050.0041.290399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 1999 թվականի թիվ 41
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ 1999 Թ. ՀՀ ԿԲ-ՈՒՄ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՈԿՈՍՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 1999 թ. մարտի 16-ի թիվ 221 հրամանով հաստատված «ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և սպասարկման վերաբերյալ» պայմանագրի 3.21 կետը և ղեկավարվելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սույն թվականի ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում փաստացի պահուստավորված գումարների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաշվարկվում և վճարվում են տոկոսներ` տարեկան տասը տոկոսի չափով` հիմք ընդունելով տարին 365 օր: Ընդ որում, երբ փաստացի պահուստավորված գումարը գերազանցում է պարտադիր պահուստավորման ենթակա գումարը, տոկոսները վճարվում են պարտադիր պահուստավորման ենթակա գումարի դիմաց:
2. Սահմանել, որ փաստացի պահուստավորված գումարների դիմաց հաշվարկված տոկոսները մուտքագրվում են բանկի թղթակցային հաշվին` վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվության ստացման օրվանից երեք բանկային օրվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: