Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով               Քաղաքացիական գործ

    վերաքննիչ դատարանի վճիռ                թիվ 07-708

    Քաղաքացիական գործ թիվ 07-708           2019թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Լ. Գրիգորյան

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունվարի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գարեգին Ղույումչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 26.01.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գարեգին Ղույումչյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք Վահան, Լուսինե Ղույումչյանների ընդդեմ ՀՀ Լոռու մարզի դատախազության (այսուհետ` Դատախազություն), ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` Նախարարություն), «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՊՈԱԿ)` իր դեմ հարուցված քրեական հետապնդումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու և իրեն արդարացնելու հիմքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-3-րդ մասերով, 66-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-4-րդ կետերի, 8-րդ մասի 1-ին կետի, 9-րդ և 10-րդ մասերի, 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 261-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերի, 262-րդ հոդվածի 1-3-րդ մասերի պահանջներին համապատասխան գործողություններ իրականացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գարեգին Ղույումչյանը, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք Վահան, Լուսինե Ղույումչյանները պահանջել են պարտավորեցնել պատասխանողներին իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-3-րդ մասերով, 66-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-4-րդ կետերի, 8-րդ մասի 1-ին կետի, 9-րդ և 10-րդ մասերի, 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 261-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերի, 262-րդ հոդվածի 1-3-րդ մասերի պահանջներին համապատասխան գործողություններ, այն է` պարտավորեցնել Դատախազությանը գրավոր ներողություն հայցել Գարեգին Ղույումչյանից, պարզաբանել վնասի հատուցում ստանալու և գործի նյութերի հետ ծանոթանալու իրավունքները, փոփոխել ՀՀ Լոռու մարզի դատախազի օգնական Կ. Շահբազյանի 25.09.2002 թվականի «Թիվ 19207702 քրեական գործի` մեղադրյալ Գարեգին Ղույումչյանի մասը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման նկարագրական-պատճառաբանական մասը` որոշումից հանել Գարեգին Ղույումչյանի անմեղությունը կասկածի տակ դնող ձևակերպումները և նույն որոշման մեջ նշել քրեական գործի հարուցման առիթ և հիմք հանդիսացած իրական հանգամանքները, ինչպես նաև պարտավորեցնել Դատախազությանը` 25.09.2002 թվականի «Թիվ 19207702 քրեական գործի` մեղադրյալ Գարեգին Ղույումչյանի մասը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման մասին հայտնել վերջինիս աշխատանքի և բնակության վայր: Միաժամանակ պահանջել են Նախարարությունից հօգուտ իրենց բռնագանձել 280.031.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև պարտավորեցնել Նախարարությանն իրենց ապահովել նախկին աշխատանքին (պաշտոնին) համարժեք աշխատանքով կամ տրամադրել նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի գումարները:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Ալավերդյան) (այսուհետ` Դատարան) 18.05.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. Գարեգին Ղույումչյանի հայցը` գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու մասին և վնասի հատուցում ստանալու ու գործի նյութերի հետ ծանոթանալու իրավունքները պարզաբանելուն պարտավորեցնելու պահանջների մասով, բավարարվել է, Գարեգին Ղույումչյանի հայցը` գումարի բռնագանձման պահանջի մասով, բավարարվել է մասնակի` 1.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ մնացած պահանջների մասով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.01.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ պետական բյուջեից հօգուտ Գարեգին Ղույումչյանի բռնագանձվել է 1.000.000 ՀՀ դրամ` որից 900.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանին վճարված գումարի փոխհատուցում և 100.000 ՀՀ դրամը` որպես կատարված տրանսպորտային ծախսերի գումարի փոխհատուցում: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

Վերաքննիչ դատարանի 26.01.2007 թվականի վճռի դեմ Գարեգին Ղույումչյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի գրասենյակի պետի 28.06.2007 թվականի գրությամբ ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.09.2017 թվականի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով Գարեգին Ղույումչյանի իրավահաջորդ Վահան Ղույումչյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` թիվ 07-708 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 26.01.2007 թվականի վճռի դեմ Գարեգին Ղույումչյանի 27.06.2007 թվականին բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրության ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ, 66-րդ, 67-րդ, 261-րդ, 262-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը մերժել է 279.031.000 ՀՀ դրամի չափով Գարեգին Ղույումչյանին հասցված վնասը բռնագանձելու պահանջն այն դեպքում, երբ պահանջը հիմնավորված և ապացուցված է գործի նյութերով: Գարեգին Ղույումչյանն իր ընտանիքի անդամների հետ համատեղ ստեղծել է «Արծաթաշող» ՍՊԸ-ն և «Ծաղկոց» ՍՊԸ-ն (այսուհետ` Ընկերություններ), որոնց հիմնադրման համար ծախսել են 350.000 ՀՀ դրամ: Նշված Ընկերությունների հիմնադիր տնօրեն է հանդիսացել Գարեգին Ղույումչյանը, ում նկատմամբ քրեական գործ հարուցելու պատճառով խոչընդոտվել է Ընկերությունների գործունեությունը, ինչի արդյունքում առաջացել է 275.000.000 ՀՀ դրամի վնաս:

Դատախազությունը պարտավոր էր քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո հատուկ ծանուցմամբ բացատրեր Գարեգին Ղույումչյանին վնասի փոխհատուցման կարգը, որը չի կատարել: Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով նշել է, որ սահմանված յոթնօրյա ժամկետում Գարեգին Ղույումչյանը չի բողոքարկել իրեն արդարացնելու մասին որոշումն այն դեպքում, երբ վերջինս ձեռնարկել է բոլոր օրենսդրական միջոցներն իր վնասները փոխհատուցելու համար, սակայն մերժում է ստացել Դատախազությունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.01.2007 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել ամբողջությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Գարեգին Ղույումչյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության հիմքով Դատախազության 14.07.2002 թվականի որոշմամբ հարուցվել է քրեական գործ (հատոր 1-ին, գ.թ. 156):

2. 13.07.2002 թվականին Գարեգին Ղույումչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ 19.07.2002 թվականի որոշմամբ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով (հատոր 1-ին, գ.թ. 266-267, 344):

3. ՀՀ Լոռու մարզի դատախազի օգնական Կ. Շահբազյանի 25.07.2002 թվականի որոշմամբ մեղադրյալ Գարեգին Ղույումչյանի` Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչի դասախոսի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցվել է (հատոր 1-ին, գ.թ. 268):

4. ՀՀ Լոռու մարզի դատախազի օգնական Կ. Շահբազյանի 27.07.2002 թվականի որոշմամբ 2.080.000 ՀՀ դրամի չափով մեղադրյալ Գարեգին Ղույումչյանի գույքի վրա դրվել է կալանք (հատոր 1-ին, գ.թ. 336):

5. ՀՀ Լոռու մարզի դատախազի օգնական Կ. Շահբազյանի 25.09.2002 թվականի որոշմամբ թիվ 19207702 քրեական գործի` Գարեգին Ղույումչյանի մասով վարույթը կարճվել է` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով, քրեական հետապնդումը դադարեցվել է: Գարեգին Ղույումչյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու միասին խափանման միջոցը, պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը և գույքի վրա դրված կալանքը վերացվել է:

Նշված որոշմամբ համառոտ ներկայացվել են քրեական գործի նախաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքները: Արձանագրվել է, որ 19.07.2002 թվականին Գարեգին Ղույումչյանին մեղադրանք է առաջադրվել, որում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել: Որոշմամբ կատարվել է եզրահանգում այն մասին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում չի ապացուցվել մեղադրյալ Գարեգին Ղույումչյանի մասնակցությունը կատարված հանցագործությանը և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները (հատոր 1-ին, գ.թ. 194):

6. ՀՀ Լոռու մարզի դատախազի օգնական Կ. Շահբազյանի 25.09.2002 թվականի գրությամբ Գարեգին Ղույումչյանին ուղարկվել է Գարեգին Ղույումչյանի վերաբերյալ քրեական գործի մասը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենը: Հայտնել են, որ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն կարող է բողոքարկվել Լոռու մարզի դատախազին` որոշումը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 59):

7. ՀՀ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա. Մկրտչյանը 25.09.2002 թվականի գրությամբ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Ռ. Եդոյանին հայտնել է, որ Դատախազության վարույթում քննվող` մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Գարեգին Ղույումչյանի մասով քրեական գործի վարույթը կարճվել է` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով: Գարեգին Ղույումչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վերացվել է նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը: Հայտնելով վերոգրյալը` խնդրել է Գարեգին Ղույումչյանի պաշտոնավարությունը վերականգնել (հատոր 1-ին, գ.թ. 60):

8. ՀՀ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա. Մկրտչյանը գրությամբ Գարեգին Ղույումչյանին հայտնել է. «Դուք համարվում եք արդարացված, որի համար ներողություն ենք հայցում» (հատոր 1-ին, գ.թ. 61):

9. Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 22.01.2004 թվականի թիվ 10/Կ հրամանից քաղվածքի համաձայն` աշխատանքային պարտականությունները չկատարելու, ինստիտուտի ներքին կարգ ու կանոնին չենթարկվելու, ինստիտուտում անառողջ մթնոլորտ ստեղծելու, դասախոսին անվայել արարքներ թույլ տալու համար «Ընդհանուր նախադպրոցական մանկավարժության» ամբիոնի պրոֆեսոր Գ. Ղույումչյանը պրոֆեսորի պաշտոնից հետ է կանչվել, նրա գիտամանկավարժական գործունեությունը դադարեցվել է, և նա աշխատանքից ազատվել 22.01.2004 թվականից` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն (հատոր 1-ին, գ.թ. 117):

10. 19.11.2007 թվականի թիվ ԱԱ 106072 մահվան վկայականի համաձայն` Գարեգին Ղույումչյանը մահացել է 03.11.2007 թվականին (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

11. Վահան Ղույումչյանը հանդիսանում է Գարեգին Ղույումչյանի իրավահաջորդը (արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության 21.01.2016 թվականի վճռով) (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում օրենքով սահմանված հիմքերով և կարգով պատճառված վնասի հատուցման:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն նույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի նաև յուրաքանչյուր անձ, ով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից անօրինական ենթարկվել է հարկադրանքի միջոցների: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` քրեական վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են իրականացնել նույն օրենսգրքով նախատեսված` արդարացվածի իրավունքների վերականգնմանն ուղղված բոլոր միջոցառումները:

Իրավահարաբերության ծագման պահին` մինչև 25.10.2011 թվականի փոփոխությունները գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` արդարացվածն իրավունք ունի պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով հնարավոր բաց թողնված օգուտները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալ` 1) աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, (...) 3) վճարված դատական ծախսերը, 4) փաստաբանին վճարված գումարները (...): Նույն հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն` արդարացվածն իրավունք ունի նաև` վերականգնվել նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում), իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ համարժեք աշխատանք (պաշտոն) կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին հետաքննության, նախաքննության, դատախազության մարմինների ապօրինի գործունեությամբ պատճառված վնասը, որը չի հանգեցրել նույն հոդվածի 1-ին կետում նախատեսված հետևանքներին, հատուցվում է նույն օրենսգրքի 1063-րդ հոդվածում նախատեսված հիմքերով և կարգով:

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ անձին վնաս կարող է պատճառվել նաև հանրային իշխանության մարմինների գործողությունների (անգործության) հետևանքով: Արդարացված անձին ապօրինաբար պատճառված վնասը հատուցելը և նրա խախտված իրավունքները վերականգնելը պետք է դիտվեն որպես սահմանադրական անվերապահ պահանջ, որպես անձի իրավունք, իսկ այն իրացնելու օրենսդրական ընթացակարգերը չեն կարող աղավաղել այդ իրավունքի էությունը կամ օրենքի բացի արդյունքում ընդհուպ արգելափակել այն:

ՀՀ վճռաբեկ դատարանը Գոզո և Վալի Ամոյաններն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության գործով արձանագրել է, որ առաջնորդվելով արդարացվածի կարգավիճակի առանձնահատկություններով, մասնավորապես` վերջինիս իրավական և սոցիալական վիճակի արդյունավետ վերականգնման անհրաժեշտությամբ, ինչպես նաև վերը նշված սահմանադրաիրավական ու միջազգային իրավական պահանջներով` օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանել է արդարացվածին պատճառված վնասների հատուցման իրավունքը: Մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում օրենսդիրը նախատեսել է արդարացվածի` իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունքը: Օրենսդիրը սահմանել է, որ արդարացվածն իրավունք ունի պահանջելու իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական վնասը, ինչպես նաև հնարավոր բաց թողնված օգուտները: Արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալու աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, ինչպես նաև վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում օրենսդիրը սահմանել է նաև, որ արդարացվածին պատճառված վնասի հատուցումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում օրենսդիրը նախատեսել է անձի ապօրինի դատապարտվելու, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով օրենքով սահմանված կարգով պատճառված վնասի լրիվ ծավալով հատուցման իրավունքը:

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր 30.03.2010 թվականի թիվ ՍԴՈ-871 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մինչդատական վարույթում անձն արդարացվածի կարգավիճակ ձեռք է բերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված հիմքերով քրեական հետապնդման դադարեցման դեպքում, իսկ դատական քննության փուլում` օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճռի դեպքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մաս): Մինչ այդ գոյություն չունի կասկածյալին կամ մեղադրյալին պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունք, որովհետև դեռևս նա արդարացված չէ: Անձը կարող է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա հատուցման պահանջով դատարան դիմել միայն դրանում նշված հիմքերով արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հատուցման ենթակա են միայն այն վնասները, որոնք ապօրինի դատապարտելու հետևանք են:

Համանման իրավական դիրքորոշում արտահայտել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան): Եվրոպական դատարանը թեև ճանաչել է ապօրինի դատապարտված անձանց կրած վնասների փոխհատուցման իրավունքը, սակայն միաժամանակ նշել է, որ Կոնվենցիան չի խոչընդոտում պայմանավորվող պետություններին հատուցել վնասը միայն այն դեպքում, երբ տուժած անձը կկարողանա ապացուցել, որ իրեն պատճառված վնասն ուղղակիորեն կապված է իր իրավունքների խախտման հետ (տե՛ս, Շիլաևն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով Եվրոպական դատարանի 06.10.2005 թվականի վճիռը, կետ 20):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապօրինի դատապարտման արդյունքում նյութական վնասի հատուցման իրավունքի իրացման հիմնախնդիրն անհրաժեշտ է դիտարկել նաև իրավունքների չարաշահման արգելքի համաիրավական սկզբունքի լույսի ներքո և արձանագրել է, որ անձին ապօրինի դատապարտման արդյունքում պատճառված նյութական վնասի հատուցման իրավունքի իրավաչափ ու արդյունավետ իրացում իրավական պետությունում հնարավոր է միայն այն պայմաններում, եթե չի ապացուցվում, որ այն հանգամանքների ժամանակին բացահայտումը, որոնք հիմնավորել են անձի ապօրինի դատապարտումը, լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապօրինի դատապարտման արդյունքում նյութական վնասների հատուցում պահանջելու իրավունքը ծագում է միայն անձի` արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո և համապատասխան սուբյեկտները կարող են իրացնել իրենց վնասի հատուցման իրավունքը, եթե ապացուցեն, որ իրենց վնասը պատճառվել է ապօրինի դատապարտման արդյունքում և չապացուցվի, որ այդ հանգամանքների ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից (տե՛ս, Գոզո և Վալի Ամոյաններն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/3025/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարացվածի վնասի հատուցման հարաբերությունների նկատմամբ տարածվում են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված վնասի հատուցման կանոնները:

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Իրավահարաբերության ծագման պահին` մինչև 19.05.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Ընդ որում, քննարկվող պարագայում օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց:

i

Այսինքն` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից հայցվորի մոտ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով, կրում է պատասխանող կողմը (տե՛ս, օրինակ, «Էքսոլթ» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵՔԴ/0036/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Գարեգին Ղույումչյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության հիմքով 14.07.2002 թվականին հարուցվել է քրեական գործ: 13.07.2002 թվականին Գարեգին Ղույումչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ 19.07.2002 թվականի որոշմամբ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ Լոռու մարզի դատախազի օգնական Կ. Շահբազյանի 25.07.2002 թվականի որոշմամբ Գարեգին Ղույումչյանի` Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչի դասախոսի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցվել է: ՀՀ Լոռու մարզի դատախազի օգնական Կ. Շահբազյանի 27.07.2002 թվականի որոշմամբ 2.080.000 ՀՀ դրամի չափով մեղադրյալ Գարեգին Ղույումչյանի գույքի վրա դրվել է կալանք: ՀՀ Լոռու մարզի դատախազի օգնական Կ. Շահբազյանի 25.09.2002 թվականի որոշմամբ թիվ 19207702 քրեական գործի` Գարեգին Ղույումչյանի մասով վարույթը կարճվել է` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով, քրեական հետապնդումը դադարեցվել է:

Դիմելով դատարան` Գարեգին Ղույումչյանը ներկայացրել է հետևյալ պահանջները.

