Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ՀԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

050.0221.160399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆ

 

16 մարտի 1999 թվականի թիվ 221

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 09.03.99 թ. թիվ 34 որոշումը, ղեկավարվելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով` հրամայում եմ.

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 09.02.99 թ. թիվ 88 հրամանով հաստատված ՀՀ տարածքում գործող բանկերի հետ «ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և սպասարկման վերաբերյալ» պայմանագիրը:

2. Հաստատել ՀՀ տարածքում գործող բանկերի հետ «ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և սպասարկման վերաբերյալ» (նոր խմբագրությամբ) օրինակելի պայմանագիրը (կցվում է):

3. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և սպասարկման վերաբերյալ» պայմանագրի որոշ դրույթներ ուժը կորցրած ճանաչելու մասին» համաձայնագրի օրինակելի ձևը (կցվում է):

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին` սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքել սույն հրամանի 3-րդ կետում նշված համաձայնագիրը:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության վրա:

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ ______

 

ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և

սպասարկման վերաբերյալ

(նոր խմբագրություն)

 

ք. Երևան

 

«_____»_________________ 1999 թ.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետև` Կենտրոնական բանկ), ի դեմս Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի, գործելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի և Կենտրոնական բանկի կանոնադրության համաձայն` մի կողմից, և _________________ բանկը (այսուհետև` Թղթակից բանկ), ի դեմս բանկի ___________________________

__________________________________________________________________________

________________________________ գործող __________________________________ _____________ հիման վրա` մյուս կողմից (այսուհետև` Կողմեր), կնքեցին սույն Պայմանագիրը թղթակցային հարաբերությունների հաստատման մասին:

 

1. Պայմանագրի առարկան

 

Կողմերը հաստատում են թղթակցային հարաբերություններ միջբանկային հաշվարկների, այլ գործառնությունների կազմակերպման և իրականացման, ինչպես նաև Թղթակից բանկի կողմից պարտադիր պահուստավորման ենթակա միջոցների հաշիվների բացման և վարման նպատակով:

 

2. Հիմնական դրույթներ

 

2.1. Թղթակից բանկի անունով հաշիվը բացվում է վերջինիս կողմից ստորև նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում, փաստաթղթերի ներկայացման հաջորդ բանկային օրը.

- դիմում հաշիվ բացելու մասին,

- թղթակից բանկի կնիքի և լիազորված անձանց ստորագրությունների նմուշները:

2.2. Գործառնությունների իրականացման և հաշվառման նպատակով Կենտրոնական բանկը Թղթակից բանկի անունով բացում է հաշիվներ.

    ՀՀ դրամով     ____________________

2.3. Կենտրոնական բանկը Թղթակից բանկի հաշիվներով գործառնություններն իրականացնում է վերջինիս համապատասխան հանձնարարականների հիման վրա, հաշվին առկա մնացորդի սահմաններում, եթե ՀՀ օրենսդրությամբ, այլ պայմանագրերով և/կամ համաձայնագրերով այլ բան սահմանված չէ:

2.4. Կենտրոնական բանկը պատասխանատվություն չի կրում Թղթակից բանկի միջոցների ծախսման ուղղությունների համար և չի միջամտում թղթակցային հաշվին առկա միջոցների տնօրինմանը, եթե ՀՀ օրենսդրությամբ, այլ պայմանագրերով և/կամ համաձայնագրերով այլ բան սահմանված չէ:

2.5. Կողմերից յուրաքանչյուրի մասնակցությունը սույն պայմանագրին չի սահմանափակում Կողմերի իրավունքները` կնքել թղթակցային հարաբերություններ հաստատող այլ պայմանագրեր:

2.6. Կենտրոնական բանկը մատուցում է ծառայություններ և դրանց դիմաց գանձում կոմիսիոն վճարներ Կենտրոնական բանկի կողմից հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի սակագներ և դրույքաչափերի» համաձայն, ինչպես նաև Կենտրոնական բանկի կրած լրացուցիչ ծախսերի գումարները` համապատասխան ֆինանսական փաստաթղթերի առկայության դեպքում:

