Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 109-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԱՔԴ/1107/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1107/02/16     2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Կ. Չիլինգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունվարի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի ներկայացուցիչ Կարեն Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արտակ Գալստյանի ընդդեմ Արթուր Անդրեասյանի, Դոնարա Նազարյանի, Ռուբեն Բաբակեխյանի, երրորդ անձինք Կարեն Թումիկյանի, «Յունիբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Վեներա Գալստյանի, Երևանի Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի` Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և Բանկի միջև 12.04.2011 թվականին կնքված թիվ 849 անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրը և դրա հիման վրա Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 77 շենքի 8-րդ բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-003 4-94 մատյանի 203 համարի տակ 20.12.2011 թվականին կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և 07.11.2012 թվականին Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև կնքված գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա 12.11.2012 թվականին թիվ 01-003-01223-0150 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Վեներա Գալստյանի, Արտակ Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև 31.08.2010 թվականին կնքված և Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի կողմից վավերացված` սեղանամատյանում 4314 համարի տակ գրանցված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Կարեն Թումիկյանի անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-003 4-94 մատյանի 203 համարի տակ 02.09.2010 թվականին կատարված պետական գրանցումն առոչինչ ճանաչելու, Արտակ Գալստյանի և Վեներա Գալստյանի սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արտակ Գալստյանը պահանջել է անվավեր ճանաչել Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և Բանկի միջև 12.04.2011 թվականին կնքված թիվ 849 անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրը և դրա հիման վրա Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 77 շենքի 8-րդ բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-003 4-94 մատյանի 203 համարի տակ 20.12.2011 թվականին կատարված պետական գրանցումը և կիրառել անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել 07.11.2012 թվականին Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև կնքված գույքի առուվաճառքի պայմանագիրը, և դրա հիման վրա 12.11.2012 թվականին թիվ 01-003-01223-0150 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, առոչինչ ճանաչել Վեներա Գալստյանի, Արտակ Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև 31.08.2010 թվականին կնքված և Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի կողմից վավերացված` սեղանամատյանում 4314 համարի տակ գրանցված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, և դրա հիման վրա Կարեն Թումիկյանի անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003 4-94 մատյանի 203 համարի տակ 02.09.2010 թվականին կատարված պետական գրանցումը` վերականգնելով Արտակ Գալստյանի և Վեներա Գալստյանի սեփականության իրավունքը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 06.05.2017 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.11.2017 թվականի որոշմամբ Արտակ Գալստյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 06.05.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արտակ Գալստյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով և թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով նույնն են թե՛ գործին մասնակցող անձինք, թե՛ հայցի հիմքը, թե՛ հայցի առարկան: Հետևաբար տվյալ պարագայում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, ինչը հիմք է գործի վարույթը կարճելու համար: Ավելին` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ երկու քաղաքացիական գործերով հայցվորները որպես վերջնական արդյունք ակնկալել են վեճի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնում, և նշված պահանջների հիմքում դրվել են միևնույն հիմքերը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.11.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.05.2017 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման, քանի որ սույն քաղաքացիական գործով և թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով հայցվորները տարբեր անձինք են, բացի այդ` առկա է հայցապահանջների տարբերություն: Նման պայմաններում քաղաքացիական գործի վարույթը չէր կարող կարճվել:

Փաստորեն ակնհայտ է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը սույն գործով կիրառելի չէր, քանի որ տարբեր են և՛ գործի կողմերը, և՛ պահանջը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի սույն գործով կայացրած որոշումն օրինական է, հիմնավոր և բխում է գործի փաստական հանգամանքներից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքը` որպես ընդհանուր համատեղ սեփականություն, պատկանել է Վեներա Գալստյանին և Արտակ Գալստյանին (հատոր 1-ին, գ.թ. 16, հատոր 5-րդ, գ.թ. 30-31):

2) Թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով ըստ հայցի Վեներա Գալստյանի ընդդեմ Արթուր Անդրեասյանի, Դոնարա Նազարյանի, Ռուբեն Բաբակեխյանի, երրորդ անձ Կարեն Թումիկյանի, «Յունիբանկ» ՓԲԸ-ի, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, Արտակ Գալստյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Դանիելյանի, Նոր-Նորք նոտարական տարածքի նոտար Է. Մակարյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` 31.02.2010 թվականին Արտակ Գալստյանի, Վեներա Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Է. Մակարյանի կողմից վավերացված առուվաճառքի պայմանագիրը, 12.04.2011 թվականին Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրը, 07.11.2012 թվականին Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև կնքված գույքի առուվաճառքի պայմանագիրը, 02.05.2013 թվականին Ռուբեն Բաբակեխյանի, Կարեն Բաբակեխյանի, Դոնարա Նազարյանի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված անշարժ գույքի գրավադրմամբ վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու` Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի նկատմամբ Արտակ Գալստյանի և Վեներա Գալստյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հայցը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 132-158):

3) Թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2014 թվականի վճռի համաձայն` տվյալ քաղաքացիական գործով հայցվոր Վեներա Գալստյանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ, 289-րդ, 303-րդ, 306-րդ և 313-րդ հոդվածները, նշել է, որ հանդիսանում է Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի իրական սեփականատերը, քանի որ 31.08.2010 թվականին իր և Կարեն Թումիկյանի միջև կնքված պայմանագիրը կրել է ձևական բնույթ: Նշված պայմանագիրը կնքելու նպատակը եղել է Կարեն Թումիկյանից հիփոթեքային վարկով բնակարանը նորից իր անվամբ վերաձևակերպելը: Հաշվի առնելով վերոգրյալը` հայցվոր Վեներա Գալստյանը պահանջել է որպես շինծու գործարքներ անվավեր ճանաչել Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի վերաբերյալ 31.08.2010 թվականի իր և Կարեն Թումիկյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, 12.04.2012 թվականին Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրը, Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Դոնարա Նազարյանի, Կարեն Բաբակեխյանի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված անշարժ գույքի գրավի (փոխառության) պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանք` Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 132-158):

4) Սույն գործով Արտակ Գալստյանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետը, 306-րդ հոդվածի 1-ին կետը և 313-րդ հոդվածի 1-ին կետը, հայցադիմումում նշել է, որ իր և Կարեն Թումիկյանի միջև 31.08.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը կրել է ձևական բնույթ, քանի որ գործարքի կնքման պահին և հետո առուվաճառքի գործարքի համար իրեն գումար չի տրվել: Այսինքն` նշված պայմանագիրը եղել է կեղծ, քանի որ կնքվել է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության: Վերոգրյալից ելնելով` ի թիվս այլնի, պահանջել է վիճելի բնակարանի նկատմամբ վերականգնել իր և Վեներա Գալստյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 4-9, հատոր 4-րդ, գ.թ. 20-26):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով գործի վարույթը կարճելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով կարող է կարճվել գործի վարույթը, եթե գործին մասնակցել են նույն անձինք` տարբեր դատավարական կարգավիճակներով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն հարաբերակցվում է հայց հարուցելու իրավունքի նախադրյալների հետ: Դրանք այն հանգամանքներն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է կոնկրետ գործով դատարան հայց ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքի ծագումը: Հայց հարուցելու իրավունքի բացասական նախադրյալ է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը: Այսպես`

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ նույն օրենսգրքի 110 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի բացառությամբ այն դեպքի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում:

Համանման կարգավորում է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով գործի վարույթը կարճելու հիմքին, արձանագրել է, որ գործի վարույթը կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործերի

1. կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք,

2. հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը,

3. հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները` բացառությամբ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:

