՍԿԵՐՉՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՍԿԵՐՉՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

i

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՈՍԿԵՐՉՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(Գանգատ թիվ 28739/09)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

18 հոկտեմբերի 2018 թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով`

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos]` Նախագահ,

Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turkovic],

Թիմ Այքը [Tim Eicke]` դատավորներ,

և Ռենատա Դեգեներ [Renata Degener]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2018 թվականի սեպտեմբերի 25-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Գրիգոր Ոսկերչյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2009 թվականի սեպտեմբերի 17-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 28739/09) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Մ. Շուշանյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. Դիմումատուի կալանավորման համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր և բավարար պատճառներ ենթադրաբար չներկայացնելու վերաբերյալ բողոքը 2013 թվականի փետրվարի 20-ին ուղարկվել է Կառավարություն:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

4. Դիմումատուն ծնվել է 1956 թվականին և ապրում է Երևանում:

5. 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որին ամեն օր, փետրվարի 20-ից սկսած, հաջորդել են Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հիմնական թեկնածու պրն Տեր-Պետրոսյանի աջակիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը: Դիմումատուն պրն Տեր-Պետրոսյանի` Աբովյան քաղաքի շտաբի ղեկավարն էր և պարբերաբար մասնակցում էր ցույցերին: 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաքը ցրվել է ոստիկանության կողմից, ինչն ամբողջ Երևանում զանգվածային բողոքի ակցիայի պատճառ է դարձել:

6. 2008 թվականի մարտի 8-ին դիմումատուն կանչվել է Աբովյանի ոստիկանական բաժին, որտեղ նրան հարցաքննել են թռուցիկների առնչությամբ, որոնք նա պատրաստել և ցույցերի ժամանակ ցուցարարներին էր բաժանել:

7. 2008 թվականի մարտի 11-ին դիմումատուին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և պետական իշխանությունը յուրացնելու փորձի համար:

8. Նույն օրը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (Վարչական շրջանի դատարան) որոշում է կայացրել դիմումատուի նկատմամբ երկամսյա ժամկետով, այն է` մինչև 2008 թվականի մայիսի 8-ը, կիրառել մինչդատական կալանք` հաշվի առնելով վերագրվող հանցանքի բնույթն ու ծանրությունը և դրա համար նախատեսվող պատժի խստությունը: Նույն որոշմամբ Վարչական շրջանի դատարանը մերժել է գրավի դիմաց կալանքից ազատվելու մասին դիմումատուի միջնորդությունը:

9. 2008 թվականի մարտի 14-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել` պնդելով, որ քննչական մարմինն իր կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել:

10. 2008 թվականի մարտի 21-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է մերժել դիմումատուի բողոքը` որոշելով, որ այն փաստը, որ դիմումատուին մեղադրանք է առաջադրվել մինչև տասը տարվա ազատազրկմամբ պատժվող ծանր հանցագործության համար, մեծացնում է վերջինիս կողմից քրեական պատժից խուսափելու հավանականությունը: Ավելին, անթույլատրելի էր դիմումատուին գրավի դիմաց ազատ արձակելը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուն ընդհանուր առմամբ կարող էր թաքնվել, խոչընդոտել վարույթը, մեկ այլ հանցանք կատարել, խուսափել պատասխանատվությունից ու պատժից և շարունակել խախտել հասարակական կարգը: Ինչ վերաբերում է դիմումատուի լավ բնութագրին, որը վերջինիս կողմից հիշատակվել էր իր վերաքննիչ բողոքում, ապա սա բավարար չէր կալանավորման որոշումը վերացնելը հիմնավորելու համար:

11. 2008 թվականի մայիսի 4-ին, հուլիսի 2-ին, սեպտեմբերի 3-ին և հոկտեմբերի 30-ին Վարչական շրջանի դատարանը դիմումատուի կալանավորման ժամկետը երկարաձգել է նույն հիմքերով` յուրաքանչյուր դեպքում երկու ամսով:

12. 2008 թվականի մայիսի 19-ին, հուլիսի 18-ին, սեպտեմբերի 19-ին և նոյեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է այս որոշումների դեմ դիմումատուի վերաքննիչ բողոքները:

13. 2008 թվականի դեկտեմբերի 10-ին գործը քննող դատարանը գործը դատական քննության նշանակելու վերաբերյալ որոշում է կայացրել` նույն որոշմամբ հաստատելով, որ դիմումատուի կալանքը պետք է թողնել անփոփոխ:

14. 2009 թվականի հունիսի 22-ին Վարչական շրջանի դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել կառավարության բռնի տապալման դրդող հանրային կոչեր հնչեցնելու համար և երկու տարի ժամկետով պատիժ է նշանակել: Այնուհետև` 2009 թվականի հունիսի 19-ին, Հայաստանի խորհրդարանի կողմից հայտարարված ընդհանուր համաներմամբ այն որոշել է դիմումատուին ազատել իր պատիժը կրելուց: Դիմումատուն անմիջապես կալանքից ազատ է արձակվել:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

15. Ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների համառոտ նկարագրությանը ծանոթանալու համար տե՛ս Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] (թիվ 629/11, §§ 30-32, 2016 թվականի հոկտեմբերի 20) գործով վճիռը:

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

16. Դիմումատուն բողոք է ներկայացրել, որ ներպետական դատարաններն իր կալանավորման համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ: Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, որն այնքանով, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.