1. Նախարարությունից հօգուտ իրեն բռնագանձել 280.031.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում,

2. պարտավորեցնել Նախարարությանն իրեն ապահովել նախկին աշխատանքին (պաշտոնին) համարժեք աշխատանքով կամ տրամադրել նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի գումարները,

3. պարտավորեցնել Դատախազությանը գրավոր ներողություն հայցել Գարեգին Ղույումչյանից,

4. պարտավորեցնել Դատախազությանը պարզաբանել վնասի հատուցում ստանալու և գործի նյութերի հետ ծանոթանալու իրավունքները,

5. պարտավորեցնել Դատախազությանը փոփոխել ՀՀ Լոռու մարզի դատախազի օգնական Կ. Շահբազյանի 25.09.2002 թվականի «Թիվ 19207702 քրեական գործի` մեղադրյալ Գարեգին Երվանդի Ղույումչյանի մասը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման նկարագրական-պատճառաբանական մասը,

6. պարտավորեցնել Դատախազությանը` 25.09.2002 թվականի «Թիվ 19207702 քրեական գործի` մեղադրյալ Գարեգին Ղույումչյանի մասը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման մասին հայտնել վերջինիս աշխատանքի և բնակության վայր:

Վերաքննիչ դատարանը, հայցապահանջները մասնակի բավարարելով, գտել է, որ Գարեգին Ղույումչյանի պահանջը` գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու մասին, արդեն իսկ կատարված է ՀՀ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա. Մկրտչյանի գրությամբ, հետևաբար ենթակա է մերժման: Վնասի հատուցում ստանալու և գործի նյութերի հետ ծանոթանալու իրավունքները պարզաբանելու մասով պահանջը դարձյալ ենթակա է մերժման, քանի որ հայցվորը բաց է թողել քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման բողոքարկման յոթնօրյա ժամկետը: Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել նաև ՀՀ Լոռու մարզի դատախազի օգնական Կ. Շահբազյանի 25.09.2002 թվականի «Թիվ 19207702 քրեական գործի` մեղադրյալ Գարեգին Ղույումչյանի մասը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման նկարագրական-պատճառաբանական մասը փոփոխելու վերաբերյալ պահանջը` նկատի ունենալով, որ որոշման նկարագրական-պատճառաբանական մասում պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք առիթ և հիմք են հանդիսացել քրեական գործը հարուցելու համար, ինչպես նաև նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործի վարույթը կարճվում է: Հետևաբար, եզրահանգել է, որ նշված որոշումը չի հակասում օրենսդրության պահանջներին: Վերաքննիչ դատարանը անհիմն է համարել Գարեգին Ղույումչյանի պահանջը` 25.09.2002 թվականի «Թիվ 19207702 քրեական գործի` մեղադրյալ Գարեգին Ղույումչյանի մասը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումը վերջինիս աշխատանքի և բնակության վայր հայտնելուն պարտավորեցնելու մասին` նկատի ունենալով, որ նշված որոշումը հանձնվել է վերջինիս և ուղարկվել իր աշխատանքի վայրը` Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ: Վերաքննիչ դատարանը նաև եզրահանգել է, որ Գարեգին Ղույումչյանն ազատվել է աշխատանքից այլ հիմքով, որը կապ չունի իր նկատմամբ հարուցված քրեական գործի հետ: Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Գարեգին Ղույումչյանի կողմից ներկայացրած 280.031.000 ՀՀ դրամի պահանջին, այն բավարարել է մասնակիորեն` 1.000.000 ՀՀ դրամի չափով, որից 900.000 ՀՀ դրամը որպես փաստաբանի վարձատրության գումար, 100.000 ՀՀ դրամը որպես կատարված տրանսպորտային ծախսերի գումար: Մնացած գումարների պահանջի մասով հայցը համարել է անհիմն, քանի որ ներկայացվող ենթադրյալ վնասները և բաց թողնված օգուտները պատշաճ իրավական փաստաթղթերով հիմնավորված չեն, առկա չէ պատճառահետևանքային կապ հայցվորի նկատմամբ հարուցված և կարճված քրեական գործի և կրած վնասների ու բաց թողնված օգուտների միջև:

Վճռաբեկ դատարանը նախ և առաջ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկվել է միայն հայցապահանջները մերժելու մասով, հետևաբար` վերանայվում է միայն այդ մասով:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գարեգին Ղույումչյանի պահանջները` 279.031.000 ՀՀ դրամ (280.031.000-1.000.000) բռնագանձելու և իրեն նախկին աշխատանքին (պաշտոնին) համարժեք աշխատանքով ապահովելը կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի գումարները տրամադրելը պարտավորեցնելու մասով, մերժելու մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր են` հետևյալ պատճառաբանությամբ.