Հետևաբար վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող (տե՛ս, ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքն ընդդեմ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդրի կողմից նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռի պարագայում դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է դատավարական իրավունքների չարաշահման կանխարգելմանը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի, իրավական որոշակիության, դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Շահագրգիռ անձը, դատարան դիմելով, իրացնում է դատական պաշտպանության, արդար դատաքննության իր իրավունքը, որը միաժամանակ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունք է նաև դատավարության մյուս կողմի համար: Հետևաբար չնայած հայցվորի տնօրինչական իրավունքն է հայց հարուցելը, սակայն այս իրավունքն ուղղակիորեն առնչվում է նաև պատասխանողի դատավարական իրավունքների հետ, ուստի օրենսդիրը նախատեսել է որոշակի երաշխիքներ նաև պատասխանողի համար` դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում: Մասնավորապես` դատական պաշտպանության իրավունքը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ենթադրում է նաև իրավականորեն որոշակի, կանխատեսելի դատական ակտի առկայություն: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես` արձանագրվել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ, ի թիվս այլնի, ներառվում է նաև դրույթն այն մասին, որ կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում` միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով (տե՛ս, օրինակ, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): Հետևաբար նաև այս սկզբունքի հաշվառմամբ է, որ օրենսդիրն արգելում է նույն հայցով կրկին դատարան դիմելն օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում` օրենքով սահմանված որոշակի բացառություններով հանդերձ:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն բողոքի հիմքում բարձրացված հարցադրումը, վերստին հարկ է համարում անդրադառնալ «նույն անձինք» արտահայտության բովանդակության բացահայտմանը: Թիվ ԵԿԴ/0407/02/11 որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը «նույն անձինք» արտահայտությունը մեկնաբանել է որպես քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք: Հաշվի առնելով դատական պրակտիկայի միտումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում զարգացնել իր մեկնաբանությունը` արձանագրելով, որ տվյալ իրավիճակում հակադիր շահերով օժտված անձինք բացառապես չեն նույնանում դատավարությունում կողմերի` հայցվորի և պատասխանողի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց հետ: Գործին մասնակցող անձինք են նաև երրորդ անձինք, որոնք ևս վեճի ելքով կարող են ունենալ նյութական և դատավարական շահագրգռվածություն, իսկ առանձին դեպքերում նաև ընդհանուր շահ` հայցվորի կամ պատասխանողի կողմում հանդես եկող սուբյեկտի հետ: Հետևաբար «նույն անձինք» արտահայտության մեկնաբանությունը չի կարող սահմանափակվել միայն դատավարության կողմերով և պետք է ներառի նաև երրորդ անձանց, իսկ որպես ուղղորդող չափանիշ պետք է դիտարկվի հակադիր շահերի առկայությունը գործին մասնակցող անձանց միջև: Նման մեկնաբանությունն արդարացված է, քանի որ դատական պրակտիկայում հանդիպում են իրավիճակներ, երբ վեճի կողմերը, ցանկանալով վերաբացել նախկինում քննված գործը, ձևականորեն փոփոխում են քաղաքացիական դատավարության մասնակիցների դատավարական կարգավիճակը և նոր հայց հարուցում:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելու հարցը լուծելիս դատարանը չպետք է միայն հաշվի առնի հայցվորի և պատասխանողի կողմում հանդես եկող անձանց նույնական լինելու հանգամանքը, այլ գործին մասնակցող անձանց կազմը համընկնելու պարագայում, անկախ դատավարական կարգավիճակից, հաշվի առնելով նյութաիրավական հարաբերության բնույթը, պաշտպանության ենթակա օբյեկտը` պետք է պարզի, թե արդյոք նույնն են նախկինում քննված և տվյալ պահին քննվող գործերով հակադիր շահերով օժտված անձինք:

Սույն գործով Դատարանը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով կարճելով գործի վարույթը, պատճառաբանել է, որ տվյալ պարագայում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, այն է` թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը: Դատարանն արձանագրել է, որ վկայակոչված գործով և սույն քաղաքացիական գործով կողմերը համընկնում են, երկու գործերով ներկայացված հայցադիմումների հիմքում դրված է նույն հիմքը, իսկ հայցի առարկան նույնական է:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, նշել է, որ տվյալ դեպքում թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով և սույն քաղաքացիական գործով տարբեր է սուբյեկտային կազմը, քանի որ տարբերվում են երկու քաղաքացիական գործերով հայցվորները, այսինքն` մի դեպքում որպես հայցվոր հանդես է եկել Վեներա Գալստյանը, իսկ սույն քաղաքացիական գործով` Արտակ Գալստյանը: Բացի այդ, տարբեր են նաև պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջները, քանի որ թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով հայցվորի պահանջը եղել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելը, իսկ սույն քաղաքացիական գործով ներկայացվել է սեփականության իրավունքը վերականգնելու պահանջ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով և թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով դատավարության մասնակիցների կազմը և պահանջը նույնն են: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է հետևյալով.

Սույն գործով որպես հայցվոր հանդես է գալիս Արտակ Գալստյանը, որպես պատասխանողներ` Արթուր Անդրեասյանը, Դոնարա Նազարյանը, Ռուբեն Բաբակեխյանը, իսկ երրորդ անձինք` Կարեն Թումիկյանը, Բանկը, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, Կադաստրը, Վեներա Գալստյանը, Երևանի Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանը:

Թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով որպես հայցվոր հանդես է եկել Վեներա Գալստյանը, որպես պատասխանողներ` Արթուր Անդրեասյանը, Դոնարա Նազարյանը, Ռուբեն Բաբակեխյանը, իսկ երրորդ անձինք` Կարեն Թումիկյանը, Բանկը, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, Կադաստրը, Արտակ Գալստյանը, Երևանի Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանը, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Դանիելյանը:

Վճռաբեկ դատարանը երկու քաղաքացիական գործերով գործին մասնակցող անձանց կազմի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ դրանք, ըստ էության, համընկնում են (միակ տարբերությունը կայանում է նրանում, որ թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով երրորդ անձ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Դանիելյանը սույն գործին չի մասնակցում, սակայն նշված հանգամանքն էական նշանակություն ունենալ չի կարող` հաշվի առնելով, որ վերջինիս մասնակցությունը նախորդ գործին պայմանավորված է եղել միայն ածանցյալ պահանջի մասով): Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ սույն քաղաքացիական գործով հայցվորն Արտակ Գալստյանն է, իսկ թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով` Վեներա Գալստյանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ սույն քաղաքացիական գործով Վեներա Գալստյանը հանդես է գալիս որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ, իսկ Արտակ Գալստյանը նույն կարգավիճակով մասնակցել է թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործին: Այդուհանդերձ, դատավարական կարգավիճակի տարբերությունը չի կարող բացառել սույն գործի վարույթը կարճելու «նույն անձանց» պայմանի առկայությունը, քանի որ Վեներա Գալստյանը և Արտակ Գալստյանը վեճի առարկա գույքի ընդհանուր սեփականության մասնակիցներն են, փոխկապակցված են նյութաիրավական շահերով և իրենց դատարան դիմելու իրավունքն իրացրել են նույն առարկայի կապակցությամբ: Մասնավորապես` վերջիններս հանդիսացել են Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի համասեփականատերեր, երկու քաղաքացիական գործերով էլ Վեներա Գալստյանը և Արտակ Գալստյանն ակնկալել են վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնում, ինչից հետևում է, որ վերջիններիս իրավական շահերը փոխկապակցված են, համընկնում են և հակադրվում են գործին մասնակցող մյուս անձանց շահերին: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երկու քաղաքացիական գործերով էլ հանդես են եկել հակադիր շահերով օժտված նույն անձինք, իսկ վերջիններիս կարգավիճակի փոփոխումը կրել է զուտ ձևական բնույթ:

Ինչ վերաբերում է երկու քաղաքացիական գործերով հայցի հիմքին և առարկային, ապա դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Հայցի տարրերը նրա բաղկացուցիչ մասերն են, որոնք որոշում են նրա բովանդակությունը, նրա իրավական բնույթը և հնարավորություն են տալիս անհատականացնել հայցը, այն տարբերել նույնական հայցերից, հետևաբար և լուծել նույն կողմերի միջև, նույն տարրերով հարուցվող հայցերը կրկին անգամ վարույթ չընդունելու հարցը (տե՛ս, Անիկ Մնացականյանն ընդդեմ Ռուբիկ Ասատրյանի թիվ ԵԷԴ/0466/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.10.2011 թվականի որոշումը): Փաստորեն, հայցն անհատականացվում է իր այս երկու տարրերի` հայցի հիմքի և առարկայի շնորհիվ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է «հայցի առարկա» օրենսդրական եզրույթին և նշել, որ հայցի առարկան հայցվորի պահանջն է` ուղղված պատասխանողին կամ պատասխանողներին (տե՛ս, Լարիսա Բաբասյանն ընդդեմ Ալբերտ Հունանյանի թիվ ԵԷԴ/1373/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.05.2011 թվականի որոշումը):

Նախկինում կայացված որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար (տե՛ս, Անիկ Մնացականյանն ընդդեմ Ռուբիկ Ասատրյանի թիվ ԵԷԴ/0466/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.10.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ նշել է, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերի համակցությունն է, որ կարգավորում է վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից, կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս, Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Ամփոփելով վկայակոչված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետում նշված` «նույն առարկայի մասին» արտահայտությունը վերաբերում է հայցի առարկային, այսինքն` պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջին, որի վերաբերյալ դատարանը դատական ակտ է կայացնում: Ինչ վերաբերում է հայցի հիմքին, ապա այն կարող է նույնացվել և՛ հայցի փաստական հիմքերով, և՛ հայցի իրավական հիմքերով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով հայցվոր Վեներա Գալստյանը պահանջել է 31.08.2010 թվականին Արտակ Գալստյանի, Վեներա Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Է. Մակարյանի կողմից վավերացված առուվաճառքի պայմանագիրը, 12.04.2011 թվականին Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրը, 07.11.2012 թվականին Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև կնքված գույքի առուվաճառքի պայմանագիրը, 02.05.2013 թվականին Ռուբեն Բաբակեխյանի, Կարեն Բաբակեխյանի, Դոնարա Նազարյանի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված անշարժ գույքի գրավադրմամբ վարկային պայմանագիրն անվավեր ճանաչել և կիրառել անվավերության հետևանքներ` ճանաչել Արտակ Գալստյանի և Վեներա Գալստյանի սեփականության իրավունքը: Այսինքն` Վեներա Գալստյանի դատական պաշտպանության իրավունքի իրացման վերջնական նպատակն ուղղված է եղել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի նկատմամբ իր և Արտակ Գալստյանի սեփականության իրավունքի ճանաչմանը, որպիսի պահանջը, սակայն, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով մերժվել է:

Սույն քաղաքացիական գործով Արտակ Գալստյանը պահանջել է Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և Բանկի միջև 12.04.2011 թվականին կնքված թիվ 849 անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրը և դրա հիման վրա Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-003 4-94 մատյանի 203 համարի տակ 20.12.2011 թվականին կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչել, անվավերության հետևանքներ կիրառել և 07.11.2012 թվականին Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև կնքված գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա 12.11.2012 թվականի թիվ 01-003-01223-0150 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչել, Վեներա Գալստյանի, Արտակ Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև 31.08.2010 թվականին կնքված և Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի կողմից վավերացված` սեղանամատյանում 4314 համարի տակ գրանցված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Կարեն Թումիկյանի անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-003 4-94 մատյանի 203 համարի տակ 02.09.2010 թվականին կատարված պետական գրանցումն առոչինչ ճանաչել, և Արտակ Գալստյանի և Վեներա Գալստյանի սեփականության իրավունքը վերականգնել: Այսինքն` այս պարագայում նույնպես Արտակ Գալստյանի դատական պաշտպանության իրավունքի իրացումը նպատակաուղղված է եղել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչմանը: Ընդ որում, այս պարագայում խմբագրական բնույթի փոփոխություններն օրենքի տեսանկյունից չեն կարող կարևորվել, քանի որ վերջնական արդյունքում Արտակ Գալստյանի և Վեներա Գալստյանի կողմից ակնկալվել է վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերում: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երկու քաղաքացիական գործերով հայցվորների նյութաիրավական պահանջները նույնաբնույթ են:

Ավելին, նշված երկու քաղաքացիական գործերով հայցերը նույնանում են նաև իրենց հիմքերով` այդ թվում և՛ իրավական, և՛ փաստական: Այսպես` թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով 03.06.2014 թվականի վճռի համաձայն` տվյալ քաղաքացիական գործով հայցվոր Վեներա Գալստյանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ, 289-րդ, 303-րդ, 306-րդ և 313-րդ հոդվածները, նշել է, որ հանդիսանում է Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի իրական սեփականատերը, քանի որ 31.08.2010 թվականին իր և Կարեն Թումիկյանի միջև կնքված պայմանագիրը կրել է ձևական բնույթ: Նշված պայմանագիրը կնքելու նպատակը եղել է Կարեն Թումիկյանից հիփոթեքային վարկով բնակարանն իր անվամբ վերաձևակերպելը:

Սույն գործով Արտակ Գալստյանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետը, 304-րդ հոդվածի 2-րդ կետը, 306-րդ հոդվածի 1-ին կետը և 313-րդ հոդվածի 1-ին կետը, հայցադիմումով նշել է, որ իր և Կարեն Թումիկյանի միջև 31.08.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը կրել է ձևական բնույթ: Նշված պայմանագիրը եղել է կեղծ, քանի որ կնքվել է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության:

Վերոգրյալից հետևում է, որ երկու քաղաքացիական գործերն էլ հարուցվել են նույն հիմքով, այսինքն` հայցվորների կողմից երկու դեպքում էլ հայցի հիմքում դրվել են նույն իրավական և փաստական հիմքերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 03.06.2014 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով և սույն քաղաքացիական գործով անձինք նույնական են, վեճը վերաբերել է միևնույն առարկային և ունեցել է նույն հիմքերը: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելու համար անհրաժեշտ` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված երեք պայմանների միաժամանակյա առկայությունը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով հայցի ներկայացումը հետապնդում է ոչ թե արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման, այլ նախկինում քննված և վերջնական լուծում ստացած մեկ այլ դատական գործի (թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործի) քողարկված վերանայման, վերաբացման նպատակ, ինչն անթույլատրելի է իրավունքի գերակայության բաղադրիչ հանդիսացող դատական ակտերի վերջնականության res judicata սկզբունքի տեսանկյունից: Հետևաբար Դատարանը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով կարճելով սույն գործի վարույթը, կայացրել է ըստ էության ճիշտ դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 24.11.2017 թվականի որոշումը բողոքարկվել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ ենթակա է բեկանման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Վճռաբեկ դատարանը կաշկանդված չէ բողոք բերած անձի պահանջով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող է հանգեցնել գործի սխալ լուծման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի 24.11.2017 թվականի որոշումը բողոքարկվել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով, ուստի վերը նշված նորմերի հիմնավորումներով գործի վարույթը ենթակա է կարճման ամբողջությամբ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Արտակ Գալստյանից հօգուտ Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի ենթակա է բռնագանձման 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2017 թվականի վճռին:

2. Արտակ Գալստյանից հօգուտ Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի բռնագանձել 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.01.2019
N ԵԱՔԴ/1107/02/16
Որոշում