2.7. Թղթակից բանկի դրամարկղային սպասարկումն իրականացվում է ըստ «ՀՀ կենտրոնական բանկում առևտրային բանկերի դրամարկղային սպասարկման մասին» պայմանագրի:

 

3. Կողմերի փոխհարաբերությունները հաշիվների վարման դեպքում

 

3.1. Թղթակից բանկը կարող է տնօրինել իր հաշվին առկա միջոցները սույն պայմանագրով, այլ պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների սահմաններում:

3.2. Թղթակից բանկի հաշվից փոխանցումներն իրականացվում են վերջինիս կողմից Կենտրոնական բանկ ներկայացված հանձնարարականների հիման վրա` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ, այլ պայմանագրերով և համաձայնագրերով սահմանված դեպքերի, երբ գումարների գանձումը կատարվում է Թղթակից բանկի հաշվից անակցեպտ կարգով:

3.3. Թղթակից բանկի պարտադիր պահուստավորման ենթակա միջոցները հաշվարկային միջինից փոքր լինելու դեպքում Կենտրոնական բանկը Թղթակից բանկի հաշվից անվիճելի կարգով կարող է գանձել հաշվարկված տույժի գումարը:

3.4. Հանձնարարականները կարող են ներկայացվել թղթային (առձեռն, փոստով կամ ցրիչի միջոցով) եղանակով կամ համապատասխան համակարգերով (էլեկտրոնային վճարումների համակարգ, S.W.I.F.T., TELEX) փոխանցումներ կատարելու պայմանագրերի առկայության դեպքում` էլեկտրոնային եղանակով` կիրառելով այդ համակարգերում ընդունված հաղորդագրությունների էլեկտրոնային ֆորմատները:

3.5. Թղթակից բանկի կողմից Կենտրոնական բանկ թղթային եղանակով ներկայացված հանձնարարականները պետք է պարունակեն վերջիններիս համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն վավերապայմանները: Էլեկտրոնային եղանակով հանձնարարականները պետք է ուղարկվեն համապատասխան համակարգերի արարողակարգերի համաձայն և պարունակեն այդ համակարգերում կիրառվող պաշտպանական միջոցները` էլեկտրոնային ստորագրություններ, ծածկագրեր:

3.6. Կենտրոնական բանկը չի կատարում Թղթակից բանկի հանձնարարականը, եթե այն կիսատ է լրացված, նրանում առկա են սխալներ, ջնջումներ, ինչպես նաև հաշվում առկա միջոցները չեն բավարարում փոխանցումը կատարելու համար: Կենտրոնական բանկը հանձնարարականի չկատարման մասին Թղթակից բանկին պետք է տեղեկացնի ոչ ուշ, քան հանձնարարականի ներկայացմանը/ստացմանը հաջորդող բանկային օրվա ընթացքում` նշելով չկատարման պատճառները:

3.7. Թղթակցային հաշվից միջոցների դուրսգրումը կատարվում է նույն բանկային օրը, եթե Թղթակցի կողմից վճարման հանձնարարականը Կենտրոնական բանկ է ներկայացվել տվյալ տեսակի գործառնությունների կամ Կենտրոնական բանկի առանձին համակարգերի համար սահմանված Կենտրոնական բանկի գործառնական ժամերի ընթացքում, իսկ եթե վճարման հանձնարարականը ներկայացվել է այդ ժամերից դուրս, ապա հաջորդ բանկային օրը (Հավելված 1):

3.8. Կենտրոնական բանկի կողմից կարող են միակողմանիորեն փոփոխվել վերջինիս գործառնական ժամերը` նախօրոք հինգ բանկային օր առաջ այդ մասին հայտնելով Թղթակից բանկին:

3.9. Թղթակից բանկի կողմից տրված և հատուկ ժամկետներ (վճարման օր, կատարման օր) պարունակող հանձնարարականները Կենտրոնական բանկի կողմից կատարվում են` հաշվի առնելով 3.16 կետում նշված պայմանը:

3.10. Թղթակից բանկի հաշվին ուղղված միջոցները մուտքագրվում են նույն բանկային օրը, եթե վերջինիս հաստատման (գործարքի կատարման) փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվել տվյալ տեսակի գործառնությունների կամ Կենտրոնական բանկի առանձին համակարգերի համար սահմանված Կենտրոնական բանկի գործառնական ժամերի ընթացքում, իսկ եթե դրանք ներկայացվել են այդ ժամերից դուրս, ապա հաջորդ բանկային օրը (Հավելված 1):

3.11. Կենտրոնական բանկը Թղթակից բանկին հասցեագրված արտարժութային փոխանցումների մասին տեղեկացնում է Թղթակից բանկին ոչ ուշ, քան միջոցների` գործառնական ժամերի ընթացքում ստացման հաջորդ բանկային օրը:

3.12. Թղթակից բանկը ոչ ուշ, քան 3.11 կետում նշված տեղեկության ստացումից հետո երեք բանկային օրվա ընթացքում Կենտրոնական բանկին ներկայացնում է իրեն հասցեագրված միջոցների հետագա տնօրինման կամ վերադարձման հանձնարարական:

3.13. Թղթակից բանկի հաշվով գործառնության և/կամ միջոցների շարժի իրականացման դեպքում Կենտրոնական բանկն առանձին համակարգերով քաղվածքների տրամադրման համար սահմանված ժամկետներում Թղթակից բանկին տրամադրում է քաղվածք հաշվի մասին` էլեկտրոնային կամ թղթային (էլեկտրոնային կապի բացակայության դեպքում) եղանակով (Հավելված 1): Թղթակից բանկի հաշվից թղթային եղանակով քաղվածքները տրամադրվում են վերջինիս կողմից լիազորված անձին:

3.14. Քաղվածքը համարվում է հաստատված, եթե Թղթակից բանկը ստանալով քաղվածքը, վերջինիս հետ կապված դիտողությունները գրավոր ձևով չի ներկայացրել Կենտրոնական բանկին` քաղվածքի տրամադրման/ուղարկման օրվանից 5 բանկային օրվա ընթացքում:

3.15. Թղթակից բանկը պարտավորվում է իր թղթակցային հաշվին սխալմամբ հաշվեգրված կամ իրեն չհասցեագրված գումարները վերադարձնել վճարող բանկին ոչ ուշ, քան միջոցների հաշվեգրման հաջորդ բանկային օրը:

3.16. Շաբաթ և կիրակի օրերը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային օրերը, Կենտրոնական բանկի համար հանդիսանում են ոչ աշխատանքային օրեր:

3.17. Միջբանկային ֆինանսական (արտարժույթի, արժեթղթերի առքուվաճառքի, այլ) գործառնությունների իրականացման արարողակարգը սահմանվում է լրացուցիչ պայմանագրերով և համաձայնագրերով` ՀՀ օրենսդրության շրջանակներում:

3.18. Թղթակից բանկի հանձնարարությունների հետ կապված բոլոր ծախսերի, այդ թվում լրացուցիչ` կցված հիմնավորող ֆինանսական փաստաթղթերով, փոխհատուցումը Կենտրոնական բանկը կատարում է անակցեպտ կարգով Թղթակից բանկի թիվ _____________ ՀՀ դրամով հաշվից գործառնության կատարման հետ միաժամանակ: Կոմիսիոն վճարումների գանձման համար միջոցների անբավարար լինելու դեպքում այդ գումարները սույն պայմանագրի 5.2 կետի համաձայն տույժի հետ միասին գանձվում են միջոցների առաջին իսկ առկայության դեպքում:

3.19. Կենտրոնական բանկի կողմից կարող են միակողմանիորեն փոփոխվել վերջինիս կողմից սահմանված սակագները և դրույքաչափերը` նախօրոք երեք ամիս առաջ այդ մասին հայտնելով Թղթակից բանկին:

3.20. Թղթակցային հաշվի մնացորդի դիմաց տոկոսները հաշվարկվում և վճարվում են Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:

3.21. Թղթակից բանկը հաստատում է իր հաշիվների մնացորդները յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` Կենտրոնական բանկից համապատասխան քաղվածք ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում:

 

4. Կողմերի պարտավորությունները

 

4.1. Կենտրոնական բանկը պարտավորվում է.

