ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-2377 (ՎԴ)
քաղաքացիական գործերով 2006
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 06-2923
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2006 թվականի նոյեմբերի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 06-2923 վճռի դեմ` ըստ Էմմա Սողոմոնյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման` պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը խնդրել է պարտավորեցնել պատասխանողին կատարելու Երևանի քաղաքապետարանի 2005 թվականի ապրիլի 20-ի 834-Ա որոշմամբ իր սեփականությունը ճանաչված Մ. Խորենացու փողոցի 26 շենքի բակում տեղադրված ավտոտնակի և 22,4 քմ. հողատարածքի վարձակալության իրավունքի պետական գրանցում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հուլիսի 12-ի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 06-2923 վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 06-2923 վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` այլ կազմով նոր քննության:
Վճռաբեկ բողոքին պատասխաններ չեն ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Դատարանը, վճռում նշելով այն հանգամանքը, որ հայցվորի դիմումը մերժվել է, ավտոտնակով զբաղեցված հողամասը «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության հողամասի հետ համադրված լինելու պատճառով և, միաժամանակ վճռելով պարտավորեցնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանմանը այդ հասցեում կատարել հայցվորի իրավունքների գրանցում, ըստ էության, վճիռ է կայացրել «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության իրավունքների վերաբերյալ:
2) Սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքներ են Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի կարգավիճակի վերաբերյալ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2006 թվականի թիվ 502-Ա որոշումը և թիվ 06-2216 քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հունիսի 23-ի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:
Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի կարգավիճակի վերաբերյալ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2006 թվականի թիվ 502-Ա որոշման 3-րդ կետով ուժը կորցրած են ճանաչվել նաև Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 20-ի 834-Ա որոշման 6-րդ, 7-րդ և 9-րդ տողերը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն տարածքային ստորաբաժանումը 2006 թվականի փետրվարի 28-ին թիվ Ել-1192 գրությամբ մերժել է հայցվոր Է.Սողոմոնյանի դիմումը` Մ. Խորենացու փողոցի 26-րդ շենքի բակում գտնվող ավտոտնակի նկատմամբ նրա սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 20-ի թիվ 834-Ա որոշումից և դրանով զբաղեցրած 22,4 քմ մակերեսով հողամասի վարձակալության թիվ 23/35-2303 պայմանագրից բխող իրավունքները պետական գրանցման ենթարկելը` պատճառաբանելով, որ ավտոտնակով զբաղեցված հողամասը համադրված է Երևանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության Մ. Խորենացու փողոցի թիվ 26 հասցեում գտնվող հողամասի հետ:
2) «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը մասնակից չի դարձվել սույն գործի քննությանը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է`
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանը, նույն տարածքի անշարժ գույքի արդեն իսկ գրանցված իրավունքների առկայության պայմաններում քննելով գործը և վճիռ կայացնելով այդ տարածքում այլ անձի իրավունքը գրանցելու մասին, ըստ էության վճիռ է կայացրել արդեն իսկ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը գրանցած անձի («Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության) իրավունքների վերաբերյալ:
2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հունիսի 23-ի թիվ 06-2216` օրինական ուժի մեջ մտած վճիռը, ինչպես նաև «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի կարգավիճակի վերաբերյալ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2006 թվականի թիվ 502-Ա որոշումը սույն գործի համար չեն կարող դիտվել որպես էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքներ, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոք կամ հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ, չնայած հայտնի են եղել, սակայն նրանցից անկախ պատճառներով չէին կարող ներկայացվել դատարան:
Նշված կետերի բովանդակությունից հետևում է, որ նոր երևան եկած հանգամանքներ կարող են ներկայացնել միայն գործին մասնակից դարձած անձինք այդ հանգամանքները պետք է անհայտ եղած լինեն գործին մասնակցող անձանց, կամ հայտնի լինեն, սակայն դրանց ներկայացումը դատարան անհնար եղած լինի և տվյալ հանգամանքները գործի համար պետք է ունենան էական նշանակություն:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը չի եղել գործին մասնակցող անձ: ՈՒստի ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հունիսի 23-ի թիվ 06-2216` օրինական ուժի մեջ մտած վճիռը, ինչպես նաև «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի կարգավիճակի վերաբերյալ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2006 թվականի թիվ 502-Ա որոշումը չեն կարող դիտվել որպես նոր երևան եկած հանգամանքներ, քանի որ դրանք ներկայացրած անձը գործին մասնակից դարձված անձ չի եղել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Այսպիսով, «Երառսպասարկում» ՓԲԸ-ի իրավունքների վերաբերյալ վճիռ կայացնելը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը բեկանելու հիմք է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խախտվել է գործին մասնակից չդարձված «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության` Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված «հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը» (արդար դատաքննության իրավունք):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.»Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 06-2923 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