03.04.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին
«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1.«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ` հուշարձան) հայտնաբերման, վավերագրման, ուսումնասիրման, պետական հաշվառման, պահպանության, օգտագործման, ամրակայման, նորոգման, վերականգնման, տեղափոխման, փոփոխման, ինչպես նաև դրանց պատմական միջավայրի պահպանության և օգտագործման գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները պետության պահպանության ներքո են:»:
i
Հոդված 2.Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին հոդվածով.
| «Հոդված 1.1. |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) պատմության և մշակույթի անշարժ հուշարձան` պետական հաշվառման վերցված և հուշարձանի կարգավիճակ ունեցող պատմական կամ հնագիտական կամ ճարտարապետական կամ մոնումենտալ արվեստի կամ գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող հնագիտական շերտերը, քարեդարյան կայանները, քարայր-կացարանները, կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց զբաղեցրած և պատմականորեն դրանց հետ կապված տարածքով, դրանց մաս կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, որմնանկարները, պատմամշակութային արգելոցները, պատմական լանդշաֆտները և հիշարժան վայրերը, պատմական բնակավայրերի քաղաքաշինական և պատմական կենտրոնները` անկախ պահպանվածության աստիճանից.
2) պատմամշակութային օբյեկտ` նոր հայտնաբերված և պետական հաշվառման վերցված օբյեկտ, որը դեռևս չի ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ.
3) նորահայտ հուշարձան` մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանվող պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող որոշակի կարգավիճակ ստացած` նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտ.
4) հուշարձանի տարածք` հուշարձանի տարածքն իր զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածք.
5) պատմական միջավայր` մարդու գործունեությամբ ձևավորված պատմական և մշակութային որոշակի արժեք ունեցող միջավայր.
6) հուշարձանի պահպանական գոտիներ` հուշարձանի պահպանության, կառուցապատման կարգավորման կամ տեղանքապատկերի (լանդշաֆտի) պահպանման գոտիների տարածքներ և դրանցում օգտագործման պայմանակարգ (ռեժիմ) սահմանող փաստաթուղթ.
7) հուշարձանի պահպանության գոտի` հուշարձանի պատմական միջավայրի անմիջական ազդեցության և (կամ) հնարավոր հնագիտական շերտերի որոշակի պահպանության պայմանակարգ (ռեժիմ) ունեցող տարածք.
8) կառուցապատման կարգավորման գոտի` հուշարձանի քաղաքաշինական միջավայրի պահպանության, ներդաշնակ և բարենպաստ տեսողական ընկալման պայմանակարգ (ռեժիմ) ունեցող տարածք.
9) տեղանքապատկերի (լանդշաֆտի) պահպանման գոտի` հուշարձանի պատմական միջավայրի բնական կամ պատմականորեն ձևավորված բնապատմական ռելիեֆի, ջրային մակերեսների և բուսականության պահպանության ռեժիմ ունեցող տարածք.
10) հուշարձանի ուսումնասիրություն` հուշարձանի ու դրա տարածքի մատենագրական, արխիվային, գիտահետազոտական աղբյուրներից նյութերի վավերագրում, հավաքում, հնագիտական, երկրաբանական, ինժեներական (նյութագիտական, կոնստրուկտորական, տեխնիկական վիճակի և այլ) հետազոտություններ.
11) հնագիտական հետախուզում` որոշակի տարածքների համալիր հետազոտություն հնագիտական օբյեկտների հայտնաբերման, քարտեզագրման, նկարագրության նպատակով, վերգետնյա կառույցների կամ այլ բաղկացուցիչների` տարբեր մեթոդներով վավերագրում կամ փոքրածավալ ստուգողական պեղումների իրականացում.
12) հնագիտական պեղում` մշակութային շերտերի, հնագիտական օբյեկտների ու հուշարձանների` դաշտային պայմաններում կատարվող գիտահետազոտական և գիտագործնական համալիր ուսումնասիրություններ, որոնք իրականացվում են տարածքների վերգետնյա, ստորգետնյա և ստորջրյա տեղազննության, մշակութային շերտերի բացման, հայտնաբերված նյութական մնացորդների ու հետքերի` տարբեր եղանակներով փաստագրման և վավերագրման միջոցով.
13) հուշարձանի վերականգնողական աշխատանք` հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման գործունեության իրականացում.
14) հուշարձանի պահպանական գոտիների օգտագործման պայմանակարգ (ռեժիմ)` հուշարձանների պահպանական գոտիների պատմական միջավայրի պահպանության և օգտագործման պայմաններին, պահանջներին և սահմանափակումներին վերաբերող պարտադիր դրույթներ.
15) պատմամշակութային հիմնավորման նախագիծ` պատմական բնակավայրերի, դրանց կենտրոնների կամ առանձին հատվածների պահպանության և օգտագործման պայմանակարգ, ինչպես նաև կառուցապատման թույլատրելի դրույթներ սահմանող նախագիծ (ծրագրային փաստաթուղթ).
