Սեղմել Esc փակելու համար:
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

020.0955.140411

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` Ի ԴԵՄՍ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ, ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 14 ապրիլի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի փետրվարի 15-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի` ի դեմս Եվրոպական միության, միջև փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով փոխըմբռնման հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի` ի դեմս Եվրոպական միության, միջև փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ` Հուշագիր) ստորագրվել է 2011 թվականի փետրվարի 15-ին:

Հուշագրի համաձայն` Եվրոպական միության խորհուրդը Հայաստանի Հանրապետությանն է տրամադրելու մինչև 100 միլիոն եվրո գումարի չափով մակրոֆինանսական աջակցություն, որից 35 միլիոն եվրոն` դրամաշնորհի տեսքով (այսուհետ` Դրամաշնորհ), և 65 միլիոն եվրո վարկ (այսուհետ` Վարկ): Այդ աջակցության նպատակն է օգնել ՀՀ կառավարությանը լուծել համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի հետևանքով 2008 թվականի վերջին և 2009 թվականին առաջացած արտաքին ֆինանսական խնդիրները, որոնք ի հայտ էին եկել տնտեսական անկման պատճառով, ինչպես նաև լրացնել այն ռեսուրսները, որոնք տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունների և երկկողմ դոնորների կողմից` ի աջակցություն տնտեսական կայունացմանը, բարեփոխումների ծրագրի իրականացմանն ու տնտեսական անկման հետևանքով առաջացած սոցիալական դժվարությունների լուծմանն ուղղված ջանքերի:

Ըստ Հուշագրի` աջակցության գումարները կտրամադրվեն երկու մասնավճարով` կախված Արժույթի միջազգային հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև ձեռք բերված` Ընդարձակ ֆինանսավորման համակարգի և Ընդարձակ վարկավորման համակարգի վերաբերյալ պայմանավորվածության կամ դրանց հաջորդող պայմանավորվածությունների իրականացման բավարար առաջընթացից, ինչպես նաև տնտեսական կայունացման և կառուցվածքային բարեփոխումներում ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ` Եվրոպական միության անունից հանդես եկող Եվրոպական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) դրական գնահատականից: Ընդ որում, առաջին մասնավճարը կտրամադրվի Հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո առաջին օրվանից ոչ շուտ: Երկրորդ մասնավճարը կտրամադրվի նախորդ մասնավճարի տրամադրումից առնվազն 3 ամիս հետո` հաշվի առնելով այլ դոնորների կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվող ֆինանսական աջակցության արդյունավետ կենտրոնացումը, ինչպես նաև հետագա ֆինանսական կարիքների զարգացումը:

Ըստ Հուշագրի 11-րդ հոդվածի` մակրոֆինանսական աջակցությունը կիրականացվի այն ընկալմամբ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կշարունակեն պահպանել իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը և կհարգեն մարդու իրավունքները:

2. Հուշագրում սահմանված են Դրամաշնորհի և Վարկի մասնավճարների տրամադրման կարգն ու պայմանները: Մասնավորապես, ըստ Հուշագրի 5-րդ հոդվածի` մասնավճարների տրամադրումն իրականացվելու է կողմերի միջև ստորագրված իրավական պարտավորության` համաձայնագրերի հիման վրա, իսկ մասնավճարների վերաբերյալ որոշումը կայացնելու է Եվրոպական միության բյուջեի հարցերով զբաղվող մարմինը: Դրամաշնորհն ու Վարկը, ըստ Հուշագրի 6-րդ հոդվածում նախատեսված իրավապայմանի, ենթակա է փոխանցման ՀՀ կենտրոնական բանկ, որը գործելու է Հայաստանի անունից` որպես գործակալ (այսուհետ` Գործակալ):

Տրամադրվող մակրոֆինանսական աջակցության կառավարման նպատակով Հայաստանի Հանրապետության և Գործակալի վարչական ընթացակարգերի ու ֆինանսական շրջանառության օպերատիվ, ինչպես նաև աջակցության փաստացի գնահատման գործառույթներն ստանձնելու է Հանձնաժողովը` ի դեմս իր գործակալների, փորձագետների և լիազոր ներկայացուցիչների:

Ըստ Հուշագրի 4-րդ, 7-րդ և 13-րդ հոդվածների` այդ փաստաթղթի անբաժան մասը կազմող 1-ին և 2-րդ հավելվածներում համապատասխանաբար ներկայացված են մակրոֆինանսական աջակցության մասնավճարների տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև Հանձնաժողովին տրամադրման ենթակա ցուցանիշների և հաշվետվության բնույթն ու կառուցվածքը:

3. Հուշագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- նախքան երկրորդ մասնավճարի հատկացումը, Հանձնաժողովին տրամադրել համապատասխան մասնավճարին կից պայմանների պահպանման մասով կատարման վերաբերյալ հայտարարություն,

- ժամանակին և ամբողջությամբ կատարել Եվրոպական միության կողմից տրամադրված կամ երաշխավորված վարկերից բխող ֆինանսական պարտավորությունները,

- Հանձնաժողովին տրամադրել համապատասխան ամբողջ տեղեկատվությունը` ֆինանսական և տնտեսական իրավիճակի մոնիտորինգի ու կառուցվածքային բարեփոխումներում առաջընթացի գնահատման վերաբերյալ,

- Հանձնաժողովի հետ պատշաճ կերպով ապահովել սերտ համագործակցություն:

Հուշագրի 12-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածներում նախատեսված են դրույթներ` մակրոֆինանսական աջակցության գործողության ժամկետի, դրա երկարաձգման, հուշագրի` ուժի մեջ մտնելու և փոփոխության պայմանների վերաբերյալ:

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հուշագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներից և պետության առջև դրված սահմանադրաիրավական այլ խնդիրներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2011 թվականի փետրվարի 15-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի` ի դեմս Եվրոպական միության, միջև փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

14 ապրիլի 2011 թվականի

ՍԴՈ-955

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
14.04.2011
N ՍԴՈ-955
Որոշում