Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ Է...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵ ...

08.10.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.12.2022  -ից մինչեւ   08.10.2023  -ը:
 

(ուժը կորցնելու է 08.10.2023 թվականից` 29.11.2022 թիվ 520-Ն որոշում)

600.0275.060707

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         07           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60007267

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունիսի 2007 թվականի N 275-Ն

 

ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2007թ. հունիսի 15-ի

N 275-Ն որոշմամբ

 

ՄԵԹՈԴԻԿԱ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Սույն մեթոդիկան սահմանում է փոքր հիդրոէլեկտրակայաններից (մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն) առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման սկզբունքները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների համաձայն մրցակցային պայմաններով գործող արտադրողներ դասակարգված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի գների, ինչպես նաև 2004 թվականի փետրվարի 9-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության առաջին լիցենզիա ստացած բնական ջրահոսքերի վրա կառուցված և 2005 թվականի նոյեմբերի 8-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության առաջին լիցենզիա ստացած ոռոգման համակարգերի ու խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների:

Սույն մեթոդիկայի համաձայն սահմանված սակագները հանձնաժողովի նախաձեռնությամբ ենթակա չեն վերանայման առնվազն հինգ տարի, բացառությամբ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

(1-ին պարբերությունը փոփ. 13.02.2019 թիվ 27-Ն, 29.11.2022 թիվ 52-Ն որոշումներ)

 

1. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1.1 Էլեկտրական էներգիայի արտադրության սակագների սահմանման հիմքում դրվում է անհրաժեշտ հասույթի (ԱՀ) ապահովման սկզբունքը, ըստ որի արտադրության լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` ընկերություն) կողմից էլեկտրական էներգիայի վաճառքից ստացված հասույթը պետք է բավարարի`

1) էլեկտրական էներգիայի հուսալի և անվտանգ արտադրության համար անհրաժեշտ շահագործման և պահպանման ծախսերի (ՇՊԾ) իրականացումը,

2) էլեկտրական էներգիայի արտադրության համար օգտակար և օգտագործվող հիմնական միջոցների մաշվածության (Մ) հատուցումը,

3) էլեկտրական էներգիայի արտադրության համար օգտակար և օգտագործվող ակտիվների դիմաց ողջամիտ շահույթի (Շ) ապահովումը:

1.2 Սույն մեթոդիկայի 1.1 կետով նշված ԱՀ -ն որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՀ = ՇՊԾ + Մ + Շ:

 

1.3 Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի համար սահմանվում են միադրույք (դրամ/կՎտժ) սակագներ, որոնք հաշվարկվում են հետևյալ բանաձևով.

ԱՀ

U = -------- W

 

որտեղ` W-ն առաքվող էլեկտրական էներգիայի քանակն է:

(1.3-րդ կետը փոփ. 13.02.2019 թիվ 27-Ն որոշում)

 

2. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐ

 

2.1 Սակագնի հաշվարկում ներառվում են այն ՇՊԾ -երը, որոնք հիմնավորված և անհրաժեշտ են էլեկտրական էներգիայի արտադրության համար:

2.2 Կարգավորման նպատակով օգտագործվում է ծախսերի հետևյալ դասակարգումը`

1) հիմնական արդյունաբերաարտադրական անձնակազմի աշխատավարձ.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 13.02.2019 թիվ 27-Ն որոշում)

3) շահագործման համար անհրաժեշտ նյութական ծախսեր.

4) տեխնիկական սպասարկման և նորոգման ծախսեր.

5) իրացման ծախսեր.

6) վարչական ընդհանուր ծախսեր.

7) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` սակագներով փոխհատուցվող այլ ծախսեր:

(2.2-րդ կետը փոփ. 13.02.2019 թիվ 27-Ն որոշում)

2.3 Էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությանը չառնչվող ծախսերն ու եկամուտները չեն ընդգրկվում էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկում և հանձնաժողովի կողմից չեն կարգավորվում:

2.4 ՇՊԾ -երի առանձին բաղադրիչները որոշվում են սույն մեթոդիկայի հավելվածում բերված ցուցանիշներով և հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում արտացոլված ծախսերի վերլուծության հիման վրա:

(2.4-րդ կետը փոփ. 19.05.10 թիվ 242-Ն, 13.02.2019 թիվ 27-Ն որոշումներ)

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - (13.02.2019 թիվ 27-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն

հավելվածի 2.4 կետից պետք է հանել «NN 1, 2, 3» թվերը, սակայն այդ

թվերն արդեն իսկ հանվել են 19.05.10 թիվ 242-Ն որոշմամբ

------------------------------------------------------------------

 

2.5 Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը վերանայելիս` նորոգման և նյութական ծախսերը ենթարկվում են ճշգրտման` հաշվի առնելով հաշվարկային տարվան նախորդող տարիներին Հայաստանի Հանրապետությունում սղաճի մակարդակը:

(2.5-րդ կետը լրաց. 19.05.10 թիվ 242-Ն որոշում)

 

3. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

3.1 Հիմնական միջոցների մաշվածությունը հաշվարկվում է հիմնական միջոցների ձեռքբերման կամ կառուցման արժեքից` գծային եղանակով, ելնելով նրանց օգտակար ծառայության տևողությունից:

3.2 Նախկինում կառուցված և մասնավորեցված փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական միջոցները բաժանվում են երկու խմբի.

