Սեղմել Esc փակելու համար:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 մայիսի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչ` փաստաբան Ա. Վարդևանյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի ընդունումից հետո «Վճռաբեկ դատարանի լիազորությունները» վերտառությամբ 419-րդ հոդվածը փոփոխվել է երեք անգամ` ՀՕ-152-Ն օրենքով, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի հուլիսի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2006 թվականի հուլիսի 12-ին և ուժի մեջ է մտել 2006 թվականի օգոստոսի 5-ից, ՀՕ-270-Ն օրենքով, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 18-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի դեկտեմբերի 27-ից և ՀՕ-38-Ն օրենքով, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2011 թվականի փետրվարի 8-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2011 թվականի փետրվարի 26-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի մարտի 19-ից:

Օրենսգրքի նշված հոդվածի վիճարկվող 2-րդ մասը սահմանում է.

«Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

Գործի քննության առիթը Ռոբերտ Քոչարյանի` 2019 թվականի հունվարի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, գործում առկա գրավոր բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի համապատասխան դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

i

Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի օրենսդրական ձևակերպման, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության և նույն Օրենսգրքում վճռաբեկ վարույթում կալանքի իրավաչափության քննության ընթացակարգային և կառուցակարգային երաշխիքների բացակայության արդյունքում խախտվում են Սահմանադրության 27, 61, 63, 75 և 79-րդ հոդվածներում ամրագրված իր իրավունքները:

Դիմողը պնդում է, որ Օրենսգրքի 48-րդ գլխում ամրագրված մյուս դրույթները, որոնք համակարգային առումով փոխկապակցված են վիճարկվող իրավադրույթի հետ, վճռաբեկ վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու օրինականության և հիմնավորվածության քննության ընթացակարգային և կառուցակարգային երաշխիքներ չեն ապահովում, ինչը հանգեցնում է Սահմանադրության 27, 63 և 75-րդ հոդվածներում ամրագրված իրավունքների խախտման:

Ըստ դիմողի` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու օրինականության և հիմնավորվածության ստուգման իրավասությունն Օրենսգրքի 288-րդ հոդվածի հատուկ կարգավորմամբ օրենսդիրը վերապահել է վերաքննիչ դատարանին: Ի տարբերություն նշված հոդվածի, որով սահմանվում են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու օրինականության և հիմնավորվածության ստուգման հատուկ կարգավորումներ և հստակ ժամկետներ, Օրենսգրքի 48-րդ գլխում` Վճռաբեկ դատարանի կողմից դրանք վարույթ ընդունելու հիմնավորումների, քննության սեղմ ժամկետների, ընթացակարգային այլ առանձնահատկությունների վերաբերյալ կարգավորումներ առհասարակ առկա չեն, ինչի արդյունքում խաթարվում են անձի` Սահմանադրությամբ ամրագրված անձնական ազատության, արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքները և այդ իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ապահովման սահմանադրական պահանջը:

Դիմողի համոզմամբ` Օրենսգրքով նախատեսված չեն նշված բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, և դրանք թողնվել են Վճռաբեկ դատարանի բացարձակ հայեցողությանը:

Դիմողը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի իրավակիրառ պրակտիկան, եզրակացնում է, որ իրավունքի բացի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների քննության հստակ ժամկետների, ընթացակարգային և կառուցակարգային երաշխիքների բացակայության արդյունքում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ Վճռաբեկ դատարանը` իր սահմանադրական կարգավիճակով հանդիսանալով անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության միջոց, արձանագրում է մարդու իրավունքների խախտում, սակայն դրանց վերացման ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկում, «քանի որ որոշումները կայացվում են այն աստիճանի ոչ ողջամիտ ժամկետներում և անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների բացակայության պայմաններում, որ իմաստազրկվում է արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը»: Դիմողը նշում է դեպքեր, երբ Վճռաբեկ դատարանը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու օրինականությունը և հիմնավորվածությունն ստուգելու արդյունքում գտել է, որ դրա կիրառումը եղել է ոչ հիմնավոր և ոչ պատճառաբանված, սակայն արդեն ոչ միայն ավարտված է եղել կալանքի ժամկետը, այլ նաև անձի նկատմամբ կայացված է եղել դատավճիռ:

i

Դիմողը փաստում է, որ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Օրենսգրքի 394-րդ հոդվածի կարգավորումներին, դիրքորոշում է արտահայտել, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեպքում նոր դատական ակտերի կայացմանը վերաբերող օրենսդրական ձևակերպումն անորոշ է, օրենքը չի հստակեցնում «նոր դատական ակտ» հասկացությունը և չի սահմանում, թե վերաքննիչ դատարանի որ որոշումներն են համարվում «նոր դատական ակտ», և այդ անորոշությունից խուսափելու նպատակով գտել է, որ գործն ըստ էության չլուծող ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելիս պետք է ղեկավարվել Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով գործն ըստ էության լուծող ակտերի վերաբերյալ սահմանված լիազորություններով: Դիմողի պնդմամբ` Վճռաբեկ դատարանի կողմից նորմի ենթադրյալ անորոշության հաղթահարման, միատեսակ կիրառման կանոնների ապահովմանն ուղղված որևէ գործողություն չի կատարվել. վիճարկվող նորմին տրված մեկնաբանությամբ Վճռաբեկ դատարանը փաստացի վերազանցել է Սահմանադրությամբ և Օրենսգրքով իրեն վերապահած լիազորությունների շրջանակը: Դիմողը համարում է, որ այդ պարագայում Վճռաբեկ դատարանը դադարում է հանդես գալ որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»:

Դիմողի կարծիքով` օրենսդիրը գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի նկատմամբ ցուցաբերել է տարբերակված մոտեցում, և Օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասում օգտագործվող «նոր դատական ակտ» եզրույթը prima facie հստակ է և նպատակ է հետապնդում գործն ըստ էության չլուծող դատական ակտերով բարձրացված խնդրի վերջնական լուծումն ապահովել առավել սեղմ ժամկետներում: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի մասով գործն ըստ էության լուծող դատական ակտերի համար նախատեսված լիազորությունների իրացումը խաթարում է դրանց տարանջատման օրենսդրական իրավաչափ նպատակը և հանգեցնում է, ի թիվս այլնի, արդար դատաքննության իրավունքի խախտման, այդ թվում` գործերի ողջամիտ ժամկետներում քննության տեսանկյունից:

Դիմողը գտնում է, որ ստեղծված իրավիճակում խնդրի լուծում կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի կողմից «նոր դատական ակտ» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը, քանի որ իրավական որոշակիության խնդիր է առաջացրել հենց Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը, որն իրացվել է ոչ թե օրենքի միատեսակ կիրառման ապահովման նպատակով, այլ հակասության մեջ մտնելով դատական ակտերի նկատմամբ օրենսդրի տարբերակված մոտեցման հետ` հանգեցրել է նրան, որ Վճռաբեկ դատարանն իր համար սահմանել է նոր լիազորություն:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի` արդարադատության բարձրագույն ատյանի և օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող մարմնի կոչմանը համահունչ, օրենսդիրն իր օրենսդրական գործունեության շրջանակներում հետևողականորեն ամրապնդել և զարգացրել է քրեական դատավարության ընթացքում գործն ըստ էության չլուծող դատական ակտերի` քննարկվող գործով կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական գործոնով պայմանավորված կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները, որոնք բխում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքում արտահայտված իրավական դիրքորոշումներից:

Պատասխանողի կարծիքով` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի ընդունմամբ պայմանավորված` յուրաքանչյուր գործի առանձնահատկությունից բխող ողջամիտ ժամկետում, մասնավորապես` քննարկվող գործի շրջանակներում անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և վերջինիս բողոքարկման յուրաքանչյուր դեպքում օրենսդրի կողմից որդեգրված հայեցակարգին համահունչ, պետք է գնահատվի ազատության իրավունքի սահմանափակման աներկբա անհրաժեշտությունն ավելի բարձր նշանակության բարիքի, քաղաքակիրթ մարդկության կողմից առավել արժևորվող հանրային շահի պաշտպանության տեսանկյունից` ապահովելով հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը, ազատության սահմանափակման հիմնավորվածությունը, հսկողական և վերահսկողական գործուն մեխանիզմների առկայությունը:

Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի դատական պրակտիկայի վերլուծության արդյունքում պատասխանողը եկել է այն հետևության, որ դիմողի պնդումն առ այն, որ կալանքի գործերով քննության հստակ ընթացակարգեր և կառուցակարգեր չսահմանելն առաջացրել է իրավունքի բացի հիմնախնդիրներ, անհիմն է, քանի որ քննարկվող սահմանադրաիրավական վեճի առարկան չի պարունակում նման իրավական խնդիր:

Ինչ վերաբերում է օրենսդրի կողմից հստակ ժամկետներ չսահմանվելու վերաբերյալ դիմողի կողմից բարձրացված հարցին, ապա պատասխանողը նշում է, որ «թե` վերաքննության, թե` վճռաբեկության վարույթի քրեադատավարական հայեցակարգերի համաձայն, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի, մասնավորապես` կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս, քրեադատավարական նորմերի համաձայն` երկու դեպքում էլ նախատեսվում է գործի քննության ողջամիտ ժամկետ (Օրենսգրքի 388-րդ և 417-րդ հոդվածներ)»:

Ըստ դիմողի` օրենսդիրը, սահմանելով «ողջամիտ ժամկետ» եզրույթը, ցուցաբերել է միասնական մոտեցում վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների նկատմամբ:

Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:

 

3. Գործի շրջանակներում պարզաբանման ենթակա հանգամանքները

Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերի պարզաբանմանը.

i

1) ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու անձի` Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված հիմնական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությունը ներառու՞մ է արդյոք ազատությունից զրկելու իրավաչափությունը վճռաբեկ ատյանում քննելու պարտադիր պահանջ,

2) վերադաս դատարանի կողմից կալանքի իրավաչափության վերաբերյալ սեղմ ժամկետում որոշում կայացնելու մասին Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը վերաբերու՞մ է արդյոք նաև Վճռաբեկ դատարանին,

3) վճռաբեկ վարույթում կալանավորման իրավաչափությունը քննելու տեսանկյունից առկա՞ է արդյոք օրենսդրական բաց, և հանգեցնու՞մ է այն արդյոք Սահմանադրության 27, 63 և 75-րդ հոդվածներում սահմանված պահանջների խախտման,

4) Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ապահովման տեսանկյունից թույլատրելի՞ է արդյոք վճռաբեկ ատյանում` կալանավորման իրավաչափության հարցի քննության արդյունքում սահմանափակվել միայն հիմնական իրավունքի խախտման փաստի արձանագրմամբ` առանց խախտումը վերացնելու,

5) Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասից և 172-րդ հոդվածից բխու՞մ է արդյոք, որ վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում միջանկյալ դատական ակտերի վերանայման ծավալները պետք է նույնական լինեն,

6) Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ապահովման տեսանկյունից վերաքննիչ և վճռաբեկ ատյանների դատարանների` Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասով և 172-րդ հոդվածով սահմանված գործառույթների շրջանակներում գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում իրականացվող լիազորությունները պե՞տք է արդյոք տարբերվեն գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում իրականացվող լիազորություններից,

7) Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի, 164-րդ հոդվածի 1-ին մասի և 171-րդ հոդվածի տեսանկյունից իրավասու՞ է արդյոք Վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ ընդունելու իր լիազորությունը մեկնաբանել որպես օրենքով սահմանված իր լիազորությունների բովանդակությունը սեփական որոշմամբ փոփոխելու իրավական հնարավորություն:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

i

4.1. Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է Վճռաբեկ դատարանի լիազորությունները` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում, իսկ դիմողի կողմից վիճարկվող 2-րդ մասը` Վճռաբեկ դատարանի լիազորությունները` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի (այսուհետ` նաև միջանկյալ դատական ակտեր) վերանայման արդյունքում: Համաձայն հիշյալ հոդվածի 1-ին մասի` Վճռաբեկ դատարանն իրավասու է իրականացնել վեց լիազորություն, այդ թվում և ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել դատական ակտը և բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

i

Օրենսգրքի 419-րդ հոդվածի վիճարկվող 2-րդ մասով Վճռաբեկ դատարանին վերապահվում է երկու լիազորություն` մերժել վճռաբեկ բողոքը` գործն ըստ էության չլուծող դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնել նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Օրենսգրքի հիշյալ դրույթների համադրումը վկայում է, որ օրենսդիրը նպատակային է տարբերակել գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանի լիազորությունների բովանդակությունը և ծավալները: Մի դեպքում` օրենսդիրը Վճռաբեկ դատարանին վերապահել է առավել ընդգրկուն լիազորություններ, մեկ այլ դեպքում` նրա լիազորությունները սահմանափակել է երկու այլընտրանքով: Ընդ որում, Սահմանադրական դատարանի համար ակնհայտ է, որ օրենսդիրը երկրորդ դեպքում Վճռաբեկ դատարանի առջև պահանջ է դրել միջանկյալ դատական ակտի վերաբերյալ կայացնել հետևյալ որոշումներից որևէ մեկը` մերժել վճռաբեկ բողոքը` վիճարկվող դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ վճռաբեկ վարույթում կայացնել նոր դատական ակտ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ, տարանջատելով Վճռաբեկ դատարանի լիազորությունները գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեպքերում, ինչպես նաև սահմանափակելով Վճռաբեկ դատարանի լիազորությունները գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեպքում նոր դատական ակտեր ընդունելու պահանջով, օրենսդիրը հետապնդել է գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ դատավարական շրջապտույտը կանխելու, ընդսմին` այդ հարցերով վճռաբեկ ատյանում վերջնական իրավական դիրքորոշում ձևավորելու և այն ամրագրելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովելու նպատակներ:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ` այս կարգավորումն ունի կանխարգելիչ բնույթ և ուղղված է վերընթաց վերանայման սահմանափակման սկզբունքի տեսանկյունից գործով ըստ էության վերջնական որոշում կայացնելու հիմնական գործառույթի երաշխավորված ապահովմանը, ինչը հնարավոր չի լինի իրականացնել գործն ըստ էության չլուծող դատական ակտերի անվերջ վերանայման դեպքում:

Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի անվերջ վերանայման իրավական հնարավորությունը, որը կարող էր առկա լինել Վճռաբեկ դատարանի առավել ընդգրկուն լիազորությունների օրենսդրական ամրագրման դեպքում, կարող էր էականորեն ազդել ինչպես ստորադաս դատարաններում, այնպես էլ նույն վճռաբեկ ատյանում տվյալ գործի ըստ էության քննության վրա` խաթարելով դրա արդյունավետությունը: Ավելին` Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերն անսահմանափակ վերանայելու հնարավորությունն օրենսդրորեն չկանխելը կարող էր վտանգել արդարադատության բուն գործառույթը, քանի որ անհնարին կլիներ կանխատեսել միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումների իրական կամ հնարավոր ազդեցությունը գործի ըստ էության լուծման վրա, ուստի` վերջնարդյունքում կա՛մ դատաքննության տևողությունը պետք է անհարկի երկարաձգվեր, կա՛մ դատարանները միջանկյալ դատական ակտերի քննությանը պետք է հարկադրված լինեին անդրադառնալ գործով ըստ էության որոշում կայացնելուց հետո, ինչն անթույլատրելի կլիներ:

4.2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կալանքի կիրառման նկատմամբ դատական վերահսկողության օրենսդրական կարգավորումների բովանդակությունը հիմնականում հանգում է հետևյալին.

1) հաշվի առնելով կալանավորման` որպես անձնական ազատությանն առավել ինտենսիվ միջամտության ձևերից մեկի բնույթը` Քրեական դատավարության օրենսգրքով սահմանվել է առաջին ատյանի դատարանում նախնական դատական վերահսկողություն կալանավորման իրավաչափության նկատմամբ (Քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդված` համակցված 278 և 136-րդ հոդվածների հետ), որը ներառում է.

ա) կալանքը` որպես խափանման միջոց, միայն դատարանի որոշմամբ կիրառելը (Քրեական դատավարության օրենսգրքի 280-րդ հոդված),

բ) կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի կամ դատախազի միջնորդության ամբողջական, այսինքն` բոլոր փաստական և իրավական հանգամանքների համակցության մեջ, քննությունն առաջին ատյանի դատարանում (Քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 1-ին մաս), մասնավորապես` կալանքի հիմնավորվածությունն ստուգելու նպատակով կալանքի վերաբերյալ միջնորդության հիմնավորվածությունն ստուգելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և իրեղեն ապացույցներ, ինչպես նաև կալանքի վերաբերյալ միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ պահանջելու լիազորությունների իրականացման միջոցով (Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 4-րդ մաս` համակցված 283-րդ հոդվածի 3-րդ մասի հետ),

գ) կալանավորման մասին որոշում կայացնելիս մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հարցը լուծելու` առաջին ատյանի դատարանի պարտականությունը (Քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մաս),

դ) կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության անհապաղ քննությունն առաջին ատյանի դատարանում (Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մաս):

2) կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան (Քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մաս), որը`

ա) սահմանափակ վերաքննության, այսինքն` ընդհանուր կարգով ստուգում է առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը (Քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մաս),

բ) ստանալով բողոքը, պարտավոր է անհապաղ պահանջել կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը և առաջին ատյանի դատարանի որոշումը (Քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 3-րդ մաս),

գ) հիշյալ նյութերն ստանալու օրվանից հետո` Օրենսգրքում հստակ սահմանված սեղմ ժամկետում` 3 օրվա ընթացքում, պետք է որոշում կայացնի առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ (Քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մաս),

դ) կալանավորման օրինականությունը և հիմնավորվածությունն ստուգելու արդյունքում իրավասու է անմիջականորեն լուծել կալանքի հարցը, մասնավորապես` վերացնել կալանքը և անձին ազատել դրանից (Քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մաս), այսինքն` կալանավորման իրավաչափությունը գնահատելու մասով Քրեական դատավարության օրենսգիրքը կոնկրետացնում է այդ օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակը` հատուկ դրույթների միջոցով առավելագույնս հստակեցնելով դրանք, ներառյալ այդ հարցով վերաքննիչ դատարանի կողմից նոր դատական ակտ կայացնելու լիազորության բովանդակությունը և ծավալը:

3) կալանքի վերաբերյալ վերաքննիչ ատյանի որոշումները կարող են բողոքարկվել Վճռաբեկ դատարան (Քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդված և 404-րդ հոդվածի 1-ին մաս), ընդ որում, ի տարբերություն առաջին և վերաքննիչ ատյանների` վճռաբեկ ատյանում կալանքի օրինականությունը և հիմնավորվածությունը քննելու համար սահմանված չեն առանձնահատկություններ, ինչը նշանակում է, որ`

ա) կալանքի օրինականության և հիմնավորվածության հարցով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելիս Վճռաբեկ դատարանը լուծում է ընդհանուր` 3-ամսյա ժամկետում (Քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 5-րդ մաս),

բ) կալանքի օրինականության և հիմնավորվածության հարցով վճռաբեկ բողոքը բերվում է վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ընդհանուր հիմքերով և ընդունվում է քննության, եթե բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, կամ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում (Քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդված` համակցված 414.2-րդ հոդվածի հետ),

գ) կալանքի օրինականության և հիմնավորվածության հարցով վճռաբեկ ատյանում քննությունն իրականացվում է ընդհանուր կարգով` ողջամիտ ժամկետում:

Հիմք ընդունելով վերոնշյալ օրենսդրական կարգավորումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը տարանջատել է կալանքի ձևով անձնական ազատությունից զրկելու առնչությամբ մինչդատական վարույթի իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգերը տարբեր դատական ատյաններում: Եթե առաջին ատյանի դատարանն ամբողջ ծավալով պետք է նախապես վերահսկի կալանավորման իրավաչափությունը` այդ հարցով կայացնելով սկզբնական որոշում, ապա վերաքննիչ և վճռաբեկ ատյանների դատարանները պետք է հետագայում որոշեն արդեն դատական ակտի իրավաչափության հարցը` համապատասխան բողոքի առկայության դեպքում և այդ բողոքի առարկայի շրջանակներում:

Այսպիսով` օրենսդիրն առաջին ատյանի դատարանի համար սահմանել է կալանավորման իրավաչափությունն ստուգելու ամբողջական լիազորություն և հատուկ ժամկետ, վերաքննիչ դատարանի համար պահպանել է սահմանափակ վերանայման ընդհանուր կանոնը` նույնպես սահմանելով հատուկ ժամկետ, ընդ որում` ի բացառություն միջանկյալ դատական ակտերի վերանայման համար սահմանված ընդհանուր լիազորությունների (Քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մաս)` կալանավորման իրավաչափությունը վերանայելու համար սահմանել է հատուկ լիազորություններ (Քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մաս), իսկ Վճռաբեկ դատարանում կալանավորման իրավաչափության հարցով որևէ առանձնահատկություն չի սահմանել:

