020.0640.230606
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԹՌՉՆԱԳՐԻՊԻՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
| Քաղ. Երևան |
23 հունիսի 2006թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2006 թվականի հունիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրում (Թռչնագրիպին հակազդելու ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է 2006թ. հունիսի 7-ին` Երևանում:
2. Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը (Ընկերակցություն) Թռչնագրիպին հակազդելու ծրագրի (Ծրագիր) իրականացման նպատակով, համաձայնագրում նշված պայմաններով և ժամկետներում Հայաստանի Հանրապետությանը (վարկառու) տրամադրում է չորս միլիոն չորս հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (4.400.000 ՓՀԻ) գումարի վարկ: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը` ընտանի թռչունների շրջանում բարձր ախտածին թռչնագրիպի (ԲԱԹ) վարակով և կենդանիների այլ հիվանդություններով մարդկանց համար առաջացած վտանգը նվազեցնելու և մարդկանց միջավայրում գրիպի պանդեմիայի ու վարակիչ այլ հիվանդությունների բռնկումների հսկողությանը և արձագանքմանը պատրաստվելու ուղղությամբ: Ծրագրի ֆինանսավորմանն օժանդակելու համար Ճապոնիայի կառավարությունը հատկացնում է 803.900 ԱՄՆ դոլար գումարի դրամաշնորհ:
Վարկի մարումը պետք է իրականացվի 2016թ. հունիսի 15-ից մինչև 2045թ. դեկտեմբերի 15-ը:
3. Համաձայնագիրն ունի 3 հավելված, որոնք վերաբերում են համապատասխանաբար` վարկի միջոցներից առհանմանը, Ծրագրի նկարագրությանը, իրականացմանը, գնումներին, կատարված աշխատանքների ուսումնասիրությանը, հաշվետվություններին և վարկի վերադարձման ժամանակացույցին:
Համաձայն երկրորդ հավելվածի` Ծրագիրը պետք է իրականացնեն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունները, ինչպես նաև Թռչնագրիպին հակազդելու միջգերատեսչական հանձնաժողովը:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2009թ. հուլիսի 31-ին:
4. Համաձայնագրով վարկառուն պարտավորվում է օգտագործված վարկային միջոցների դիմաց մուծել տարեկան 0,75 %-ի չափով սպասարկման վճար, իսկ չօգտագործված միջոցների դիմաց` մինչև 0,5%-ի չափով պարտավճար:
Վարկառուն միաժամանակ պարտավորվում է վարել ֆինանսական կառավարման համակարգ և պատրաստել Ընկերակցության համար ընդունելի ֆինանսական հաշվետվություններ, Ընկերակցությանը ներկայացնել հաշվետվություն Ծրագրի իրականացման և դրա նպատակների իրագործման գնահատման ու մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի հունիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրում (Թռչնագրիպին հակազդելու ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
23 հունիսի 2006 թվականի
ՍԴՈ-640