Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080 ...

 

31.12.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 փետրվարի 2024 թվականի N 287-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1080-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը «դեղատոմսերի ձևերը» բառերից առաջ լրացնել «թղթային» բառով.

2) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Էլեկտրոնային դեղատոմսերի համարակալումը, հաշվառումը, ինչպես նաև դրանց համապատասխան դեղերի դուրսգրումը և բացթողումն իրականացվում են էլեկտրոնային առողջապահության համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով: Էլեկտրոնային դեղատոմսով դեղերի դուրսգրումը և բացթողումը, հաշվառումը համակարգի միջոցով իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 99-Ն հրամանի համաձայն:».

3) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետում «Էլեկտրոնային առողջապահության համակարգը» բառերը փոխարինել «Համակարգը» բառով.

4) որոշման N 1 հավելվածը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով`

«5.1. Դեղատոմսերը գրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքի, ինչպես նաև սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսերի, որոնք գրվում են միայն թղթային տարբերակով:».

5) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Դեղատոմսը թղթային տարբերակով գրվում է այն դեպքում, երբ համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով հասանելի չէ: Տեխնիկական խնդիրը կարգավորելուց հետո այն մուտքագրվում է համակարգ, վերջինիս հասանելիությունը վերականգնվելուց հետո` նույն օրվա ընթացքում: Էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում թղթային տարբերակը տպագրվում է համակարգից և տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին` վերջիններիս պահանջի դեպքում:».

6) որոշման N 1 հավելվածի 2-րդ գլխի վերնագրում «ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ» բառը փոխարինել «ԳՐՈՒՄԸ» բառով.

7) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի`

ա. 1-ին ենթակետը «լիցենզիայի համարը» բառերից հետո լրացնել «կամ հարկ վճարողի հաշվառման համարը» բառերով,

բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրսգրման դեպքում պացիենտի անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը (այսուհետ` ՀԾՀ) կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում` ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը.»,

գ. 10-րդ ենթակետը «բժշկի ստորագրությունը» բառերից հետո լրացնել «` թղթային դեղատոմսի դեպքում:» բառերով.

8) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Էլեկտրոնային դեղատոմսը, սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալներից բացի, պետք է պարունակի նաև`

1) ախտորոշման ծածկագիրը` հիվանդությունների դասակարգման համաձայն.

2) դեղի անատոմիական-բուժական-քիմիական ծածկագիրը` ըստ գրանցամատյանի.

3) պացիենտի ՀԾՀ-ն կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում` ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, ծննդյան ամսաթիվը, սեռը.

4) բժշկի մասնագիտացումը.

5) արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ (այսուհետ` փոխհատուցվող) դեղերի տրամադրումը հիմնավորող փաստաթղթի համարը, տրման ամսաթիվը և ուժի մեջ գտնվելու ժամկետը.

6) լիազորված անձի դեպքում` անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ ՀԾՀ-ն կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում` ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը.

7) էլեկտրոնային դեղատոմսը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում փաստաթղթերի վավերականացման համար QR կոդը` Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում դեղատոմսի վավերականությունը ստուգելու նպատակով:».

9) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«10. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են սույն որոշման N 2 հավելվածով հաստատված դեղատոմսերի ձևաթղթերի հետևյալ ձևերը`

1) N 1 դեղատոմսային ձև` թմրամիջոց պարունակող դեղերի համար` թղթային տարբերակով.

2) N 2 դեղատոմսային ձև` հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի համար` էլեկտրոնային կամ թղթային տարբերակով.

3) N 3 դեղատոմսային ձև` փոխհատուցվող դեղերի համար` էլեկտրոնային կամ թղթային տարբերակով.

4) N 4 դեղատոմսային ձև` դեղերի և դեղանյութերի մեկանգամյա կամ բազմակի բացթողման համար` էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:».

10) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը «դրոշմակնիք:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Էլեկտրոնային դեղատոմսի դեպքում սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տվյալները ներբեռնվում են համակարգից ինքնաշխատ եղանակով:».

11) որոշման N 1 հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«22. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին փոխհատուցվող դեղերի դեղատոմսեր կարող են գրվել միայն համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատության բժշկի կողմից մեկ ամսվա համար: Պացիենտի գանգատների բացակայության դեպքում` երկրորդ և երրորդ ամիսների համար դեղատոմսերը համակարգի միջոցով կարող են առանց որևէ փոփոխության կրկնօրինակվել բուժող բժշկի բուժքրոջ կողմից և հաստատվել բժշկի կողմից: Թմրամիջոց պարունակող և միաժամանակ փոխհատուցվող դեղերը դուրս են գրվում N 1 դեղատոմսային ձևի վրա, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող և միաժամանակ փոխհատուցվող դեղերը դուրս են գրվում N 2 դեղատոմսային ձևի վրա:».