Հարկ է նշել, որ ՄԻԵԴ-ը` Ուկրաինայի դեմ մի շարք վճիռներում գտել է, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը խախտվել է, որովհետև Քրեական դատավարության օրենսգիրքը որևէ տարբերություն չի նախատեսել ազատությունից զրկված անձին ազատ արձակելու մասին միջնորդությունների և դատական քննության ընթացքում այլ միջնորդությունների միջև, և գտել է, որ այդ խնդիրը պարբերաբար առաջանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներին բավարարող ընթացակարգը կարգավորող հստակ և կանխատեսելի դրույթների բացակայության պատճառով (տե՛ս Nechiporuk and Yonkalo v. Ukraine, app. no. 42310/04, 21/04/2011, § 248; Molodorych v. Ukraine, app. no. 2161/02, 28/10/2010, § 108; Kharchenko v. Ukraine, app. no. 40107/02, 10/02/2011, § 86 և այլն):

i

4.3. Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ, եթե Սահմանադրության նույն հոդվածի 4-րդ մասի պահանջը` անձին անազատության մեջ պահելը թույլատրելու վերաբերյալ դատարանի կողմից անհապաղ որոշում կայացնելու կամ ազատ արձակելու մասին, վերաբերում է միայն անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքերին և ենթադրում է այդպիսի միջնորդության հարուցում իրավասու մարմնի կողմից, ապա ազատությունից զրկելու իրավաչափության վիճարկման անձի իրավունքը վերաբերում է անձնական ազատությունից զրկելու բոլոր դեպքերին և ենթադրում է կալանքը կիրառելու մասին որոշման բողոքարկում այդ անձի կողմից:

Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքերում ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքի իրականացման միջոց է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների որոշումների բողոքարկումը համապատասխան վերադաս դատարանում:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Վճռաբեկ դատարանի` Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված գործառույթներով պայմանավորված առանձնահատուկ հիմքերի առկայությամբ այս իրավունքը կարող է ներառել նաև վճռաբեկ ատյանում ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը սահմանելու պահանջ:

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը նշում է, որ այս իրավունքը փոխկապակցված է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հետ: Արդյունավետ դատական պաշտպանությունը չի կարող ենթադրել ըստ էության որոշում կայացնելուն զուգահեռ այլ` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դատավարական շրջապտույտ: Դա համատեղելի չի լինի նաև իրավական պետության բաղադրիչ հանդիսացող իրավական անվտանգության ապահովման պահանջի հետ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրությունը չի պահանջում գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վիճարկման դեպքում բոլոր այդպիսի ակտերի պարտադիր քննություն վերաքննության կարգով, բացառությամբ կալանավորման իրավաչափության հարցով կայացված առաջին ատյանի դատարանի որոշման, ինչպես նաև ինքնին չի պահանջում կալանավորման իրավաչափության քննության հնարավորություն վճռաբեկ վարույթի շրջանակներում, բացառությամբ այն դեպքերի, երբ կալանքի կիրառման որոշումը կայացրել է վերաքննիչ դատարանը, քանի որ միջանկյալ հարցերի քննությունը կարող է նաև անհարկի ծանրաբեռնել դատարանները և խոչընդոտել ողջամիտ ժամկետում բուն արդարադատության իրականացումը, ինչը կարող է հակասության մեջ մտնել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմնական իրավունքի հետ:

Մյուս կողմից` Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատական ակտերի վիճարկման ընթացակարգի սահմանումը վերապահված է օրենսդրի հայեցողությանը, սակայն օրենսդրի կողմից ընտրված լուծումները պետք է ապահովեն բոլոր դատական ատյաններում արդարադատության արդյունավետ իրականացումը: Ուստի, եթե օրենսդիրը որոշել է սահմանել միջանկյալ դատական ակտերի մի մասի` Հայաստանի Հանրապետությունում կառուցակարգված եռաստիճան դատական համակարգի շրջանակներում վիճարկելու հնարավորություն, ապա բոլոր դատական ատյաններում` նրանց սահմանադրական գործառույթների սահմանների հաշվառմամբ, պետք է նախևառաջ օրենսդրորեն ապահովվեն դատական պաշտպանության արդյունավետությունը և արդար դատաքննության երաշխիքները:

ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, որն ամրագրում է կալանավորման օրինականությունը վիճարկելու անձի իրավունքը, Պայմանավորվող կողմերին չի պարտավորեցնում կալանավորման օրինականության քննության և անձին ազատ արձակելու վերաբերյալ դիմումների քննության համար ունենալ մեկից ավելի դատական ատյաններ: Այնուամենայնիվ, եթե պետությունը նախատեսում է իրավասության երկրորդ մակարդակ, ապա, որպես կանոն, կալանավորվածներին պետք է տրամադրվեն դատավարական նույն երաշխիքները, որոնք նախատեսված են առաջին ատյանում, այդ թվում` վերադաս դատարանի կողմից կալանքի կիրառման վերաբերյալ ստորադաս դատարանի որոշման վերանայման արագությունը (Ilnseher v. Germany, 4 December 2018, GC app. no. 10211/12, 27505/14, § 254; Navarra v. France, 23 November 1993, § 28, Series A no. 273-B; Khudobin v. Russia, 26 October 2006, app. no. 59696/00, § 124 ECHR 2006-XII; Piotr Baranowski v. Poland, app. no. 39742/05, § 63, 2 October 2007; S.T.S. v. The Netherlands, 7 June 2011, app. no. 277/05 § 48): Նույնը վերաբերում է անգամ այն սահմանադրական դատարաններին, որոնք որոշում են անձին կալանքի տակ պահելու օրինականության հարցը և նրան ազատելու որոշում են կայացնում, եթե կալանավորումն օրինական չէ (Smatana v. the Czech Republic, app. no. 18642/04, § 123, 27 September 2007; and Mercan v. Turkey (dec.), app. no. 56511/16, § 24, 8 November 2016): Վերադաս ատյաններում թույլատրելի համարելով առաջին ատյանի համեմատ փոքր-ինչ ավելի երկար ժամկետում կալանքի իրավաչափության հարցի քննությունը` այնուհանդերձ, ՄԻԵԴ-ը գտել է, որ դա վերադաս ատյանին չի ազատում Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված իր պարտականությունից` արագորեն որոշելու դիմումատուի կալանքի օրինականությունը, որպեսզի երաշխավորվի, որ որոշման արագ կայացման իրավունքը շարունակաբար գործնական և արդյունավետ է (Ilnseher v. Germany, 4 December 2018, GC app. no. 10211/12, 27505/14, § 273):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքով թույլատրվելու դեպքում գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վիճարկումը վճռաբեկ ատյանում պետք է լինի բացառություն, այլ ոչ թե կանոն` այնպես, ինչպես վերաքննիչ ատյանում չեն կարող վիճարկվել առաջին ատյանի դատարանի բոլոր միջանկյալ դատական ակտերը: Միևնույն ժամանակ, գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վճռաբեկ ատյանում վիճարկվելու դեպքերում նաև վճռաբեկ վարույթում պետք է ապահովվեն արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության անհրաժեշտ նախադրյալներ: Այս առումով Սահմանադրական դատարանը Կառավարության և Ազգային ժողովի ուշադրությունն է հրավիրում կալանավորման իրավաչափության հարցով վճռաբեկ բողոքը եռամսյա ժամկետում քննության ընդունելու մասով վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված` Օրենսգրքի 414(2)-րդ հոդվածի 5-րդ մասի վրա: Հաշվի առնելով սկզբնական կալանավորման և դրա յուրաքանչյուր երկարացման ժամկետի առավելագույն տևողությունը, որը սահմանված է Օրենսգրքի 138-139-րդ հոդվածներով` ակնհայտ է, որ օրենսդիրը հնարավորություն է տվել, որ մինչև Վճռաբեկ դատարանի կողմից կալանավորման իրավաչափության հարցը քննության ընդունելն այդ կալանավորումն արդեն իսկ իրեն սպառած լինի:

