ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-11 (Ա)
Կոտայքի մարզի առաջին 2007 թ.
ատյանի դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 2-131
Դատավոր` Ն. Գալստյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2007 թվականի հունվարի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Պարգև» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքն ըստ հայցի «Կրեդիտ-Երևան» բանկի «Նորք» մասնաճյուղի ընդդեմ Գուրգեն Վարդանյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի և անձնական գույքի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 13.03.2001 թվականի վճռի դեմ,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է հօգուտ բանկի բռնագանձել 2031.10 ԱՄՆ դոլար գումար, որից վարկ` 1500 ԱՄՆ դոլար, տույժ` 457.10 ԱՄՆ դոլար, տոկոսագումար` 75 ԱՄՆ դոլար և բռնագանձումը տարածել բանկում գրավադրված` Աբովյան քաղաքում գտնվող անշարժ գույքի և անձնական սեփականության իրավունքով պատասխանողին պատկանող գույքի վրա, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի համաձայն` մինչև վճռի կատարման օրը պարտավորություններն անպատշաճ կատարելու համար տույժ` համաձայն ներկայացված հաշվարկի:
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2001 թվականի մարտի 13-ի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Պարգև» ՍՊԸ-ն:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2001 թվականի մարտի 13-ի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:
Բողոքի սույն հիմքը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ փաստարկով:
«Պարգև» ՍՊԸ-ի և «Կրեդիտ-Երևան» բանկի և Գ.Վարդանյանի միջև 1999 թվականի հուլիսի 19-ին կնքված թիվ 1120 վարկային պայմանագրի ապահովման նպատակով գրավադրվել է սեփականության իրավունքով ՍՊԸ-ին պատկանող ք. Աբովյան, Ինտերնացիոնալ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող տարածքը:
Գրավի առարկան երբեք սույն գործով պատասխանող Գ.Վարդանյանի սեփականությունը չի հանդիսացել: Համաձայն 19.07.1999 թվականին կնքված թիվ 1120 գրավի պայմանագրի 2.1. կետի` գրավ դրված գույքը կարող էր իրացվել միայն այն դեպքում, երբ գրավոր նախազգուշացվելուց հետո գրավատուն, տվյալ դեպքում «Պարգև» ՍՊԸ-ն, չէր մարի պարտքի գումարը: Դատարանն առանց «Պարգև» ՍՊԸ-ին դատաքննությանը ներգրավելու, ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքի վրա բռնագանձում տարածելով, վճիռ է կայացրել «Պարգև» ՍՊԸ ընկերության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, որպիսի խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է:
2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները.
Բողոքի սույն հիմքը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ փաստարկով:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի` պարտապանը կամ երրորդ անձ հանդիսացող գրավատուն իրավունք ունի, մինչև գրավի առարկան վաճառելը, ցանկացած ժամանակ դադարեցնել դրա վրա բռնագանձումը և դրա իրացումը` կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է: Այդ իրավունքը սահմանափակող համաձայնությունն առոչինչ է: Տվյալ դեպքում գրավատու «Պարգև» ՍՊԸ-ն չի տեղեկացվել գրավի նկատմամբ բռնագանձում տարածելու մասին, հետևաբար խախտվել է ՍՊԸ-ի նյութական իրավունքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) «Կրեդիտ-Երևան» բանկի «Նորք» մասնաճյուղը 1999 թվականի հուլիսի 19-ի թիվ 1120 վարկային պայմանագրով Գուրգեն Վարդանյանին տրամադրել է 1500 ԱՄՆ դոլարի կարճաժամկետ վարկ 12 ամիս ժամկետով, ամսեկան մեկ տոկոս տոկոսադրույքով` տոկոսների եռամսյակային մարման պայմանով: Վարկի վերադարձելիությունն ապահովելու նպատակով գրավադրվել է «Պարգև» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ք. Աբովյան, Ինտերնացիոնալ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող տարածքը:
2) Կողմերի միջև կնքված թիվ 1120 գրավի պայմանագրի 2.1-րդ կետի համաձայն` եթե վարկային պայմանագրով սահմանված պայմանները խախտելու դեպքում և Բանկի կողմից գրավոր նախազգուշացվելուց հետո գրավատուն ամբողջությամբ չի մարում պարտքի գումարը, գրավառուն իրացնում է գրավադրված գույքը:
4) «Պարգև» ՍՊԸ-ն սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել, և գործը քննվել է վերջինիս բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.
i
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` թիվ 1120 գրավի պայմանագրով գրավադրված գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Պարգև» ՍՊԸ-ին (գ.թ. 16-17): Դատարանը գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դատաքննությանը մասնակից չի դարձրել «Պարգև» ՍՊԸ-ին և վճիռ է կայացրել վերջինիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, ինչը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է հանդիսանում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված խախտումը հանգեցրել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի խախտման:
2) բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանն անհնար է համարում քննության առարկա դարձնել հետևյալ պատճառաբանությամբ:
Նյութական իրավունքի նորմերի խախտման մասին պատասխանողի պատճառաբանությունները չեն կարող դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ այն պայմաններում, երբ կողմի փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները չեն կարող լինել նաև Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. «Պարգև» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 13.03.2001 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