1) մասնավորեցման պահին գոյություն ունեցող հիմնական միջոցներ, որոնք դիտարկվում են որպես մեկ միասնական ակտիվ` գնահատված մասնավորեցման պայմանագրի արժեքով,

2) մասնավորեցման պահից հետո ձեռք բերված (կառուցված) հիմնական միջոցներ, որոնք գնահատվում են նրանց ձեռքբերման (կառուցման) արժեքով:

3.3 Սույն մեթոդիկայի 3.2 կետի 1-ին ենթակետով նախատեսված խմբի համար կիրառվում է միջինացված մաշվածության նորմա (6.6%), իսկ 3.2 կետի 2-րդ ենթակետով նախատեսված խմբի հիմնական միջոցների մաշվածությունը հաշվարկվում է առանձնացված` ելնելով նրանց օգտակար ծառայության տևողությունից:

3.4 Փոխառու միջոցների ներգրավմամբ կառուցված հիդրոէլեկտրակայանների համար, այդ միջոցների վերադարձի ժամկետում վճարունակության ապահովման նպատակով, կարող են կիրառվել սույն մեթոդիկայի 3.3 կետում նախատեսված մաշվածության նորմաներից ավելի բարձր նորմաներ, սակայն ոչ ավելի, քան տարեկան 16.67%: Այդ նորմայով կարող է դուրս գրվել հիմնական միջոցների արժեքի ոչ ավելի, քան 50% -ը:

3.5 Փոխառու միջոցների վերադարձման ժամկետը լրանալուց հետո դուրս չգրված հիմնական միջոցների (հաշվեկշռային) արժեքի նկատմամբ կիրառվում է (նրանց մնացած օգտակար ծառայության տևողության ընթացքում) դուրսգրումն ապահովող գծային մաշվածության համապատասխան նորմա:

 

4. ՈՂՋԱՄԻՏ ՇԱՀՈՒՅԹ

 

4.1 ԱՀ-ում ներառվող ողջամիտ շահույթի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՇԱՀՈՒՅԹ = ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶԱ x ԱԿՏԻՎՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱ:

 

4.2 Շահույթի հաշվարկման բազան հիդրոէլեկտրակայանի զուտ ակտիվների արժեքն է, որի բաղկացուցիչ մասերն են`

1) էլեկտրական էներգիայի արտադրության և առաքման համար օգտակար և օգտագործվող հիմնական արտադրական միջոցների սկզբնական արժեքից հանած կուտակված մաշվածությունը (սակագնով հաշվարկված).

2) շրջանառու կապիտալը, որի թույլատրելի չափը հաշվարկվում է որպես բոլոր ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների տարբերություն: Ընթացիկ ակտիվները և պարտավորությունները որոշվում են` ելնելով հանձնաժողովի հետ համաձայնեցված շրջանառության ժամկետներից:

4.3 Սկզբնական արժեքը ակտիվի ձեռքբերման կամ կառուցման ժամանակ փաստացի վճարված, փաստաթղթերով ձևակերպված դրամական միջոցների գումարն է, իսկ այլ կերպ հատուցելու դեպքում` հատուցման իրական արժեքն այն պահից, երբ այդ միջոցը նախատեսվում է օգտագործել էլեկտրական էներգիայի արտադրության համար:

4.4 Սկզբնական արժեքում հաշվի են առնվում միայն հանձնաժողովի կողմից ընդունված կառուցման նախագծի սահմաններում կատարված ծախսերը: Նախագծում նախատեսված աշխատանքների ծավալների գերազանցման դեպքում լրացուցիչ ծախսերը հաշվի են առնվում միայն այն դեպքում, երբ դրանք հիմնավորող նախագծային փոփոխությունները նախապես համաձայնեցված են հանձնաժողովի հետ:

4.5 Ընկերության սեփականատերերի փոխվելու դեպքում էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկում ներառված հիդրոէլեկտրակայանի հիմնական միջոցների սկզբնական արժեքը մնում է անփոփոխ:

4.6 Հիդրոէլեկտրակայանի շահագործման ընթացքում զուտ ակտիվների մեծացման համար կատարված ներդրումները շահույթի և մաշվածության հաշվարկման բազայում հաշվի են առնվում միայն իրականացումից հետո` համաձայն հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 14-ի N 365-Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգի:

(4.6-րդ կետը փոփ. 13.02.2019 թիվ 27-Ն որոշում)

4.7 Փոխառու միջոցների վերադարձի ժամկետում վճարունակության ապահովման նպատակով, սույն մեթոդիկայի 3.4 կետով սահմանված մաշվածության նորմաների կիրառման դեպքում, շահույթի հաշվարկման բազա է հանդիսանում այդ ժամանակահատվածի զուտ ակտիվների միջին մեծությունը:

4.8 Ակտիվների նկատմամբ շահութաբերության նորմայի թույլատրելի մեծությունը սահմանում է հանձնաժողովը` հաշվի առնելով ֆինանսական շուկաներից կապիտալի ներգրավման հնարավորությունները և արժեքները:

4.9 Փոքր հիդրոէլեկտրակայանների համար հանձնաժողովը շահութաբերության նորմայի մեծություն սահմանում է մինչև հարկումը:

4.10 Շահութաբերության նորման կիրառվում է զուտ ակտիվների արժեքի նկատմամբ` հաշվի չառնելով նրա ֆինանսավորման կառուցվածքը (սեփական և փոխառու կապիտալ): Փոխառու կապիտալի սպասարկման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերն ընդգրկվում են հաշվարկային շահույթում և ծախսային հոդվածներում հաշվի չեն առնվում: Շրջանառու կապիտալի կազմում հաշվի չի առնվում վարկերի սպասարկման համար պահանջվող դրամական միջոցների մեծությունը:

 

5. ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿ

 

5.1 Սակագնային հաշվարկներում որպես առաքվող էլեկտրական էներգիայի հաշվարկային մեծություն (W) ընդունվում է միջին բազմամյա արտադրության (Wարտ) և հիդրոէլեկտրակայանի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների ու սեփական, տնտեսական կարիքների համար ծախսվող էլեկտրական էներգիայի (/\W) տարբերությունը.

 

W = Wարտ - /\W:

 

5.2 Սույն մեթոդիկայի 5.1 կետի (W) մեծությունը հանդիսանում է հաշվարկային նաև այն դեպքերում, երբ հիդրոէլեկտրակայանի արտադրանքի մի մասը չի իրացվում, այլ օգտագործվում է հիդրոէլեկտրակայանի հետ նույն ընկերության կազմում գտնվող այլ սպառողների կարիքների համար:

5.3 Արտադրվող էլեկտրական էներգիայի միջին բազմամյա մեծությունը որոշվում է ջրատնտեսական և էներգետիկական հաշվարկների հիման վրա, որոնք կատարված են համապատասխան լիցենզիա ունեցող նախագծային կազմակերպությունների կողմից: Այն կարող է վերանայվել, եթե ջրային հաշվեկշռում կամ հիդրոէլեկտրակայանի կառույցներում և սարքավորումներում արտադրության ծավալի վրա ազդող փոփոխություններ են կատարվում:

5.4 Միջին բազմամյա արտադրության ծավալների նկատմամբ տատանումները, որոնք ջրի հոսքի բնական փոփոխությունների արդյունք են, սակագների հաշվարկում հաշվի չեն առնվում: Դրանց հետ կապված շահույթի տատանման ռիսկերը կրում է ընկերությունը և սակագնով չեն փոխանցվում սպառողներին:

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2007 թվականի հունիսի 15-ի

N 275-Ն որոշմամբ

հաստատված մեթոդիկայի

 

ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

Աղյուսակ N 1

 

ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

._____________________________________________.

|Մեկ ագրեգատի միջին   |Ագրեգատների թվաքանակը  |

|հզորությունը (ՄՎտ)   |_______________________|

|                     | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |

|_____________________|___|___|___|___|___|___|

|0 - 0.5 (ներառյալ)   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |

|_____________________|___|___|___|___|___|___|

|0.5 - 1.0 (ներառյալ) | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |

|_____________________|___|___|___|___|___|___|

|1.0 - 1.5 (ներառյալ) | 2 | 4 | 6 | 7 | 8 | 9 |

|_____________________|___|___|___|___|___|___|

|1.5 - 2.0 (ներառյալ) | 2 | 5 | 7 | 8 | 9 | - |

|_____________________|___|___|___|___|___|___|

|2.0 - 3.0 (ներառյալ) | 3 | 6 | 8 | - | - | - |

|_____________________|___|___|___|___|___|___|

|3.0 - 4.0 (ներառյալ) | 3 | 6 | - | - | - | - |

|_____________________|___|___|___|___|___|___|

|4.0 - 5.0 (ներառյալ) | 3 | 7 | - | - | - | - |

|_____________________|___|___|___|___|___|___|

|5.0 - 6.0 (ներառյալ) | 4 | - | - | - | - | - |

|_____________________|___|___|___|___|___|___|

|6.0 - 7.0 (ներառյալ) | 4 | - | - | - | - | - |

|_____________________|___|___|___|___|___|___|

|7.0 - 8.0 (ներառյալ) | 5 | - | - | - | - | - |

|_____________________|___|___|___|___|___|___|

|8.0 - 9.0 (ներառյալ) | 5 | - | - | - | - | - |

|_____________________|___|___|___|___|___|___|

|9.0 - 30.0 (ներառյալ)| 6 | - | - | - | - | - |

._____________________________________________.