«3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք ... ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:»:

Ա. Ընդունելիությունը

17. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ վերջինս ցածր ատյանի դատարանների որոշումների դեմ վճռաբեկ բողոքներ չի ներկայացրել, ինչի իրավունքը նա ուներ` ՔԴՕ-ի 403-րդ հոդվածի համաձայն:

18. Դիմումատուն Կառավարության պնդման վերաբերյալ մեկնաբանություններ չի ներկայացրել:

i

19. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել և մերժել է ընդդեմ Հայաստանի մեկ այլ գործով նմանատիպ առարկություն (տե՛ս Արզումանյանն ընդդեմ Հայաստանի [Arzumanyan v. Armenia], թիվ 25935/08, §§ 28-32, 2018 թվականի հունվարի 11): Տվյալ գործի պարագայում այն իր ավելի վաղ կատարած եզրահանգումներից շեղվելու որևէ պատճառ չի տեսնում: Հետևաբար այն մերժում է չսպառելու մասով Կառավարության առարկությունը:

20. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

Բ. Ըստ էության քննությունը

21. Դիմումատուն նշել է, որ դատարաններն իր կալանավորման համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ:

22. Կառավարությունը պնդել է, որ դատարանները դիմումատուի կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառներ են ներկայացրել, ինչպես, օրինակ, վերագրվող հանցանքի բնույթն ու ծանրությունը և թաքնվելու ու քննությունը խոչընդոտելու ռիսկը:

i

23. Դատարանն անդրադառնում է իր` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված` դատաքննության ընթացքում ազատ արձակվելու իրավունքին առնչվող ընդհանուր սկզբունքներին (տե՛ս Բուզադջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, §§ 92-102, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ), և Արա Հարությունյանի գործը` վերևում հիշատակված, §§ 48-53) և նշում է, որ արդեն իսկ եզրահանգել է, որ կալանք նշանակելիս և դրա ժամկետը երկարաձգելիս կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia], թիվ 33376/07, §§ 97-100, 2012 թվականի հունիսի 26, Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Malkhasyan v. Armenia], թիվ 6729/07, §§ 74-77, 2012 թվականի հունիսի 26, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի [Sefilyan v. Armenia], թիվ 22491/08, §§ 88-93, 2012 թվականի հոկտեմբերի 2, և Արա Հարությունյանի գործը` վերևում հիշատակված, §§ 54-59): Սույն գործով ներպետական դատարանները նույն կերպ են հիմնավորել դիմումատուի շարունակական կալանավորումը` միայն մեջբերելով ներպետական օրենսդրության համապատասխան իրավական սկզբունքները և անդրադառնալով հանցագործության ծանրությանը` առանց ներկայացնելու նրա գործի հատուկ փաստերը կամ ներկայացնելու մանրամասներ առ այն, թե ինչպես են հիմնավորվում թաքնվելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու կամ կրկին հանցագործություն կատարելու ռիսկերը: Ուստի Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ դիմումատուին կալանավորելու համար:

24. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

25. Վերջապես դիմումատուն ներկայացրել է մի շարք այլ բողոքներ` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի և 4-րդ կետի, 10-րդ և 11-րդ հոդվածների մասով:

26. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր իրավասության ներքո, Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ դեպք: Այսպիսով հետևում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի` ակնհայտ անհիմն լինելու պատճառով` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

i

27. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:

Ա. Վնասը

28. Դիմումատուն պահանջել է 20000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

29. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ ինքը կրել է ոչ նյութական վնաս, և խնդրել է Դատարանին մերժել վերջինիս պահանջը: Ամեն դեպքում պահանջվող գումարը չափազանց մեծ է:

30. Դատարանը համարում է, որ Կոնվենցիայի հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս և դիմումատուին շնորհում է 3000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Բ. Ծախսերը և ծախքերը

31. Դիմումատուն ծախսերի և ծախքերի մասով պահանջ չի ներկայացրել:

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

32. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

1. Հայտարարում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա ներկայացված` դիմումատուի կալանավորման համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր և բավարար պատճառներ ենթադրաբար չներկայացնելու վերաբերյալ բողոքն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը` անընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում.

3. Վճռում է, որ`

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 3000 եվրո (երեք հազար եվրո)` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի հոկտեմբերի 18-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

      Ռենատա Դեգեներ                       Քրիստինա Պարդալոս

    Քարտուղարի տեղակալ                          Նախագահ

 

 

pin
Եվրոպական դատարան
18.10.2018
N 28739/09
Վճիռ