ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի Քաղաքացիական գործ թիվ 3-139 (Ա)
դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 2-762/2006 թ.
Նախագահող դատավոր` Գ. Մազմանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
2007 թվականի մարտի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նվեր, Ամալյա, Մարգարիտ և Արմինե Ղազարյանների վճռաբեկ բողոքը ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 04-ի թիվ 2-762 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Հասմիկ Ավետյանի ընդդեմ Արա Ղազարյանի` բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հասմիկ Ավետյանը պահանջել է առանձնացնել Էջմիածին քաղաքի Արագածի զանգված թիվ 3 շենքի թիվ 22 բնակարանի համասեփականատեր Արա Ղազարյանի բաժինը և այդ բաժնի վրա բռնագանձում տարածել:
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 2006 թվականի հոկտեմբերի 04-ի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Նվեր, Ամալյա, Մարգարիտ և Արմինե Ղազարյանները:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձի` դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճիռ է կայացրել Նվեր, Ամալյա, Մարգարիտ և Արմինե Ղազարյանների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, սակայն վերջիններիս չի ներգրավել դատաքննությանը:
2. Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի առաջին մասը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճռել է վեճի առարկա բնակարանից առանձնացնել Արա Ղազարյանի բաժինը` առանց տվյալ բնակարանի մյուս համասեփականատերերի համաձայնության, դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածով երաշխավորված նրանց սեփականության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 04-ի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Էջմիածնի Արագածի զանգվածի թիվ 3 շենքի թիվ 22 բնակարանի համասեփականատերերն են Նվեր, Մարգարիտ, Ամալյա, Արմինե և Արա Ղազարյանները:
2) Դատարանի կողմից Նվեր, Ամալյա, Մարգարիտա և Արմինե Ղազարյաններին 2006 թվականի հոկտեմբերի 04-ի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, դատարանը գործը քննել է նրանց բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով Հասմիկ Ավետյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արա Ղազարյանի` բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով: Դատարանը` բավարարելով հայցը, վճռել է բռնագանձում տարածելու նպատակով առանձնացնել Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի թիվ 3 շենքի թիվ 22 բնակարանի համասեփականատեր Արա Ղազարյանի բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում հրապարակային սակարկությունների միջոցով բնակարանն ամբողջությամբ վաճառել և հօգուտ հայցվորի բռնագանձել 1 700 000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Նշված բնակարանի համասեփականատերեր Նվեր, Մարգարիտ, Ամալյա, Արմինե Ղազարյանները սույն գործի քննությանը մասնակից չեն դարձվել:
i
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես` Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի, 17.11.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
2) Ինչ վերաբերվում է բողոք բերած անձանց կողմից վկայակոչված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի պահանջները սխալ մեկնաբանելու մասին բողոքի հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում դրան, քանի որ Դատարանը վճիռ է կայացրել բողոք բերած անձանց իրավունքների խախտմամբ, որի հետևանքով նրանց կողմից վկայակոչված իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա: Այդ իսկ պատճառով դրանք չեն կարող հանդիսանալ Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 04-ի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