12) որոշման N 1 հավելվածի 27-րդ կետում «անվանմամբ» բառը փոխարինել «անվանումով» բառով, «դուրս գրելը» բառերը փոխարինել «գրելը» բառով.

13) որոշման N 1 հավելվածի 30-րդ կետում «Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև փոխհատուցվող (այդ թվում` կենտրոնացված կարգով ձեռք բերված և մարդասիրական օգնության ճանապարհով ստացված) դեղի» բառերը փոխարինել «Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղի» բառերով, «դուրս գրվող» բառերը փոխարինել «գրվող» բառով.

14) որոշման N 1 հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«31. Դեղատոմս գրող բժիշկը հաշվառում է N 1 և N 2 ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերն ըստ տեսակների առանձնացված մատյաններում, որոնց էջերը համարակալվում, կարվում և հաստատվում են բժշկական հաստատության տնօրենի ստորագրությամբ: Մատյանում գրիչով նշվում են դուրսգրման ամիսը, ամսաթիվը, պացիենտի անունը, ազգանունը, բնակության վայրը, բժշկական փաստաթղթի համարը, զեղչի հիմքը և չափը (տոկոսով), դեղատոմսի համարը, բովանդակությունը և պացիենտի ստորագրությունը: N 2 և N 3 ձևաթղթերի վրա գրված էլեկտրոնային դեղատոմսերի գրանցամատյանը էլեկտրոնային համակարգում ձևավորվում է ինքնաշխատ եղանակով: N 4 ձևաթղթի վրա գրված էլեկտրոնային դեղատոմսերի գրանցամատյան չի վարվում:».

15) որոշման N 1 հավելվածի 33-րդ կետում «դուրսգրման» բառը փոխարինել «գրման» բառով.

16) որոշման N 1 հավելվածի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ԴԵՂԱՏՈՄՍԱՅԻՆ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՇԽՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄԸ».

17) որոշման N 1 հավելվածի 43-րդ կետում «նախարարությունը» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` նախարարություն)» բառերով.

18) որոշման N 1 հավելվածի 3-րդ գլուխը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 50.1-ին կետով`

«50.1. Էլեկտրոնային դեղատոմսերի համարակալումն իրականացվում է համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով: Անվավեր ճանաչված էլեկտրոնային դեղատոմսերի համարներն այլևս չեն օգտագործվում: Յուրաքանչյուր հաշվետու տարվա սկզբում էլեկտրոնային դեղատոմսերի ձևերի համարակալումը սկսվում է սկզբից (զրոյից): Համարը ներառում է բժշկական հաստատության հարկ վճարողի հաշվառման համարը, տվյալ տարվա տարեթիվը, դեղատոմսին բնորոշող տառ, վեցանիշ թիվ, որի հաշվարկը սկսվում է 000001-ից:».

19) որոշման N 1 հավելվածի 52-րդ կետում «դուրս գրված» բառերը փոխարինել «գրված» բառով.

20) որոշման N 1 հավելվածի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«53. Սույն կարգով սահմանված որոշ տվյալների բացակայության և (կամ) սխալների և (կամ) ուղղումների և (կամ) անհամատեղելի բաղադրատարրերի առկայության դեպքում դեղատան աշխատակիցը դեղատոմսը գրող բժշկի հետ ճշտելուց հետո կարող է դեղը բաց թողնել: Բաց թողնվող դեղի քանակի սխալների և (կամ) քանակի ուղղումների դեպքում դեղատոմսը դեղատան աշխատակցի կողմից ճանաչվում է անվավեր, և բժշկին տեղեկացվում է նոր դեղատոմս գրելու անհրաժեշտության մասին: Էլեկտրոնային դեղատոմսն անվավեր ճանաչելու դեպքում այն պահպանվում է համակարգում, և դրա անվավեր ճանաչելու ժամկետը և անվավեր ճանաչողի վերաբերյալ տվյալները պահպանվում են համակարգի իրադարձությունների մատյանում:».

