020.0763.120908
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԿԻՈՏՈՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ Բ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
| Քաղ. Երևան |
12 սեպտեմբերի 2008թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված` Կիոտոյի արձանագրության Բ հավելվածում փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` ՀՀ ՍԴ-ում 05.08.08թ. մուտքագրված դիմումը:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը, արձանագրության փոփոխությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. 1997 թվականի դեկտեմբերի 11-ին Կիոտոյում ստորագրվել է Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրությունը: Արձանագրության ստորագրմամբ կողմերը նպատակ են հետապնդել ՄԱԿ-ի շրջանակներում 1992թ. մայիսի 9-ին Նյու Յորքում ընդունված` Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի վերջնական նպատակին հասնելու, ինչպես նաև միջազգային իրավական այլ պարտավորություններով նախատեսված բնապահպանական խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար զարգացնել միջպետական համագործակցությունը:
2. Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի շրջանակներում 1992թ. մայիսի 9-ին` Նյու Յորքում (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1993թ. մարտի 31-ին` ՀՀ Գերագույն խորհրդի ՀՆ-0780-I որոշմամբ), իսկ դրան կից Կիոտոյի արձանագրությունն ստորագրվել է 1997թ. դեկտեմբերի 11-ին (Հայաստանի Հանրապետությունը Կիոտոյի արձանագրությանը միացել է 2002թ. դեկտեմբերի 26-ին` ՀՀ Ազգային ժողովի Ն-323-2 որոշմամբ):
Կիոտոյի արձանագրության հավելված Բ-ում փոփոխությունն ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 17-ին` Նայրոբիում:
Կիոտոյի արձանագրության հավելված Բ-ով նախատեսվում է` «...Ավստրիա և Բելգիա մասնակիցների միջև տեղադրել «Բելառուս» տեքստը»:
Բելառուսի Հանրապետությունը` ընդունելով Կիոտոյի արձանագրության ողջ կարևորությունը, ստանձնում և կատարում է կնքված միջազգային պայմանագրի ներքո իր բոլոր պարտականությունները, առաջարկվող ուղղումով ստանձնում է նաև ջերմոցային գազերի կրճատման քանակական պարտավորություն:
3. 2006 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված` Կիոտոյի արձանագրության Բ հավելվածում փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին, ինչպես նաև կարևոր իրավական երաշխիք են ստեղծում ՀՀ Սահմանադրության 10 հոդվածում ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներն ամրապնդելու համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 2006 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված` Կիոտոյի արձանագրության Բ հավելվածում փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
12 սեպտեմբերի 2008 թվականի
ՍԴՈ-763