4.1.1. Թղթակից բանկի անունով բացել համապատասխան հաշիվ սույն պայմանագրի 2.1 կետով սահմանված ժամկետում և փաստաթղթերի ներկայացման դեպքում:

4.1.2. Թղթակից բանկի հաշվով գործառնություններն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ, բանկային կանոններով, սույն պայմանագրով և համաձայնագրերով սահմանված կարգով:

4.1.3. Ապահովել Թղթակից բանկի հաշիվներով իրականացվող գործառնությունների գաղտնիությունը: Հաշիվների մասին տեղեկություններ տրամադրել Թղթակից բանկի կողմից լիազորված անձին, անհրաժեշտության դեպքում նաև այլ անձանց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.1.4. ՀՀ օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված լիազորությունների շրջանակներում անվերապահորեն, ժամանակին և ճշգրիտ կատարել Թղթակից բանկի կողմից տրված վճարման հանձնարարականները:

4.2. Թղթակից բանկը պարտավորվում է.

4.2.1. Կենտրոնական բանկ ներկայացնել հաշիվների բացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

4.2.2. Կատարել սույն պայմանագրով սահմանված պայմանները գործող ՀՀ օրենսդրության, կնքված փոխադարձ պայմանագրերի և համաձայնագրերի շրջանակներում:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1. Սույն պայմանագրով իրենց վերապահված պայմանների չկատարման (ոչ պատշաճ կատարման) դեպքում Կողմերը կրում են պատասխանատվություն ՀՀ գործող օրենսդրության համապատասխան:

5.2. Սույն պայմանագրով խախտում թույլ տված Կողմը պարտավոր է փոխհատուցել մյուս Կողմի կրած վնասները, մասնավորապես.

ա) միջոցների շարժի (մուտքի/ելքի) սույն պայմանագրով սահմանված ժամկետների ուշացման,

բ) միջոցների սխալ ուղղությամբ փոխանցման,

գ) իրեն չհասցեագրված միջոցների ստացման դեպքում դրանց չվերադարձման դեպքերում մեղավոր Կողմը յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` տվյալ պահին գործող Կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքի օրական մասնաբաժնի չափով` հաշվարկված սույն կետի ենթակետերով սահմանված գումարի նկատմամբ:

5.3. Կենտրոնական բանկը և Թղթակից բանկը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տարածման համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.4. Կենտրոնական բանկը պատասխանատու չէ Թղթակից բանկի կողմից ներկայացված հանձնարարականում նշված տեղեկությունների ճշտության համար:

Կենտրոնական բանկը պատասխանատու չէ Թղթակից և երրորդ բանկերի կողմից թույլ տրված սխալների և բացթողումների համար և պատասխանատվություն չի կրում վերջիններիս ֆինանսական դրության պատճառով ստեղծված հետևանքների համար:

5.5. Կողմերից մեկի` սույն պայմանագրի որևէ դրույթի խախտումը իրավունք չի վերապահում մյուս Կողմին ձեռնարկելու պայմանագրի դրույթներին հակասող քայլեր:

 

6. Վեճերի լուծման կարգը

 

6.1. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով` հաշվի առնելով Կողմերի փոխադարձ շահերը: Սույն պայմանագրով որևէ Կողմին ներկայացված առարկությունները վերջինիս կողմից ենթակա են պարզաբանման 10 բանկային օրվա ընթացքում:

6.2. Առաջացած վեճերը բանակցությունների միջոցով չլուծվելու դեպքում լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

7. Հատուկ պայմաններ

 