21) որոշման N 1 հավելվածի 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«54. Թղթային դեղատոմսով դուրս գրված դեղը բաց թողնելիս դեղատոմսի դարձերեսին նշվում են բաց թողնված դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, բացթողման ամսաթիվը, բաց թողնողի անունը, ազգանունը և ստորագրվում է բաց թողնողի կողմից: Էլեկտրոնային դեղատոմսի դեպքում` համակարգում ամրագրվում են դուրս գրված դեղի քանակները:».

22) որոշման N 1 հավելվածի 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«60. Թղթային դեղատոմսով դուրս գրված դեղը ոչ ամբողջական սպառողական փաթեթով բաց թողնելու կամ բազմակի բացթողման դեպքում մնացած քանակները կարող են շարունակաբար տրամադրվել նույն դեղատնից` դեղատոմսի դարձերեսին նշելով դեղի անվանումը, դեղաչափը, բաց թողնված քանակը, ամսաթիվը, բաց թողնողի ու ստացողի անունները և նրանց ստորագրությունները: Էլեկտրոնային դեղատոմսի դեպքում` դեղատոմսը մնում է ակտիվ դեղատան աշխատողի համար, քանի դեռ դեղատոմսում առկա ամբողջ քանակը չի տրամադրվել և տրամադրման մասին տեղեկատվությունը չի ամրագրվել համակարգում, կամ չի լրացել սույն կարգի 33-րդ կետով սահմանված դեղատոմսի ժամկետը:».

23) որոշման N 1 հավելվածի 64-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«64. Պացիենտի դեղատուն այցելության անհնարինության դեպքում դեղերը ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը` անձը հաստատող փաստաթղթով: Այդ դեպքում դեղատոմսի դարձերեսին նշվում են դեղի առևտրային անվանումը, դեղաչափը, դեղաձևը, բաց թողնված քանակը, բացթողման ամսաթիվը, բաց թողնողի անունը, ազգանունը, ստորագրությունը և լիազորված անձի կամ օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ ՀԾՀ-ն կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում` ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը:».

24) որոշման N 1 հավելվածի 68-րդ կետը «պայմաններում:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Էլեկտրոնային դեղատոմսերն ինքնաշխատ եղանակով պահպանվում են համակարգում` անժամկետ:».

25) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի:

3. Սույն որոշման 1-ին կետի`

1) 4-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում`

ա. անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի գրման մասով` 2024 թվականի մարտի 1-ից,

բ. համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի), հորմոնային և միզոպրոստոլ պարունակող դեղերի դեղատոմսերի գրման մասով` 2024 թվականի մարտի 1-ից,

գ. դեղատոմսով բաց թողնվող` սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում չներառված այլ դեղերի, ինչպես նաև հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերի գրման մասով` 2025 թվականի հուլիսի 1-ից.

(գ պարբերությունը փոփ. 27.12.2024 թիվ 2092-Ն որոշում)

2) 25-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. փետրվարի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի փետրվարի 29-ի

N 287-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի օգոստոսի 15-ի

N 1080-Ն որոշման

 

._____________________________________________________________________.

|                                                 Դեղատոմսային ձև  N 1|

|_____________________________________________________________________|

|                           ԴԵՂԱՏՈՄՍ                                  |

|                   Թմրամիջոց պարունակող դեղի                         |

|                           Ա 000001                                  |

|_____________________________________________________________________|

|Բժշկական օգնություն և  սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ  |

|անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը կամ հարկ վճարողի    |

|հաշվառման համարը, գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը        |

|_____________________________________________________________________|

|Պացիենտի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ տարիքը, բնակության  |

|վայրը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հանրային ծառայություններ|

|համարանիշը (այսուհետ` ՀԾՀ) կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում` ՀԾՀ       |

|չստանալու մասին տեղեկանքի համարը                                     |

|_____________________________________________________________________|

|Զեղչի չափը   |100% []      |50% []       |30% []       |0% []        |

|_____________________________________________________________________|

|Նշանակվող դեղի անվանումը կամ բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը,        |

|քանակը, միանվագ կիրառման չափաբաժինը, պատրաստման ու բացթողման         |

|ցուցումները, կիրառման եղանակը, ժամանակը, հաճախականությունը,          |

|տևողությունը  (օրերով)                                               |

|_____________________________________________________________________|

|Դեղատոմսը գրելու ամսաթիվը                |Դեղատոմսն ուժի մեջ է 10 օր |

|_________________________________________|___________________________|

|Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը  |Բժշկի ստորագրությունը      |

._____________________________________________________________________.

