Սեղմել Esc փակելու համար:
ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, Դ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2019 թվականի N 630-Ն

 

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆԸ, ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին և 5-րդ մասով` իրավասու մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

2. Հաստատել`

1) որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

     վարչապետ                    Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 30

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի մայիսի 23-ի

N 630-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների (այսուհետ` դասընթաց) կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված իմաստով:

3. Որդեգրել ցանկացող անձանց համար դասընթացները կազմակերպվում են որդեգրված երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ` որդեգրել ցանկացող անձին հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով:

4. Որդեգրել ցանկացող անձանց դասընթացներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստանալուց հետո եռամսյա ժամկետում: Երեխա որդեգրելու հնարավորության մասին բացասական եզրակացություն ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դասընթացներին չեն մասնակցում: Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 630-Ն որոշումն ուժի մեջ մտնելը որդեգրման հնարավորության վերաբերյալ դրական եզրակացություն ստացած և որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառված որդեգրել ցանկացող անձինք դասընթացները պետք է անցնեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 630-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

5. Որդեգրել ցանկացող անձանց ցանկությամբ դասընթացներն անցնում են առկա կամ հեռավար եղանակով:

6. Իրենց մշտական բնակության երկրից դասընթացներ անցնելու փաստը հավաստող փաստաթուղթ չներկայացրած` որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների համար դասընթացները Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվում են վճարովի հիմունքներով, այդ թվում` օտար լեզվով` անգլերեն, ռուսերեն կամ համապատասխան թարգմանչի միջոցով: Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիները դասընթացն անցնում են մինչև որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների համադրման գործընթացն սկսելը:

7. Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած երեխայի խորթ հայրը, խորթ մայրը կամ մերձավոր ազգականները, ովքեր երեխային որդեգրում են ծնողի գրավոր համաձայնության հիման վրա, կարող են չմասնակցել դասընթացներին:

8. Դասընթացներն օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվում են վճարովի հիմունքներով` օտարերկրյա պետությունում նման դասընթացներին մասնակցելը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում:

9. Ուսուցման դասընթացն իրականացնող կազմակերպություններն ընտրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի անհատական հրամանով սահմանված մրցութային կարգով: Նախարարությունը, մրցութային կարգով ընտրված կազմակերպության (անկախ իրավակազմակերպական ձևից) միջոցով կազմակերպում և իրականացնում է դասընթացի ամբողջ գործընթացը` դասընթացի ծրագրի մշակում, մասնակիցների հրավիրում, դասընթացավարների ընտրություն, դասընթացի վարում, հավաստագրերի տրամադրում:

10. Կազմակերպության ընտրության մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող, սոցիալական պաշտպանության ոլորտում առնվազն երեք տարվա կադրերի ուսուցման և վերապատրաստման փորձ ունեցող կազմակերպությունները:

11. Հեռավար դասընթացներն իրականացնելու դեպքում կազմակերպությունը պետք է ունենա հեռավար դասընթացների առցանց տեղեկատվական համակարգ, որը հագեցած կլինի այն ամբողջ գործիքակազմով, որն անհրաժեշտ է սույն կարգի ընթացակարգերը պատշաճ մակարդակով ապահովելու համար:

12. Առկա և հեռավար դասընթացներն իրականացվում են տեսական և գործնական պարապմունքների անցկացման միջոցով` դասախոսությունների, վարժանքների, դերային խաղերի, ինտերակտիվ քննարկումների, տեսանյութեր ներկայացնելու և այլ մեթոդներով:

13. Առկա և հեռավար դասընթացների հավաստագրերը կարող են տրվել` ինչպես թղթային, այնպես էլ` էլեկտրոնային եղանակներով:

14. Դասընթացի մասնակիցը հեռավար եղանակով դասընթացի անցկացման դեպքում կարող է մասնակցել դասընթացին և ստանալ հավաստագիր` էլեկտրոնային եղանակով:

15. Առկա և հեռավար դասընթացների տևողությունը քսանչորս ակադեմիական ժամ է: Դասընթացն անցկացվում է մինչև որդեգրել ցանկացող անձի և որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տվյալների տրամադրման և համադրման գործընթացն սկսելը: Հաշվի առնելով որդեգրել ցանկացող անձի նախընտրելի չափանիշներին համապատասխան որդեգրման ենթակա երեխայի խնամքի առանձնահատկությունները (դժվար դաստիարակվող, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռք բերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներով և այլն)` դասընթացի տևողությունը կարող է երկարաձգվել ևս քսանչորս ակադեմիական ժամով:

16. Դասընթացի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը, դասընթացի ծրագրի բովանդակությունը, որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների դեպքում` դասընթացի գինը, գիտելիքների ստուգման ավարտական թեստերը և թեմատիկ բաղադրիչները` մոդուլները (հայերենով, անգլերենով, ռուսերենով) հաստատում է լիազոր պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարը, որոնք տեղադրվում են լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) և կազմակերպության պաշտոնական կայքերում:

17. Առկա և հեռավար դասընթացների մասնակիցների գիտելիքների ստուգման ավարտական թեստավորումն իրականացվում է մասնակիցների պատրաստվածության վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, լիազոր մարմնին տեղեկացնելու և հետագայում այդ մասնակիցների հետ թիրախավորված սոցիալական աշխատանք իրականացնելու նպատակով: Դասընթացի մասնակցի գիտելիքների ստուգման թեստավորման արդյունքներն անբավարար լինելու դեպքում` որդեգրել ցանկացող անձը որդեգրման գործընթացը շարունակելու նպատակով կարող է մասնակցել հաջորդիվ անցկացվող դասընթացներին:

18. Լիազոր մարմինը, ըստ կենտրոնացված հաշվառման հերթականության, կազմում է որդեգրել ցանկացող անձանց դասընթացի մասնակիցների ցանկը (այսուհետ` մասնակիցների ցանկ)` նշելով անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, ինչպես նաև անձնական էլեկտրոնային փոստի հասցեն ու այլ կոնտակտային տվյալներ և դասընթացն սկսելու օրվանից առնվազն քսան օր առաջ փոխանցում է կազմակերպությանը` դրան կցելով այդ անձանց անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները:

19. Կազմակերպությունը որդեգրել ցանկացող անձանց առկա և հեռավար դասընթացների անցկացման մասին անհատապես պատշաճ կերպով ծանուցում է ոչ ուշ, քան դասընթացն սկսելու օրվանից առնվազն տասնհինգ օր առաջ:

20. Առկա դասընթացի անցկացման վերաբերյալ հայտարարությունը և անհատական ծանուցումը պետք է ներառեն դասընթացի ծրագրի, անցկացման վայրի, սկզբի, տևողության, դասընթացին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի մասին տվյալներ:

21. Հեռավար դասընթացի անցկացման վերաբերյալ հայտարարությունը և անհատական ծանուցումը պետք է ներառեն դասընթացի ծրագրի, դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ տեխնիկական ցուցումների` կայքի հասցեն, օգտվողի մուտքի անունը և ծածկագիրը, դասընթացի սկզբի, տևողության, դասընթացին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի մասին տվյալներ:

22. Կազմակերպությունն առկա և հեռավար դասընթացների մասնակիցներին գրանցում է դասընթացի առաջին օրը կամ առաջին օրը չներկայանալու դեպքում` հաջորդ անգամ ներկայանալու օրը: Մասնակիցը գրանցման համար պետք է ներկայացնի անձնագիր կամ նույնականացման քարտ, ընդ որում, հեռավար դասընթացի դեպքում մասնակիցը կարող է ներկայացնել անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը` էլեկտրոնային հաղորդագրության եղանակով:

23. Առկա դասընթացի ընթացքում կազմակերպության կողմից վարվում է մասնակիցների հաճախումների մատյան, որտեղ յուրաքանչյուր օրվա համար կատարվում են նշումներ մասնակիցների հաճախումների վերաբերյալ:

24. Հեռավար դասընթացի ընթացքում կազմակերպության հեռավար դասընթացների առցանց տեղեկատվական համակարգում ինքնաշխատ վարվում է մասնակիցների հաճախումների մատյան, որտեղ յուրաքանչյուր օրվա համար կատարվում են նշումներ մասնակիցների հաճախումների վերաբերյալ, իրականացվում մասնակիցների ավարտական թեստային ստուգումներ:

25. Հեռավար դասընթացի մասնակիցները գրանցվում են կազմակերպության հեռավար դասընթացների առցանց տեղեկատվական համակարգում` դասընթացն սկսելու առաջին օրը կամ առաջին օրը չներկայանալու դեպքում` հաջորդ անգամ ներկայանալու օրը: Մասնակիցը գրանցման համար պետք է ներկայացնի անձնագրի կամ նույնականացման քարտի էլեկտրոնային պատճենը:

26. Առկա և հեռավար դասընթացների ավելի քան մեկ երրորդից բացակայելու դեպքում անձը համարվում է դասընթացը չանցած: Դասընթացը չանցած մասնակիցն ընդհանուր հիմունքներով, մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համադրման գործընթացում ընդգրկվելը, կարող է մասնակցել հաջորդող որևէ դասընթացի:

27. Առկա և հեռավար դասընթացներն ավարտելուց հետո եռօրյա ժամկետում կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում դասընթացների անցկացման մասին հաշվետվություն` ներառելով դասընթացներն անցած մասնակիցների անվանական ցանկը` յուրաքանչյուրի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հաճախումները և թեստավորման արդյունքները:

28. Լիազոր մարմինը հավաստագիր ստացած մասնակիցների ցանկն ստանալուց հետո եռօրյա ժամկետում տեղեկատվության ինքնաշխատ փոխանակությունն իրականացնող տեղեկատվական համակարգում` հանրապետական մակարդակով մուտքագրում է որդեգրել ցանկացող անձի` դասընթացն անցած լինելու մասին համապատասխան տեղեկատվություն, որը մուտքագրման պահից, առցանց` դիտման իրավասությամբ (դիտողի կարգավիճակով) հասանելի է Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (Երևանում` Երևանի քաղաքապետարանին) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (որդեգրման հարցերով կենտրոնական մարմնին), ընդ որում, յուրաքանչյուր մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանին) դիտման իրավասությամբ հասանելի են միայն այն անձանց մասին տվյալները, ովքեր, որպես որդեգրել ցանկացող անձ են հաշվառվել տվյալ մարզում (Երևան քաղաքում): Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը դիտման իրավասությամբ հասանելի են միայն այն անձանց մասին տվյալները, ովքեր Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում վերցվել են կենտրոնացված հաշվառման` որպես օտարերկրացի որդեգրել ցանկացող անձ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի մայիսի 23-ի

N 630-Ն որոշման

 

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական սկզբունքը երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում ապահովելն է` խնամքի հաստատությունից երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալության (հոգաբարձության) կամ որդեգրման հանձնելու, խնամատար ընտանիքում խնամքը կազմակերպելու և այլընտրանքային ծառայությունների տրամադրման միջոցով:

2. Ելնելով նշված քաղաքականությունից` կարևորվում է որդեգրել ցանկացող անձանց համար նախապատրաստական դասընթացի (այսուհետ` դասընթաց) կազմակերպումը, ինչը թույլ կտա զարգացնել որդեգրել ցանկացող անձանց ծնողավարման հմտությունները, ձեռք բերել բավարար ունակություններ ու հնարավորություններ` ապահովելու համար երեխայի պատշաճ խնամքը, դաստիարակությունը, նրա իրավունքների և շահերի պաշտպանությունը:

3. Դասընթացի անցկացման պահանջի սահմանումը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում պայմանավորված է միջազգային դրական և հաջողված փորձով:

 

II. ՆՊԱՏԱԿԸ

 

4. Ծրագրի նպատակը որդեգրողների ընտանիքներում որդեգրված երեխաների` որակյալ խնամքի ու դաստիարակության տրամադրմանը և նրանց օրինական շահերի ու իրավունքների պաշտպանության ապահովմանը նպաստելն է:

 

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

5. Ծրագրից ակնկալվող արդյունքներն են`

1) երեխա որդեգրել ցանկացող անձանց կողմից ծնողի համար ծնողավարման մասին անհրաժեշտ գիտելիքների ու կարողությունների, հմտությունների ձեռքբերում.

2) երեխայի պատշաճ խնամքի, դաստիարակության, նրա օրինական շահերի և իրավունքների պաշտպանության ապահովում:

 

IV. ԴԱՍԸՆԹԱՑԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

6. Դասընթացի ուղղություններն են` հոգեբանական, մանկավարժական, իրավական`

1) հոգեբանական ուղղությունը ներառում է որդեգրողներին կրթելու միջոցով որդեգրված երեխայի ճանաչողական գործունեության զարգացման, սոցիալական վարքի հմտությունների ձևավորման, ժամանակի կազմակերպման և սոցիալական հարմարվողականության վերաբերյալ գիտելիքների ձեռքբերման աշխատանքները.

2) մանկավարժական ուղղությունը ներառում է որդեգրողներին կրթելու միջոցով որդեգրված երեխայի բանավոր ու գրավոր խոսքի ուղղման և զարգացման, ինչպես նաև երեխայի ընդհանուր զարգացման, գիտելիքների լրացման, դպրոցական առարկաների ու հանձնարարությունների կատարման հմտությունների ուսուցման աշխատանքները.

3) իրավական ուղղությունը ներառում է որդեգրողներին իրավական հարցերում աջակցության տրամադրումը, որն ուղղված է որդեգրող ծնողներին` որդեգրված երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով խորհրդատվության ու իրավաբանական օգնության տրամադրման ապահովմանը:

7. Առկա դասընթացն իրականացվում է խմբային մեթոդով և լսարանային պայմաններում` անհատական խորհրդատվության, խմբային զրույցների, փորձառու որդեգիր ծնողների, խնամատար ծնողների, խնամակալների (հոգաբարձուների), հաստատության մասնագետների փորձի փոխանակման և այլ միջոցներով: Հեռավար դասընթացն իրականացվում է անհատական խորհրդատվության և փորձառու որդեգիր ծնողների, խնամատար ծնողների, խնամակալների (հոգաբարձուների), հաստատության մասնագետների փորձի փոխանակման և այլ միջոցներով: Առկա և հեռավար դասընթացներին մասնակցած` որդեգրել ցանկացող անձինք ավարտական թեստերը հանձնում են առկա եղանակով:

8. Դասընթացի մեթոդներն են`

1) դասախոսությունները.

2) գործնական պարապմունքները` վարժանքներ, դերային խաղեր.

3) ինտերակտիվ քննարկումները, հրավիրված խոսնակների կողմից դերերը (փորձառու խնամողներ` որդեգիր, խնամատար ծնող, խնամակալ (հոգաբարձու) ներկայացնելը.

4) տեսանյութերի, գիտափորձերի դիտումներ:

 

V. ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Դասընթացների ծրագրին ներկայացվող պահանջներն են`

1) որդեգրել ցանկացող անձանց խորհրդատվություն տրամադրելու միջոցով նպաստել որդեգրված երեխայի համար ապահով և բարենպաստ միջավայր ստեղծելուն.

2) աջակցել որդեգրել ցանկացող անձանց` երեխա որդեգրելու դեպքում հաղթահարելու միջանձնային խնդիրները և երեխաների հոգեբանական տրավմաները.

3) մշակել մեթոդաբանություն` որդեգրման հետ կապված խնդիրների հաղթահարման նպատակով.

4) սովորեցնել որդեգրել ցանկացող անձանց տիրապետել իրավիճակին համապատասխան վարքային նոր մոդելների, դերերի (զավակ, քույր, եղբայր, թոռնիկ), զգացմունքների կառավարման հմտությունների.

5) որդեգրել ցանկացող անձանց տրամադրել իրավաբանական խորհրդատվություն` որդեգրված երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով.

6) ուսուցողական խաղերի, դերակատարումների միջոցով և այլ մեթոդներով օգնել որդեգրել ցանկացող անձանց` աջակցելու երեխային առավել հեշտությամբ ազատվել իր բարդույթներից և առանց խոչընդոտների ընդունել իր նոր ընտանիքն ու իր կարգավիճակը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.2019
N 630-Ն
Որոշում