Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187-ՐԴ ԵՎ 280-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԱՔԴ/2307/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2307/02/16     2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Տ. Նազարյան

                       Ն. Բարսեղյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2019 թվականի մարտի 25-ին

գրավոր ընթացակարգով, քննելով Սուսաննա Սարկիսյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Սարկիսյանի, Ջոնիկ Սարգսյանի ընդդեմ Մարգարիտա Սարգսյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Մարգարիտա Սարգսյանի ընդդեմ Սուսաննա Սարկիսյանի` վտարման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սուսաննա Սարկիսյանը և Ջոնիկ Սարգսյանը պահանջել են օրենքի ուժով ճանաչել իրենց համատեղ սեփականության իրավունքը Երևանի Կովկասյան փողոցի թիվ 58 հասցեի 300 քմ հողամասի նկատմամբ:

Գործը դատաքննության նախապատրաստելու փուլում Ջոնիկ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան` իր մասով հայցից հրաժարվելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին:

Սուսաննա Սարկիսյանը հայցի հիմքի և առարկայի փոփոխություն է ներկայացրել` պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Կովկասյան փողոցի թիվ 58 հասցեի 300 քմ հողամասի 1/2 բաժնի նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մարգարիտա Սարգսյանը պահանջել է Սուսաննա Սարկիսյանին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Կովկասյան փողոցի թիվ 58 հասցեի տնից և հողատարածքից:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 18.07.2017 թվականի վճռով Ջոնիկ Սարգսյանի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, Սուսաննա Սարկիսյանի հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.02.2018 թվականի որոշմամբ Սուսաննա Սարկիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 18.07.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հակընդդեմ հայցը մերժվել է: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Սարկիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարգարիտա Սարգսյանի ներկայացուցիչ Մարգարիտա Բաբայանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ և 280-րդ հոդվածները, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 1981-2013 թվականներն ընկած ժամանակահատվածում Սուսաննա Սարկիսյանի և նրա իրավանախորդ Սամվել Սարգսյանի կողմից կատարված կոմունալ վճարման անդորրագրերով, վկաների ցուցմունքներով հիմնավորվում է, որ հայցվորն ավելի քան տասը տարի բարեխղճորեն տիրապետում է վիճելի գույքը: Ավելին` սույն գործով արտագնա նիստի ընթացքում վիճելի գույքը զննվել է, որի ընթացքում պարզվել է, որ վիճելի գույքի վրա կառուցված 1-ին հարկն ու նկուղային հարկը գտնվում են Սուսաննա Սարկիսյանի տիրապետության ներքո, իսկ այդ գույքի 2-րդ հարկն ունի առանձնացված մուտք, որն օգտագործվում է Մարգարիտա Սարգսյանի կողմից առանձին մուտքով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Մարգարիտա Սարգսյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե դիմում է ներկայացրել միայն վիճելի հողամասի վրա առկա շինության երկրորդ հարկի նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու համար` անգամ փորձ չկատարելով իր անվամբ սեփականացնել այդ գույքի առաջին և նկուղային հարկը: Հետևաբար տիտղոսային սեփականատիրոջ վերաբերմունքը վիճելի գույքի նկատմամբ վկայել է, որ վերջինս չունի որևէ մտադրություն պահպանելու իր իրավունքը վեճի առարկայի նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 15.02.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն այդ մասով ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրականացրել է սույն գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` արդյունքում կայացնելով հիմնավոր և պատճառաբանված որոշում: Սուսաննա Սարկիսյանի կողմից վեճի առարկա գույքի տիրապետումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի իմաստով չի կարող դիտվել բարեխիղճ, քանի որ Մարգարիտա Սարգսյանի կողմից ներկայացված 1998-2017 թվականների գույքահարկի և հողի հարկի վճարումների ընդունման անդորրագրերով հաստատվում է, որ Սուսաննա Սարկիսյանը վիճելի հասցեի հողի հարկի, ինչպես նաև գույքահարկի գծով հարկային պարտավորություններ 2017 թվականի դրությամբ չի ունեցել, այսինքն` հայցվորը չի մասնակցել գույքի/հողատարածքի կառավարմանը: Իսկ ահա Մարգարիտա Սարգսյանի կողմից ներկայացված` կառուցված սեփական տան ֆինանսական ծախսերի վճարման անդորրագրերը, հողի հարկի և գույքահարկի վճարումներն ապացուցում են գույքի սեփականատիրոջ կողմից գույքից չհրաժարվելու հանգամանքի մասին: Ավելին` հայցվորի կողմից չի ներկայացվել վիճելի գույքի բարեխիղճ տիրապետումը հավաստող որևէ ապացույց, մասնավորապես` գույքը վերջինիս կամ իր իրավանախորդների փաստացի տիրապետմանն անցնելու հիմքը վկայող որևէ փաստ, որը տիրապետողին կարող էր տալ բավարար հիմքեր` ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետում է որպես սեփականություն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևան քաղաքի 26 Կոմիսարների անվան շրջանային սովետի գործադիր կոմիտեի 17.06.1958 թվականի թիվ 34 արձանագրության քաղվածքի համաձայն` Արաբկիր 50-րդ փողոցի (Կովկասյան) թիվ 16 հողամասը հատկացվել է Սոկրատ Սարգսյանի ընտանիքին, որը բաղկացած է 4 անձից (հատոր 1-ին, գ.թ. 47):

2) Անձնական սեփականության և առհավետ հողօգտագործման իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար հողամասի մաս հատկացնելու և բնակելի շենք կառուցելու մասին 29.05.1959 թվականի պայմանագրի համաձայն` Քաղսովետի 26 Կոմիսարների ռայսովետի գործկոմի 17.07.1958 թվականի թիվ 34 որոշմամբ ծառայող Սոկրատ Եղյայի Սարգսյանին առհավետ հողօգտագործման իրավունքով հատկացվել է Արաբկիրի 50-րդ փողոցի (Կովկասյան) թիվ 16` ընդհանուր տարածությամբ 300 քմ հողամասը` 2 հարկանի բնակելի շենք կառուցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 46):

3) Երևանի քաղսովետի գործադիր կոմիտեի հաշվետեխնիկական բյուրոյի կողմից 24.12.1982 թվականին տրված թիվ 54 տոմար 467 գույքային թերթի համաձայն` գույքի տեսակը բնակելի, հողամասի տարածքը` լայնությունը 15,00 մետր, երկարությունը 20,00 մետր, փողոց` Արաբկիրի թիվ 50 (Կովկասյան 58), պատկանել է Սոկրատ Սարգսյանին, իսկ հետագա նշումներ և գրանցումներ բաժնում նշված է` համաձայն նոտարի 02.11.1984 թվականի թիվ 1911 ժառանգության իրավունքի վկայականի` Ս. Ե. Սարգսյանի մահից հետո նրա գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում կինը` Մարգարիտա Իլյիչի Սարգսյանը (հատոր 1-ին, գ.թ. 45):

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 28.04.2012 թվականին տրված թիվ ԱՏ-26/04/2012-2-0006 տեղեկանքի համաձայն` Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի կադաստրային գործում առկա 02.11.1984 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով Մարգարիտա Սարգսյանին է անցել բնակելի տուն` բաղկացած 58,3 քմ բնակելի և 48,2 քմ օժանդակ մակերեսներից (հողամասի վերաբերյալ նշումներ վկայագրում առկա չեն) (հատոր 1-ին, գ.թ. 16):

5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 29.05.2012 թվականին տրված թիվ ԱՏ-24/05/2012-2-0280 տեղեկանքի համաձայն` Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի կադաստրային գործի տվյալներով նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում չի կատարվել: Վերոնշյալ անշարժ գույքի 2-րդ հարկը և 300 քմ մակերեսով հողամասը 04.01.1985 թվականին հաշվառվել է Մարգարիտա Սարգսյանի անվամբ: Միաժամանակ հայտնվել է, որ կադաստրային գործում առաջին և կիսանկուղային հարկերի նկատմամբ գրանցված կամ հաշվառված որևէ իրավունք առկա չէ (հատոր 1-ին, գ.թ. 54):

6) Երևանի Արաբկիր վարչական շրջանի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 06.05.2014 թվականին տրված տեղեկանքների համաձայն` հանգուցյալ Սամվել Սարգսյանը 1959 թվականից մինչև մահը` 18.09.2012 թվականը, բնակվել է Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 տանը, իսկ Սուսաննա Սարկիսյանը 1959 թվականից մշտապես բնակվում է Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 տանը: Սամվել Սարգսյանը Սուսաննա Սարկիսյանի եղբայրն է (հատոր 3-րդ, գ.թ. 48, 50):