(1-ին աղյուսակը փոփ. 13.02.2019 թիվ 27-Ն որոշում)

 

Աղյուսակ N 2

 

ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

._______________________________________________________________.

|Կառուցվածքներ և  սարքավորումներ          |Հիմնական և  ընթացիկ  |

|                                         |նորոգում (% կառուցման|

|                                         |արժեքից)             |

|_________________________________________|_____________________|

|Պատվար (բետոնե)                          |         0.94        |

|_________________________________________|_____________________|

|Պատվար (հողային)                         |         0.63        |

|_________________________________________|_____________________|

|Ջրընդունիչ, ջրթափ                        |         0.14        |

|_________________________________________|_____________________|

|Տղմազտարան, ակվեդուկ (բետոնե), դյուկեր   |         0.22        |

|_________________________________________|_____________________|

|Ջրանցք, ճնշման ավազան                    |         0.19        |

|_________________________________________|_____________________|

|Թունել                                   |         0.09        |

|_________________________________________|_____________________|

|Ճնշման խողովակաշար և  կարգավորող աշտարակ |         0.22        |

|(բետոնե)                                 |                     |

|_________________________________________|_____________________|

|Ճնշման խողովակաշար և  կարգավորող աշտարակ |         0.42        |

|(մետաղյա)                                |                     |

|_________________________________________|_____________________|

|Հիդրոէլեկտրակայանի շենք                  |         0.14        |

|_________________________________________|_____________________|

|Հիդրոագրեգատներ և  օժանդակ սարքավորումներ|         1.35        |

|_________________________________________|_____________________|

|ՈՒժային էլեկտրատեխնիկական սարքավորումներ |         3.63        |

|և  բաշխիչ սարքեր                         |                     |

|_________________________________________|_____________________|

|Այլ էլեկտրատեխնիկական սարքավորումներ     |         3.13        |

._______________________________________________________________.

 

1. Հիդրոէլեկտրակայանի արդյունաբերաարտադրական անձնակազմի թվաքանակը որոշելու համար հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը հարաբերվում է տեղակայված ագրեգատների քանակին` մեկ ագրեգատի միջին հզորությունը ստանալու համար, այնուհետև սույն հավելվածի N 1 աղյուսակից մեկ ագրեգատի միջին հզորությանը և տեղակայված ագրեգատների քանակին համապատասխան որոշվում է հիդրոէլեկտրակայանի արդյունաբերաարտադրական անձնակազմի թվաքանակը:

2. Սույն հավելվածի N 1 աղյուսակով որոշված անձնակազմի թվաքանակը` հետևյալ կառուցվածքների և սարքավորումների առկայության դեպքում, բազմապատկվում է համապատասխան գործակիցներով`

    1) թունելների համար`                                1.03

    2) մինչև  30 ՄՎտ հզորությամբ դերիվացիոն             2.00

հիդրոէլեկտրակայանների համար`

    3) լեռնային և  սեյսմիկ շրջաններում ճանապարհների     1.03

սպասարկման յուրաքանչյուր լրիվ 5 կմ-ի համար`

    4) ծանր ձնային պայմաններով դժվարամատչելի            1.20

լեռնային շրջանների համար`

(2-րդ կետը փոփ. 13.02.2019 թիվ 27-Ն որոշում)

3. Հիդրոէլեկտրակայանների արդյունաբերաարտադրական անձնակազմի թվաքանակը սույն հավելվածի N 1 աղյուսակով և 2-րդ կետում նշված կառուցվածքների և սարքավորումների առկայության դեպքում համապատասխան գործակիցներով հաշվարկելուց հետո ավելացվում է ևս չորսով` հիդրոէլեկտրակայանում մեկ աշխատող հերթափոխի ընթացքում ապահովելու համար:

4. Հիդրոէլեկտրակայանի վարչական անձնակազմի թվաքանակը ընդունվում է մինչև մեկ ՄՎտ տեղակայված հզորության դեպքում երեք միավոր, իսկ մեկ և ավելի Մվտ տեղակայված հզորությունների դեպքում չորս միավոր:

(4-րդ կետը փոփ. 13.02.2019 թիվ 27-Ն որոշում)

 

(հավելվածը խմբ. 19.05.10 թիվ 242-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
15.06.2007
N 275-Ն
Որոշում