020.1117.240913
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
24 սեպտեմբերի 2013թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ, 38-րդ և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի մայիսի 2-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում-երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 09.08.2013թ.:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում - երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2013թ. մայիսի 2-ին:
Պայմանագրի նպատակն է` տրամադրել Հայաստանի Հանրապետությանը 5.000.000 եվրո գումարի չափով վարկ` «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում - երկրորդ փուլ» ծրագիրը ֆինանսավորելու համար:
Պայմանագիրն ունի 4 առդիր` Առդիր Ա. «Տեխնիկական նկարագիրը», «Բանկ ներկայացվելիք` Ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը և փոխանցման միջոցը», Առդիր Բ. «EURIBOR-ի սահմանումը», Առդիր Գ. «Վարկառուի համար ձևաթղթերը», Առդիր Դ. «Վարկառուի կողմից տրամադրվող հավաստագրի ձևը» և երկու հավելված: Դեկլարատիվ դրույթները, առդիրները կազմում են Պայմանագրի մասը: Հավելվածները ներկայացվում են Պայմանագրին կից:
II Փուլում իրականացվելիք վերականգնողական աշխատանքի նպատակն է Երևան քաղաքի մետրոպոլիտենի թունելների ջրի ներհոսքի զգալի նվազեցումը, թունելների վիճակի բարելավումը, տեխնիկական սպասարկելիության բարձրացումը և դրանց համար երկարաժամկետ ծառայության ապահովումը:
II Փուլը ներառում է մետրոյի թունելների ջրի ներհոսքի խնդրի լուծումը, ինչպես նաև գծային տնտեսության և անվտանգության լրացուցիչ բարելավումներ, վագոնների վերանորոգում ու արդիականացում:
2. Պայմանագրով Եվրոպական ներդրումային բանկը (այսուհետ` Բանկ) Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է հինգ միլիոն (5.000.000) եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի ավարտման ամսաթիվը 2016թ. վերջն է, իսկ Միջոցների ստացման վերջնաժամկետը նշանակված է 2016 թվականի ապրիլի 18-ը: Հատկացման և վճարման արժույթը եվրոն է:
Բանկի կողմից Վարկը հատկացվում է մինչև հինգ տրանշ ձևով` Երկրորդ փուլի իրականացման առաջընթացի համաձայն: Յուրաքանչյուր տրանշի գումարը, եթե այն չի համարվում վարկի օգտագործման մաս, կազմում է 1.000.000 (մեկ միլիոն) եվրո:
3. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
* ոչ ուշ, քան Հատկացման սահմանված ամսաթվից 15 (տասնհինգ) օր առաջ (IBAN ծածկագրով կամ տեղական բանկային պրակտիկայում ընդունված համապատասխան ձևաչափով) Բանկին գրավոր տեղեկացնել ԵՆ` փոխառության հաշվի մասին և ընդունել, որ այդ հաշվին կատարվող վճարումները կազմում են Պայմանագրով նախատեսված հատկացումները, կարծես վճարումները կատարվել են ՀՀ-ի սեփական բանկային հաշվին,
* Պայմանագրի ներքո տրանշները ստանալու համար` Հատկացման սահմանված ամսաթվից առաջ 7-րդ աշխատանքային օրը կամ դրանից շուտ, Բանկին ներկայացնել Բանկի պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ (բացառապես նրա հայեցողությամբ), Պայմանագրի 1.04.Ա, 1.04.` և 1.04.Գ հոդվածներում նշված փաստաթղթերը կամ հաստատումները,
* կանխավճարի հատուցման իրավիճակի կամ Պայմանագրի 10.01 հոդվածով նախատեսված իրավիճակի առաջացման պատճառով Բանկի կողմից Ընդունված տրանշը կասեցնելու դեպքում Բանկին վճարել հետաձգման փոխհատուցում, որը հաշվարկվում է կասեցված հատկացման գումարի հիման վրա,
* Պայմանագրի 1.06.Ա հոդվածին համապատասխան Ֆիքսված տոկոսադրույքով տրանշը, որը Հաստատված տրանշ է, ՀՀ-ի կողմից չեղյալ հայտարարման պարագայում, փոխհատուցել Բանկին Պայմանագրի 4.02` հոդվածով սահմանված կարգով,
* կատարել տոկոսի վճարումը մասերով ֆիքսված տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի մասով` ֆիքսված տոկոսադրույքով, կիսամյակային կտրվածքով, Հատկացման առաջարկում նշված համապատասխան Վճարման ամսաթվերին` սկսած տրանշի հատկացման օրվան հաջորդող առաջին Վճարման ամսաթվից,