7) 1981-2013 թվականի կոմունալ սպասարկման վճարման անդորրագրերի համաձայն` Սուսաննա Սարկիսյանը և նրա իրավանախորդ Սամվել Սարգսյանը կատարել են Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 տան կոմունալ վճարումները, մասնավորապես` գազամատակարարման, էլեկտրաէներգիայի մատակարարման, ջրամատակարարման, աղբահանության վճարումներ: Գործում առկա են նաև 26.05.1986 թվականին, 02.03.1987 թվականին, 01.04.1988 թվականին Սամվել Սարգսյանի կողմից կատարված` Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի հողի հարկի վճարման վերաբերյալ անդորրագրեր (հատոր 3-րդ, գ.թ. 14):

8) Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման թիվ 100242 պայմանագրի համաձայն` Սուսաննա Սարկիսյանի իրավանախորդ Սամվել Սարգսյանը հանդիսացել է Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 տան բաժանորդ (հատոր 2-րդ, գ.թ. 37):

9) 15.05.2017 թվականի դատական նիստի ընթացքում սույն գործով որպես վկաներ հրավիրված Գևորգ Սարգսյանը, Աշոտ Ղումաշյանը և Անդրանիկ Թադևոսյանը ցուցմունք են տվել այն մասին, որ Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 տունը կառուցվել է Սուսաննա Սարկիսյանի հոր և երկու եղբոր ջանքերով: Բնակելի տունը կառուցելուց հետո նշված հասցեի տան առաջին հարկում բնակվում էր Սուսաննա Սարկիսյանն իր ծնողների, եղբայրների և քրոջ հետ, իսկ տան երկրորդ հարկում` Սուսաննա Սարկիսյանի մյուս եղբայրը` Սոկրատ Սարգսյանն իր ընտանիքի հետ միասին: Միաժամանակ վկաները նշել են, որ Սուսաննա Սարկիսյանն ավելի քան տասը տարի բարեխղճորեն հոգում է վեճի առարկա գույքով ծանրաբեռնված բնակելի տան առաջին հարկի հոգսը` տիրապետելով այն (հատոր 3-րդ, գ.թ. 46-47, 66):

10) Դատարանի 15.05.2017 թվականի տեղատեսություն կատարելու մասին նիստի արձանագրության համաձայն` «Տեղատեսությամբ պարզվեց, որ Հ. Սահյան (Կովկասյան) 58 տան մուտքը երկաթյա դարպասից է, որին կից առկա է մոտ 1,5 մ լայնությամբ դուռ, որից մուտք գործեցինք Սուսաննա Սարկիսյանի բնակելի տան հատված: Տունը երկհարկանի էր, առկա էր նաև նկուղ: Աջ կողմում առկա էին աստիճաններ և դուռ, որով մուտք էին գործում Սուսաննա Սարկիսյանի բնակելի տան հատվածը: Առկա էին նաև դեպի երկրորդ հարկ տանող աստիճաններ, որով մուտք էին գործում Մարգարիտա Սարգսյանի տան հատվածը: Ըստ էության հողամասն ամբողջությամբ ծանրաբեռնված էր բնակելի տնով, ազատ հողատարածք առկա չէր» (հատոր 3-րդ, գ.թ. 45):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:

i

ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք պետության ու համայնքների հողերի այն հողամասերի նկատմամբ, որոնց տիրապետում են առանց իրավաբանական ձևակերպման և որոնցից օգտվում են անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի, ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունք, եթե հողամասերը համապատասխանում են նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` այլ սեփականատիրոջը պատկանող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագումը կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով վկայակոչված իրավակարգավորումները, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց է:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

i

Ըստ էության օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

i

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե՛ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

