ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-2168 (ՏԴ)
քաղաքացիական գործ թիվ Տ-1310-2006 թ. 2006 թ.
նախագահող դատավոր` Կ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/,
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
2006 թվականի նոյեմբերի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ծովաստղ» ՍՊԸ-ի (այսուհետ` ընկերություն) վճռաբեկ բողոքն ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շենգավիթի հարկային տեսչության (այսուհետ` տեսչություն) հայցի ընդդեմ ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ տնտեսական դատարանի 15.12.2005 թվականի վճռի դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` տեսչությունը պահանջել է ընկերությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4.530.400 ՀՀ դրամ:
ՀՀ տնտեսական դատարանի 15.12.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ընկերությունը:
Տեսչությունը վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
առկա է նոր երևան եկած հանգամանք, որը սույն գործի համար ունի էական նշանակություն:
Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.
ՀՀ տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.02.2006 թվականի վճռով բողոքարկվող, սույն վճռի հիմքում դրված` տեսչության 31.07.2002 թվականի թիվ ՍԱ-021678 ակտն անվավեր է ճանաչվել դատարանի կողմից: Բողոք բերած անձը խնդրել է նշված փաստը համարել սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն` տնտեսական դատարանի վճիռը վերանայելու հիմք:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերող անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 15.12.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) տեսչությունն ընկերությունում իրականացրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 և թիվ 315 որոշումների պահանջների կատարման ստուգում, որի արդյունքում 31.07.2002 թվականին կազմվել է թիվ ՍԱ-021678 ակտը, որով արձանագրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ:
2) ՀՀ տնտեսական դատարանի 15.11.2005 թվականի վճռով եռամսյակային հաշվետվությունների, ինչպես նաև 31.07.2002 թվականի ստուգման ակտով արձանագրված հարկերի գումարների բռնագանձման վերաբերյալ տեսչության հայցն ընդդեմ ընկերության բավարարվել է:
3) ՀՀ տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.02.2006 թվականի վճռով նշված ստուգման ակտն անվավեր է ճանաչվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը նշված հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ տնտեսական դատարանի 15.11.2005 թվականի վճռով Տեսչության հայցի բավարարման հիմքում դրված է եղել նաև 31.07.2002 թվականին կազմված թիվ ՍԱ-021678 ստուգման ակտը:
ՀՀ տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.02.2006 թվականի վճռով վերը նշված ստուգման ակտն անվավեր է ճանաչվել: Այսինքն, վերացել է բողոքարկվող վճռի համար հիմք ծառայած ստուգման ակտը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերի համաձայն, նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, և դատական ակտի, դատավճռի կամ այլ մարմնի որոշման վերացումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.02.2006 թվականի վճիռը սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն` տնտեսական դատարանի վճիռը վերանայելու հիմք: Վճռաբեկ դատարանն այս եզրակացությանը հանգեց այն տրամաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված` «այլ մարմնի որոշում» եզրույթը ներառում է նաև վարչական ակտը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 15.12.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