 

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 10 տարի:

 

._____________________________________________________________________.

|                                                Դեղատոմսային ձև  N 2 |

|_____________________________________________________________________|

|                           ԴԵՂԱՏՈՄՍ                                  |

|        Հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղի               |

|                           Ա 000001                                  |

|_____________________________________________________________________|

|Բժշկական օգնություն և  սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ  |

|անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը կամ հարկ վճարողի    |

|հաշվառման համարը, գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը        |

|_____________________________________________________________________|

|Պացիենտի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ տարիքը, բնակության  |

|վայրը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հանրային                |

|ծառայությունների համարանիշը (այսուհետ` ՀԾՀ) կամ ՀԾՀ-ից հրաժարվելու   |

|դեպքում` ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը                        |

|_____________________________________________________________________|

|Զեղչի չափը   |100% []      |50% []       |30% []       |0% []        |

|_____________________________________________________________________|

|Նշանակվող դեղի անվանումը կամ բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը,        |

|քանակը, միանվագ կիրառման չափաբաժինը, պատրաստման ու բացթողման         |

|ցուցումները, կիրառման եղանակը, ժամանակը, հաճախականությունը,          |

|տևողությունը  (օրերով)                                               |

|_____________________________________________________________________|

|Դեղատոմսը գրելու ամսաթիվը                |Դեղատոմսն ուժի մեջ է 10 օր |

|_________________________________________|___________________________|

|Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը  |Բժշկի ստորագրությունը      |

._____________________________________________________________________.

 

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 10 տարի:

 

._____________________________________________________________________.

|                                                Դեղատոմսային ձև  N 3 |

|_____________________________________________________________________|

|                           ԴԵՂԱՏՈՄՍ                                  |

|                       Փոխհատուցվող դեղի                             |

|                           Ա 000001                                  |

|_____________________________________________________________________|

|Բժշկական օգնություն և  սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ  |

|անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը կամ հարկ վճարողի    |

|հաշվառման համարը, գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը        |

|_____________________________________________________________________|

|Պացիենտի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ տարիքը, բնակության  |

|վայրը                                                                |

|_____________________________________________________________________|

|Զեղչի չափը   |100% []      |50% []       |30% []       |0% []        |

|_____________________________________________________________________|

|Նշանակվող դեղի անվանումը կամ բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը,        |

|քանակը, միանվագ կիրառման չափաբաժինը, պատրաստման ու բացթողման         |

|ցուցումները, կիրառման եղանակը, ժամանակը, հաճախականությունը,          |

|տևողությունը  (օրերով)                                               |

|_____________________________________________________________________|

|Դեղատոմսը գրելու ամսաթիվը                |Դեղատոմսն ուժի մեջ է 30 օր |

|_________________________________________|___________________________|

|Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը  |Բժշկի ստորագրությունը      |

._____________________________________________________________________.

 

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 5 տարի:

 

._____________________________________________________________________.

|                                                Դեղատոմսային ձև  N 4 |

|_____________________________________________________________________|

|                           ԴԵՂԱՏՈՄՍ                                  |

| Մեկանգամյա կամ բազմակի դեղերի և  դեղանյութերի բացթողման համար       |

|                           Ա 000001                                  |

|_____________________________________________________________________|

|Բժշկական օգնություն և  սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ  |

|անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը կամ հարկ վճարողի    |

|հաշվառման համարը, գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը        |

|_____________________________________________________________________|

|Պացիենտի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ տարիքը, բնակության  |

|վայրը                                                                |

|_____________________________________________________________________|

|Դեղի բացթողումների թիվը  |մեկ անգամ [] |երկու անգամ [] |երեք անգամ []|

|_____________________________________________________________________|

|Նշանակվող դեղի անվանումը կամ բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը,        |

|քանակը, միանվագ կիրառման չափաբաժինը, պատրաստման ու բացթողման         |

|ցուցումները, կիրառման եղանակը, ժամանակը, հաճախականությունը,          |

|տևողությունը  (օրերով)                                               |

|_____________________________________________________________________|

|Դեղատոմսը գրելու ամսաթիվը                |Դեղատոմսն ուժի մեջ է       |

|                                         |30 օր  []                  |

|                                         |180 օր []                  |

|_________________________________________|___________________________|

|Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը  |Բժշկի ստորագրությունը      |

._____________________________________________________________________.

 

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 6 ամիս:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 փետրվարի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.02.2024
N 287-Ն
Որոշում