i

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից (տե՛ս, Գայանե Խաչատրյանը և Նորայր Սարգսյանն ընդդեմ Բուրաստան Դավթյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով և հակընդդեմ հայցը բավարարելով, արձանագրել է, որ սույն գործում առկա չէ Սուսաննա Սարկիսյանի կողմից վիճելի գույքի բարեխիղճ տիրապետումը հավաստող որևէ ապացույց, մասնավորապես` գույքը վերջինիս կամ իր իրավանախորդների փաստացի տիրապետմանն անցնելու հիմքը վկայող որևէ փաստ, որը տիրապետողին կարող էր տալ բավարար հիմքեր` ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն: Բացի այդ, սույն գործով չի հիմնավորվում նաև Սուսաննա Սարկիսյանի կողմից վիճելի գույքը որպես սեփականը տիրապետելու, այսինքն` գույքի կառավարմանը մասնակցելու, դրա պահպանման համար հոգ տանելու հանգամանքը, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Մարգարիտա Սարգսյանն է մասնակցել գույքի կառավարմանը, հոգ տարել դրա մասին և չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտ կվկայեին գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, այսինքն` սույն գործի փաստերի համաձայն` պատասխանողը չի հրաժարվել իրեն պատկանող գույքից: Ինչ վերաբերում է Երևանի Արաբկիր վարչական շրջանի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 06.05.2014 թվականին տրված տեղեկանքին այն մասին, որ Սուսաննա Սարկիսյանը բնակվում է Հ. Սահյան (Կովկասյան) թիվ 58 տանը 1959 թվականից մինչ օրս, Դատարանն այդ հանգամանքը բավարար չի համարել գույքը տիրապետելու բարեխղճության պայմանը հաստատելու համար:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելով և հայցը մերժելու մասով Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի վերը նշված պատճառաբանությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով կոմունալ վճարումների անդորրագրերին, նշել է, որ «դրանք չեն կարող հողի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք հանդիսանալ: Ավելին, սույն գործի փաստերի համաձայն` Մարգարիտա Սարգսյանն է մասնակցել անշարժ գույքի կառավարմանը, հոգ տարել դրա մասին: Այդ մասին են վկայում Մարգարիտա Սարգսյանի կողմից հողի հարկի և գույքահարկի պարտավորությունների գծով կատարած վճարումների փաստը հաստատող անդորրագրերը»: Անդրադառնալով վկաների ցուցմունքներին` Վերաքննիչ դատարանը գտել է, որ «դրանք բավարար չեն Սուսաննա Սարկիսյանի կողմից վիճելի անշարժ գույքի 1/2-րդ մասը տիրապետելու բարեխղճությունը հաստատված համարելու համար»: Միաժամանակ անդրադառնալով հակընդդեմ հայցով հայցվորի վտարման պահանջին` Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեում Մարգարիտա Սարգսյանի անվամբ հաշվառված է 300 քմ մակերեսով հողամաս, իսկ վերը նշված հասցեում գտնվող երկհարկանի բնակելի տունը գտնվում է 300 քմ մակերեսով հողամասի վրա, և միայն երկրորդ հարկն է պատկանում Մարգարիտա Սարգսյանին, իսկ առաջին հարկի վերաբերյալ ոչ մի իրավահաստատող փաստաթուղթ առկա չէ, հետևաբար Մարգարիտա Սարգսյանը չի կարող Սուսաննա Սարկիսյանի դեմ վտարման պահանջ ներկայացնել նույն հասցեի բնակելի տան 1-ին հարկից:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ Սուսաննա Սարկիսյանի կողմից չի հիմնավորվել վիճելի անշարժ գույքի տիրապետման բարեխղճությունը, որպիսի վավերապայմանի բացակայությունն ինքնին բավարար է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին պահանջը մերժելու վերաբերյալ Դատարանի դիրքորոշման իրավաչափությունը փաստելու համար, գնահատման առարկա չի դարձրել գործում առկա ապացույցները:

Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեում գտնվող բնակելի տան միայն 2-րդ հարկը և 300 քմ մակերեսով հողամասն է հաշվառված Մարգարիտա Սարգսյանի անվամբ, ինչից հետևում է, որ վերջինս հավակնություններ է ունեցել վերը նշված հասցեի գույքի միայն մի մասի նկատմամբ: Նման պայմաններում Մարգարիտա Սարգսյանն իր վարքագծով մեկուսացել է Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեում գտնվող բնակելի տան առաջին և նկուղային հարկի տիրապետումից և օգտագործումից և ըստ էության որևէ մտադրություն չի ունեցել պահպանելու այդ տարածքների նկատմամբ իր սեփականության իրավունքը: Նշված հանգամանքն էլ հիմք է տվել Սուսաննա Սարկիսյանին ձևավորելու այն համոզմունքը, որ որպես սեփականություն Մարգարիտա Սարգսյանի անվամբ չգրանցված անշարժ գույքով ծանրաբեռնված վեճի առարկա հողամասն իր տիրապետմանն է անցնում օրինական հիմքով:

Բացի այդ, գործում առկա` Երևանի Արաբկիր վարչական շրջանի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 06.05.2014 թվականին տրված տեղեկանքով, Սուսաննա Սարկիսյանի և նրա իրավանախորդ Սամվել Սարգսյանի կողմից 1981-2013 թվականներին կատարված կոմունալ սպասարկման վճարների անդորրագրերով, 26.05.1986 թվականին, 02.03.1987 թվականին, 01.04.1988 թվականին Սուսաննա Սարկիսյանի իրավանախորդ Սամվել Սարգսյանի կողմից կատարված Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի հողի հարկի վճարման վերաբերյալ անդորրագրերով, սույն գործով որպես վկաներ հարցաքննված Գևորգ Սարգսյանի, Աշոտ Ղումաշյանի, Անդրանիկ Թադևոսյանի ցուցմունքներով հիմնավորվել է, որ ինչպես Սուսաննա Սարկիսյանի իրավանախորդ (եղբայր) Սամվել Սարկիսյանը, այնպես էլ Սուսաննա Սարկիսյանն ավելի քան տասը տարի մշտապես բնակվել են Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեում գտնվող բնակելի տան առաջին հարկում` կատարելով տան այդ հատվածի պահպանման համար անհրաժեշտ վճարումները (հողի հարկի, գազի, էլեկտրաէներգիայի, ջրի, աղբահանության վճարումները):

Ավելին, Դատարանի 15.05.2017 թվականի տեղատեսություն կատարելու մասին նիստի արձանագրության ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվոր Սուսաննա Սարկիսյանի տիրապետության ներքո գտնվող բնակելի հատվածը փաստացի առանձնացված է պատասխանող Մարգարիտա Սարգսյանի բնակելի տան հատվածից, մասնավորապես` երկու կողմերն ունեն առանձնացված տարբեր մուտքեր: Միաժամանակ տեղատեսությամբ արձանագրվել է, որ ըստ էության հողամասն ամբողջությամբ ծանրաբեռնված է բնակելի տնով, ազատ հողատարածք առկա չէր:

Ամփոփելով նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված հանգամանքները կարող էին վկայել, որ Սուսաննա Սարկիսյանի մոտ տիրապետման ընթացքում կարող էր ծագել հիմնավոր համոզմունք առ այն, որ Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի բնակելի տան առաջին հարկով ծանրաբեռնված հողամասը տիրապետում է որպես սեփական գույք:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ «(...) առկա չէ որևէ ապացույց այն մասին գույքի սեփականատերը հրաժարվել է իր սեփականության իրավունքից` մասնավորապես, գույքի սեփականատերն իր անտարբեր վերաբերմունքը դրսևորելով վիճելի անշարժ գույքի` հողի կամ դրա մի մասի նկատմամբ, այսինքն` իր անգործությամբ մեկուսացել է հողի տիրապետումից` առանց դրա նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության», ապա Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերը շարադրված իրավական դիրքորոշումները, ևս մեկ անգամ ընդգծում է, որ նշված փաստը հավասարապես կարող է հիմնավորվել ինչպես գործում առկա համապատասխան ապացույցներով, այնպես էլ նախկին սեփականատիրոջ վարքագծի գնահատմամբ: Տվյալ պարագայում պատասխանողի, նաև վերջինիս իրավանախորդ Սոկրատ Սարգսյանի վարքագիծը, մասնավորապես` նրանց կողմից 10 տարուց ավելի ինչպես Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի բնակելի տան առաջին հարկում գտնվող հատվածը, այնպես էլ դրանով ծանրաբեռնված հողամասը Սուսաննա Սարկիսյանի կողմից որպես սեփականատեր տիրապետելուն որևէ կերպ չխոչընդոտելը ևս կարող էր ակնհայտ վկայել վեճի առարկա գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից սեփականատիրոջ մեկուսացման մասին, ինչը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ Վերաքննիչ դատարանը Մարգարիտա Սարգսյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցը մերժելիս արձանագրել է, որ Մարգարիտա Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանում է Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի բնակելի շենքի միայն 2-րդ հարկը, որպիսի հանգամանքն ինքնին հակասում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ «Մարգարիտա Սարգսյանն է մասնակցել անշարժ գույքի կառավարմանը, հոգ տարել դրա մասին, չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտ կվկայեին անշարժ գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության»:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը` ըստ հայցի Սուսաննա Սարկիսյանի ընդդեմ Մարգարիտա Սարգսյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասով, նոր քննության ուղարկելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել և վերանայվել է միայն այդ մասով: Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով ստորադաս դատարաններն անդրադարձել են ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման միայն բարեխղճության նախապայմանին, գործն ուղարկվում է նոր քննության` ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման համար մյուս վավերապայմանների առկայությունը պարզելու և գնահատելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.06.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականի որոշման` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը` Սուսաննա Սարկիսյանի հայցը մերժելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և գործն այդ մասով ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.06.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.03.2019
N ԵԱՔԴ/2307/02/16
Որոշում