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Գարեգին Ղույումչյանը` որպես արդարացված, իրավունք ուներ հավակնելու ստանալ իրեն պատճառած վնասների հատուցում, սակայն նշված պահանջի բավարարման համար, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, հայցվորը պետք է ոչ միայն ապացուցեր, որ վնասը պատճառվել է ապօրինի դատապարտման արդյունքում, այլ նաև ապացուցեր վնասի հատուցման պահանջի բավարարման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից չեն ներկայացվել ապացույցներ, որոնք կհիմնավորեին վերջինիս պատճառված վնասի առկայությունը, որպիսի պայմաններում էլ Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն մերժել է ներկայացված հայցը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա. Մկրտչյանը 25.09.2002 թվականի գրությամբ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորին խնդրել է Գարեգին Ղույումչյանի պաշտոնավարությունը վերականգնել: Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 22.01.2004 թվականի թիվ 10/Կ հրամանից քաղվածքի համաձայն` աշխատանքային պարտականությունները չկատարելու, ինստիտուտի ներքին կարգ ու կանոնին չենթարկվելու, ինստիտուտում անառողջ մթնոլորտ ստեղծելու, դասախոսին անվայել արարքներ թույլ տալու համար Գարեգին Ղույումչյանն աշխատանքից ազատվել է 22.01.2004 թվականից: Այսինքն, սույն գործի փաստերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գարեգին Ղույումչյանը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ աշխատանքից ազատվել է քրեական հետապնդման հետ առնչություն ունեցող որևէ հիմքով, հետևաբար` հայցվորի կողմից չի հիմնավորվել այս պահանջը` հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի կարգավորումը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Գարեգին Ղույումչյանի պահանջը` Նախարարությանն իրեն նախկին աշխատանքին (պաշտոնին) համարժեք աշխատանքով ապահովելուն կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի գումարները տրամադրելուն պարտավորեցնելու մասին, մերժելու, ինչպես նաև 280.031.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջը մասնակի` 279.031.000 ՀՀ դրամի չափով, մերժելու մասով դատական սխալ թույլ չի տվել:

Ինչ վերաբերվում է Դատախազության կողմից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու և վնասի հատուցում ստանալու ու գործի նյութերի հետ ծանոթանալու իրավունքները պարզաբանելուն պարտավորեցնելու պահանջներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցներից, մասնավորապես` ՀՀ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա. Մկրտչյանի և ՀՀ Լոռու մարզի դատախազի օգնական Կ. Շահբազյանի գրություններից հետևում է, որ նշված պահանջները ևս կատարված են, որպիսի պայմաններում նշված պահանջների մասով Վերաքննիչ դատարանի վճիռն իրավաչափ է:

Անդրադառնալով մյուս պահանջներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին` մինչև 25.10.2011 թվականի փոփոխությունները գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արդարացվածն իրավունք ունի բողոքարկել իր նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը կամ արդարացման դատավճիռը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պարտավոր են արդարացվածին պարզաբանել վնասի հատուցում ստանալու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանի արդարացման դատավճռի կամ համապատասխան որոշման պատճենը, ինչպես նաև վնասի հատուցման կարգը պարզաբանող ծանուցումը դատավճիռը կամ որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում հանձնվում կամ ուղարկվում է արդարացվածին: Ծանուցման մեջ նշվում է, թե օրենքին համապատասխան ինչպիսի վնաս կարող է հատուցվել, ինչ ժամկետում, որ մարմնին պետք է դիմել վնասը հատուցելու պահանջով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` որոշման նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են այն հանգամանքները, որոնք առիթ և հիմք են հանդիսացել քրեական գործը հարուցելու համար, նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված հանգամանքների առկայությամբ գործով վարույթը կարճելիս և քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձևակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Իրավահարաբերության ծագման պահին` մինչև 25.05.2006 թվականի փոփոխությունները գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց պարզաբանվում է գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը և վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման կարգը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, նրանց պաշտպանների, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների, ինչպես նաև այն ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի կողմից, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, կարող է բողոքարկվել վերադաս դատախազին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոգրյալ կարգավորումները և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, պարտավոր էր գործի վարույթը կարճել ՀՀ Լոռու մարզի դատախազի օգնական Կ. Շահբազյանի 25.09.2002 թվականի «Թիվ 19207702 քրեական գործի` մեղադրյալ Գարեգին Ղույումչյանի մասը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման նկարագրական-պատճառաբանական մասը փոփոխելուն և նշված որոշման մասին վերջինիս աշխատանքի և բնակության վայր հայտնելուն պարտավորեցնելու պահանջների մասով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված պահանջները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորման ոլորտում են, հետևաբար` չէին կարող քննվել քաղաքացիական գործի շրջանակներում: Հետևաբար, նշված պահանջների մասով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում` չկարճելով գործի վարույթը և ներկայացված պահանջները քննելով ըստ էության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` դատավարական իրավունքի նորմի խախտման` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի հիմքով Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակի բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի վճիռը վերանայվում է միայն Գարեգին Ղույումչյանի մասով` նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոք ներկայացվել է միայն վերջինիս կողմից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գարեգին Ղույումչյանի պահանջները` 279.031.000 ՀՀ դրամ (280.031.000-1.000.000) բռնագանձելու և իրեն նախկին աշխատանքին (պաշտոնին) համարժեք աշխատանքով ապահովելուն կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի գումարները տրամադրելուն պարտավորեցնելու, Դատախազությանը Գարեգին Ղույումչյանից գրավոր ներողություն հայցելուն, վնասի հատուցում ստանալու և գործի նյութերի հետ ծանոթանալու իրավունքները պարզաբանելուն պարտավորեցնելը մերժելու մասերով, Վերաքննիչ դատարանի վճռի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի մասով անհրաժեշտ է կիրառել գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը: ՀՀ Լոռու մարզի դատախազի օգնական Կ. Շահբազյանի 25.09.2002 թվականի «Թիվ 19207702 քրեական գործի` մեղադրյալ Գարեգին Ղույումչյանի մասը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման նկարագրական-պատճառաբանական մասը փոփոխելուն և նշված որոշման մասին Գարեգին Ղույումչյանի աշխատանքի և բնակության վայր հայտնելուն պարտավորեցնելու պահանջների մասով անհրաժեշտ է կիրառել գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` դատական ակտը մասնակիորեն բեկանելու և գործի վարույթը մասնակիորեն կարճելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ ՀՀ սահմանադրական դատարանի 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, այնքանով, որքանով չի սահմանում, այլ սուբյեկտներից բացի, արդարացվածին` իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) հետևանքով պատճառված վնասի հատուցման հայցերով պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ արտոնություն նախատեսող դրույթ` արգելափակելով անձի սահմանադրական իրավունքի իրացումը, ճանաչվել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, ինչպես նաև հաշվի առնելով, որ նշված որոշումից հետո 25.10.2011 թվականին վերոնշյալ հոդվածում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում արդարացվածներն ազատվել են մասնավորապես իրենց անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցման հայցերով, նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում) վերականգնման, իսկ դրա անհնարինության դեպքում` համարժեք աշխատանք (պաշտոն) ստանալու կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցման հայցերով պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը սույն գործով դատական ծախսերի հարցը համարում է լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 26.01.2007 թվականի վճռի` ՀՀ Լոռու մարզի դատախազի օգնական Կ. Շահբազյանի 25.09.2002 թվականի «Թիվ 19207702 քրեական գործի` մեղադրյալ Գարեգին Ղույումչյանի մասը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման նկարագրական-պատճառաբանական մասը փոփոխելուն և նշված որոշման մասին Գարեգին Ղույումչյանի աշխատանքի և բնակության վայր հայտնելուն պարտավորեցնելու պահանջները մերժելու մասը, և այդ մասով գործի վարույթը կարճել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 26.01.2007 թվականի վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.01.2019
N 07-708
Որոշում