i

4.4. Համաձայն Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի` Վճռաբեկ դատարանի գործառույթներն են դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելը, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի գործառույթները Սահմանադրության մեջ ամրագրված են սպառիչ, իսկ իրավունքի զարգացմանը նպաստելն առանձին գործառույթ չէ և պետք է իրականացվի միայն Սահմանադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում` որպես օրենքով սահմանված լիազորությունների միջոցով դրանք իրականացնելու արդյունք: Բացի դրանից, որևէ դատարանի կողմից իրավունքի խախտումը փաստելը` առանց այն վերացնելու, նշանակում է չիրականացնել արդարադատություն, մինչդեռ, եթե դատարանը կոչված է վերանայելու ստորադաս դատարանների դատական ակտերը (իսկ Վճռաբեկ դատարանի համար այդ պահանջն ուղղակիորեն սահմանված է Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասում), ապա չի կարող չիրականացնել արդարադատություն, այսինքն, նաև չվերացնել հիմնական կամ այլ իրավունքների և ազատությունների խախտումները, հատկապես եթե արձանագրում է դրանք: Ակնհայտ է, որ որևէ նման օրենսդրական կառուցակարգ կամ դատական պրակտիկա հակասության մեջ կմտնեն Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի հետ, ընդ որում, նման դեպքերում երաշխավորված չեն լինի նաև արդար դատաքննության երաշխիքները:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից ընտրված` վճռաբեկ ատյանում ազատությունից զրկելու հարցի իրավաչափության քննությունն ընդհանուր հիմունքներով իրականացնելու վերաբերյալ լուծումները, այդ թվում` վճռաբեկ բողոքը ողջամիտ ժամկետում քննելու ընթացակարգը, Սահմանադրության տեսանկյունից ինքնին խնդրահարույց չեն:

Ինչ վերաբերում է սկզբնական կալանավորման և դրա յուրաքանչյուր երկարացման ժամկետի առավելագույն տևողությունը գերազանցող` կալանքի իրավաչափության հարցով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու` Օրենսգրքի 414(2)-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված 3-ամսյա ժամկետն ամրագրող դրույթին, ապա, թեև այն համակարգային առումով փոխկապակցված է վիճարկվող դրույթի հետ, այդուհանդերձ, դրա սահմանադրականության հարցին Սահմանադրական դատարանը չի կարող անդրադառնալ` հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասի` փոխկապակցված 69-րդ հոդվածի 13-րդ մասի հետ, պահանջն առ այն, որ միայն վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող ճանաչելու դեպքում է Սահմանադրական դատարանն իրավասու անդրադառնալ նաև վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դրույթների սահմանադրականությանը:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրությամբ կանխորոշված դեպքերից բացի վճռաբեկ ատյանում գործն ըստ էության չլուծող դատական ակտերը կարող են վիճարկվել միայն առանձնահատուկ դեպքերում, եթե օրենսդիրը դա թույլատրելի համարի` ելնելով Վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթներից:

Մյուս կողմից` օրենսդիրը պարտավոր է սահմանել վճռաբեկ ատյանում արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության անհրաժեշտ նախադրյալներ` այն հաշվով, որ Վճռաբեկ դատարանը, հանգելով որևէ իրավունքի կամ ազատության խախտման մասին եզրակացության, պարտադիր կարգով և արդյունավետ ընթացակարգի շրջանակներում, իրականացնելով արդարադատություն, վերացնի այդ խախտումը: Սահմանադրական դատարանը հարկ է համարում հատուկ շեշտել, որ դա վերաբերում է հատկապես անձնական ազատությանն այնպիսի ինտենսիվ միջամտության եղանակին, ինչպիսին կալանավորումն է, որի իրավաչափության վերաբերյալ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, ինչպես պահանջում է նաև Օրենսգրքի համակարգային տրամաբանությունը, պետք է լուծվի այնպիսի սեղմ ժամկետներում, որոնք հնարավորություն կտան այդ հարցը լուծել, որպես կանոն, առնվազն չգերազանցելով վերանայվող դատական ակտի հիման վրա որպես խափանման միջոց ընտրված կալանքի առավելագույն ժամկետը: Անկախ դրանից` հաշվի առնելով այն փաստը, որ կալանքն անձնական ազատությանը միջամտության առավել ինտենսիվ եղանակներից մեկն է, թեև կալանքի հարցով քննությունը Վճռաբեկ դատարանում կարող է իրականացվել ողջամիտ ժամկետում և ընդհանուր հիմքերով, այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը պետք է հաշվի առնի, որ ողջամիտ ժամկետի պահանջն այս դեպքում նշանակում է էապես ավելի կարճ ժամկետ, քան գործն ըստ էության լուծող դատական ակտերի վիճարկման դեպքերում:

Սահմանադրական դատարանը շեշտում է, որ ազատությունից զրկելու իրավաչափության վերաբերյալ որոշումը Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սեղմ ժամկետում կայացնելու սահմանադրական պահանջից բխում է, որ նաև Վճռաբեկ դատարանը գործի քննության ողջամիտ ժամկետը մեկնաբանելիս պարտադիր պետք է հաշվի առնի գործի բոլոր հանգամանքները քննության առնելու և հնարավոր սեղմ ժամկետում որոշում կայացնելու սահմանադրական պահանջը:

Այսպիսով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ որքան ավելի ինտենսիվ է միջամտությունն անձի հիմնական և այլ իրավունքներին և ազատություններին, այնքան ավելի սեղմ ժամկետներում դատարանները, այդ թվում` Վճռաբեկ դատարանը, օրենքով սահմանված արդյունավետ կառուցակարգերի և ընթացակարգերի շրջանակներում` արդար դատաքննության բոլոր երաշխիքների պահպանմամբ, պետք է քննության առնեն և քննեն այդ միջամտությունից արդյունավետորեն պաշտպանվելու նպատակով ներկայացված պահանջները (բողոքները):

4.5. Դիմողն Օրենսգրքի վիճարկվող դրույթի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն օրենսգրքի 48-րդ գլխի սահմանադրականության հարցը բարձրացնում է նաև օրենսդրական բացի տեսանկյունից` գտնելով, որ հիշյալ դրույթները հակասում են Սահմանադրության 27, 63 և 75-րդ հոդվածներին` «այնքանով, որքանով որ չեն ապահովում վճռաբեկ դատարանի վարույթում կալանքի քննության ընթացակարգային և կառուցակարգային երաշխիքներ ...»:

Սահմանադրական դատարանը նախկինում բազմիցս անդրադարձել է իրավունքի, մասնավորապես, նաև օրենսդրական բացի հիմնահարցին: Ըստ Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների ընդհանուր տրամաբանության`

i

1) «Օրենսդրական բացի սահմանադրականության հարց քննելիս սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել, թե տվյալ օրենսդրական բացը հանդիսանում է իրավակարգավորման թերությունը, թե՞ իրավաստեղծ մարմինը նման իրավակարգավորում սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառական պրակտիկայի ձևավորումը: ... օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը» (ՍԴՈ-914),

i

2) «Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը» (ՍԴՈ-1143),

i

3) «Իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք» (ՍԴՈ-864):

Ենթադրյալ օրենսդրական բացի տեսանկյունից վերլուծելով Օրենսգրքի վիճարկվող և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 48-րդ գլխի դրույթները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրն ամբողջությամբ կարգավորել է վարույթը Վճռաբեկ դատարանում և սահմանել է վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքին, դրա հիմքերին և բովանդակությանը, այն վարույթ ընդունելու (առանձնահատուկ) հիմքերին, Վճռաբեկ դատարանում գործի քննության սահմաններին, Վճռաբեկ դատարանի նիստի նախապատրաստմանը, Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակին, արդարացման դատավճռի բեկանման առանձնահատկություններին, Վճռաբեկ դատարանի որոշումների բովանդակությանը և Վճռաբեկ դատարանի կողմից դատավճիռը կամ որոշումը բեկանելու դատավարական հետևանքներին վերաբերող կանոններ: Օրենսդիրը սահմանել է նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և այն քննելու ժամկետները, ուստի դա չի կարող դիտվել որպես օրենսդրական բաց, իսկ ժամկետների սահմանադրականության հարցին Սահմանադրական դատարանն արդեն անդրադարձել է սույն որոշման մեջ:

Հետևապես, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթում և 48-րդ գլխում օրենսդիրն ամբողջությամբ կանոնակարգել է վարույթը վճռաբեկ ատյանում` սահմանելով իր կողմից կարևորված բոլոր առանձնահատկությունները, որոնք այդ վարույթը տարբերակում են առաջին և վերաքննիչ ատյանների վարույթից:

Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ վարույթի առումով Օրենսգրքի իրավակարգավորումներում առկա իրավական երաշխիքների հիման վրա կարող էր ձևավորվել համարժեք իրավակիրառ պրակտիկա:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի քննության առարկայի շրջանակներում Օրենսգրքի 48-րդ գլխում առկա չէ օրենսդրական բաց, ուստի Սահմանադրության 27, 63 և 75-րդ հոդվածների տեսանկյունից վիճարկվող դրույթը և Օրենսգրքի` դրա հետ համակարգային առումով փոխկապակցված մյուս դրույթները խնդրահարույց չեն:

4.6. Համադրելով Վճռաբեկ դատարանի գործառույթների վերաբերյալ սահմանադրական կարգավորումը վերաքննիչ դատարանների գործառույթն ամրագրող` Սահմանադրության 172-րդ հոդվածի հետ, համաձայն որի` վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են, Սահմանադրական դատարանը քննված գործի շրջանակներում արձանագրում է, որ.

1) վերընթաց վերանայման սահմանափակման սկզբունքն ածանցվում է Սահմանադրության հիշյալ պահանջներից` համակցված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի հետ, և ենթադրում է վերանայման ծավալի սահմանափակում` առաջին ատյանի դատարաններից մինչև Վճռաբեկ դատարան` «որքան ավելի բարձր է դատական ատյանը, այնքան ավելի սահմանափակ է վերանայման ծավալը» կանոնի համաձայն,

2) ըստ էության դատական ակտերի վերանայումը վերադաս դատարանների հիմնական գործառույթն է` արդարադատության էությունը, իսկ նրանց այլ լիազորությունների շրջանակն օրենսդրի կողմից` Սահմանադրությամբ կանխորոշված դեպքերից բացի, կարող է էլ ավելի սահմանափակվել` ելնելով արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր ապահովելու անհրաժեշտությունից,

3) գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը` ի տարբերություն գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման, կարող է իրականացվել միմյանցից զգալիորեն տարբերակված կանոնների համաձայն` այն հաշվով, որ պատշաճ կերպով ապահովվի գործն ըստ էության լուծող դատական ակտերի արդյունավետ և արդարացի քննությունը բոլոր դատական ատյաններում, ուստի և կանխվի այդ հարցերով դատավարական շրջապտույտը և դրա ազդեցությունը բուն արդարադատության արդյունավետության վրա:

Վերոգրյալի տեսանկյունից անդրադառնալով վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում միջանկյալ դատական ակտերի վերանայման ծավալների խնդրին` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքում որդեգրված լուծումները` վերաքննիչ ատյանում վիճարկվող միջանկյալ դատական ակտերի շրջանակը սահմանափակելը, իսկ վճռաբեկ ատյանում` այդ սահմանափակ շրջանակը հավելյալ` վճռաբեկ բողոքի ընդունելիության առավել բարդ ընդհանուր նախադրյալների հաղթահարման պահանջով զուգորդելը, ինքնին համահունչ են Սահմանադրության հիշյալ հոդվածների տրամաբանությանը: Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշվել է, օրենսդիրը վերաքննիչ դատարանի համար կալանքի` որպես խափանման միջոցի, կիրառման իրավաչափությունը քննելու համար արդարացիորեն հատուկ լիազորություններ է սահմանել` ի տարբերություն վերաքննիչ դատարանի կողմից այլ միջանկյալ դատական ակտերի վերանայման դեպքերի, իսկ Վճռաբեկ դատարանի համար կալանքի իրավաչափությունը քննելու հատուկ լիազորություններ չի սահմանել: Այս առումով Սահմանադրական դատարանի համար անընդունելի է այն մոտեցումը, երբ Վճռաբեկ դատարանն իր որոշումներով, մի կողմից` ամբողջովին նույնացրել է իր և վերաքննիչ դատարանի լիազորությունների ծավալը, մյուս կողմից` թյուրընկալում է առաջացրել նոր դատական ակտի էության վերաբերյալ:

i

Այսպես, Վճռաբեկ դատարանի պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «... գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող նոր դատական ակտերի կայացմանը վերաբերող օրենսդրական ձևակերպումն անորոշ է, ...»: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ անորոշությունը հաղթահարելու նպատակով վերաքննիչ դատարանը պետք է ղեկավարվի գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման ընդհանուր լիազորություններով:

Անտեսելով Օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված` կալանքի իրավաչափության հարցով վերաքննիչ դատարանի հատուկ լիազորությունները` Վճռաբեկ դատարանը ձևավորել է դատական պրակտիկա, որի շրջանակներում անդրադարձել է արդեն միջանկյալ դատական ակտերը վերանայելու իր լիազորություններին` փաստելով, որ դրանք նույնանում են վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակի հետ, ընդ որում` նաև ինքն է իրավասու իրականացնել իր այն լիազորությունները, որոնք սահմանված են ըստ էության դատական ակտերը վճռաբեկ վարույթում քննելու համար1:

_______________________

1 Տես Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի` ԵԴ/0743/06/18 գործով որոշման 45 և 46-րդ էջերը:

 

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրությունն էապես տարբերակում է վճռաբեկ և վերաքննիչ ատյանների դատարանների գործառույթները և կարգավիճակը, ինչը չի կարող չանդրադառնալ նաև դատական ակտերի, հատկապես` միջանկյալ դատական ակտերի վերանայման ծավալի վրա, և որ ամեն դեպքում Սահմանադրությամբ ապահովված` վերընթաց վերանայման սահմանափակման սկզբունքի ուժով դրանք չեն կարող չտարբերվել միմյանցից, հետևապես` միջանկյալ դատական ակտերի և հատկապես կալանավորման իրավաչափության վերաբերյալ դատական ակտերի առնչությամբ վերաքննիչ դատարանի իրավասության ծավալն ավելին է, քան Վճռաբեկ դատարանինը: Այս տարբերությունը կանխորոշված է Սահմանադրությամբ ամրագրված` Վճռաբեկ դատարանի գործառույթներից և կարգավիճակից ածանցվող իրավական նախադրյալներով, որոնք էապես ավելի բարձր շեմ են սահմանում վճռաբեկ բողոքի ընդունելիության համար, ինչն էլ, իր հերթին, կանխորոշում է Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտերի վերանայման ծավալը:

4.7. Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող դրույթով սահմանված իր լիազորությունների ենթադրյալ վերազանցման մասին դիմողի փաստարկներին` Սահմանադրական դատարանը նշում է, որ այս հարցի առնչությամբ Վճռաբեկ դատարանի որոշումների` սույն որոշման նախորդ կետում արված վերլուծությունը վկայում է, որ Վճռաբեկ դատարանի պրակտիկան Սահմանադրության 171 և 172-րդ հոդվածների պահանջների պահպանման տեսանկյունից խնդրահարույց է:

Հիմք ընդունելով սույն որոշման 4.1.-րդ կետում շարադրված` միջանկյալ դատական ակտերի վերանայման մասով Վճռաբեկ դատարանի վիճարկվող լիազորությունների իրականացման նպատակների վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ նպատակներով է վիճարկվող դրույթում ամրագրվել «նոր դատական ակտ» ձևակերպումը:

Սահմանադրական դատարանը վերստին արձանագրում է, որ «նոր դատական ակտ» եզրույթը չի նույնանում Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դատական ակտերից որևէ մեկի հետ և օրենսդիրը, կիրառելով «նոր դատական ակտ» եզրույթը, նկատի չի ունեցել հիշյալ հոդվածի 1-ին մասում թվարկված այն լիազորությունները, որոնք վերապահված են Վճռաբեկ դատարանին` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման դեպքերում: Սա վերաբերում է նաև միջանկյալ դատական ակտերի վերանայման` վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված` Օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նույնական ձևակերպման ամրագրման նպատակին: Սահմանադրական դատարանի գնահատմամբ` «նոր դատական ակտ» եզրույթն օրենսդիրը գործածել է Օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետի իմաստով:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում վերստին շեշտել, որ, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, որը կոչված է քննել ըստ էության և միջանկյալ դատական ակտ կայացնելու համար հիմք հանդիսացող` գործի բոլոր փաստական և իրավական հանգամանքները, օրենսդիրը որդեգրել է վերաքննիչ ատյանում սահմանափակ վերանայման մոդելը, իսկ վճռաբեկ ատյանում խոսքը հատուկ նախադրյալների առկայությամբ է՛լ ավելի սահմանափակ վերանայման մասին է: Առավել ևս դա պետք է վերաբերի արդարադատության իրականացմանը համընթաց և այդ իմաստով` միջանկյալ բնույթի հարցերի քննությանը, և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը, ի թիվս այլնի, կոչված է ապահովելու նաև արդարադատության արդյունավետությունը, հետևապես` սահմանափակ վերանայման մոդելի համակարգային տրամաբանության շրջանակներում ակնհայտորեն ուղղված է միջանկյալ դատական ակտերի մասով վերջնական որոշումների կայացմանը, որով կանխվում է թե` այդ հարցերով դատավարական շրջապտույտը, թե` դրա հնարավոր կամ առանձին դեպքերում նույնիսկ անխուսափելի բացասական ներգործությունն արդարադատության բուն գործառույթի արդյունավետ իրականացման վրա:

Սահմանադրական դատարանի համար ակնհայտ է, որ օրենսդիրն այդ նպատակներով է տարանջատել գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման շրջանակներում իրականացվող` վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների լիազորությունները: Հետևապես, նոր դատական ակտ կայացնելը Վճռաբեկ դատարանի դեպքում նշանակում է վերջնական որոշման կայացում գործն ըստ էության չլուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոքի վերաբերյալ, այսինքն` նախորդ ատյաններում հետազոտված փաստերի շրջանակներում այդ ակտի իրավաչափության հարցի վերջնական լուծում: Կալանավորման իրավաչափությունը վիճարկող վճռաբեկ բողոքի դեպքում նոր դատական ակտ կայացնելու` Վճռաբեկ դատարանի պարտադիր լիազորությունը` որպես վիճարկվող դրույթով սահմանված միակ այլընտրանք վճռաբեկ բողոքը մերժելուն, նշանակում է վճռաբեկ բողոքի բավարարում` կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման վերացմամբ:

Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշումը պետք է վերջնականորեն լուծի կալանավորման իրավաչափության հարցը և դրանով կանխի այս հարցով հետագա դատավարական շրջապտույտը` իրավական հստակություն և կանխատեսելիություն ապահովելով կալանքի կիրառման հարցում:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի կողմից Օրենսգրքի վիճարկվող դրույթի մեկնաբանությանը, ապա այն հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածին` համակցված Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի և 171-րդ հոդվածի հետ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության և մասնագիտացված (ոչ սահմանադրական) դատարանները կաշկանդված են ոչ միայն Սահմանադրությամբ, այլև օրենքով` հակառակ դեպքում իրենք կարող են հանդես գալ կա՛մ որպես օրենսդիր, կա՛մ որպես սահմանադրական արդարադատության մարմիններ:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի ուժով` սույն սահմանադրաիրավական վեճի առարկայի շրջանակներում, Վճռաբեկ դատարանը կարող էր իրականացնել միայն այն լիազորությունները, որոնք սահմանված էին Օրենսգրքի վիճարկվող դրույթով: Բացի դրանից, ի տարբերություն Սահմանադրական դատարանի, որն արդարադատություն իրականացնելիս ենթարկվում է միայն Սահմանադրությանը (Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մաս), մյուս բոլոր դատարանները կաշկանդված են և` Սահմանադրությամբ, և` օրենքներով (Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մաս), ուստի օրենքն այդ դատարանների կողմից կարող է ոչ թե վերացվել, անվավեր ճանաչվել, վերանայվել, այլ միայն կիրառվել: Ավելին` օրենքի պարտադիր պահանջները, այդ թվում` օրենքով սահմանված պարտադիր լիազորությունները, չեն կարող չկիրառվել, բացառությամբ այն միակ դեպքի, երբ դատարանը կասեցնում է վարույթը (ինչը, ի դեպ, նրա պարտականությունն է, եթե առկա են սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ (Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մաս), և դիմում է Սահմանադրական դատարան:

Որևէ դատարանի` օրենքով սահմանված լիազորություններն իրավակիրառ պրակտիկայում փոփոխելը` դրանք ընդլայնելու ուղղությամբ` անկախ պատճառաբանությունից, անթույլատրելի է, իսկ նվազեցնելու ուղղությամբ նշանակում է դրանց չիրականացում կամ ոչ պատշաճ իրականացում, ինչը, կախված հանգամանքներից, կարող է նույնանալ արդարադատությունը մերժելու հետ:

Օրենքով սահմանված լիազորությունների` սեփական մեկնաբանությամբ ընդլայնման հակասությունը Սահմանադրությանն առավել ակնհայտ է դառնում Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասում Վճռաբեկ դատարանի համար սահմանված այն պահանջի տեսանկյունից, որ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով է իրականացնում իր սահմանադրական գործառույթները:

Ըստ ՄԻԵԴ-ի դիրքորոշման` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» չի կարող համարվել այն դատարանը, որը որոշումը կայացրել է գանգատարկվող վարույթի կապակցությամբ օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով (Sokurenko and Strygun v. Ukraine, app. no. 29458/04 and 29465/04, 11/12/2006):

Սույն գործով դիմողի մեկ այլ դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը մերժելու մասին իր` 2019 թվականի հունվարի 25-ի ՍԴԱՈ-7 աշխատակարգային որոշման մեջ անդրադառնալով դատարանների, այդ թվում` Վճռաբեկ դատարանի կողմից Սահմանադրության մեկնաբանության և կիրառման հարցին` Սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշումներ, մասնավորապես, առ այն, որ` «Այն հանգամանքը, որ սահմանադրական արդարադատության ոլորտը, Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դուրս է Վճռաբեկ դատարանի գործառույթների շրջանակից, չի նշանակում, որ Վճռաբեկ դատարանը չունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն», և որ` «Որպես Սահմանադրության գերակայության ապահովման միջոց` Սահմանադրության վերջնական և համապարտադիր մեկնաբանությունն ու կիրառումն է Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունը, իսկ հանրային իշխանության բոլոր մարմինները` Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրենց լիազորությունների շրջանակներում մեկնաբանում և կիրառում են Սահմանադրությունը, հատկապես եթե, Սահմանադրության 3-րդ հոդվածին համահունչ, խոսքն անմիջականորեն գործող իրավունքի, այն է` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների մասին է, որոնցով սահմանափակված է ամբողջ հանրային իշխանությունը»: Բացի դրանից, այդ որոշման մեջ Սահմանադրական դատարանը` ամրագրելով, որ սահմանադրական արդարադատության իրականացումը, հատկապես նաև օրենքի և Սահմանադրության մեջ նշված այլ նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելը, Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է, այնուամենայնիվ, փաստել է, որ սահմանադրականության ստուգումը բոլոր դատարանների պարտականությունն է: Սահմանադրական դատարանն այնուհետև հատուկ շեշտել է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով հանգում են կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության խնդրի, այսինքն` այդ կապակցությամբ առաջանում են հիմնավոր կասկածներ, և եթե տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով, ապա նրանք պարտավոր են դիմել Սահմանադրական դատարան այդ ակտի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով, ինչը նշանակում է, որ բոլոր դատարանները, և ոչ միայն Վճռաբեկ դատարանը, պետք է ինցիդենտ կերպով ստուգեն կիրառվելիք նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը և պարտավոր են դիմել Սահմանադրական դատարան` նշված նախադրյալների առկայության դեպքում:

Վերահաստատելով իր հիշյալ իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի որոշակիության խնդրի կամ օրենքի որևէ այլ` մեկնաբանությամբ չհաղթահարվող` սահմանադրականության տեսանկյունից նշանակություն ունեցող թերության բացահայտումը դատարանների կողմից, նրանց պարտադիր լիազորությունն է, որն ապահովված է հատկապես Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքում նման խնդիրների բացահայտումն անխուսափելի է դարձնում Սահմանադրական դատարան դիմելը, քանի որ դրանք չեն կարող հաղթահարվել այլ (ոչ սահմանադրական) դատարանների կողմից: Օրենքի պահանջների մեկնաբանության դեպքում դրանց անորոշությունը փաստելը ոչ այլ ինչ է, քան սահմանադրականության խնդրի արձանագրում: Այդ խնդրի առկայությունն օրենքով սահմանված պահանջի կատարումից «ազատվելու» և սեփական լիազորություններն ընդլայնելու կամ սահմանափակելու համար հիմք դարձնելը նշանակում է սահմանադրականության խնդրի յուրօրինակ լուծում ոչ Սահմանադրական դատարանի կողմից, ինչն անթույլատրելի է: Իսկ քննված գործի շրջանակներում վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ Վճռաբեկ դատարանը Օրենսգրքի վիճարկվող դրույթի անորոշությունը պատճառաբանելու նպատակով հղում է արել նախկինում ընդունված իր որոշումներից մեկին` անտեսելով Սահմանադրական դատարան դիմելու` Սահմանադրությամբ սահմանված պարտադիր լիազորության առկայությունը:

Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենսգրքի այն դրույթները, որոնք կարգավորում են Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգը, դեռևս ամրագրում են դատարանի` Սահմանադրական դատարան դիմելու հայեցողություն, այլ ոչ թե պարտականություն (Օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մաս): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դրույթները համակարգային առումով փոխկապակցված չեն Օրենսգրքի վիճարկվող դրույթի հետ, Սահմանադրական դատարանն իրավասու չէ անդրադառնալ դրանց սահմանադրականությանը: Մյուս կողմից` Սահմանադրական դատարանը Կառավարության և Ազգային ժողովի ուշադրությունն է հրավիրում այս հիմնարար նշանակություն ունեցող հարցին` հորդորելով նախաձեռնել հիշյալ դրույթները Սահմանադրության լույսի ներքո վերանայելու գործընթաց:

Արձանագրելով Սահմանադրական դատարան դիմելու` բոլոր դատարանների, այդ թվում` Վճռաբեկ դատարանի լիազորության պարտադիր բնույթը` Սահմանադրական դատարանը վերոգրյալի հիման վրա եզրակացնում է, որ Վճռաբեկ դատարանը Սահմանադրական դատարան դիմելու հարցում հայեցողական մոտեցում է դրսևորել` հիմք ընդունելով օրենքի ձևակերպումը, չնայած ողջամտորեն կարելի էր ակնկալել, որ այդ դեպքում առնվազն չպետք է գնահատեր օրենքի վիճարկվող դրույթը` այն անուղղակիորեն որակելով որպես անորոշ, այսինքն` հակասահմանադրական:

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է:

i

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ` Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով:

i

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող                    Հ. Թովմասյան

 

7 մայիսի 2019 թվականի

ՍԴՈ-1459

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.05.2019
N ՍԴՈ-1459
Որոշում