020.0968.090611
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
9 հունիսի 2011թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության` հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 19 մայիսի 2011թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության` հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. դեկտեմբերի 10-ին` Մոսկվայում:
Համաձայնագրի նպատակը «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ժամանակավոր գտնվելու համար իրավական հիմք ստեղծելն է:
Ըստ Համաձայնագրի` հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումներ նշանակում են` Ընդունող կողմի տարածք ժամանակավորապես ուղարկվող` Կողմերի ազգային զինված ուժերից և այլ զորքերից առանձնացված միավորումներ, կազմավորումներ, զինվորական մասեր և ստորաբաժանումներ, ներքին գործերի մարմինների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումներից (մասնագետների խմբեր), ներքին զորքերից, անվտանգության մարմիններից և հատուկ ծառայություններից, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախազգուշացման և վերացման ոլորտում Կողմերի լիազորված մարմինների կազմից առանձնացված` զորքերի (ուժերի) կոալիցիոն տարածաշրջանային (միավորված) խմբավորումների կազմում հատկացված հատուկ նշանակության ուժերի կազմավորումներ:
Ըստ Համաձայնագրի` ուղարկող կողմի կազմավորումները կարող են ուղարկվել ընդունող կողմի տարածք` վերջինիս պաշտոնական դիմումին համապատասխան, հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման նպատակով` մեկ կամ մի քանի Կողմերի նկատմամբ զինված հարձակում (ագրեսիա) գործելու և/կամ դրա սպառնալիքի դեպքում, հավաքական անվտանգությանն սպառնացող այլ մարտահրավերներին հակազդելու, արտակարգ իրավիճակների վերացման, ինչպես նաև հրամանատարաշտաբային ու զորային համատեղ զորավարժանքների անցկացման համար:
Կազմավորումների մուտք գործելու, խնդիրների, կազմի, թվաքանակի, նրանց ենթակայության կարգի, տեղակայման վայրերի, ինչպես նաև ընդունող Կողմի տարածքում նրանց մնալու ժամկետի մասին որոշումն ընդունում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ)` մեկ կամ մի քանի Կողմերի պաշտոնական դիմումի հիման վրա:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, պարտավորվում է.
- որպես ընդունող Կողմ որոշում ընդունել հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների` իր տարածք մուտք գործելու մասին, եթե այն չի հակասում իր ազգային օրենսդրությանը,
- թույլատրել ՀՀ տարածքում` տեղանքի (շրջանների) հատկացված տեղամասերի և օբյեկտների սահմաններում, որպեսզի կազմավորումները, իրենց առաջադրված խնդիրների կատարման հետ կապված, անցկացնեն հրամանատարաշտաբային և զորային վարժություններ, ինչպես նաև օպերատիվ և մարտական պատրաստության այլ միջոցառումներ,
- որպես ընդունող Կողմ գրավոր ծանուցել մյուս Կողմերին իր պետական սահմանի ենթադրվող հատման` իր սահմանած տեղի, ժամանակի, կարգի մասին և անհրաժեշտ պայմաններ ստեղծել անձնակազմերով և շարժական գույքով իր տարածքով դեպի նշանակված վայր տեղափոխվող զինվորական շարասյուների, օդանավերի և ծովային (գետային) նավերի, ավտոշարասյուների անհատույց ու անարգել տեղաշարժման համար, անհատույց ապահովել անշարժ գույքի (անշարժ գույքի օբյեկտներում) տեղաբաշխումն ու դրանց օգտագործումը, եթե այլ բան սահմանված չէ Խորհրդի որոշումներով,
- ապահովել ՀՀ տարածքում գործող ռազմական և քաղաքացիական օդանավակայաններում օդանավերի ընդունումը, օդանավակայանային ծառայությունների կողմից օդանավակայանային տեխնիկական ապահովումը և պահպանության անհատույց իրականացումը,
- ապահովել իր տարածքներով դեպի նշանակված վայր կազմավորումների և նրանց շարժական գույքի անարգել շարժը, ինչպես նաև նախնական հայտերի հիման վրա` երկաթուղային, ավտոմոբիլային, ծովային, գետային և օդային տրանսպորտի ու տրանսպորտային հաղորդակցությունների առաջնահերթ տրամադրումը` իր ազգային օրենսդրությանը համապատասխան,
- իր վրա վերցնել կազմավորումներին անհրաժեշտ անշարժ գույքով (անշարժ գույքի օբյեկտներով) անհատույց ապահովման հետ կապված միջոցառումների կազմակերպման պատասխանատվությունը,
- կազմավորումներին անհատույց հիմունքներով տրամադրել էլեկտրաէներգիա, ջուր, ապահովել նրանց կողմից առաջադրված խնդիրների կատարման համար անհրաժեշտ ծավալով կոմունալ-կենցաղային սպասարկումը,
- որպես ընդունող Կողմ ամբողջ ծավալով ապահովել կազմավորումների դրամարկղահաշվարկային ծառայությունը` իր ազգային օրենսդրությանը համապատասխան,
- ՀՀ տարածք մուտք գործելու և ՀՀ տարածքից դուրս գալու դեպքում կազմավորումների անձնակազմի վրա չտարածել վիզային հսկողությունը,
- կազմավորումների անձնակազմի վրա չտարածել ՀՀ օրենսդրությունը` օտարերկրացիների գրանցմանը և նրանց նկատմամբ հսկողության իրականացմանը վերաբերող մասով,
- Համաձայնագրի իրագործման նպատակով տեղափոխվող կազմավորումների շարժական գույքի ներմուծումն ու արտահանումն իրականացնել առաջնահերթության կարգով, առանց արգելքների և սահմանափակումների կիրառման և բոլոր տեսակի հարկերի ու տուրքերի գանձման,
- իր տարածքում իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցները` կազմավորումների շարժական գույքը մինչև տեղակայման վայր հասցնելու համար,
- մաքսային զննության չենթարկել կազմավորման հրամանատարության` նույնականության միջոցներով ապահովված ծառայողական փաստաթղթերը (գրագրությունը),
- հրաժարվել ուղարկող Կողմին կամ կազմավորումների հրամանատարությանը` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց և իր քաղաքացիների աշխատունակության կորստի ու մարմնական վնասվածքների, մահվան, ինչպես նաև շարժական ու անշարժ գույքին, բնական պաշարներին, մշակութային և պատմական արժեքներին հասցրած վնասի փոխհատուցման հետ կապված որևէ պահանջ ներկայացնելուց, եթե այդպիսի վնասը հասցվել է կազմավորումների առաջադրանքների կատարման և սեփական անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման դեպքում,
- հարգել կազմավորումների կազմի մեջ մտնող անձանց իրավական վիճակը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` ապահովել նրանց քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և անձնական բոլոր իրավունքներն ու ազատությունները, թույլ չտալ առաջադրված խնդիրների կատարմանը խոչընդոտող գործողություններ, հրամանատարության հետ համաձայնեցված իրենց տարածքի սահմաններում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կազմավորումների կազմի մեջ մտնող անձանց անվտանգության և պաշտպանության, ինչպես նաև կազմավորումների սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութատեխնիկական միջոցների, փաստաթղթերի և պաշտոնական տեղեկատվության ապահովման համար, ներառյալ նրանց նկատմամբ ցանկացած հակաիրավական գործողության մասին նախազգուշացման և կանխարգելման ուղղությամբ միջոցառումները,
- Համաձայնագրի մեկնաբանմանը և կիրառմանն առնչվող բոլոր տարաձայնությունները կարգավորել բանակցությունների ընթացքում, ինչպես նաև Համաձայնագրով նախատեսված` վիճելի հարցերի լուծման մյուս ընթացակարգերին համապատասխան:
3. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն Համաձայնագիրը վավերացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ըստ Համաձայնագրի 2-րդ հոդվածի` «Առաջադրված խնդիրների իրականացման համար Կողմերն ուղարկում են իրենց կազմավորումները ընդունող Կողմի տարածք միայն այն դեպքում, եթե տվյալ գործողությունը չի հակասում իրենց ազգային օրենսդրությանը»:
4. Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես դրա Կողմերի միջև հարաբերություններում դադարում է 2000 թ. հոկտեմբերի 11-ի` Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին համաձայնագրի գործողությունը:
Համաձայնագիրը կազմված է միայն մեկ բնօրինակով, ռուսերենով: Համաձայնագրի հայերեն տեքստում տեղ են գտել ոչ ճիշտ թարգմանություններ, մասնավորապես, 8-րդ հոդվածում «ինքնիշխանություն» բառի փոխարեն օգտագործվել է «ինքնավարություն» բառը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության` հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
9 հունիսի 2011 թվականի
ՍԴՈ-968