020.0742.010408
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ՅԱԼԹԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ /ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ/ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
1 ապրիլի 2008 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց` «2007 թվականի մայիսի 25-ին Յալթայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների /ոստիկանության/ և ներքին զորքերի համար կադրերի պատրաստման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ Հ. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կողմից ստորագրվել է 2007թ. մայիսի 25-ին, Յալթայում` նպատակ ունենալով ապահովելու Կողմերի ներքին գործերի մարմինների /ոստիկանության/ և ներքին զորքերի համար կադրերի պատրաստման բարձր մակարդակ, որը կպատասխանի ժամանակակից աշխարհի մարտահրավերներին և սպառնալիքներին:
Կողմերը կադրերի պատրաստման գործում համագործակցությունն իրականացնում են իրենց իրավասու մարմինների միջոցով, սույն համաձայնագրին համապատասխան, պահպանելով ազգային օրենսդրությունը և այն միջազգային պայմանագրերը, որոնց մասնակից են իրենք:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, մասնավորապես պարտավորվում է.
- կադրերի պատրաստման գործում համագործակցությունն իրականացնել իրավասու մարմինների միջոցով, որոնց ցանկը որոշվում է յուրաքանչյուր Կողմի կողմից և փոխանցվում ավանդապահին,
- մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցել ավանդապահին իրավասու մարմինների ցանկի մեջ փոփոխությունների մասին,
- կադրերի պատրաստումն իրականացնել ընդունող Կողմի ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններով և ծրագրերով` հետևելով այն սահմանափակումներին, որոնք կապված են ընդունող Կողմի գաղտնի տեղեկատվության և սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվության, գաղտնիության պայմանակարգի ապահովման հետ,
- որպես ընդունող Կողմ` ուսումնական գործընթացը կուրսանտների/ ունկնդիրների հետ համատեղ և առանձին կազմակերպել ռուսաց լեզվով,
- կադրերի պատրաստումն իրականացնել վճարովի հիմունքներով կամ ՀՀ կողմից սահմանվող քվոտաներով` արտոնյալ կամ անվճար հիմունքով, ինչպես նաև կատարել արտոնյալ հիմունքով կադրերի պատրաստման ժամանակ ուսուցման ծախսերը:
3. Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են նրանց կողմից կնքված այլ միջազգային պայմանագրերից:
4. Համաձայնագիրը նախատեսում է վերջինիս դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի լուծման, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև ուժի մեջ մտնելու և գործողության դադարեցման կարգն ու ժամկետները:
Համաձայնագրի դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին, ինչպես նաև կարևոր իրավական երաշխիք են ստեղծում ՀՀ Սահմանադրության 39 հոդվածում ամրագրված իրավունքի իրացման համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 2007 թվականի մայիսի 25-ին Յալթայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների /ոստիկանության/ և ներքին զորքերի համար կադրերի պատրաստման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
1 ապրիլի 2008 թվականի
ՍԴՈ-742