16) հուշարձանների պետական կադաստր` պետական տեղեկատվական համակարգ, որը պարունակում է տեղեկություններ հուշարձանների և դրանց տարածքների, պահպանական գոտիների և դրանցում առկա հողատեսքերի, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի, բնապատմական և պատմամշակութային արգելոցների, պետական հաշվառման փաստաթղթերի և վավերագրերի մասին.
17) մշակութային շերտ` մարդկային գործունեությամբ առաջացած, այդ գործունեության մասին վկայող նյութական մնացորդներ պարունակող վերգետնյա, ստորգետնյա կամ ստորջրյա շերտ.
18) պատմական բնակավայր` Հայաստանի Հանրապետության ժողովրդի մշակութային ինքնատիպության պահպանության համար կարևոր նշանակություն ունեցող` հնագիտական, պատմական, ճարտարապետական, քաղաքաշինական, գեղագիտական, գիտական կամ սոցիալ-մշակութային այլ արժեքներ ներառող բնակավայր.
19) հուշարձանների և պատմական միջավայրի պահպանություն` հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության ապահովման կանխարգելիչ միջոցառումների համակարգ.
20) արգելոց-թանգարան` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, գիտալուսավորչական, կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն, որն ստեղծվում է ավանդական և պատմական (մշակութային և բնական) միջավայրում անշարժ հուշարձանների, հուշարձանախմբերի ուսումնասիրման, հանրահռչակման և օգտագործման, ինչպես նաև անշարժ հուշարձանախմբերի, պատմական, բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի և դրանց հարող տեղանքապատկերի (լանդշաֆտի) ամբողջական պահպանումն իրականացնելու նպատակով.
21) հնագիտական պարկ` հնագիտական այն համալիր հաստատությունները, որոնք ստեղծվել են հնագիտական ժառանգության թանգարանացման իրագործման համար հնագույն ժամանակներում պատմականորեն ձևավորված տարածքների վրա հստակ տեղայնացված հուշարձանների սահմաններում` ապահովելու վերջիններիս հնագիտական, մշակութային և բնական ամբողջական արժեքների պահպանությունը, հետազոտումը և հանրահռչակումը.
22) համամարդկային նշանակության հուշարձան` հայ ժողովրդի պատմության, նրա նյութական և հոգևոր մշակույթի նշանակալի հուշարձանների առավել բարձրարժեք, բացառիկ նմուշները, որոնք ունեն պատմության, արվեստիկամ գիտության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք, կարող են սահմանված կարգով ընդգրկվել համաշխարհային ժառանգության ցանկում:»:
i
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) վերնագրի «իրավասությունը» բառը փոխարինել «իրավասությունները» բառով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» կետով.
«դ1) հաստատում է պետական սեփականություն համարվող հուշարձանների գույքային իրավունքներիպետականգրանցմանկարգը.».
3) 1-ին մասի «ե» կետը «արգելոցներ» բառից հետո լրացնել «, արգելոց-թանգարաններ, հնագիտական պարկեր» բառերով.
4) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է1» կետով.
«է1) հաստատում է հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները.»:
i
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) վերնագրի «իրավասությունը» բառը փոխարինել «իրավասությունները» բառով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է1» և «է2» կետերով.
«է1) հաստատում է հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների ձևը.
է2) հաստատում է հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը.»:
i
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 14. |
Հուշարձանների պետական ցուցակներում նորահայտ հուշարձան ընդգրկելը և ցուցակներից հանելը |
1. Հուշարձանների պետական ցուցակներում նորահայտ հուշարձան ընդգրկելը, ցուցակներից հանելը կատարվում են ըստ համապատասխան չափորոշիչների` լիազորված մարմնին կից գործող փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Հուշարձանների պետական ցուցակում նոր հուշարձան` պատմամշակութային օբյեկտ ընդգրկելու առաջարկություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության և օտար երկրների պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության գիտական, մշակութային կազմակերպություններն ու ստեղծագործական միությունները, ինչպես նաև կրոնական կազմակերպությունները` համապատասխան հիմնավորմամբ և տեղեկատվությամբ դիմելով լիազոր մարմին:
3. Հուշարձանը պետական ցուցակից հանվում է միայն այն դեպքում, երբ այն այլևս գոյություն չունի կամ կորցրել է իր պատմամշակութային և գիտական արժեքը:»:
i
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.
| «Հոդված 35.1. |
Հուշարձանների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը |
1. Հուշարձանների վերաբերյալ բոլոր գործարքների մասին տվյալները գրանցում է լիազոր մարմինը:
2. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառի լիազոր մարմինը`
1) պետական գրանցման օբյեկտը հուշարձան հանդիսանալու մասին տեղեկությունը ներառում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում.
2) հուշարձանի սեփականատիրոջ կամ օգտագործողի փոփոխության մասին տեղեկությունը տրամադրում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի լիազոր մարմնին:»:
| Հոդված 7. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող «դ1» և 4-րդ մասով լրացվող «է1» կետերով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 9-ամսյա ժամկետում, իսկ 4-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող «է1» և «է2» կետերով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 12-ամսյա ժամկետում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. մարտի 23 Երևան ՀՕ-38-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 մարտի 2023 թվական: