Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ          

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/0602/05/16   

    Վարչական գործ թիվ ՎԴ/0602/05/16        2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան       

                       Ա. Սարգսյան     

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մարտի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.06.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Անիկոմ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի` ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) 11.11.2015 թվականի թիվ 5012965 ստուգման ակտը մասնակի` 1-ին և 4-րդ կետերի մասով, վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակի` 1-ին և 4-րդ կետերի մասով, վերացնել Նախարարության 11.11.2015 թվականի թիվ 5012965 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 28.04.2016 թվականի որոշմամբ Նախարարությունը վերակազմակերպման հիմքով փոխարինվել է իրավահաջորդով` Կոմիտեով:

Դատարանի 29.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.06.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 29.12.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հարկային պարտավորություններ առաջադրելու համար հարկային մարմինը հիմք է ընդունում ոչ թե Ընկերության բաժնեմասի օտարման գործարքի կնքման պահը, այլ Ընկերության մասնակիցների վերաբերյալ կատարված պետական գրանցման պահը, որի ուժով Ընկերության բաժնեմասի օտարման գործարքի հիման վրա կատարված մասնակիցների փոփոխությունը ստանում է իրավաբանական ուժ: Փաստորեն, Ընկերության բաժնեմասերում տեղի ունեցած փոփոխությունները ենթակա էին պետական գրանցման, և մասնակիցները կարող են համարվել փոփոխված միայն այդ փոփոխության պետական գրանցման պահից: Հետևաբար Արայիկ Ստեփանյանի մասնակցությունն Ընկերությունում դադարել է մասնակիցների փոփոխության պետական գրանցման պահից, այլ ոչ թե Արայիկ Ստեփանյանի և Էդուարդ Ստեփանյանի միջև կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի ստորագրման օրվանից: Հետևաբար հարկային մարմինն իրավաչափորեն է արձանագրել, որ 2012 թվականին Արայիկ Ստեփանյանը միաժամանակ հանդիսացել է Ընկերության 100 տոկոս բաժնեմասի և «Դարմին» ՍՊԸ-ի 40 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ինչն էլ նշանակում է, որ վիճարկվող ստուգման ակտով Ընկերության նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրումն իրավաչափ է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.06.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 30.10.2000 թվականին, իսկ նրա միակ մասնակիցը (100 տոկոս բաժնեմասով) մինչև 31.07.2014 թվականը հանդիսացել է Արայիկ Ստեփանյանը, ապա` Էդուարդ Արայիկի Ստեփանյանը (հատոր 2-րդ, գ.թ. 31-33):

2) «Դարմին» ՍՊԸ-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 28.10.2005 թվականին, իսկ Արայիկ Ստեփանյանը 03.05.2006 թվականից հանդիսանում է «Դարմին» ՍՊԸ-ի մասնակից (40 տոկոս բաժնեմասով) (հատոր 2-րդ, գ.թ. 34-35):

3) ՀՀ ֆինանսների նախարարի 24.08.2015 թվականի թիվ 5012965 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Ստուգման արդյունքում Նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության (այսուհետ` Վարչություն) կողմից 11.11.2015 թվականին ընդունվել է թիվ 5012965 ստուգման ակտը, որի 4-րդ կետով արձանագրվել է, որ Ընկերության միակ մասնակից Արայիկ Ստեփանյանը 2012 թվականի ընթացքում միաժամանակ հանդիսացել է նաև «Դարմին» ՍՊԸ-ի 40 տոկոս բաժնեմասով մասնակից: Հետևաբար, ըստ ստուգման ակտի` իրավահարաբերության ծագման պահին գործող` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետի ուժով Ընկերությունը 2012 թվականի ընթացքում համարվել է ավելացված արժեքի հարկ վճարող, սակայն ավելացված արժեքի հարկ չի հաշվարկել ու չի վճարել: Ըստ այդմ, Ընկերության նկատմամբ 2012 թվականի համար ավելացված արժեքի հարկի գծով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն` 5.165.613 ՀՀ դրամի չափով, որից 2.026.104 ՀՀ դրամ` ապառք, 2.026.104 ՀՀ դրամ` իրավահարաբերության ծագման պահին գործող` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տուգանք, 1.108.405 ՀՀ դրամ` իրավահարաբերության ծագման պահին գործող` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված տույժ և 5.000 ՀՀ դրամ` իրավահարաբերության ծագման պահին գործող` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 43.1-րդ հոդվածով նախատեսված տուգանք: Իսկ ստուգման ակտի 1-ին կետով արձանագրվել է, որ դրա 4-րդ կետում նկարագրված հիմքով Ընկերությունը 2012 թվականին պետք է հանդիսանար ԱԱՀ վճարող, որպիսի պայմաններում առաջանում է շահութահարկի գծով բյուջեից վերադարձման ենթակա գումար` 19.206 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 32-35):

4) Արայիկ Ստեփանյանի և Էդուարդ Ստեփանյանի միջև 05.11.2011 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Արայիկ Ստեփանյանն Ընկերությունում ունեցած իր 100 տոկոս բաժնեմասը 50.000 ՀՀ դրամով վաճառել է Էդուարդ Ստեփանյանին (հատոր 1-ին, գ.թ. 40):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ավելացված արժեքի հարկ վճարելու` մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետի ուժով ծագող պարտականության կատարման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետի և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետի ուժով համարվու՞մ է արդյոք ավելացված արժեքի հարկ վճարող, եթե դրա միակ մասնակիցը, ում միաժամանակ պատկանում է մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալի 20 տոկոսից ավել բաժնեմասը, մինչև հաշվետու տարվա սկիզբը վաճառել է առաջին ընկերությունում իրեն պատկանող 20 տոկոսից ավել բաժնեմասը, սակայն մինչև հաշվետու տարվա սկիզբը բաժնեմասի օտարման պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցում չի կատարվել:

Մինչև 01.01.2018 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` ավելացված արժեքի հարկը (այսուհետ` ԱԱՀ) անուղղակի հարկ է, որը նույն օրենքի համաձայն, վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ 2-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` ԱԱՀ վճարողներ են համարվում օրենքով սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն վարող և նույն օրենքի 6-րդ հոդվածում թվարկված գործարքներ (գործառնություններ) իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետի համաձայն` նույն հոդվածով սահմանված ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է մեկ այլ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին), ընդ որում, այս դեպքում կազմակերպություններից ոչ մեկի նկատմամբ ԱԱՀ-ի շեմը չի կարող տարածվել:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում անդրադարձել է մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ իրավադրույթների մեկնաբանությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում օրենսդիրը նախատեսել էր, որ անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ավելացված արժեքի հարկ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը գերազանցող մասի համար: Միաժամանակ օրենսդիրը նախատեսել էր այն փաստակազմերը, որոնց առկայության դեպքում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նախատեսված կարգավորումը կիրառելի չէր (տե՛ս, «Անջելս տուր» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/9770/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդպիսի փաստակազմ էր նախատեսված նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետում: Այս կետի համաձայն` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերության դրույթները չեն տարածվում այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է մեկ այլ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին): Փաստորեն, կազմակերպության նկատմամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նախատեսված իրավական հետևանքը կիրառելի է միայն այն դեպքում, եթե տվյալ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսի կամ ավելի մասի (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) սեփականատեր անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին միաժամանակ չի պատկանում մեկ այլ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին): Հետևաբար ցանկացած իրավասու մարմին մինչև կոնկրետ կազմակերպության նկատմամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նախատեսված իրավական հետևանքի կիրառելիության հարցը լուծելը, պետք է պարզեր` արդյոք տվյալ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի, որին միաժամանակ պատկանում է մեկ այլ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետով սահմանված իրավադրույթի ուժով կազմակերպության նկատմամբ ավելացված արժեքի հարկի շեմը չի կիրառվում, և այդ կազմակերպությունը համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի,

2) այդ ֆիզիկական անձին միաժամանակ պատկանում է մեկ այլ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետով սահմանված վերոգրյալ կանոնի ճիշտ կիրառության համար կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, թե որ պահից է անձը համարվում կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի սեփականատեր (կազմակերպության մասնակից, բաժնետեր կամ փայատեր)` հատկապես կազմակերպության բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարման դեպքում: Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել վերոնշյալ հարցը` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների կողմից իրենց պատկանող բաժնեմասերի օտարման համատեքստում:

Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի հաստատած կանոնադրությունն է:

i

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընկերության հիմնադիր փաստաթուղթ է հանդիսանում նրա հիմնադիրների (մասնակիցների) կողմից հաստատված կանոնադրությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` (...) ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի`

ա) ընկերության անվանումը.

բ) ընկերության գտնվելու վայրը.

գ) ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը.

դ) տեղեկություններ ընկերության մասնակիցների մասին (...):

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` ընկերության կանոնադրությունում փոփոխությունները կատարվում են ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում նրանց պետական գրանցման պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին տեղյակ պահելուց հետո:

i

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա` որպես այդպիսին գրանցվելու պահից:

i

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` ընկերության մասնակիցներն իրավունք ունեն, ի թիվս այլնի, օրենքով սահմանված կարգով իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ երրորդ անձանց:

i

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (նախկինում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք. օրենքի վերնագիրը փոփոխվել է և այն շարադրվել է նոր խմբագրությամբ 19.03.2012 թվականին ընդունված և 25.07.2012 թվականին ուժի մեջ մտած` ««Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքով) 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերի համաձայն` իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում, ի թիվս այլ տեղեկությունների, գրառվում են մասնակիցների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ, մասնակիցների` իրավաբանական անձի մասնակից դառնալու, մասնակցության չափի փոփոխության և մասնակցությունը դադարեցնելու տարին, ամիսը, ամսաթիվը:

i

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` փոփոխությունները համարվում են կատարված դրանք գրանցամատյանում գրառելու պահից (...):

Մինչև 25.07.2012 թվականը գործող խմբագրությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «ժ» կետերի համաձայն` իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները` հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, գրանցման վկայականի տվյալները, գտնվելու վայրը), կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) ներդրումների չափը:

Մինչև 25.07.2012 թվականը գործող խմբագրությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` փոփոխությունների պետական գրանցումը համարվում է կատարված` քարտում լրացված տեղեկությունները պետական գրանցամատյանում գրառելու պահից (...):

i

Նախկինում կայացրած որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասն օտարել այլ մասնակցի կամ երրորդ անձի, սակայն բաժնեմասը ձեռք բերողի համար մասնակցության իրավունքը ծագած կհամարվի պետական գրանցման պահից: Ընդ որում, մասնակցի վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում` բաժնեմասի չափը պետք է գրանցվի իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում, և փոփոխությունը պետք է արտացոլվի ընկերության կանոնադրությունում: Ավելին` օրենսդրությամբ սահմանվում են այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են բաժնեմասի օտարումից ծագող փոփոխությունների գրանցման համար: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման կարգավորումն ինքնանպատակ չէ: Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կանոնադրությունն ընկերության իրավական կարգավիճակը սահմանող կարևորագույն փաստաթուղթ է: Կանոնադրությունը կարգավորում է հիմնադիրների (մասնակիցների) ներքին փոխհարաբերությունները, դրանով սահմանվում են, մասնավորապես, ընկերության անվանումը, գտնվելու վայրը, գործունեության նպատակը և առարկան, կառավարման և վերահսկողության մարմինները, շահույթի բաշխման կարգը և այլն: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` ընկերության, ընկերության մասնակիցների, ընկերության կանոնադրության (նաև փոփոխությունների) գրանցումն ինքնանպատակ չէ: Բացի այն, որ պետական գրանցումը հնարավորություն է տալիս միասնական ամբողջական տեղեկատվություն հավաքել պետության տարածքում գործող իրավաբանական անձանց մասին, այն նաև հնարավորություն է տալիս հանրությանը` ամբողջական տեղեկություններ ստանալ իրավաբանական անձանց մասին: Դա հատկապես կարևորվում է առևտրային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, այդ թվում` ընկերությունների համար, քանի որ վերջիններիս ապագա հնարավոր կոնտրագենտները հնարավորություն են ունենում տեղեկություններ ձեռք բերել իրենց ապագա գործընկերների մասին` բացահայտելով վերջիններիս գործունեության նպատակները, կառավարման մարմինների արդյունավետությունը, մասնակիցների շրջանակը, ինչը ոչ պակաս կարևոր է, քանի որ մասնակիցների շրջանակով պայմանավորված` ապագա կոնտրագենտները կարող են հրաժարվել պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել տվյալ իրավաբանական անձի հետ: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ անկախ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների կամ հնարավոր մասնակիցների ներքին հարաբերություններից, ներքին պայմանավորվածությունից` բաժնեմասը ձեռք բերող անձի իրավունքը ծագում է միայն ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցվելու, ընկերության կանոնադրությունում փոփոխություն կատարելու և այն գրանցելու պահից (տե՛ս, Սուսաննա Խաչատրյանն ընդդեմ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի թիվ ԵԿԴ/0779/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցն օտարում է իր բաժնեմասը, ապա բաժնեմասի օտարման գործարքի հիման վրա ընկերության բաժնեմասը ձեռք բերած անձը համարվում է ընկերության բաժնեմասի սեփականատեր (մասնակից) իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա` որպես այդպիսին գրանցվելու պահից: Փաստորեն, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից համարվելու հանգամանքը կախված է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում անձի` որպես ընկերության մասնակից գրանցված լինելու փաստի առկայությունից կամ բացակայությունից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետի ուժով համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող այն դեպքում, երբ իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից կատարված գրանցման համաձայն` այդ ընկերության կանոնադրական կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այնպիսի ֆիզիկական անձի, որն իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից գրանցված է որպես մեկ այլ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսի կամ ավելի մասի (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) սեփականատեր: Ընդ որում, այդ ֆիզիկական անձին պատկանող` նշված իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսի կամ ավելի մասի օտարման գործարքի առկայությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ նշված իրավաբանական անձանց նկատմամբ մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետով սահմանված իրավադրույթի կիրառությունը բացառելու համար, քանի որ իրավաբանական անձանց մասնակիցների փոփոխությունը` որպես իրավաբանական փաստ, ծագում է ոչ թե իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի որոշակի մասի օտարման գործարքի կնքման, այլ միայն այդ գործարքից բխող իրավունքների պետական գրանցման պահից: Փաստորեն, մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետով սահմանված իրավադրույթի կիրառության համար սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի 20 տոկոսի կամ ավելի մասի (բաժնեմասի) սեփականատեր ֆիզիկական անձի կողմից իր բաժնեմասի օտարման գործարքը որևէ իրավաբանական նշանակություն չունի, եթե այդ գործարքից բխող իրավունքները (մասնակիցների փոփոխությունը) օրենքով սահմանված կարգով չեն ստացել պետական գրանցում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցում է ստացել 30.10.2000 թվականին, իսկ նրա միակ մասնակիցը (100 տոկոս բաժնեմասով) մինչև 31.07.2014 թվականը հանդիսացել է Արայիկ Ստեփանյանը: Արայիկ Ստեփանյանի և Էդուարդ Ստեփանյանի միջև 05.11.2011 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Արայիկ Ստեփանյանն Ընկերությունում ունեցած իր 100 տոկոս բաժնեմասը վաճառել է Էդուարդ Ստեփանյանին, սակայն այդ օտարման գործարքից ծագած իրավունքները (Ընկերության մասնակիցների փոփոխությունը) պետական գրանցում են ստացել 31.07.2014 թվականին: «Դարմին» ՍՊԸ-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցում է ստացել 28.10.2005 թվականին, իսկ 03.05.2006 թվականից Արայիկ Ստեփանյանը հանդիսանում է «Դարմին» ՍՊԸ-ի մասնակից` 40 տոկոս բաժնեմասով:

i

ՀՀ ֆինանսների նախարարի 24.08.2015 թվականի թիվ 5012965 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Ստուգման արդյունքում Վարչության կողմից 11.11.2015 թվականին ընդունվել է թիվ 5012965 ստուգման ակտը, որի 4-րդ կետով արձանագրվել է, որ Ընկերության միակ մասնակից Արայիկ Ստեփանյանը 2012 թվականի ընթացքում միաժամանակ հանդիսացել է նաև «Դարմին» ՍՊԸ-ի 40 տոկոս բաժնեմասով մասնակից: Հետևաբար, ըստ ստուգման ակտի, իրավահարաբերության ծագման պահին գործող` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետի ուժով Ընկերությունը 2012 թվականի ընթացքում համարվել է ավելացված արժեքի հարկ վճարող, սակայն ավելացված արժեքի հարկ չի հաշվարկել ու չի վճարել: Ըստ այդմ, Ընկերության նկատմամբ 2012 թվականի համար ավելացված արժեքի հարկի գծով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն` 5.165.613 ՀՀ դրամի չափով, որից 2.026.104 ՀՀ դրամ` ապառք, 2.026.104 ՀՀ դրամ` իրավահարաբերության ծագման պահին գործող` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տուգանք, 1.108.405 ՀՀ դրամ` իրավահարաբերության ծագման պահին գործող` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված տույժ և 5.000 ՀՀ դրամ` իրավահարաբերության ծագման պահին գործող` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 43.1-րդ հոդվածով նախատեսված տուգանք: Իսկ ստուգման ակտի 1-ին կետով արձանագրվել է, որ դրա 4-րդ կետում նկարագրված հիմքով Ընկերությունը 2012 թվականին պետք է հանդիսանար ԱԱՀ վճարող, որպիսի պայմաններում առաջանում է շահութահարկի գծով բյուջեից վերադարձման ենթակա գումար` 19.206 ՀՀ դրամի չափով:

Ընկերությունը դիմել է դատարան` Վարչության 11.11.2015 թվականի թիվ 5012965 ստուգման ակտի 1-ին և 4-րդ կետերի վիճարկման հայցով, որի հիման վրա հարուցվել է սույն վարչական գործը:

Դատարանը բավարարել է Ընկերության հայցը և անվավեր է ճանաչել Վարչության 11.11.2015 թվականի թիվ 5012965 ստուգման ակտի 1-ին և 4-րդ կետերը: Դատարանը պատճառաբանել է, որ Ընկերությունը 2012 թվականին չի հանդիսացել ավելացված արժեքի հարկ վճարող: Ըստ Դատարանի` Արայիկ Ստեփանյանի` Ընկերության 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ ունեցած իրավունքները դադարել են իր բաժնեմասն Էդուարդ Ստեփանյանին օտարելու մասին պայմանագրի կնքման պահից` 05.11.2011 թվականից, քանի որ նշված պայմանագիրը նոտարական վավերացում չի պահանջում և ուժի մեջ է մտել ստորագրման պահից: Հետևաբար, մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետը կիրառելի չէ Ընկերության նկատմամբ` անկախ այն հանգամանքից, որ Արայիկ Ստեփանյանի և Էդուարդ Ստեփանյանի միջև 05.11.2011 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրից բխող` Ընկերության մասնակցի փոփոխության պետական գրանցումը կատարվել է 31.07.2014 թվականին:

Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` համաձայնելով Դատարանի պատճառաբանությունների հետ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերության հիմնադրումից ի վեր` մինչև 31.07.2014 թվականը, Ընկերության միակ մասնակից է հանդիսացել Արայիկ Ստեփանյանը (100 տոկոս բաժնեմասով): Թեև 05.11.2011 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով Արայիկ Ստեփանյանն Էդուարդ Ստեփանյանին է վաճառել Ընկերությունում ունեցած իր 100 տոկոս բաժնեմասը, սակայն այս գործարքից բխող իրավունքները (Ընկերության մասնակիցների փոփոխությունը) պետական գրանցում են ստացել 31.07.2014 թվականին: Հետևաբար, 05.11.2011 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի առկայությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ 2012 թվականի հաշվետու տարվա ընթացքում Ընկերության նկատմամբ մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետով սահմանված իրավադրույթի կիրառությունը բացառելու համար, քանի որ իրավաբանական անձանց մասնակիցների փոփոխությունը` որպես իրավաբանական փաստ, ծագում է ոչ թե իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսի կամ ավելի մասի օտարման գործարքի կնքման, այլ միայն այդ գործարքից բխող իրավունքների պետական գրանցման պահից: Փաստորեն, մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետով սահմանված իրավադրույթի հիմքով Ընկերությանը 2012 թվականի հաշվետու տարվա ընթացքում ավելացված արժեքի հարկ վճարող համարելու կամ չհամարելու հարցում Ընկերության միակ մասնակից Արայիկ Ստեփանյանի կողմից իր բաժնեմասի օտարման գործարքը որևէ իրավաբանական նշանակություն չունի, քանի որ այդ գործարքից բխող իրավունքները (մասնակիցների փոփոխությունը) օրենքով սահմանված կարգով պետական գրանցում են ստացել իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից 2012 թվականից հետո` 31.07.2014 թվականին:

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում առկա են Ընկերության նկատմամբ 2012 թվականի հաշվետու տարվա ընթացքում ավելացված արժեքի հարկի շեմը չկիրառելու և Ընկերությանը 2012 թվականի հաշվետու տարվա ընթացքում ավելացված արժեքի հարկ վճարող համարելու` մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետով սահմանված բոլոր պայմանները. դրանք են`

1) Ընկերության կանոնադրական կապիտալի 20 տոկոսից ավելի մասը (100 տոկոս բաժնեմասը) 2012 թվականի ընթացքում պատկանել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի` Արայիկ Ստեփանյանին,

2) Արայիկ Ստեփանյանին 2012 թվականի ընթացքում միաժամանակ պատկանել է մեկ այլ կազմակերպության` «Դարմին» ՍՊԸ-ի, կանոնադրական կապիտալի 20 տոկոսից ավելի մասը (40 տոկոս բաժնեմասը):

Այսպիսով, սույն գործով վիճարկվող վարչական ակտով` Վարչության 11.11.2015 թվականի թիվ 5012965 ստուգման ակտով, իրավացիորեն է արձանագրվել, որ Ընկերությունը 2012 թվականի ընթացքում հանդիսացել է ավելացված արժեքի հարկ վճարող և պարտավոր էր օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հաշվարկել ու վճարել ավելացված արժեքի հարկ: Հետևաբար, վիճարկվող ստուգման ակտով ավելացված արժեքի հարկի գծով Ընկերության նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրումն իրավաչափ է, իսկ ստորադաս դատարանները սխալմամբ են հանգել այն եզրակացության, որ Վարչության 11.11.2015 թվականի թիվ 5012965 ստուգման ակտն ընդունվել է մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «ե» կետի խախտմամբ:

i

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա չեն սույն գործով վիճարկվող վարչական ակտը` Վարչության 11.11.2015 թվականի թիվ 5012965 ստուգման ակտը, անվավեր ճանաչելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումի համար Ընկերությունը վճարել է 4.000 ՀՀ դրամ պետական տուրք: Կոմիտեն վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ վճռաբեկ բողոքի համար` 20.000 ՀՀ դրամ պետական տուրք:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ սույն գործով Կոմիտեի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում Ընկերության հայցը ենթակա է մերժման, գտնում է, որ սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցը պետք է լուծվի հետևյալ կերպ.

- հայցադիմումի համար սահմանված և Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված,

- Կոմիտեի կողմից բերված վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքերի գումարները պետք է հատուցվեն Ընկերության կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.06.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` «Անիկոմ» ՍՊԸ-ի հայցը մերժել:

2. «Անիկոմ» ՍՊԸ-ի կողմից հայցադիմումի համար վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված:

«Անիկոմ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում:

«Անիկոմ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված և նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.03.2019
N ՎԴ/0602/05/16
Որոշում