020.0242.110700
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
11 հուլիսի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Գ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Պողոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում` Կողմերի միջև ուղևորային և բեռնային հաղորդակցության կատարելագործման, մաքսատուրքերի և այլ վճարումների ճշգրիտ գանձման ապահովման, մաքսային իրավախախտումների կանխման և քննության, թմրանյութերի և հոգեներգործող, ինչպես նաև վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում փոխադարձ աջակցության ցուցաբերման նպատակով:
Ըստ համաձայնագրի Կողմերի մաքսային ծառայությունները`
- ձեռնարկում են մաքսային արարողակարգերի պարզեցման միջոցներ,
- փոխադարձաբար ճանաչում են միմյանց մաքսային ապահովումները (կապարակնիքները, կնիքների դրոշմները) և մաքսային փաստաթղթերը,
- հարցման դեպքում միմյանց ներկայացնում են վկայականներ, որոնք հաստատում են, որ Կողմերից մեկի տարածքից արտահանված ապրանքները մյուս Կողմի տարածք են ներմուծվում օրինական հիմունքներով,
- աջակցություն են ցուցաբերում միմյանց թմրանյութերի, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության կանխման, խափանման և քննության գործում,
- հարցմամբ միմյանց են տրամադրում անհրաժեշտ տեղեկություններ,
- փոխանակում են գործող օրենսդրական կամ մաքսային և տարադրամային հարցերին վերաբերող այլ նորմատիվ ակտերի պատճեններ:
Սույն համաձայնագրով նախատեսված համագործակցությունն իրականացվում է անմիջականորեն մաքսային ծառայությունների միջև:
Համաձայնագրի իրականացման համար Կողմերը նպատակահարմար են գտնում հանձնարարել իրենց մաքսային ծառայություններին առանձին համաձայնագրեր կնքել մաքսային երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի վերաբերյալ:
Համաձայնագրով սահմանվում են նաև հարցման ձևն ու բովանդակությունը, այն իրականացնելու և դրա կատարումից հրաժարվելու, ստացված փաստաթղթերի և տեղեկությունների օգտագործման, ծախսերի փոխհատուցման, վեճերի լուծման, համաձայնագրում լրացումների և փոփոխությունների կատարման կարգը:
Սույն համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի այլ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
11 հուլիսի 2000 թ.
ՍԴՈ-242