020.0964.240511
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
1984 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1979 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԴԻՏԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ (ԵԴԳԾ) ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
24 մայիսի 2011թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց` «1984 թվականի սեպտեմբերի 28-ին Ժնևում ստորագրված` «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» 1979 թվականի կոնվենցիայի` Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի (ԵԴԳԾ) երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 28.03.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» 1979 թվականի կոնվենցիայի` Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի (ԵԴԳԾ) երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ արձանագրությունն ստորագրվել է 1984 թվականի սեպտեմբերի 28-ին` Ժնև քաղաքում:
«Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականի մայիսի 22-ին:
2. Արձանագրության նպատակն է ապահովել Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցության ծրագրի երկարաժամկետ ֆինանսավորումը:
Արձանագրության անբաժանելի մաս է կազմում հավելվածը:
3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`
. ապահովել «Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի» (այսուհետ` ԵԴԳԾ) ֆինանսավորումը պարտադիր վճարների հաշվին, որոնք լրացվում են կամավոր վճարներով: Վճարները կատարել փոխարկելի և ոչ փոխարկելի արժույթով և բնեղենով (հոդվ.3, կետ 1),
. կատարել պարտադիր վճարները տարեկան սկզբունքով (հոդվ. 3, կետ 2),
. կանխիկով կատարված պարտադիր վճարները և կամավոր վճարներն ուղղել Ընդհանուր նպատակային ֆոնդ (հոդվ. 3, կետ 5),
. պարտադիր վճարները կատարել Արձանագրության հավելվածի պայմաններին համապատասխան (հոդվ. 4, կետ 1),
. Արձանագրության մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճի առաջացման դեպքում` ձգտել լուծում գտնել բանակցությունների միջոցով կամ վեճի կողմերի համար ընդունելի` վեճերի կարգավորման այլ ցանկացած մեթոդի միջոցով (հոդվ. 7):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 1984 թվականի սեպտեմբերի 28-ին Ժնևում ստորագրված` «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» 1979 թվականի կոնվենցիայի` Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի (ԵԴԳԾ) երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
24 մայիսի 2011 թվականի
ՍԴՈ-964