Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 275-ՐԴ, 335...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 275-ՐԴ, 335-ՐԴ, 337-ՐԴ, 599-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԱԴԴ/2040/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/2040/02/16     2019թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                       Ա. Պետրոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մարտի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Դագմար Էմմա Գլայսբերգի ներկայացուցիչ Արգամ Նազանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Դագմար Էմմա Գլայսբերգի ընդդեմ Գայանե Թորոսյանի և Ռոդոլֆ Ալթիփարմակյանի` նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և պայմանագրի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դագմար Էմմա Գլայսբերգը պահանջել է անվավեր ճանաչել 05.06.2013 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և կիրառել պայմանագրի անվավերության հետևանքներ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Երիցյան) (այսուհետ` Դատարան) 22.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.11.2017 թվականի որոշմամբ Դագմար Էմմա Գլայսբերգի վերաքննիչ բողոքը մերժվել է, և

Դատարանի 22.06.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դագմար Էմմա Գլայսբերգի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գայանե Թորոսյանի ներկայացուցիչ Գևորգ Հակոբյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ կետը, 335-րդ հոդվածի 1-ին կետը, 599-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածը, 337-րդ հոդվածի 1-ին կետը, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետը, 212-րդ հոդվածի 1-ին կետը, 219-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դագմար Էմմա Գլայսբերգը հայցային վաղեմության ժամկետ բաց չի թողել, քանի որ չի իմացել վիճելի գործարքի մասին: Ավելին` այդ մասին վերջինս իմացել է 2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին, երբ Ռոդոլֆ Ալթիփարմակյանն էլեկտրոնային հաղորդագրություններ է ստացել դատական գործընթացների մասին, որից հետո վերջինս խոստովանել է, որ բնակարանը և ավտոտնակը նվիրել է Գայանե Թորոսյանին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործում առկա չեն բավարար ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր, որ Դագմար Էմմա Գլայսբերգը 2016 թվականից ավելի վաղ է իմացել կամ կարող էր իմանալ Ռոդոլֆ Ալթիփարմակյանի և Գայանե Թորոսյանի միջև 05.06.2013 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի մասին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն, որ հայցային վաղեմության ժամկետների բացթողնման հանգամանքի ապացուցման բեռը պետք է կրեին պատասխանողները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Դատարանը և Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմության վերաբերյալ նորմերը կիրառել են իրավաչափորեն: Գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ Դագմար Էմմա Գլայսբերգը 2006-2014 թվականների ընթացքում այցելել է Հայաստանի Հանրապետություն: Ավելին` 04.06.2014 թվականին, այցելելով Հայաստանի Հանրապետություն, բնակվել է հյուրանոցում` չնայած այն հանգամանքին, որ այստեղ ուներ բնակարան, ուստի պարտավոր էր իմանալ, որ գույքն օտարված է Գայանե Թորոսյանին, հետևաբար այդ պահից պետք է հաշվարկվեր հայցային վաղեմության ժամկետը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ֆրանսերենից հայերեն թարգմանված ամուսնության վկայականի համաձայն` Ռոդոլֆ Ալթիփարմակյանի և Դագմար Էմմա Գլայսբերգի միջև ամուսնությունը գրանցվել է 18.05.1993 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 9-10).

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 29.01.2004 թվականին տրված թիվ 1594611 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի 62-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Ռոդոլֆ Ալթիփարմակյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 15-17).

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 09.08.2010 թվականին տրված թիվ 2670111 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի 16-րդ ավտոտնակի նկատմամբ գրանցվել է Ռոդոլֆ Ալթիփարմակյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 18-22).

4) Ռոդոլֆ Ալթիփարմակյանի և Գայանե Թորոսյանի միջև 05.06.2013 թվականին կնքված անշարժ գույքի (բնակարանի և ավտոտնակի) նվիրատվության պայմանագրի համաձայն` Ռոդոլֆ Ալթիփարմակյանը Գայանե Թորոսյանին է նվիրել իրեն սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի 62-րդ բնակարանը և Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի 16-րդ ավտոտնակը (հատոր 1-ին, գ.թ. 26, 27).

5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 12.06.2013 թվականին տրված թիվ 12062013-01-0198 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի 62-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Գայանե Թորոսյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 53).

6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 12.06.2013 թվականին տրված թիվ 12062013-01-0077 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի 16-րդ ավտոտնակի նկատմամբ գրանցվել է Գայանե Թորոսյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 47).

7) Դագմար Էմմա Գլայսբերգը հայցադիմումը Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել է 07.06.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 2-6).

8) Պատասխանող Գայանե Թորոսյանի ներկայացուցիչը 04.07.2016 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան` հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 42-46).

9) ՀՀ ազգային անվտանգության ծառայության 07.11.2016 թվականի թիվ 5/3-616 գրության համաձայն` Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Դագմար Էմմա Գլայսբերգը 04.06.2014 թվականին Վիեննա-Երևան թիվ 641 չվերթով ժամանել է Հայաստանի Հանրապետություն և հունիսի 9-ին նույն չվերթով մեկնել է Հայաստանի Հանրապետությունից (հատոր 1-ին, գ.թ. 108).

10) Ռոդոլֆ Ալթիփարմակյանի և Գայանե Թորոսյանի միջև 05.06.2013 թվականին կնքված անշարժ գույքի (բնակարանի և ավտոտնակի) նվիրատվության պայմանագրի մասին Դագմար Էմմա Գլայսբերգի կողմից տեղեկացված լինելու ժամանակի վերաբերյալ փաստի ապացուցման պարտականությունը Դատարանը դրել է Դագմար Էմմա Գլայսբերգի վրա (դատական նիստի արձանագրություն, հատոր 2-րդ, գ.թ. 2-6).

11) Դագմար Էմմա Գլայսբերգի կողմից Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքը բերվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների շրջանակներում.

- Դատարանն անտեսել է, որ անհատույց գործարքների դեպքում չի կարող իրավական նշանակություն ունենալ այն հանգամանքը, թե գույքը ձեռք բերողն իմացել է այն օտարողի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության մասին, թե` ոչ: Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել կնքված գործարքի բնույթը` դրա նկատմամբ կիրառելով համատեղ սեփականություն հանդիսացող գույքի առուվաճառքի պայմանագրին ներկայացվող պայմանները կարգավորող իրավանորմերը,

- Դատարանն առանց բավարար ապացույցների հաստատված է համարել, որ լրացել են հայցային վաղեմության ժամկետները: Ավելին` գործում առկա են ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ Դագմար Էմմա Գլայսբերգը վիճելի գործարքի մասին իմացել է 2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին, երբ Ռոդոլֆ Ալթիփարմակյանն էլեկտրոնային հաղորդագրություններ է ստացել դատական գործընթացների մասին (հատոր 4-րդ, գ.թ. 9-15):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի, նույն օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. ո՞վ է կրում հայցային վաղեմության ժամկետները բաց թողնելու փաստի ապացուցման պարտականությունը և այդ փաստի վիճելի մնալու բացասական հետևանքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: Նույն օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսում է հայցային վաղեմության հատուկ ժամկետներ` ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Սույն գործի փաստերի համաձայն` Ռոդոլֆ Ալթիփարմակյանը և Դագմար Էմմա Գլայսբերգն ամուսնացել են 18.05.1993 թվականին: Ռոդոլֆ Ալթիփարմակյանի և Գայանե Թորոսյանի միջև 05.06.2013 թվականին կնքվել է անշարժ գույքի (բնակարանի և ավտոտնակի) նվիրատվության պայմանագիր, որով Ռոդոլֆ Ալթիփարմակյանը Գայանե Թորոսյանին է նվիրել իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի 62-րդ բնակարանը և Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի 16-րդ ավտոտնակը, որոնց նկատմամբ 12.06.2013 թվականին գրանցվել է Գայանե Թորոսյանի սեփականության իրավունքը:

Դատարանը Ռոդոլֆ Ալթիփարմակյանի և Գայանե Թորոսյանի միջև 05.06.2013 թվականին կնքված անշարժ գույքի (բնակարանի և ավտոտնակի) նվիրատվության պայմանագրի մասին Դագմար Էմմա Գլայսբերգի կողմից տեղեկացված լինելու ժամանակի վերաբերյալ փաստի ապացուցման պարտականությունը դրել է Դագմար Էմմա Գլայսբերգի վրա և վերջինիս հայցը մերժել է` ի թիվս այլնի պատճառաբանելով, որ սույն գործով վիճարկվող գործարքը կնքվել է 05.06.2013 թվականին, իսկ հայցը դատարան է ներկայացվել 07.06.2016 թվականին, այսինքն` գրեթե երեք տարի հետո, որպիսի պայմաններում հայցվորը բաց է թողել իրավունքի պաշտպանությամբ հանդես գալու օրենքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետները: Բացի այդ, հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, թե երբ է իմացել իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին: Միաժամանակ Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «սոսկ նվիրատվության առարկան համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք հանդիսանալու փաստի հաստատումը բավարար հիմք չէ ենթադրելու, որ Ռոդոլֆ Ալթիփարմակյանը համատեղ գույքը տնօրինելու լիազորություն չի ունեցել, ավելին, այդ հանգամանքը չի նշանակում, որ Դագմար Էմմա Գլայսբերգն առարկել է Ռոդոլֆ Ալթիփարմակյանի կողմից վիճելի անշարժ գույքը նվիրելու դեմ, քանի որ համասեփականատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի տնօրինելու համատեղ գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Այսինքն` ընդհանուր գույքի տնօրինման գործարքը կնքող համասեփականատիրոջ գործողությունների դեմ համասեփականատերերից որևէ մեկի անհամաձայնության բացակայությունը վկայում է վերջինիս համաձայնության և գործարքը կնքող համասեփականատիրոջ մոտ գործարք կնքելու իրավունքի առկայության մասին»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Դագմար Էմմա Գլայսբերգի վերաքննիչ բողոքը, գտել է, որ վերջինս բաց է թողել իրավունքի պաշտպանությամբ հանդես գալու օրենքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետները և որպես վիճարկվող գործարքի մասին հայցվորի կողմից տեղեկացված լինելու ժամանակահատված համարել է առնվազն 04.06.2014 թվականը` վկայակոչելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության 07.11.2016 թվականի թիվ 5/3-616 գրությունը, ըստ որի` Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Դագմար Էմմա Գլայսբերգը 04.06.2014 թվականին Վիեննա-Երևան թիվ 641 չվերթով ժամանել է ՀՀ և հունիսի 9-ին նույն չվերթով մեկնել է Հայաստանի Հանրապետությունից: Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելու համար բավարար համարելով հայցային վաղեմության ժամկետը բաց թողնված լինելու հանգամանքը, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մյուս հիմքին և հիմնավորմանը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, հարկ է համարում նշել հետևյալը.

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով հայցային վաղեմության ժամկետի կիրառման հարցին, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, կողմերի ներկայացրած փաստարկները դիտարկելով վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո, արձանագրում է, որ ըստ էության հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված այն փաստարկը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության 07.11.2016 թվականի թիվ 5/3-616 գրությունն ինքնին բավարար ապացույց է` վիճարկվող գործարքի մասին հայցվորի կողմից տեղեկացված լինելու փաստը հաստատված համարելու համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության 07.11.2016 թվականի թիվ 5/3-616 գրությունը տեղեկատվություն է պարունակում Դագմար Էմմա Գլայսբերգի` Հայաստանի Հանրապետությունում 5 օր` 04.06.2014 թվականից մինչև 09.06.2014 թվականը, գտնվելու մասին, ինչից չի ենթադրվում, որ վերջինս պետք է իմացած լիներ վիճարկվող գործարքի մասին: Հետևաբար Դատարանն առանց հետազոտման առարկա դարձնելու հայցվորի այլ փաստարկները` կապված վերջինիս կողմից վիճարկվող գործարքի մասին իմանալու ժամանակահատվածի հետ, չէր կարող վերջնական եզրահանգում կատարել, որ բողոք բերած անձն իր իրավունքի խախտման մասին տեղեկացված է եղել դեռևս 04.06.2014 թվականին: Մինչդեռ, ելնելով գործի փաստական հանգամանքներից և հաշվի առնելով, որ վիճելի է մնացել բողոք բերած անձի կողմից իր իրավունքի խախտման մասին տեղեկացված լինելու ժամանակահատվածի հստակ սկիզբը որոշելու հարցը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով էական է պարզել իրավունքի ենթադրաբար խախտված լինելու ժամանակահատվածի սկիզբը, որի բացահայտման պարագայում միայն հնարավոր կլինի եզրահանգում կատարելու սույն պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հնարավորության վերաբերյալ:

i

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման համար անհրաժեշտ փաստերի ապացուցումը կարող է իրականացվել այնպիսի ապացույցներով, որոնք առավել հավանական են դարձնում կոնկրետ փաստի գոյությունը: Եթե ապացուցման պարտականություն կրող կողմը ներկայացրել է բացառապես անուղղակի ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ առավել հավաստի են դարձնում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը, ապա նման ապացույցները չպետք է մերժվեն զուտ այն հիմքով, որ ուղղակի ապացույցներ չեն (տե՛ս, Գեղամ Գալստյանը և Նորիկ Պետրոսյանն ընդդեմ Պարույր Հայրիկյանի թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու փաստը մնացել է վիճելի, այնինչ հայցային վաղեմությունը պետք է կիրառվի միայն առավել հավաստի ապացույցների հիման վրա, ուստի նոր քննության ընթացքում վիճելի իրավահարաբերության նկատմամբ հայցային վաղեմության կիրառման հարցը լուծելիս դատարանը կարող է դրա կիրառման հնարավորության մասին հետևություններ կատարել` հիմնվելով միայն բավարար ապացույցների վրա և հաշվի առնելով կողմերի միջև ապացուցման բեռը բաշխելու կանոնները, որպիսի հանգամանքը անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը, քննարկելով միայն հայցային վաղեմության հիմքով հայցը մերժելու իրավաչափության վերաքննիչ բողոքի հիմքը, ըստ էության չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մյուս հիմքին և հիմնավորումներին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության` վերաքննիչ բողոքի մյուս հիմքը քննության առնելու և դրա հիմնավորվածությունը ստուգելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.03.2019
N ԵԱԴԴ/2040/02/16
Որոշում