* կատարել տոկոսի վճարումը մասերով Լողացող տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի մասով` Լողացող տոկոսադրույքով, կիսամյակային կտրվածքով, Հատկացման առաջարկում նշված համապատասխան Վճարման ամսաթվերին` սկսած տրանշի հատկացման օրվան հաջորդող առաջին Վճարման ամսաթվից,
* չխախտելով Պայմանագրի 10-րդ հոդվածը և բացառություն կատարելով 3.01-ին հոդվածից` Պայմանագրի պայմանների ներքո վճարվելիք ցանկացած ժամկետանց գումարի դիմաց վճարել տոկոսներ վճարման ենթակա ամսաթվից մինչև վճարման ամսաթիվը, տարեկան տոկոսադրույքով, որը համարժեք է EURIBOR + 2% (200 բազիսային կետ), և ենթակա են վճարման Բանկի պահանջագրի համաձայն,
* ֆիքսված տոկոսադրույքով տրանշի ներքո որևէ ուշացած գումարի համար ցանկացած տոկոս վճարել տարեկան տոկոսադրույքով, այսինքն` Պայմանագրի 3.01.Ա հոդվածում նշված տոկոսադրույքը` գումարած 0.25% (25 բազիսային կետ), եթե այդ տարեկան տոկոսադրույքը ցանկացած տվյալ ժամանակահատվածի համար գերազանցում է Պայմանագրի 3.02 հոդվածի 1-ին պարբերությունում նշված տոկոսադրույքը,
* ֆիքսված տոկոսադրույքով տրանշը նախօրոք վճարելու պարագայում` վճարել Կանխավճարի փոխհատուցում Կանխավճարի ամսաթվին,
* հնարավորինս սեղմ ժամկետներում Բանկին տեղեկացնել ՀՀ-ի կամ Շահագործողի մասով Օրենքի փոփոխության իրավիճակ առաջանալու կամ այդպիսի իրավիճակ առաջանալու հավանականության մասին,
* եթե Ծրագրի հետ կապված ընդհանուր ծախսը գերազանցում է 3-րդ Դեկլարատիվ դրույթում նշված գումարի չափը, ապա առանց Բանկին դիմելու, ձեռք բերել միջոցներ` Ծրագրի հավելյալ ծախսերը վճարելու համար, որպեսզի Ծրագիրն ավարտին հասցվի Տեխնիկական նկարագրին համապատասխան և Հավելյալ ծախսեր վճարելու վերաբերյալ ծրագրերը անհապաղ ներկայացնել Բանկ,
* ապահովել, որպեսզի ՀՀ-ի վճարման պարտավորությունները Պայմանագրի շրջանակներում դասակարգվեն բոլոր ներկա և ապագա` չապահովված ու չստորակարգված այլ պարտավորությունների վճարման իրավունքին հավասար առաջնահերթությամբ` ՀՀ-ի ցանկացած Պարտքային փաստաթղթի ներքո,
* Բանկի կողմից գրավոր պահանջ ներկայացվելու դեպքում` համաձայն Պայմանագրի 10-րդ Հոդվածում սահմանված պարտավորությունների, անմիջապես հետ վճարել Փոխառությունը ամբողջությամբ կամ մասամբ` Պայմանագրի ներքո կուտակված տոկոսների կամ այլ չվճարված գումարների հետ միասին և այլն:
4. Պայմանագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:
5. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում» 30 մլն եվրո ընդհանուր արժողությամբ փաթեթային ծրագիրը բաղկացած է 2 փուլից` յուրաքանչյուրը` 15 մլն եվրո: «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում - առաջին փուլ»-ի շրջանակներում 2010 թվականի մարտի 10-ին կնքվել է 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ սինդիկացված վարկային համաձայնագիր, որից 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ, տրամադրել է Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային գործիք-NIF-ը և 5-ական մլն եվրոյի չափով վարկեր տրամադրել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (այսուհետ` ՎԶԵԲ) և ԵՆԲ-ն: Ըստ ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրության` գումարն ուղղվել է Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման և մատուցվող ծառայությունների անվտանգության բարձրացման նպատակով իրականացվող գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը: Այս ծրագրի շրջանակներում մասնավորապես թարմացվել է մետրոյի շարժակազմը, նորոգվել է ռելսերի և էլեկտրամատակարարման մաշված համակարգը, գնվել է տեխնիկական սպասարկում իրականացնող դրեզինա և փոխվել են պոմպակայանները, որոնց միջոցով դուրս է մղվում թունել ներթափանցող ջուրը: Ներդրումների արդյունքում ապահովվել են մետրոպոլիտենի շահագործման բարելավված անվտանգությունը և ուղեգծերի հարմարավետությունը: Ծրագրի առաջին փուլով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2013 թվականի մայիսի 2-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում-երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
24 սեպտեմբերի 2013 թվականի
ՍԴՈ-1117