26.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն է: Գլխավոր քարտուղարն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված` պետական մարմնի գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները:».
2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 5-8-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Կառավարության որոշման հիման վրա օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից կարող են գործել պաշտպանության հարցերով կցորդներ, ռազմական և առևտրական կցորդներ, մասնագիտացված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ:
6. Պաշտպանության հարցերով կցորդները, ռազմական կցորդները կարող են ունենալ տեղակալներ և օգնականներ:
7. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից Կառավարության որոշմամբ կարող են գործել այլ կցորդներ և ներկայացուցիչներ` այդ պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով:
8. Սույն հոդվածի 5-րդ և 7-րդ մասերում նշված կցորդների և ներկայացուցիչների, ինչպես նաև պաշտպանության հարցերով կցորդների, ռազմական կցորդների տեղակալների և օգնականների հաստիքները սահմանվում են վարչապետի որոշմամբ:».
i
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-11-րդ մասերով.
«9. Սույն հոդվածի 5-րդ և 7-րդ մասերում նշված կցորդները և ներկայացուցիչները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են վարչապետի որոշմամբ, իսկ պաշտպանության հարցերով կցորդների, ռազմական կցորդների տեղակալները և օգնականները` իրավասու պետական մարմնի ղեկավարի հրամանով:
10. Սույն հոդվածի 5-րդ և 7-րդ մասերում նշված կցորդները և ներկայացուցիչները գործում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:
11. Սույն հոդվածի 5-րդ և 7-րդ մասերում նշված կցորդների և ներկայացուցիչների, ինչպես նաև պաշտպանության հարցերով կցորդների, ռազմական կցորդների տեղակալների և օգնականների առաջադրման, նշանակման, ազատման, լիազորությունների շրջանակի, գործունեության, նրանց և նրանց ընտանիքի անդամների պահպանման ծախսերի ֆինանսավորման կարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության որոշմամբ:»:
i
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «ներկայացուցիչները նշանակվում են» և «նշանակվելու դեպքում» բառերից հետո հանել «մինչև» բառը:
i
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի «արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար» բառերը հանել:
i
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների և անբասիր աշխատանքի համար մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ` մինչև երկու ավելի բարձր դիվանագիտական աստիճան կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ:
5. Արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:»:
i
Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 25. |
Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակման համար սահմանափակումները |
1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները:»:
i
Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի «առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով և (կամ)» բառերը հանել:
i
Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Վարչապետի աշխատակազմից և պետական կառավարման համակարգի, բացառիկ դեպքերում պետական անվտանգության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով այլ մարմիններից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և նշված մարմինների միջև գրավոր համաձայնության դեպքում:».
2) 4-րդ մասի «քաղաքացիական» բառը փոխարինել «այլ պետական» բառերով:
i
Հոդված 10. Օրենքի 35-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Կադրերի ռեզերվում գրանցվում են նաև դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:».
2) 4-րդ մասը «դիվանագիտական ծառայության ստաժի մեջ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով:
i
Հոդված 11. Օրենքի 37-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «վարքագծի կանոնների խախտումը» բառերից հետո լրացնել «, անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները և իրավիճակային շահերի բախման դեպքերը» բառերով.
2) 2-րդ մասը «վարքագծի կանոնների խախտումների» բառերից հետո լրացնել «, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի» բառերով:
i
Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին հոդվածով.
| «Հոդված 42.1. |
Դիվանագիտական ծառայության և դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործը |
1. Դիվանագիտական ծառայության և դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործը վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:»:
Հոդված 13.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող գլխավոր քարտուղարը շարունակում է պաշտոնավարել մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի հաստատումը: Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը հաստատվելուց հետո գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցվում է Կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի թիվ 792-Ն որոշմամբ սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով տվյալ պաշտոնին նշանակում կատարելը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-405-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2023 թվական: