Սեղմել Esc փակելու համար:
ՂՈՒԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՂՈՒԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

i

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՂՈՒԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(Գանգատ թիվ 35443/13)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

24 հունվարի 2019թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով`

Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turkovic]` Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo]` դատավորներ,

և Ռենատա Դեգեներ [Renata Degener]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2018 թվականի դեկտեմբերի 18-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

i

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Ոսկեհատ Ղուլյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2013 թվականի մայիսի 28-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 35443/13) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Կ. Մեժլումյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. 2016 թվականի նոյեմբերի 16-ին Վարչական շրջանի դատարանի դատավորի անկողմնակալության ենթադրյալ բացակայության վերաբերյալ բողոքն ուղարկվել է Կառավարություն, իսկ գանգատը մնացած մասով հայտարարվել է անընդունելի` համաձայն Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետի:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

4. Դիմումատուն ծնվել է 1973 թվականին և բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում:

5. 2002 թվականի նոյեմբերի 25-ից դիմումատուն ամբողջ դրույքով անժամկետ պայմանագրային հիմունքներով աշխատել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակում (այսուհետ` Բրիտանական խորհուրդ) որպես ծրագրի ղեկավար:

6. Իր աշխատանքային տարիների ընթացքում դիմումատուն ունեցել է երկու երեխա` ծնված 2008 թվականի մարտի 27-ին և 2010 թվականի մայիսի 7-ին: Դիմումատուն իր հղիության և ծննդաբերության արձակուրդն անցկացրել է Միացյալ Նահանգներում և յուրաքանչյուր վեց ամիսը մեկ պարբերաբար ներկայացրել է իր բացակայության տևողությամբ այդ արձակուրդը երկարացնելու դիմում: Մասնավորապես, նման դիմում նա ներկայացրել է 2009 թվականի մարտ և սեպտեմբեր ամիսներին` իր առաջին երեխայի հետ կապված, և հետո` 2010 թվականի ապրիլ և սեպտեմբեր ամիսներին` երկրորդ երեխայի հետ կապված: Պարզվում է, որ այդ դիմումների հիման վրա դիմումատուի հղիության և ծննդաբերության արձակուրդը երկարացվել է: 2011 թվականի մարտին նրա արձակուրդը ևս մեկ անգամ երկարացվել է մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը:

7. Ըստ դիմումատուի, 2011 թվականի օգոստոսի 19-ին նա դիմել է իր հղիության և ծննդաբերության արձակուրդը ևս մեկ անգամ երկարացնելու համար: Նա այդ մասին իր գրավոր դիմումը ծրարով հանձնել է իր ընկեր Հ.Կ.-ին, ով Միացյալ Նահանգներ կատարած այցից հետո 2011 թվականի օգոստոսի 17-ին պետք է վերադառնար Հայաստան: Ժամանելուց հետո Հ.Կ.-ն ծրարը տվել է Ռ.Օ.-ին` մի վարորդի, ով այնուհետև այն հանձնել է Բրիտանական խորհրդի անվտանգության աշխատակից Ա.Կ.-ին:

8. 2011 թվականի սեպտեմբերի 30-ին դիմումատուն ստացել է նախքան իր աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվելը պայմանագիրը դադարեցնելու մասին ծանուցում: Ծանուցման մեջ նշվել է Բրիտանական խորհրդում աշխատանքի ծավալների և պայմանների փոփոխության, ինչպես նաև աշխատողների թվի կրճատման անհրաժեշտության մասին: Բացի այդ` ծանուցման մեջ նշվել է հետևյալը.

«... [Ձեր] աշխատանքային պայմանագիրը կդադարեցվի Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի [համապատասխան դրույթների] հիման վրա:

Նաև տեղեկացնում ենք, որ Ձեր աշխատանքային պայմանագիրը կդադարեցվի ..... հաշվի առնելով այն փաստը, որ Ձեր` հղիության և ծննդաբերության չվճարվող արձակուրդը վերջանալուց հետո, որը պետք է ավարտվեր 2011 թվականի սեպտեմբերի 1-ին, ինչպես նշված էր Ձեր` 2011 թվականի մարտի 17-ին ֆաքսով մեզ ուղարկված նամակում, Դուք չեք վերադարձել աշխատանքի:

Աշխատանքային պայմանագիրը համարվում է դադարեցված 2011 թվականի դեկտեմբերի 1-ից:»:

9. Պարզվում է, որ դիմումատուն իր աշխատանքի վաղաժամ դադարեցման առնչությամբ էլեկտրոնային նամակներ է ուղարկել Բրիտանական խորհրդի ղեկավարությանը:

10. 2011 թվականի նոյեմբերի 30-ին իրավաբան և Բրիտանական խորհրդին իրավաբանական ծառայություններ մատուցող «Պրուդենս» իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Ար.Մ.-ն այդ մարմնի անունից պատասխանել է դիմումատուին: Մասնավորապես, էլեկտրոնային նամակում նշվել է, որ դիմումատուի աշխատանքային պայմանագրի դադարեցումն ամբողջությամբ համապատասխանում էր ներպետական օրենսդրությանը և Բրիտանական խորհրդի [կողմից սահմանված] դրույթներին և պայմաններին:

11. Բրիտանական խորհրդի տնօրենի` 2011 թվականի դեկտեմբերի 1-ի հրամանով դիմումատուի աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է:

12. 2011 թվականի դեկտեմբերի 30-ին դիմումատուն Բրիտանական խորհրդի դեմ հայց է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան` վիճարկելով 2011 թվականի դեկտեմբերի 1-ի հրամանը և պահանջելով վերականգնում [նախկին աշխատանքում]:

13. Վարչական շրջանի դատարանի դատավոր Ա.Մ.-ն 2012 թվականի հունվարի 11-ի որոշմամբ դիմումատուի գործն ընդունել է քննության և նշանակել նախնական դատական նիստ:

14. 2012 թվականի հունվարի 12-ին Լոնդոնում նոտարի կողմից տրված լիազորագրի համաձայն` Բրիտանական խորհուրդը, inter alia (ի թիվս այլոց), լիազորել է Ար.Մ.-ին և «Պրուդենս» ընկերության մեկ այլ իրավաբան Կ.Բ.-ին միասին կամ առանձին ներկայացնելու իր բոլոր շահերը Հայաստանի Հանրապետության բոլոր ատյանների դատարաններում:

15. 2012 թվականի հունվարի 16-ին Վարչական շրջանի դատարանը ծանուցել է Բրիտանական խորհրդին, որ այն քննության է վերցրել գործը, և նշանակվել է դատավոր:

16. 2012 թվականի հունվարի 31-ին Կ.Բ.-ն դիմել է Վարչական շրջանի դատարան` նշված դատարանում Բրիտանական խորհուրդը ներկայացնելու համար, նաև խնդրելով դատարանին հետաձգել դատական նիստը: 2012 թվականի փետրվարի 1-ին Ար.Մ.-ն տեղեկացրել է Վարչական շրջանի դատարանին, որ տվյալ գործում նա չի ներկայացնելու Բրիտանական խորհրդի շահերը: Պարզվում է, որ Վարչական շրջանի դատարանի ամբողջ դատական վարույթի ընթացքում Կ.Բ.-ն միայնակ է ներկայացրել Բրիտանական խորհուրդը:

17. 2012 թվականի փետրվարի 14-ին Կ.Բ.-ի կողմից ստորագրված` դիմումատուի հայցին տրված իր պատասխանում Բրիտանական խորհուրդը ժխտել է, որ դիմումատուն 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ դիմել է իր հղիության և ծննդաբերության արձակուրդը ևս վեց ամսով երկարացնելու համար:

18. 2012 թվականի հուլիսի 9-ին դատավոր Ա.Մ.-ն մերժել է դիմումատուի հայցը` գտնելով, որ նրա [աշխատանքից] ազատումը եղել է օրինական:

19. Վարչական շրջանի դատարանի վարույթից հետո բացահայտվել է, որ դատավոր Ա.Մ.-ն և իրավաբան Ար.Մ.-ն երկվորյակ եղբայրներ են: Ավելին, «Պրուդենս» իրավաբանական ընկերությունը, որտեղ Ար.Մ.-ն և Կ.Պ.-ն հանդիսանում էին ավագ աշխատակիցներ, հիմնադրվել էր Դ.Մ.-ի, այսինքն` Ա.Մ.-ի և Ար.Մ.-ի ավագ քրոջ կողմից և ղեկավարվում էր նրա ամուսնու` Է.Մ.-ի կողմից:

20. 2012 թվականի օգոստոսի 6-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք` inter alia, վիճարկելով, որ դատավոր Ա.Մ.-ն իր գործի վերաբերյալ որոշում կայացնելիս չի ցուցաբերել անկողմնակալություն` վարույթում իր հակառակորդի օրինական ներկայացուցիչների հետ սերտ ընտանեկան կապերի պատճառով: Կառավարությունը պնդել է, որ նման խնդիր չի բարձրացվել, ինչպես նաև չի տրամադրվել այդ բողոքը հիմնավորող որևէ ապացույց:

21. 2012 թվականի սեպտեմբերի 28-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ է թողել Վարչական շրջանի դատարանի վճիռը: Այդպիսով, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Վարչական շրջանի դատարանում կայացած վարույթում դատավոր Ա.Մ.-ի անկողմնակալության ենթադրյալ բացակայության վերաբերյալ դիմումատուի փաստարկներին:

22. Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք` բերելով իր նախկին բողոքում ներկայացված փաստարկներին նման փաստարկներ:

23. 2012 թվականի նոյեմբերի 28-ին Վճռաբեկ դատարանը հիմքերի բացակայության պատճառով անընդունելի է ճանաչել դիմումատուի վճռաբեկ բողոքը:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

i

24. 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են, որ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով: Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ:

i

25. 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` 21-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:

i

26. 219-րդ հոդվածի համաձայն` Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին:

 

Բ. Դատական օրենսգիրք

i

27. 91-րդ հոդվածն այնքանով, որքանով այն վերաբերելի է, սահմանում է.

