020.1232.061015
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳԼՈԲԱԼ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
6 հոկտեմբերի 2015թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի հունիսի 30-ին և 2015 թվականի հուլիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջև շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2015 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով շրջանակային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջև շրջանակային համաձայնագիրը (Շրջանակային համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի հունիսի 30-ին և 2015 թվականի հուլիսի 7-ին:
Շրջանակային համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային կանոնակարգը:
Շրջանակային համաձայնագրով նախատեսվում է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև մեկ կամ ավելի դրամաշնորհների հաստատումների կնքում:
Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրության համաձայն` ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի կողմից 2015-2018թթ. ժամանակահատվածում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրերի համար Հայաստանի Հանրապետությանը հատկացման ենթակա դրամաշնորհային գումարը կազմում է շուրջ 15 միլիոն ԱՄՆ դոլար:
2. Շրջանակային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) յուրաքանչյուր ծրագրի համար ապահովել և ձեռնարկել բոլոր համապատասխան ու անհրաժեշտ միջոցառումները` երաշխավորելու, որ Շրջանակային համաձայնագրով նախատեսված հիմնական ստացողը և վերջինիս բոլոր ենթաստացողներն ապահովեն.
- դրամաշնորհային համաձայնագրի համաձայն վճարվող դրամաշնորհային միջոցների խելամիտ կառավարումը և դրանց օգտագործումը բացառապես ծրագրային գործունեության նպատակով,
- դրամաշնորհային միջոցներով ֆինանսավորվող բոլոր ապրանքները, ծառայությունները և գործողությունները, այդ թվում` նաև ենթաստացողների կողմից ձեռք բերված ապրանքները և ծառայություններն օգտագործվեն բացառապես ծրագրի իրականացման նպատակներով.
բ) դրամաշնորհային միջոցներով ապրանքների գնումը և/կամ ներմուծումն ազատել հարկերից.
գ) յուրաքանչյուր ծրագրի համար ձեռնարկել համապատասխան և անհրաժեշտ միջոցառումներ` երաշխավորելու, որ հիմնական ստացողը վերահսկի և գնահատի ծրագրի ընթացքը` ներառյալ ենթաստացողների իրականացրած գործողությունները:
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Շրջանակային համաձայնագրի հիման վրա կնքվող դրամաշնորհների հաստատումներով Հայաստանի Հանրապետության կողմից սահմանադրաիրավական պարտավորություններ ստանձնվելու դեպքում դրանք ենթակա են վավերացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2015 թվականի հունիսի 30-ին և 2015 թվականի հուլիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջև շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
6 հոկտեմբերի 2015 թվականի
ՍԴՈ-1232