ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2019 թվականի N 712-Ա
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը, ինչպես նաև զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների` 2019 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին`
1) «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակով «1148 Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրի «11005 Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» միջոցառման գծով նախատեսված գումարների հաշվին, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գնանշման հարցման ընթացակարգով կազմակերպված գնման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված ճամբարներում 2019 թվականի սահմանված ժամկետում կազմակերպել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը` երեք հերթափոխով, 20-ական օրով.
2) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով ապահովելու հարցը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ըստ միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկած տեղերի թվի` մինչև 2019 թվականի հունիսի 11-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների ցուցակները:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2018 թվականի հունիսի 19-ից սկսելու համար:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` աջակցել մանկական առողջարարական ճամբարներին երեխաների` ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների, լրացուցիչ կրթության կազմակերպման հարցում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. հունիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հունիսի 6-ի
N 712 -Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի
նախագահ)
Հ. Հարությունյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ռ. Պետրոսյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
Ա. Բարխուդարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդասիրական օգնության
ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար
Ս. Սիմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության պետի տեղակալ
Գ. Այվազյան - ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման
վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ
Ա. Պետրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության մարզառազմական և արտաուսումնական
դաստիարակության վարչության պետ
Գ. Գյունաշյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի
վարչության պետ
Ա. Իվանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության տարածքային կառավարման վարչության
տարածքային զարգացման պլանավորման բաժնի պետ
(միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)