020.1085.230413
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ` ՈՐՊԵՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
23 ապրիլի 2013թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի սեպտեմբերի 2-ին Վիեննայում ստորագրված` Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի` որպես միջազգային կազմակերպության, հիմնադրման վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 20.03.2013թ.:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի` որպես միջազգային կազմակերպության, հիմնադրման վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերի 2-ին` Վիեննայում:
Համաձայնագրի նպատակը կոռուպցիան կանխելուն և հաղթահարելուն արդյունավետ կերպով նպաստելն է` ապահովելով հակակոռուպցիոն կրթություն և մասնագիտական վարժանք, նախաձեռնելով և նպաստելով կոռուպցիայի տարրերի ուսումնասիրությանը, ապահովելով կոռուպցիայի դեմ պայքարում տեխնիկական աջակցության այլ ձևեր, խրախուսելով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջազգային համագործակցությունն ու կապերի հաստատումը:
2. Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. մարտի 8-ին: 2013թ. փետրվարի 15-ի դրությամբ Համաձայնագրի կողմ են հանդիսանում 34 պետություն և 3 միջազգային կազմակերպություն:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
. նշանակել ներկայացուցիչ` որպես Կողմերի ժողովի անդամ հանդես գալու համար, որը կունենա մեկ քվե,
. մյուս կողմերին տեղյակ պահել և խորհրդակցել Համաձայնագրի ներքո իրենց համագործակցության առնչությամբ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ` Ժողովի գումարումների ընթացքում կամ այլ պատեհ առիթներով և այլն:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում անմիջական ֆինանսական պարտավորություններ:
5. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 2010 թվականի սեպտեմբերի 2-ին Վիեննայում ստորագրված` Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի` որպես միջազգային կազմակերպության, հիմնադրման վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
23 ապրիլի 2013 թվականի
ՍԴՈ-1085