«1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլնի այն դեպքերը, երբ`

...

4) դատավորը գիտի, որ նա անձամբ կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:»

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

28. Դիմումատուն բողոքել է, որ իր գործի առնչությամբ չի իրականացվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով անաչառ տրիբունալի կողմից լսում` հաշվի առնելով այն փաստը, որ Վարչական շրջանի դատարանի դատավոր Ա.Մ.-ն սերտ ընտանեկան կապեր է ունեցել վարույթում իր հակառակորդի ներկայացուցիչների հետ:

i

29. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետն ունի հետևյալ բովանդակությունը.

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... տրիբունալի կողմից ... արդարացի ... լսումների իրավունք ...»:

 

Ա. Ընդունելիությունը

30. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրեն հասանելի իրավական պաշտպանության ներպետական բոլոր միջոցները: Վարչական շրջանի դատարանի վարույթի ընթացքում նա երբեք չի պահանջել դատավոր Ա.Մ.-ի ինքնաբացարկը, թեև ներպետական օրենսդրությամբ նման հնարավորություն սահմանվում էր: Ճիշտ է, որ դիմումատուն հայտարարել է, որ Վարչական շրջանի դատարանի վարույթի ընթացքում նրան հայտնի չեն եղել կողմնակալության այն հիմքերը, որոնց առնչությամբ ներկայացվում է պնդումը, սակայն այդ մասին ինքն իմացել է միայն այդ վարույթն ավարտվելուց հետո: Այնուամենայնիվ, նա չի նշել, թե երբ, ինչպես և ինչ հանգամանքներում է բացահայտել այս տեղեկությունը, և ինչու այդ մասին նա չէր կարող ավելի վաղ իմանալ: Թեև դիմումատուն նկատել է, որ դատավոր Ա.Մ.-ն և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Ար.Մ.-ն նույն ազգանունն ունեն, պարտադիր չէր, որ սա վկայեր ընտանեկան որևէ կապի մասին, քանի որ նրանց ազգանունը տարածված ազգանուն էր Հայաստանում:

i

31. Կառավարությունը նաև պնդել է, որ դիմումատուն Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ևս երբևէ հստակ չի վիճարկել դատավոր Ա.Մ.-ի անկողմնակալությունը: Վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացված իր բողոքում դիմումատուն ներկայացրել է մի քանի իրավական դրույթների նյութական և դատավարական խախտումների վերաբերյալ բազմաթիվ պնդումներ, սակայն նա կոնկրետ չի անդրադարձել դատավոր Ա.Մ.-ի անկողմնակալությանը: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի համաձայն` Վերաքննիչ դատարանն իրավասու չէ դուրս գալ վերաքննիչ բողոքի շրջանակներից և պարտավոր է վերանայել դատական որոշումը` վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակում. սա ճիշտ այն է, ինչ արել է Վերաքննիչ դատարանը տվյալ գործի առնչությամբ: Այսպիսով, դիմումատուն հիմնավոր պատճառներով չէր կարող ակնկալել, որ Վերաքննիչ դատարանը կգնահատեր նշված պնդումը, քանի որ նման պնդումն ուղղակի պատշաճ կերպով չէր ներկայացվել դատարանին:

32. Ավելին, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն կորցրել է տուժողի իր կարգավիճակը, քանի որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ուսումնասիրել է գործը և չի գտել որևէ խախտում: Հետևաբար, Կառավարությունը պնդել է, որ գանգատը պետք է հայտարարվի անընդունելի:

33. Դիմումատուն նշել է, որ նա դատավոր Ա.Մ.-ի և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Ար.Մ.-ի միջև ընտանեկան կապի մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ ստացել է Վարչական շրջանի դատարանի վճիռը: Քանի որ դիմումատուն ապրում էր Միացյալ Նահանգներում, նա չի ստացել Հայաստանի Հանրապետության իր ներկայացուցչի կողմից ստացված` դատարանի բոլոր փաստաթղթերը: Միայն վճիռն ստանալուց հետո է նա նկատել, որ դատավորը և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչը (ում հետ նա հաղորդակցվել էր) նույն ազգանունն ունեն: Հետևաբար, նա չէր կարող այդ հարցն ավելի վաղ բարձրացնել Վարչական շրջանի դատարանում:

34. Դիմումատուն պնդել է, որ ինքը բարձրացրել է այս հարցը Վերաքննիչ քաղաքացիական դատարանում` ապացույցներն ընդունելու համատեքստում` պնդելով, որ դատավոր Ա.Մ.-ն չի անցել սուբյեկտիվ կամ օբյեկտիվ գնահատում, և որ այդ վճիռը զրկում է իրեն իր արդար դատաքննության իրավունքից: Նա պնդել է, որ ինքը սպառել է իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, և որ ինքը դեռևս տուժող էր:

35. Դատարանը նշում է, որ թեև մարդու իրավունքների պաշտպանության իրավական ընթացակարգերի համատեքստում իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը պետք է կիրառվի ճկունության որոշակի աստիճանով և առանց ավելորդ ձևականությունների, դրանով զուտ չի պահանջվում, որ դիմումներ պետք է ներկայացվեն համապատասխան ներպետական դատարաններ, և որ պետք է կիրառվեն այն քննության առարկա որոշումները վիճարկելու համար նախատեսված իրավական պաշտպանության միջոցները, որոնք ենթադրաբար խախտում են Կոնվենցիայով սահմանված որևէ իրավունք: Սովորաբար դրանով պահանջվում է նաև, որ այն բողոքները, որոնք հետագայում նախատեսվում են ներկայացվել միջազգային մակարդակում, պետք է նախ բարձրացվեն այդ նույն դատարանների առջև` առնվազն ըստ էության և ներպետական օրենսդրության մեջ պաշտոնապես ձևակերպված պահանջներին և ժամկետներին համապատասխան (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Ֆրեսոզը և Ռուաղն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Fressoz and Roire v. France [GC]], թիվ 29183/95, § 37, ՄԻԵԴ 1999-I, և Ազինասն ընդդեմ Կիպրոսի [ՄՊ] [Azinas v. Cyprus [GC]], թիվ 56679/00, § 38, ՄԻԵԴ 2004-III):

i

36. Դատարանն ընդունում է, որ սույն գործով Վարչական շրջանի դատարանի վարույթի ընթացքում դիմումատուն չի իմացել որոշում կայացնող դատավոր Ա.Մ.-ի հնարավոր կողմնակալության մասին, այլ նա այդ մասին իմացել է միայն Վարչական շրջանի դատարանի վճիռն ստանալուց հետո: Հետևաբար նա չէր կարող Վարչական շրջանի դատարանի վարույթի ընթացքում բարձրացնել կողմնակալության հնարավոր բացակայության խնդիրը: Ինչ վերաբերում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթներին, ապա Դատարանը համարում է, որ դիմումատուն բավարար կերպով բարձրացրել է կողմնակալության ենթադրյալ բացակայության խնդիրը` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի պահանջները բավարարելու համար: Հետևաբար Կառավարության առարկությունը պետք է մերժվի:

37. Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթների ժամանակ հնարավոր էր վերականգնել դիմումատուի` տուժողի կարգավիճակը, ապա Դատարանը համարում է, որ այն պետք է միացվի գործի ըստ էության քննությանը և ուսումնասիրվի ավելի ուշ փուլում:

38. Հետևաբար Դատարանը նշում է, որ այս գանգատը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուն

39. Դիմումատուն պնդել է, որ Կառավարությունը չի ժխտել դատավոր Ա.Մ.-ի և իրավաբան Ար.Մ.-ի միջև ընտանեկան կապերը: Կառավարությունը նաև չի ժխտել, որ Կ.Բ.-ն, ով դատական քննության ժամանակ ներկայացրել է Բրիտանական խորհուրդը, աշխատել է «Պրուդենս» իրավաբանական ընկերությունում, կամ որ «Պրուդենս»-ի կառավարիչ գործընկեր Է.Մ.-ն հանդիսացել է Դ.Մ.-ի ամուսինը և դատավոր Ա.Մ.-ի և Ար.Մ.-ի փեսան: Ակնհայտ է, որ մինչդատական ներկայացուցչություն իրականացնելու համար Բրիտանական խորհրդի կողմից ընտրված «Պրուդենս» ընկերությունը շարունակել է ծառայություններ մատուցել դատական վարույթների ամբողջ ընթացքում: Ներպետական օրենսդրության համաձայն` դատարանում ներկայացուցիչներ կարող են լինել միայն ֆիզիկական անձինք: Այդ պատճառով է, որ Բրիտանական խորհրդի կողմից տրված լիազորագրում չի նշվել «Պրուդենս» ընկերությունը, այլ փոխարենը նշվել է այլ ներկայացուցչի անուն: Թեև Ար.Մ.-ն Վարչական շրջանի դատարանին ասել էր, որ ինքն այլևս չէր հանդիսանում սույն գործով Բրիտանական խորհրդի ներկայացուցիչը, նա այդ կազմակերպության կողմից դեռևս լիազորված էր այն ներկայացնել, քանի որ 2012 թվականի հունվարի 12-ի լիազորագիրը չէր դադարեցվել: Քանի որ դատավոր Ա.Մ.-ն կապեր է ունեցել Բրիտանական խորհրդին ծառայություններ մատուցող «Պրուդենս» ընկերության հետ, նա չէր կարող համարվել անկողմնակալ:

բ) Կառավարությունը

40. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի քաղաքացիական իրավունքներն ու պարտավորությունները որոշելիս արդար լսումներ իրականացվել են` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան: Նույնիսկ եթե Ար.Մ.-ն տրամադրել է իրավաբանական ծառայություններ Բրիտանական խորհրդին, դա եղել է Վարչական շրջանի դատարանում վարույթից առաջ, և այդ իրավաբանական ծառայությունները որևէ կապ չեն ունեցել դատական քննության հետ: Բրիտանական խորհուրդը պայմանագիր չի կնքել «Պրուդենս» իրավաբանական ընկերության հետ: Փոխարենն այն լիազորել է չորս իրավաբանների, այդ թվում` Ար.Մ.-ին և Կ.Բ.-ին, միասին կամ առանձին ներկայացնելու իր շահերը` կապված դիմումատուի հետ և ներպետական դատարաններում: Ավելին, Ար.Մ.-ին Բրիտանական խորհուրդը ներկայացնելու լիազորություն տրամադրող լիազորագիրը տրվել է 2012 թվականի հունվարի 12-ին, մասնավորապես դատավոր Ա.Մ.-ին նշանակելու մասին Վարչական շրջանի դատարանի կողմից Բրիտանական խորհրդին տեղեկացնելուց առաջ: Այս տեղեկությունն ստանալուց հետո Վարչական շրջանի դատարանում Բրիտանական խորհրդին ներկայացրել է միայն Կ.Բ.-ն: Կառավարությունը հայտնել է, որ նաև շատ կարևոր է եղել, որ Ար.Մ.-ն տեղեկացրել է Վարչական շրջանի դատարանին, որ նա այս գործով չի ներկայացնելու Բրիտանական խորհրդին: Այս փաստերը ցույց են տալիս, որ դատավոր Ա.Մ.-ի կողմից չի դրսևորվել անկողմնակալության բացակայություն` պատասխանողի ներկայացուցիչների հետ ընտանեկան կապերի պատճառով:

41. Կառավարությունը պնդել է, որ սուբյեկտիվ գնահատման համաձայն, չի եղել որևէ ապացույց առ այն, որ դատավոր Ա.Մ.-ն ցուցաբերել է թշնամական վերաբերմունք կամ չարամիտ դիտավորություն ընդհանրապես, առավել ևս անձնական պատճառերով: Ինչ վերաբերում է օբյեկտիվ գնահատմանը, ապա դիմումատուն չի ապացուցել, որ դատավորի կողմից անկողմնակալություն չցուցաբերելու մտավախությունն օբյեկտիվորեն հիմնավորված է եղել: Հակառակը, դիմումատուն, առանց ներպետական դատարաններում իր մտահոգությունները բարձրացնելու, արել է ոչ ճիշտ և չհիմնավորված ենթադրություններ` կապված դատավոր Ա.Մ.-ի անկողմնակալության հետ: Դատական քննության ամբողջ ընթացքում Բրիտանական խորհրդին ներկայացրել է միայն Կ.Բ.-ն: Ար.Մ.-ն, ով, ըստ դիմումատուի, ենթադրաբար ընտանեկան կապերի մեջ էր դատավոր Ա.Մ.-ի հետ, զերծ է մնացել Վարչական շրջանի դատարանի վարույթի ժամանակ պատասխանողին ներկայացնելուց` այդպիսով վերացնելով ցանկացած հնարավոր կասկած` կապված նախագահող դատավորի անկողմնակալության հետ:

2. Դատարանի գնահատականը

ա) Ընդհանուր սկզբունքները

42. Դատարանը վերահաստատում է, որ անկողմնակալություն սովորաբար նշանակում է կանխակալության կամ կողմնակալության ու դրա տարբեր ձևերով դրսևորումների բացակայություն: Դատարանի կողմից սահմանված նախադեպային իրավունքի համաձայն` 6-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներով անկողմնակալության առկայությունը պետք է որոշվի համաձայն հետևյալի` i) սուբյեկտիվ գնահատում, որտեղ հարկավոր է հաշվի առնել կոնկրետ դատավորի անձնական համոզմունքը և վարքագիծը, այսինքն` արդյոք դատավորն ունեցել է որևէ անձնական կանխակալություն կամ կողմնակալություն տվյալ գործի իմաստով, և ii) օբյեկտիվ գնահատում, այսինքն` պետք է համոզվել, թե արդյոք տրիբունալն ինքնին և, ի թիվս այլ ասպեկտների, դրա կազմը, ապահովել են բավարար երաշխիքներ` վերջինիս անկողմնակալության հետ կապված ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար (տե՛ս Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Morice v. France [GC]], թիվ 29369/10, § 73, ՄԻԵԴ 2015, հաջորդող հղումների հետ միասին):

43. Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գնահատմանը, ապա այն սկզբունքը, որ տրիբունալը ենթադրաբար պետք է լինի անձնական կանխակալությունից կամ կողմնակալությունից զերծ, երկար ժամանակ սահմանված է Դատարանի նախադեպային իրավունքով: Դատավորի անձնական անկողմնակալությունը ենթադրվում է այնքան ժամանակ, քանի դեռ չկան հակառակն ապացուցող փաստեր: Ինչ վերաբերում է պահանջվող ապացույցի տեսակին, ապա Դատարանը, օրինակ, փորձել է պարզել` արդյոք դատավորն անձնական պատճառներով ցուցաբերել է թշնամական վերաբերմունք կամ չար դիտավորություն (նույն տեղում, § 74):

44. Ինչ վերաբերում է օբյեկտիվ գնահատմանը, ապա պետք է որոշվի, թե արդյոք, անկախ դատավորի վարքագծից, կան հավաստի փաստեր, որոնք կարող են նրա անկողմնակալության վերաբերյալ կասկածներ առաջացնել: Սա ենթադրում է, որ երբ որոշվում է, թե արդյոք տվյալ գործում կոնկրետ դատավորի կամ դատարանի կազմի անկողմնակալության մասով կա մտավախության որևէ հիմնավոր պատճառ, տվյալ անձի տեսակետը կարևոր է, բայց ոչ որոշիչ: Որոշիչ է այն, թե արդյոք նրա մտավախությունները կարող են համարվել օբյեկտիվորեն հիմնավորված (նույն տեղում, § 76):

45. Օբյեկտիվ գնահատումը հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը (տե՛ս Կիպրիանուն ընդդեմ Կիպրոսի [ՄՊ] [Kyprianou v. Cyprus [GC]], թիվ 73797/01, § 121, ՄԻԵԴ 2005-XIII): Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել` արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ տրիբունալն անկողմնակալ չէ (տե՛ս Մորիսի գործը` վերևում հիշատակված, § 77):

46. Այս առումով նույնիսկ արտաքին հատկանիշները կարող են որոշակի նշանակություն ունենալ, կամ, այլ կերպ ասած, «պետք է ոչ միայն արդարությունը հաստատվի, այլև տեսանելի լինի դրա հաստատումը»: Խաղաքարտին դրված է այն վստահությունը, որը ժողովրդավարական հասարակությունում դատարանները պետք է ներշնչեն հանրությանը: Այսպիսով, ցանկացած դատավոր, որի անկողմնակալության մասով կա մտահոգվելու հիմնավոր պատճառ, պետք է գործի քննությունից հեռացվի (տե՛ս Միկալեֆն ընդդեմ Մալթայի [ՄՊ] [Micallef v. Malta [GC]], թիվ 17056/06, § 98, ՄԻԵԴ 2009):

47. Ավելին, որպեսզի դատավորները կարողանան հասարակության մեջ ներշնչել անհրաժեշտ վստահությունը, պետք է հաշվի առնվեն նաև ներքին կազմակերպչական խնդիրները: Անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես` դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել: Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի` դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Դատարանը հաշվի կառնի այդ կանոնները` տրիբունալի անկողմնակալության և, մասնավորապես, դիմումատուի մտավախություններն օբյեկտիվորեն հիմնավորված լինելու վերաբերյալ իր սեփական գնահատումը կատարելիս:

բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

48. Ի սկզբանե, Դատարանը նշում է, որ դիմումատուն չի վիճարկել դատավոր Ա.Մ.-ի սուբյեկտիվ անկողմնակալությունը: Հետևաբար գործը կուսումնասիրվի միայն օբյեկտիվ անկողմնակալության գնահատման տեսանկյունից:

49. Սույն գործում առաջին ատյանի վարույթներում որոշումը կայացրել է դատավոր Ա.Մ.-ն, ով հակառակ կողմի իրավաբանների թիմի անդամներից մեկի` Ար.Մ.-ի երկվորյակ եղբայրն է և «Պրուդենս» իրավաբանական ընկերության հիմնադիրի եղբայրը, որտեղ աշխատում են իրավաբանները: Դատարանը հաստատված է համարում, որ Ար.Մ.-ն ուղղակիորեն չի մասնակցել դատական վարույթներին, իսկ Բրիտանական խորհրդին ներկայացրել է «Պրուդենս» ընկերության մեկ այլ իրավաբան` Կ.Բ.-ն: Թեև Ար.Մ.-ն բացակայել է դատական քննության ժամանակ, այնուամենայնիվ նա կապի մեջ է եղել դիմումատուի հետ` դատական վարույթներից առաջ:

50. Ինչ վերաբերում է այն հարցին, որ դիմումատուն ունի մտավախություններ դատավորի և Ար.Մ.-ի միջև ընտանեկան կապերից բխող` դատավոր Ա.Մ.-ի անկողմնակալության վերաբերյալ, Դատարանը նշում է, որ նրանք ունեն շատ սերտ ընտանեկան կապեր, քանի որ երկվորյակ եղբայրներ են: Թեև Ար.Մ.-ն հրաժարվել է գործից այն պահից, երբ պարզվել է դատավորի ինքնությունը և դատավարության ընթացքում Բրիտանական խորհրդին ներկայացրել է Կ.Բ.-ն, փաստ է մնում այն, որ Ար.Մ.-ն աշխատել է «Պրուդենս» իրավաբանական ընկերությունում, որը ներկայացրել է Բրիտանական խորհրդին: Ավելին, իրավաբանական ընկերությունը հիմնադրվել էր դատավոր Ա.Մ.-ի քրոջ կողմից, և այն կառավարում էր նրա փեսան:

51. Դատարանը գտնում է, որ երբ դատավորն ունենում է արյունակցական կապեր ցանկացած վարույթի կողմ ներկայացնող իրավաբանական ընկերության աշխատակցի հետ, սա ինքնին պատճառ չէ դատավորին գործից հեռացնելու համար (տե՛ս Ռամլժակն ընդդեմ Խորվաթիայի [Ramljak v. Croatia], թիվ 5856/13, § 29, 2017 թվականի հունիսի 27): Այդ կապերի հիման վրա պարտադիր չի պահանջվում գործից ավտոմատ հեռացում: Այնուամենայնիվ, իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Թե արդյոք այդ կասկածներն օբյեկտիվորեն հիմնավորված են, թե ոչ, ավելի շատ կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոնների թվից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն: Սա, inter alia, պետք է ներառի այն, թե արդյոք դատավորի ազգականը ներգրավված է եղել տվյալ գործում, դատավորի ազգականի պաշտոնն այդ ընկերությունում, ընկերության չափը, դրա ներքին կազմակերպական կառուցվածքը, իրավաբանական ընկերության համար գործի նշանակությունը ֆինանսական իմաստով, և այդ ազգականի համար ցանկացած հնարավոր ֆինանսական շահը կամ հնարավոր օգուտը (և դրանց չափը) (Նիկոլասն ընդդեմ Կիպրոսի [Nicholas v. Cyprus], թիվ 63246/10, § 62, 2018 թվականի հունվարի 9): Այնուամենայնիվ, հաշվի առնելով արտաքին հատկանիշների կարևորությունը, երբ առաջանում է նման իրավիճակ (ինչից կարող է առաջանալ կողմնակալության ենթադրություն կամ արտաքին հատկանիշ), այդ իրավիճակը պետք է բացահայտվի վարույթի սկզբում, և պետք է կատարվի գնահատում` հաշվի առնելով առնչվող բոլոր գործոնները, որպեսզի որոշվի, թե արդյոք գործից հեռացնելն իսկապես անհրաժեշտ է, թե` ոչ: Սա կարևոր դատավարական երաշխիք է, որն անհրաժեշտ է օբյեկտիվ և սուբյեկտիվ անկողմնակալության մասով համապատասխան երաշխիքներ ապահովելու համար (նույն տեղում, § 64):

52. Սույն գործով որևէ նման բացահայտում տեղի չի ունեցել, և դիմումատուն հակառակորդի ներկայացուցչի և դատավորի միջև կապը բացահայտել է միայն առաջին ատյանի վճիռն ստանալուց հետո: Այդպիսով նա նաև հայտնվել է մի իրավիճակում, որտեղ այն իրավաբանական ընկերությունը, որը ներկայացրել է Բրիտանական խորհրդին, հիմնադրվել և կառավարվում էր դատավոր Ա.Մ.-ի քրոջ և փեսայի կողմից, իսկ նրա երկվորյակ եղբայրը` Ար.Մ.-ն, աշխատում էր այնտեղ որպես ավագ մասնագետ: Հայտնի չէ, թե արդյոք քույրը և փեսան ակտիվորեն ներգրավված եղել են գործում (համեմատության համար տե՛ս Հուսեյնը և այլք ընդդեմ Ադրբեջանի [Huseyn and Others v. Azerbaijan], թիվ 35485/05 և մյուս 3-ը, § 168, 2011 թվականի հուլիսի 26, և Բելիցցին ընդդեմ Մալթայի (որոշում) [Bellizzi v. Malta (dec.)], թիվ 8162/13, § 61, 2011 թվականի հունիսի 21), և արդյոք նրանք ունեցել են ֆինանսական շահ գործի արդյունքի հետ կապված, թե` ոչ, սակայն պարզ է, որ Ար.Մ.-ն ակտիվորեն ներգրավված է եղել գործի նախապատրաստման գործընթացում: Այսպիսով ստեղծվել է կողմնակալության արտաքին հատկանիշ:

53. Այնուհետև պետք է ուսումնասիրել, թե արդյոք Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կարող էր վերացնել առաջին ատյանի դատարանի` անկողմնակալության բացակայության հետ կապված թերությունը: Դատարանի նախադեպային իրավունքով հստակ սահմանված է, որ առաջին ատյանի թերությունը կարող է վերացվել բողոքարկմամբ, եթե վերաքննիչ մարմինն ունի լիակատար իրավազորություն: Այն դեպքում, երբ ներկայացվում է բողոք որոշում կայացնող մարմնի կողմից անկողմնակալության բացակայության կապակցությամբ, «լիակատար իրավազորություն» հասկացությունը նշանակում է, որ վերանայող դատարանը ոչ միայն ուսումնասիրում է բողոքը, այլ նաև կարող է բեկանել վիճարկվող որոշումը և (կամ) ինքնուրույն կայացնել որոշում կամ գործն ուղարկել` անկողմնակալ մարմնի կողմից դրանով նոր որոշում կայացնելու (տե՛ս Դե Հանն ընդդեմ Նիդերլանդների [De Haan v. the Netherlands], 1997 թվականի օգոստոսի 26, §§ 53-54, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-IV, և Ռանսոնն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [Ranson v. the United Kingdom (dec.)], թիվ 14180/03, 2003 թվականի սեպտեմբերի 2):

54. Դատարանը նշում է, որ սույն գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ընդհանրապես չի անդրադարձել Վարչական շրջանի դատարանի վարույթի ժամանակ դատավոր Ա.Մ.-ի անկողմնակալության ենթադրյալ բացակայության վերաբերյալ դիմումատուի փաստարկներին (տե՛ս վերևում 21-րդ պարբերությունը): Քանի որ չի ուսումնասիրվել բողոքը, բողոքարկման վարույթի արդյունքում առաջին ատյանում կողմնակալության արտաքին հատկանիշը չի վերացվել:

55. Վերը նշված նկատառումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ դատավոր Ա.Մ.-ի մասնակցությունը գործին առաջին ատյանի դատարանի վարույթը դարձրել է կողմնակալ, և այդ թերությունը բողոքարկմամբ չի վերացվել: Համապատասխանաբար այն մերժում է Կառավարության նախնական առարկությունը դիմումատուի` տուժողի կարգավիճակի կապակցությամբ:

56. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

i

57. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:

 

Ա. Վնասը

58. Դիմումատուն պահանջել է 62 700 եվրո` որպես նյութական վնասի հատուցում, և 19 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

i

59. Կառավարությունը համարել է, որ նյութական վնասի հատուցման պահանջը հիմնված է եղել զուտ կորցրած աշխատավարձերի և 6-րդ հոդվածի 1-ին կետի ենթադրյալ խախտման միջև կապի հիպոթեզի վրա: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցմանը, ապա Կառավարությունը համարել է, որ գումարը չափազանց մեծ է և փաստել է, որ զուտ խախտումն արձանագրելը բավարար է դիմումատուի կրած ոչ նյութական վնասը հատուցելու համար:

60. Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև. հետևաբար, այն մերժում է այս պահանջը: Մյուս կողմից, այն դիմումատուին շնորհում է 3 600 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

 

Բ. Ծախսերը և ծախքերը

61. Դիմումատուն նաև պահանջել է 1 400 եվրո` որպես հատուցում ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի համար, և 4 880 եվրո` Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար, որից 4 630 եվրո` իրավաբանի ծառայությունների վճար, 150 եվրո` թարգմանչական ծառայությունների ծախսեր, և 100 եվրո` փոստային ծառայությունների ծախսեր:

62. Կառավարությունը համարել է, որ ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի համար հատուցման պահանջը պետք է մերժվի, քանի որ չկան ապացույցներ, որ այդ ծախսերը և ծախքերն իսկապես առաջացել են, կամ որ դիմումատուն պարտադիր պետք է վճարի դրանք: Ինչ վերաբերում է Դատարանում կրած ծախսերին և ծախքերին, ապա Կառավարությունը նշել է, որ իրավաբանի ծառայության վճարը և թարգմանչական ծառայությունների ծախսերը փաստաթղթերով պատշաճորեն չեն հիմնավորվել և հետևաբար պետք է մերժվեն:

63. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը` Դատարանը մերժում է դիմումատուի` ծախսերի և ծախքերի մասով պահանջը` համապատասխան հիմնավորող փաստաթղթերի բացակայության պատճառով:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

64. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

3. Վճռում է, որ`

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուին վճարի 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո), որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2019 թվականի հունվարի 24-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

    Ռենատա Դեգեներ               Քարտուղարի տեղակալ

    Քսենյա Տուրկովիչ             Նախագահ

 

 

pin
Եվրոպական դատարան
24.01.2019
N 35443/13
Վճիռ