Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1039-ՐԴ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1039-ՐԴ ԵՎ 1040-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական            Քաղաքացիական գործ թիվ 3-377 (ՎԴ)

    դատարանի որոշում                                          2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-4107

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի                      

                                              

2008 թվականի հունիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերության) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արա Խաչատրյանի ընդդեմ Ընկերության` խաղի հաղթող ճանաչելու և շահումը վճարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Արա Խաչատրյանը պահանջել է ճանաչել 2006 թվականի դեկտեմբերին Ընկերության կողմից հայտարարված «Գանձեր որոնողները» խաղի շրջանակներում անցկացվող «Շրջադարձ աճուրդ» խաղի հաղթող և պարտավորեցնել Ընկերությանը վճարելու նշված խաղի 1.000.000 (մեկ միլիոն) դրամ շահումը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.02.2008 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի, 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը Արա Խաչատրյանի պահանջը դիտել է հիմնավոր` առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ նշված խաղի երրորդ կարևորագույն պայմանը` Արա Խաչատրյանի կողմից ուղարկված թվերը չկրկնվելու վերաբերյալ, նախորդ դատական ակտով չեն հաստատվել: Այդ հանգամանքը չի հաստատվել նաև սույն գործի քննության ընթացքում: Նման պարագայում որևէ կերպ չհիմնավորված հանգամանքը Վերաքննիչ դատարանը դիտել է որպես հաստատված հանգամանք:

Ընկերությունը բաժանորդներին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է խաղի պայմանների և իր պատասխանատվության սահմանափակումների մասին: Հետևաբար, անգամ ծրագրային սխալների, խափանումների կամ հայտարարության պայմաններում նախատեսված այլ հիմքերով Ընկերության կողմից պարտավորությունները խախտելու դեպքում, եթե նույնիսկ հաղթող է ճանաչվել մեկ այլ թիվ ուղարկած բաժանորդ, միևնույն է, մինչև խաղն սկսվելը տրված տեղեկատվությամբ Ընկերության և բաժանորդների միջև դրա վերաբերյալ համաձայնություն ձեռք բերված լինելու հանգամանքի հիման վրա Ընկերությունը պատասխանատվություն կրել չի կարող: Բացի այդ, քանի որ խաղի համար ստեղծված «սպասարկող ծրագիրը» նախատեսված է եղել ստանալու բացառապես ամբողջ թվեր, ուստի Արա Խաչատրյանին հատկացված հեռախոսահամարից ուղարկված կոտորակային թվերը չեն մշակվել, ծրագիրը չի արձագանքել, ինչի մասին բոլոր բաժանորդները, այդ թվում` հայցվորը, նախապես` խաղն սկսելուց առաջ, տեղեկացվել են:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.02.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 2006 թվականի դեկտեմբերին հայտարարված «Գանձեր որոնողները» գովազդային խաղի շրջանակներում անց է կացվել «Շրջադարձ աճուրդ» խաղը:

2) Ընկերության կողմից 31.01.2007 թվականին տրված թիվ 1-230/2 գրության համաձայն` խաղի հաղթող է ճանաչվել 091411117 հեռախոսահամարը, որից ուղարկվել է ամենափոքր չկրկնվող թիվը` «565»-ը:

3) Սույն քաղաքացիական գործով Արա Խաչատրյանը վիճարկում է խաղի կանոններին համապատասխան հաղթող ճանաչվելու հարցը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1039-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների և իրավաբանական անձանց պահանջները` կապված ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլեխաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ, ենթակա չեն դատական պաշտպանության, բացառությամբ այն անձանց պահանջների, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի` խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո, ինչպես նաև նույն օրենսգրքի 1040 հոդվածի 5-րդ կետում նշված պահանջների:

i

Նույն օրենսգրքի 1040-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` վիճակախաղ, տոտալիզատոր կամ այլ խաղեր անցկացնելու կանոններին համապատասխան խաղի կազմակերպիչը շահած անձանց պետք է վճարի նրանց շահումը` խաղեր անցկացնելու կանոններով նախատեսված չափով, ձևով (դրամով կամ բնեղենով) և ժամկետում, իսկ եթե այդ կանոններում ժամկետը նշված չէ, ապա խաղերի արդյունքները որոշելու պահից ոչ ուշ, քան տասն օրում:

Վերոհիշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլեխաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ կապված պահանջները ենթակա չեն դատարանում քննության և միայն բացառիկ դեպքերում դատարանը կարող է քննել այս ոլորտում ծագող վեճերը: Մասնավորապես, դատարանում քննության ենթակա են այն անձանց պահանջները, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի` խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո: Բացի այդ, դատարանին են ենթակա խաղի կազմակերպչի կողմից շահումը վճարելուց խուսափելու հետ կապված վեճերը:

Այսպիսով, խաղի հաղթող ճանաչելու հետ կապված վեճերը, այդ թվում խաղի կանոններին համապատասխան դրանց անցկացված լինելու հարցերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1039-րդ և 1040-րդ հոդվածների ուժով դատարանի իրավասությունից դուրս են, իսկ դրանք կազմակերպող և դրանց մասնակցող անձանց պահանջները` դատական պաշտպանության ոչ ենթակա:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով վիճարկվում է Արա Խաչատրյանի «Շրջադարձ աճուրդ» խաղի հաղթող ճանաչվելու հարցը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պահանջը ենթակա չէ դատարանում քննության:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռին, որով դատարանը գտել է, որ Արա Խաչատրյանի պահանջը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1040-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից և այն ենթակա է դատական պաշտպանության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի այդ եզրահանգումը սույն քաղաքացիական գործով նախադատելի նշանակություն չի կարող ունենալ հետևյալ պատճառաբանությամբ.

i

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերոնշյալ իրավական խնդրին (տե՛ս` Ա. Եփրեմյան ընդդեմ Ն. Մանվելյանի` անհիմն հարստացման գումարները վերադարձնելու պահանջի մասին թիվ 3-132(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը): Մասնավորապես, վերոնշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքի մեկնաբանության մասին դատարանի իրավական դիրքորոշումը չի ընդգրկվում դատական ակտի պրեյուդիցիալ կապի (նախադատելիության) օբյեկտիվ սահմաններում, այսինքն չունի նախադատելի նշանակություն:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.08.2007 թվականի վճռով արտահայտված իրավական եզրահանգումները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման հիմք չեն:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

i

Միաժամանակ, վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության, իսկ 236-րդ հոդվածի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2008 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.06.2008
N 3-377 (ՎԴ)
Որոշում