Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2000 ԹՎԱԿԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0215.030500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2000 թվականի N 215

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության ոլորտում տեղադրել և իրականացնել 2000 թվականի պետական պատվերը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից կատարվող նպատակային հատկացումների հաշվին տեղեկատվական արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների միջոցով:

2. Սահմանել, որ`

ա) տեղեկատվության ոլորտում պետական պատվեր տեղադրող և դրա կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունն է, իսկ վերահսկողություն իրականացնողը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը.

բ) հեռուստառադիոհաղորդումների պատրաստման և հեռարձակման, տեղեկատվության ձեռքբերման բնագավառներում պետական պատվերը տեղադրվում է ոչ մրցութային կարգով:

3. Հաստատել տեղեկատվության ոլորտում 2000 թվականի պետական պատվերի տեղադրման կարգը (կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` 20-օրյա ժամկետում հաստատել տեղեկատվության ոլորտում 2000 թվականի պետական պատվերի (արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների) հանձնման-ընդունման ակտի և հաշվետվության ձևերը, հեռուստաֆիլմերի պետական պատվերի տեղադրման մրցույթի անցկացման կարգը` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

մայիսի 3-ի N 215 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

տեղեկատվության ոլորտում 2000 թվականի պետական

պատվերի տեղադրման

 

1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության ոլորտում պետական պատվերը տեղադրվում և իրականացվում է հեռուստաֆիլմերի արտադրության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, հեռուստատեսային, ռադիոյի հաղորդումների պատրաստման, հասարակական կարծիքի ուսումնասիրման, հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական վերահսկողության, հեռուստառադիոհաղորդումների կենտրոնացված տրանսպորտային ծառայությունների, ռադիոհեռուստատեսության ռեզերվային բազայի պահպանման և տեղեկատվության ձեռքբերման բնագավառներում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը (այսուհետև` պատվիրատու)` ելնելով Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության հայեցակարգային մոտեցումներից, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտակրթական, հոգևոր, մանկապատանեկան, հասարակության և պետության համար առաջնային կարևորության խնդիրներից, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների սահմանադրական գործառույթներից, պարտադիր կերպով ընդգրկելով պետության հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտները` որոշակի համամասնություններով, առաջնորդվելով պետականության, պետական կառավարման համակարգի, ժողովրդավարության ամրապնդման, խոսքի, մամուլի, դավանանքի ազատության, մարդու իրավունքների, պահպանման անհրաժեշտությունից, մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը ձևավորում է տեղեկատվական ոլորտի հաջորդ տարվա պետական պատվերի թեմատիկան ու ծավալները և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

3. Հեռուստառադիոհաղորդումների պատրաստման, հեռուստաֆիլմերի արտադրության գծով պետական պատվերի կրող են հանդիսանում «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» պետական բաժնետիրական ընկերությունը, «Հայաստանի ազգային ռադիո» պետական բաժնետիրական ընկերությունը, «Գյումրիի Շիրակ հեռուստառադիո» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, «Երևան ստուդիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

Տեղեկատվության ձեռքբերման գծով պետական պատվերի կրող է հանդիսանում «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերությունը:

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով պետական պատվերի կրող են հանդիսանում «Հայաստանի հեռուստատեսային ցանց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, «Ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

Հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական վերահսկողության գծով պետական պատվերի կրող է հանդիսանում «Հեռուստառադիոհաղորդումների պետական տեխնիկական տեսչություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման գծով պետական պատվերի կրող է հանդիսանում «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

Կենտրոնական տրանսպորտային ծառայությունների գծով պետական պատվերի կրող (այսուհետև` կատարող) է հանդիսանում «Սպասարկումների և շահագործման տնօրինություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

4. Հեռուստաֆիլմերի արտադրության պետական պատվերը տեղադրվում է պատվիրատուի և «Երևան ստուդիա» պետական փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների կողմից թեմատիկայի հայտավորման և մրցույթի միջոցով:

5. Պատվիրատուն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը սույն կարգի 3-րդ կետում նշված պետական պատվեր կատարող կազմակերպությունների հետ կնքում է հաջորդ տարվա պետական պատվերի պայմանագրեր:

6. Պետական պատվեր կատարող կազմակերպությունները յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 15-ը պատվիրատուին ներկայացնում են հաշվետվություն, որի հիման վրա նրանց կողմից կազմվում և հաստատվում է փաստացի կատարված աշխատանքների հանձնման-ընդունման ակտ:

7. Պատվիրատուն, ամփոփելով հաշվետու եռամսյակի պետական պատվերի կատարման արդյունքները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում պետական պատվերի հանձնման-ընդունման ակտի պատճենը և համապատասխան հաշվետվություն` վերջինիս կողմից սահմանված կարգով, ժամկետներում և հաստատված ձևերին համապատասխան:

8. Պետական պատվերի ֆինանսավորումը կատարվում է եռամսյակային կտրվածքով` կանխավճարային և վերջնահաշվարկային սկզբունքով:

Կանխավճարային ֆինանսավորումը կատարվում է մինչև հաշվետու եռամսյակի առաջին ամսվա 20-ը` եռամսյակային պետական պատվերի գնի մինչև 40 տոկոսի չափով, իսկ վերջնահաշվարկը` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը` պետական պատվերի կատարումը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

9. Տեղեկատվական ոլորտում պատվերի կատարման ժամկետ է սահմանվում հաշվետու տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը:

10. Պետական պատվերի պատվիրատուի և կատարողի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, իրավական այլ ակտերով և դրանց միջև կնքված պայմանագրերով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2000
N 215
Որոշում