7.1. Սույն պայմանագրի դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե այն հետևանք է պարտավորությունների կատարման վրա իրապես ազդող անհաղթահարելի ուժի (հրդեհի, ջրհեղեղի, այլ տարերային աղետների, վթարների, ռազմական գործողությունների, զանգվածային գործադուլների, բարձրագույն օրենսդիր և գործադիր մարմինների որոշումների/այլ նորմատիվ ակտերի) և որպես ֆորս-մաժոր ընդունվող այլ պայմանների ազդեցության:

7.2. Սույն պայմանագրի լրացումները և փոփոխությունները համարվում են օրինական, եթե վերջիններս գրավոր ձևով կազմված և համատեղ ստորագրված են Կողմերի կողմից:

7.3. Կողմերի միջև թղթակցությունը վարվում է հայերեն լեզվով, իսկ անհրաժեշտության դեպքում, համաձայն Կողմերի միջև նախնական պայմանավորվածության, նաև օտար լեզվով:

 

8. Պայմանագրի գործողությունը

 

8.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

8.2. Սույն պայմանագրի գործողությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ՀՀ ԿԲ կողմից Թղթակից բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանի կողմից բանկի բանկային գործունեության լիցենզիան անվավեր ճանաչելու պահից:

8.3. Պայմանագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերի` սույն պայմանագրով ստանձնած և չկատարած պարտավորությունները ենթակա են պարտադիր կատարման, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

8.4. Պայմանագրի գործողության դադարեցման պահից թղթակցային հաշվի տնօրինումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձի կողմից` վերջինիս տրված լիազորության սահմաններում:

8.5. Կողմերը պարտավորվում են եռօրյա ժամկետում գրավոր ձևով միմյանց տեղեկացնել իրավաբանական կամ փոստային հասցեի, վճարային ռեկվիզիտների, տելեքսի, հեռատիպի, հեռախոսի, ֆաքսի հաշվի տնօրինման կամ հաշիվների մասին օպերատիվ տեղեկատվության ստացման համար լիազորված անձանց փոփոխությունների, այլ փոփոխությունների մասին, որոնք ապահովում են սույն պայմանագրով սահմանված դրույթների կատարումը:

 

9. Այլ պայմաններ

 

Սույն Պայմանագիրը կազմված և ստորագրված է 2 օրինակից (յուրաքանչյուր Կողմին` մեկական օրինակ): Երկու օրինակն էլ ունեն հավասար իրավական ուժ:

 

10. Կողմերի իրավաբանական հասցեները

 

       Կենտրոնական բանկ                             Թղթակից բանկ

 

Հայաստանի Հանրապետություն                 Հայաստանի Հանրապետություն

375010, ք. Երևան,                       _________________________________

Նալբանդյան փ. 6,                        _________________________________

Հեռախոս _______________________         Հեռախոս _________________________

Տելեքս  _______________________         Տելեքս  _________________________

Ֆաքս    _______________________         Ֆաքս    _________________________

 

_________________________________

ՀՀ ԿԲ նախագահ                           բանկի գործադիր տնօրեն (վարչության

                                        նախագահ) ________________________

Տ. Սարգսյան ________________________

                      Կ.Տ.                             Կ.Տ.

 

Հավելված 1

____________

 

Կենտրոնական բանկի գործառնական ժամերն ըստ անկանխիկ

փոխանցումների առանձին համակարգերի

 

        Համակարգի անվանումը                    Գործառնական ժամերը

 

Համախառն հաշվարկների էլեկտրոնային

    համակարգ                                              9.30 - 15.30

    Համախառն հաշվարկների թղթային համակարգ                 9.30 - 14.30

Զուտ հաշվարկների թղթային համակարգ

       I սեանս                                            9.30 - 10.30

       II սեանս                                          14.00 - 14.30

       S.W.I.F.T.; TELEX                                  9.00 - 15.30

 

Կենտրոնական բանկի գործառնական ժամերն ըստ կանխիկ

գործառնությունների

 

    Գործառնության անվանումը                    Գործառնական ժամերը

 

    Դրամարկղային գործառնություններ                        9.30 - 15.30

 

Քաղվածքների տրամադրման ժամկետներն

ըստ առանձին համակարգերի

 

        Համակարգի անվանումը                   Քաղվածքի տրամադրման

                                                   ժամկետը

 

    Համախառն հաշվարկների էլեկտրոնային    Մինչև  հաջորդ բանկային օրվա ժամը

    համակարգ                                                       9.30-ը

    Համախառն հաշվարկների թղթային         Մինչև  հաջորդ բանկային օրվա ժամը

    համակարգ                                                      10.00-ը

Զուտ հաշվարկների թղթային համակարգ

       I սեանս                            Մինչև  նույն բանկային օրվա ժամը

                                                                  11.00-ը

       II սեանս                           Մինչև  նույն բանկային օրվա ժամը

                                                                  15.00-ը

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԹԻՎ _____

 

«ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և սպասարկման

վերաբերյալ» պայմանագրի որոշ դրույթներ ուժը կորցրած ճանաչելու մասին

 

ք. Երևան

«_____»_______________ 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ի դեմս Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի, գործելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի և Կենտրոնական բանկի կանոնադրության համաձայն` մի կողմից, և ________________________________________________________ բանկը, ի դեմս բանկի____________________________________________________________________ գործող________________________________________________________ հիման վրա` մյուս կողմից (այսուհետև` Կողմեր), հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 09.03.99թ. թիվ 34 որոշումը («ՀՀ ԿԲ-ում ՀՀ տարածքում գործող բանկերի թղթակցային հաշիվներում և թղթակցային ենթահաշիվներում արտարժութային միջոցների ներգրավումը բացառելու մասին») և «ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և սպասարկման վերաբերյալ» պայմանագրի (ՀՀ ԿԲ նախագահի 9.02.99թ. թիվ 88 հրաման) 8.6 կետը, կնքեցին սույն համաձայնագիրը «ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և սպասարկման վերաբերյալ» պայմանագրի որոշ դրույթներ ուժը կորցրած ճանաչելու մասին:

 

Հոդված 1.

 

Կողմերը համաձայնվում են սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և սպասարկման վերաբերյալ» պայմանագրի հետևյալ դրույթները.

ա) 2.2 կետի «արտարժույթով» բառը,

բ) 2.4 կետի «դրամական կամ արտարժութային» բառերը,

գ) 3.11 կետի «տվյալ արտարժույթով հաշվի բացակայության դեպքում» բառերը,

դ) 3.18 կետի «Ծախսերը ծածկելու համար տվյալ հաշվում բավարար միջոցների բացակայության դեպքում դրանք գանձվում են արտարժութային թիվ ______ հաշվից, այդ օրը գործող Կենտրոնական բանկի համապատասխան արտարժույթի առքի փոխարժեքով:» նախադասությունը,

ե) ուժը կորցրած ճանաչել պայմանագրի 8.5 և 8.6 կետերը:

 

Հոդված 2.

 

Սույն համաձայնագիրը կազմված և ստորագրված է 2 օրինակից (յուրաքանչյուր Կողմին` մեկական օրինակ): Երկու օրինակն էլ ունեն հավասար իրավական ուժ:

 

Հոդված 3.

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկկողմանի ստորագրման պահից:

 

Կողմերի իրավաբանական հասցեները

 

       Կենտրոնական բանկ                             Թղթակից բանկ

 

Հայաստանի Հանրապետություն                 Հայաստանի Հանրապետություն

375010, ք. Երևան,                       _________________________________

Նալբանդյան փ. 6,                        _________________________________

Հեռախոս _______________________         Հեռախոս _________________________

Տելեքս  _______________________         Տելեքս  _________________________

Ֆաքս    _______________________         Ֆաքս    _________________________

 

_________________________________

ՀՀ ԿԲ նախագահ                           բանկի գործադիր տնօրեն (վարչության

                                        նախագահ) ________________________

Տ. Սարգսյան ___________________         _________________________________

                      Կ.Տ.                             Կ.Տ.

 

 

pin
Կենտրոնական բանկի նախագահ
16.03.1999
N 221
Հրաման