Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 219-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԿԴ/1012/02/12     

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1012/02/12      2019թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Մ. Հարթենյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2019 թվականի փետրվարի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անահիտ Մնացականյանի ներկայացուցիչ Մելիք Մանուչարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Ղազարյանի ընդդեմ Մելիք Գասպարյանի իրավահաջորդներ Անահիտ Մնացականյանի և Ալեքս Գասպարյանի, «Մ. Գ. Հաուզինգ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի` բաց թողնված օգուտի` 66.700.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդան Ղազարյանը պահանջել է պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 66.700.000 ՀՀ դրամ` որպես բաց թողնված օգուտ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) 04.03.2014 թվականի վճռով հայցը` Մելիք Գասպարյանի իրավահաջորդներ Անահիտ Մնացականյանից ու Ալեքս Գասպարյանից հօգուտ Վարդան Ղազարյանի` բաց թողնված օգուտի` 66.700.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով, բավարարվել է: Քաղաքացիական գործի վարույթը` Ընկերության դեմ ներկայացված պահանջի մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ս. Միքայելյան, Ի. Վարդանյան, Ա. Պետրոսյան) 30.07.2014 թվականի որոշմամբ Անահիտ Մնացականյանի և Ալեքս Գասպարյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2014 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 24.11.2016 թվականի վճռով հայցը` Մելիք Գասպարյանի իրավահաջորդներ Անահիտ Մնացականյանից ու Ալեքս Գասպարյանից հօգուտ Վարդան Ղազարյանի` բաց թողնված օգուտի` 66.700.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով, բավարարվել է: Քաղաքացիական գործի վարույթը` Ընկերության դեմ ներկայացված պահանջի մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.09.2017 թվականի որոշմամբ Անահիտ Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 24.11.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Մնացականյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վարդան Ղազարյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը և հիմնավորումները: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը, պատշաճ չգնահատելով գործում առկա ապացույցները, անտեսել է, որ Վարդան Ղազարյանը 08.10.2009 թվականին մահացած Մելիք Գասպարյանի գույքի նկատմամբ ժառանգության բացման կապակցությամբ չի ներկայացրել բաց թողնված օգուտի պահանջ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Մելիք Գասպարյանը գործել է Ընկերության անունից, հետևաբար պարտավորություններն առաջացել են Վարդան Ղազարյանի և Ընկերության միջև: ՈՒստի նշված պարտավորություններից բխող պահանջները կարող են ներկայացվել միայն Ընկերությանը: Բացի այդ, հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետները, որպիսի հանգամանքը նույնպես անտեսվել է Դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.09.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Մի քանի հիմքերով և հիմնավորումներով վերաքննիչ բողոք ներկայացված լինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտականություն չի ունեցել անդրադառնալ դրանց բոլորին: Դրա փոխարեն Վերաքննիչ դատարանը պետք է կայացնի պատճառաբանված դատական ակտ` անդրադառնալով միայն այն հիմքին կամ հիմնավորմանը, որն արդեն իսկ բացառում է մնացած հիմքերով կամ հիմնավորումներով վերաքննիչ բողոքը բավարարելու հնարավորությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

Անահիտ Մնացականյանի կողմից 02.12.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

- Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, այն է` հաշվի չի առել, որ Մելիք Գասպարյանը գործել է Ընկերության անունից, հետևաբար պարտավորություններն առաջացել են Վարդան Ղազարյանի և Ընկերության միջև: ՈՒստի նշված կողմերի միջև ծագած պարտավորությունը պարտականություններ չի կարող ստեղծել որպես կողմ չմասնակցող անձի` Անահիտ Մնացականյանի համար,

- Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետը և հաշվի չի առել այն, որ որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները,

- Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ և 332-րդ հոդվածները, այն է` հաշվի չի առել, որ հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետները,

- Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածը, այն է` հաշվի չի առել, որ Վարդան Ղազարյանը` որպես պարտատեր, իր պահանջը սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել պարտապանի իրավահաջորդներին,

- Դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, այն է` պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները (հատոր 7-րդ, գ.թ. 70-75):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը և հիմնավորումներն ըստ էության քննության առարկա դարձնելու պարտականությանը` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործին մասնակցող անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վկայակոչված հոդվածից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Այսինքն` վերաքննիչ դատարանն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի գործողության պայմաններում կաշկանդված էր բողոքում նշված հիմքերով և հիմնավորումներով և չէր կարող դուրս գալ դրանց շրջանակից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակարգային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ «հաստատվում է այն փաստը, որ ԿԲ-403Ա մակնիշի վերամբարձ կռունկը սեփականության իրավունքով պատկանել է հայցվորին և 2006թ. օգոստոս ամսից մինչև 2011թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում հայցվորին պատկանող վերամբարձ կռունկը գտնվել է` մինչև 2009թ. հոկտեմբերը Մելիք Գասպարյանի, իսկ դրանից հետո նրա իրավահաջորդների տիրապետման ներքո, այսինքն նշված ժամանակահատվածում հայցվորը, զրկված լինելով իր սեփական գույքը տիրապետելու հնարավորությունից, կրել է վնասներ` վերը նշված եզրակացությամբ հաստատված չափերով: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոք բերող անձի կողմից վերը նշված հանգամանքը հերքող որևէ վերաբերելի և բավարար ապացույց չի ներկայացվել»:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ պարագայում Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է այն հիմքերով և հիմնավորումներով, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, այն է` հաշվի չի առել, որ Մելիք Գասպարյանը գործել է Ընկերության անունից, հետևաբար պարտավորություններն առաջացել են Վարդան Ղազարյանի և Ընկերության միջև: ՈՒստի նշված կողմերի միջև ծագած պարտավորությունը պարտականություններ չի կարող ստեղծել որպես կողմ չմասնակցող անձի` Անահիտ Մնացականյանի համար, Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետը և հաշվի չի առել այն, որ որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները, Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ և 332-րդ հոդվածները, այն է` հաշվի չի առել, որ հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետները, Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածը, այն է` հաշվի չի առել, որ Վարդան Ղազարյանը` որպես պարտատեր, իր պահանջը սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել պարտապանի իրավահաջորդներին, Դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, այն է` պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը, իսկ այդ գործառույթը կարող է իրագործվել միայն այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն անդրադառնա վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին` դրանով իսկ բացահայտելով ենթադրյալ դատական սխալի առկայությունը կամ բացակայությունը: Այնինչ տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը սահմանափակել է անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը` ընդհանրապես չիրականացնելով բողոքում առկա հիմքերի և հիմնավորումների ըստ էության քննություն` բավարարվելով միայն գործի փաստական հանգամանքների վերաբերյալ որոշակի դատողություններ ներկայացնելով: Վերոգրյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացել վերաքննիչ բողոքի ըստ էության քննություն, հետևաբար առկա է գործը նույն դատարան ուղարկելու անհրաժեշտություն` վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու համար:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.01.2018 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ հետաձգված վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.01.2018 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ հետաձգված վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.02.2019
N ԵԿԴ/1012/02/12
Որոշում