020.0898.250610
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
25 հունիսի 2010թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 01.06.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. մարտի 23-ին` Դամասկոսում:
2. Համաձայնագրի նպատակն է խրախուսել արդյունավետ համագործակցությունը դատական և իրավական գործերում, կարգավորելով քաղաքացիական գործերով դատական փաստաթղթերի և դրանց առնչվող արտադատական փաստաթղթերի հանձնման, ապացույցների ձեռքբերման և քաղաքացիական գործերով դատական որոշումների ճանաչման և կատարման հարցերը:
3. Համաձայնագրով նախատեսվում են կողմերի միջև դատական փաստաթղթերի և դրանց առնչվող արտադատական փաստաթղթերի փոխանցման կարգը, գործով ապացույցների ձեռքբերման, դրանց օրինական ճանաչման և փոխանցման, ինչպես նաև այդ գործողություններին առնչվող ծախսերի կատարման կարգը:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- հայցող Կողմին տրամադրել պահանջվող նյութի վերաբերյալ փաստաթղթեր` արդարադատության նախարարության միջոցով` դատական ծանուցագրերի հանձնման վերաբերյալ ՀՀ օրենքներով նախատեսված ընթացակարգերին համապատասխան,
- հայցող Կողմին փաստաթղթերի հանձնումը հնարավոր չլինելու դեպքում, անհապաղ տեղեկացնել նրան դրա պատճառների մասին,
- ապահովել հայցող Կողմի ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ խնդրանքը ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան,
- ճանաչել և կատարել քաղաքացիական գործերով մյուս Կողմի իրավասու դատարանների որոշումները, եթե դրանք ուժի մեջ են մտել և վերանայման կարգով անցել են բոլոր ընթացակարգերը, ինչպես նաև կայացվել են իրավասությանն առնչվող միջազգային իրավունքի այն սկզբունքներին համապատասխան, որոնք կիրառելի են ՀՀ տարածքում,
- կրել փաստաթղթերի հանձնման հետ կապված բոլոր ծախսերը կամ վճարները:
Համաձայնագրով միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համաձայն սահմանվում են նաև դրա կիրառման և մեկնաբանման հետ կապված բոլոր վեճերի կարգավորման, համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև ուժի մեջ մտնելու և դադարեցման ընթացակարգերը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 2010 թվականի մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
25 հունիսի 2010 թվականի
ՍԴՈ-898